ՀԲԸՄ 91-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ՎԻՐՏՈՒԱԼ ԴԱՇՏ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ

155056003 1769622323201128 1599605010300871900 o

2021թ․ փետրվարի 27-ին, առաջին անգամ իր ավելի քան մեկդարյա պատմության ընթացքում ՀԲԸՄ երկամյա Ընդհանուր ժողովը, խախտելով ավանդույթը, իր աշխատանքներն ամբողջովին անցկացրեց առցանց։ Հաշվի առնելով համավարակի տևական ներկայությունը, որն արդեն թևակոխել է իր երկրորդ տարին և դեռ շարունակում է թեժ օջախների ձևով պահպանվել ամբողջ աշխարհում, ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունը համաձայնեց օգտվել վիրտուալ տեխնոլոգիայի ընձեռած հնարավորությունից՝ միավորելու համայն աշխարհի իր անդամներին հեռավար կերպով։

Շնորհիվ ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) փորձառության, 32 երկրներից հարյուրավոր մասնակիցներ կարողացան միանալ Zoom-ի միջոցով՝ անգլերենից հայերեն, ֆրանսերեն և իսպաներեն համաժամանակյա թարգմանությամբ։ 

«Անցյալ տարի կորոնավիրուսի բռնկումից ի վեր ՀԲԸՄ-ն իրեն առցանց դրսևորեց որպես ճկուն և հնարամիտ ուժ։ Այդ ժամանակվանից ի վեր մեզ համար պարզ դարձավ, որ ոչ միայն կարող ենք շարունակել մեր առաքելությունը, այլ նաև ավելի քան երբևէ ընդլայնել մեր հասանելիությունը համայքների ավելի մեծ հատվածների համար, որոնց ծառայում ենք», ասաց Կենտրոնական վարչության անդամ և ատենադպիր Սարգիս Ջեբեջյանը, որը վարում էր ժողովը։

Ողջույնի խոսքերից հետո Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տվեց իր օրհնությունը՝ մաղթելով Ժողովին հաջող գումարում և ընդգծելով ՀԲԸՄ-ի կարևոր դերը հայ ժողովրդի կյանքում։

Ինչպես միշտ, պաշտոնական օրակարգը ներառում էր 2018 և 2019 թվականների համախմբված ֆինանսական հաշվետվությունը, որը ներկայացրեց ՀԲԸՄ Կենտրոնական վարչության գանձապահ Նազարեթ Ֆեստեքջյանը և նույն ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների վերաբերյալ զեկույցը Կենտրոնական վարչության անդամ և փոխ-ատենադպիր Արդա Հարաթունյանի կողմից։ Կրթության բնագավառում ՀԲԸՄ կատարած աշխատանքը, հատկապես Հայկական վիրտուալ համալսարանի հսկայական ներդրումը հայ կրթության մեջ դրա հիմնադրումից ի վեր անցած տասը տարիների ընթացքում, ներկայացրեց Կենտրոնական վարչության անդամ Լենա Սարգիսյանը։ Կարճ հարց ու պատասխանին հաջորդեց խնդիրների քննարկումը, որոնք բարձրացվել էին անդամների կողմից նախքան հանդիպումը։

Գովասանքի խոսքեր հնչեցին ՀԲԸՄ երեք խմբերի հասցեին, որոնց մասին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը հպարտությամբ խոսեց՝ ճանաչելով ժամանակի և փորձառության նրանց աներևակայելի զոհողությունը 2020 թվականի ճակատագրական պահերին։ Դրանց թվում էին Լիբանանի Շրջանային վարչությունը և դրա նախագահ Ջերարդ Թյուֆենկջյանը և ՀԲԸՄ ամբողջ լիբանանյան համայնքը, որոնք վերաիմաստավորեցին քաղաքացիական ներգրավվածությունը Լիբանանում անցյալ տարվա օգոստոսին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո։ Այնուհետոև, Սեդրակյանը շնորհակալություն հայտնեց ՀԲԸՄ սկաուտներին ամբողջ աշխարհում իրենց քրտնաջան աշխատանքի և համայնքային ծառայության համար այս աներևակայելիորեն դժվարին ժամանակներում երկրում և աշխարհում։ «Մենք երջանիկ ենք, որ նրանք կրում են ՀԲԸՄ կրծքանշանը և մեզ այդքան լավ ներկայացնում են», նկատեց Սեդրակյանը, որը նախկինում ևս եղել է սկաուտական առաջնորդ։ Վերջապես, առանձնակի նշվեցին ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժները համաճարակի բռնկման ժամանակ առաջնորդություն ստանձնելու իրենց կարողության դրսևորման համար՝ նախահարձակ կերպով գտնելով կապի մեջ մնալու ուղիներ, ինչպես նաև ապահովելով ֆորումներ կարևոր հարցերի շուրջ ժամանակին մտքերի փոխանակության համար։

Իր պաշտոնական երկամյա ուղերձում Սեդրակյանը անկեղծորեն ընդունեց, որ ՀԲԸՄ տպավորիչ ձեռքբերումներն ու նվաճումները 2018-2019 թվականներին շուտով ստվերվեցին 2020 թվականին տեղի ունեցած ճգնաժամերի պատճառով։ Նա ընդունեց, որ այս աղետներն անհրաժեշտ դարձրեցին գերակայությունների լուրջ փոփոխություն դեպի ինտենսիվ մարդասիրական օգնություն, մի բնագավառ, որում ՀԲԸՄ-ը վաղուց փայլել է տպավորիչ և վստահելի հեղինակությամբ։ 

Սեդրակյանն առիթն օգտագործեց մասնակիցներին հիշեցնելու հայ ժողովրդի պատմության այն բազմաթիվ շրջադարձային կետերի մասին, որոնք ՀԲԸՄ-ին ավելի մեծ չափով են ներգրավել ժամանակակից հայկական պետության ստեղծման գործում՝ սկսելով ՀԲԸՄ հեռատես հիմնադիր Պողոս Նուբարի հիմնադիր աշխատանքից 20-րդ դարի նախաշեմին Համիդյան Թուրքիայի աղքատացած և ճնշված հայկական համայնքները կրթելու, ինչպես նաև նորաստեղծ Խորհրդային Հայաստան հայերի հայրենադարձման գործում։ Նա վկայակոչեց իր նախորդների կողմից կայացված կարևորագույն որոշումները, ինչպես օրինակ՝ Ալեք Մանուկյանի կոչը սատարելու Սուրբ Էջմիածինը որպես հայ եկեղեցու կենտրոնի և Լուիզ Սիմոնի ջանքերը ուղղված Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հիմնադրմանը 1991 թվականին՝ Հայաստանի կողմից անկախություն նվաճելուց կարճ ժամանակ անց։ 

Տեղյակ լինելով ներկաների անմիջական մտահոգությունների մասին՝ Սեդրակյանն ընդհանուր գծերով ներկայացրեց, թե ինչ է նախատեսվում ՀԲԸՄ և Հայաստանի հետագա առաջընթացի ուղղությամբ։  «ՀԲԸՄ ղեկավարությունը, ելնելով մեր ազգի առջև ծառացած վտանգների մասին լուրջ մտահոգությունից, կոչ է արել համայն հայ ժողովրդին միավորվել և բերել իր փորձառությունը, ներգրավվածությունն ու անկոտրում կամքը՝ կառուցելու ապագան անցյալ տարվա իրադարձություններից հետո», ասաց նա։

Իր խոսքը նա եզրափակեց գալիք տարիների լավատեսական, բայց զուսպ տեսլականով։ «Մենք վստահ ենք, որ ՀԲԸՄ-ը կարող է գլոբալ առումով կարևոր դեր խաղալ մեր ազգի առանցքն ամրապնդելու առաքելության մեջ՝ իր հայրենիքով և իր Սփյուռքով։ Սրա համար պահանջվում է ձեզանից յուրաքանչյուրի և բոլորի մասնակցությունը, քանի որ միայն միասին կկարողանանք հասնել ազգային բարգավաճման և կայունության, որ խորապես ցանկանում ենք տեսնել»։

Նախագահ Սեդրակյանի ելույթի ամբողջական տեքստը, ինչպես նաև Ընդհանուր ժողովի կողմից ընդունած որոշումները կարող եք տեսնել ստորև.

- Պերճ Սեդրակյանի ուղերձը

- Որոշումներ

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2021 Նորություններ ՀԲԸՄ 91-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ՎԻՐՏՈՒԱԼ ԴԱՇՏ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: