Բոլոր հոդվածները

Երկուշաբթի, 02 Դեկտեմբերի 2013

ՀԲԸ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ Է ԳՅՈՒՂՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՔԱՇԱԹԱՂՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՍԻՐԻԱՀԱՅ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Սիրիական քաղաքացիական պատերազմն ու երկրում ստեղծված կացությունը տասնյակ հազարավոր մարդկանց ստիպել են հարկադրաբար լքել իրենց բնակավայրերը: Սիրիայի խաղաղ բնակչության հետ մեկտեղ հազարավոր սիրիահայեր տեղափոխվել են այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստան և Արցախ: Տասնյակ սիրիահայ ընտանիքներ այժմ բնակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում, Իշխանաձորում և առավելաբար Կովսականում, որտեղ բնակություն են հաստատել ավելի քան երկու տասնյակ սիրիահայ ընտանիքներ, մեծ մասամբ Քամիշլիից:

Չորեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2013

«ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԿԵՆՏՐՈՆԸ» ՏՈՆԵՑ ԻՐ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 1-ԱՄՅԱԿԸ

 

Հոկտեմբերի 7-ին «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հ/կ-ն տոնեց իր հիմնադրման 1-ամյակը: Այս առթիվ կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ ընդունելություն, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կենտրոնի գործադիր տնօրեն Լենա Հալաջյանը, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Արփի Վարդանյանը, ՀՀ սփյուռքի նախարարության, ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի ներկայացուցիչներ, սրբազան հայրեր, բազմաթիվ սիրիահայեր:

Երեքշաբթի, 15 Հոկտեմբերի 2013

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՍԻՐԻԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

 

Հոկտեմբերի 2-ին հրապարակվեց ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ կրթության նախարարության, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի համատեղ հայտարարությունը Հայաստանի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման մասին:

Չորեքշաբթի, 09 Հոկտեմբերի 2013

«ՍԻՐԻԱՆ ԻՄ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ»

 

 

 

Սեպտեմբերի 30-ին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կազմակերպությամբ և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում բացվեց սիրիահայ հանրահայտ լուսանկարիչ Վահե Շահինյանի «Սիրիան իմ հիշողություններում» խորագրով բարեգործական ցուցահանդես-վաճառքը, որի ողջ հասույթը կտրամադրվի Հայաստան տեղափոխված սիրիահայերի օգնության ծրագրերին: Ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցել է ՀԲԸՄ երկարամյա անդամ, դամասկահայ Սարգիս Կազանջյանը: Պատերազմի ու ավերածությունների մեջ հայտնված Սիրիան ներկայացվեց իր նախկին ողջ հմայքով ու գեղեցկությամբ: Ցուցահանդես-վաճառքին 150-ից ավելի լուսանկարների միջոցով վարպետը ներկայացրել էր մոտ 30 տարվա իր աշխատանքը: Իսկ վերջին երեք տարիներին, ինչպես խոստովանեց, պատերազմի պատճառով լուսանկարչական ապարատը ձեռքը չի վերցրել: Սիրիահայերին ֆինասական աջակցություն ցուցաբերելուց բացի ցուցահանդեսն ուներ նաև այլ նպատակներ` վառ հիշողություններ արթնացնել Հայաստանում այժմ բնակվող 10,000-ից ավելի սիրիահայերի մոտ, օգնել ու հորդորել նրանց չմոռանալ իրենց անցյալը, ինչպես նաև ցույց տալ հայաստանցիներին, որ Սիրիան պատերազմով չէ, որ պիտի հիշվի:

Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2013

ՍԻՐՈ ԵՐԿԻՐ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆ, ԿՅԱՆՔԻ ԵՐԿԻՐ»

 

 

 

ՀԲԸՄ Ֆրանսիայի երիտասարդական խումբը «Հայաստան, կյանքի երկիր» ծրագիրն առաջին անգամ նախաձեռնեց ու իրականացրեց 2011թ.: Այն ժամանակ 32 հայ և ֆրանսիացի երիտասարդներ Հայաստանի և ԼՂՀ-ի տարբեր շրջաններում իրականացրին մի շարք կամավոր շինարարական, բնապահպանական, առողջապահական և կրթական ծրագրեր` ներառյալ Արցախում Բերձորի 2-հարկանի երիտասարդական տան վերանորոգումը: 2 տարի անց, ՀԲԸՄ Ֆրանսիայի երիտասարդները որոշեցին կրկնել այդ հաջողությունը: 18-30 տարեկան 27 կամավորներ Ֆրանսիայից և Բելգիայից ժամանեցին Հայաստան: Մեկ տարվա ակտիվ ծրագրումից, դրամահավաքներից ու հովանավորների փնտրտուքից հետո, այսօր արդեն առաքելությունն իրականացված է: Օգոստոսի 1-30-ը ՀԲԸՄ երիտասարդները Հայաստանում էին: Այս անգամ խումբը որոշեց վերանորոգել Մալաթիայի հայորդյաց տունը Երևանում, որի շենքային պայմաններն արդեն հնացել էին, իսկ շենքի մեծ մասը զրկված էր ջրից և գազից: Շինհրապարակ այցելած Ժան Միշել Գասպարյանը, ով ՀՀ-ում ֆրանսիայի դեսպանատան մշակութային և համագործակցության հարցերով խորհրդականն է, շեշտեց նախաձեռնության ու սփյուռքի ներգրավվածության կարևորությունը Հայաստանի ապագայի կերտման հարցում: «Անհամբեր էի գալ ու տեսնել այս ամենը: Սկզբում հուզմունք, հետո հոգնածություն ու գոհունակություն: Անմոռանալի փորձառություն էր: Փորձում էինք երեխաներին ուրախացնել մեր աշխատանքով ու նվերներով, բայց վերջում զգացինք, որ ինքներս ամենաշատը հարստացանք ու շահեցինք այս ամենից», - ասաց կամավորներից մեկը` Ֆրանսիացի Էնդի Մարի-Լուչեն:

ՆՈՐԱՄՈՒՏԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՀ-ՈՒՄ

 

 

Սեպտեմբերի 5-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) բակալավրի կրթական աստիճան շնորհող նորաստեղծ ծրագիրը հյուրընկալեց իր առաջին ուսանողներին: Առաջին անգամ Հայաստանում բարձրագույն ուսումնական հաստատությունն իր առաջին կուրսեցիների համար կազմակերպել էր նորամուտի հանդիսավոր արարողություն: ՀԱՀ բակալավրիատ են ընդունվել մոտ 300 ուսանողներ աշխարհի տարբեր երկրներից, ներառյալ Ռուսաստան, ԱՄՆ, Սիրիա, Վրաստան, Կանադա: Առաջարկվող բոլոր ծրագրերը հաստատագրված են ԱՄՆ-ի համալսարանների և քոլեջների արևմտյան ասոցիացիայի կողմից: Սա նախկին Խորհրդային տարածքում առաջին ամերիկյան հավատարմագրված բակալավրի ծրագիրն է: Բակալավրի ամերիկյան կրթություն ՀԱՀ-ն առայժմ առաջարկում է երեք բաժիններում` գործարար կառավարում, անգլերեն լեզու և հաղորդակցություն և հաշվողական գիտություններ: Ինչպես նշեց համալսարանի ընդունելության բաժնի տնօրեն Արինա Զոհրաբյանը, ՀԱՀ բակալավրիատի առաջին կուրս ընդունված մոտ 300 ուսանողների մեծ մասը նախապատվությունը տվել է գործարար կառավարում բաժնին (170 ուսանող), այնուհետև անգլերեն և հաղորդակցություն բաժինն է մոտ 60 ուսանողով, իսկ հաշվողական գիտությունները երրորդն է մոտ 50 ուսանողով:

Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2013

ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ

 

Սեպտեմբերի 4-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանին: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ազգային-եկեղեցական զանազան հարցերի: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը կարևորեցին աշխարհասփյուռ հայության և ազգային կառույցների ու հաստատությունների շարունակական աջակցությունը սիրիահայությանը Սիրիայում տիրող դժվարին այս շրջանում:

Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2013

ՀԲԸՄ-Ն ԱՄՓՈՓՈՒՄ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

 

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայաստանում իրականաց-վող ամառային ծրագրերի հիմնական թիրախը սփյուռքահայ երիտասարդներն են: Միությունն ամառվա ամիսներին Հայաստանում իրականացնում է մի քանի ծրագրեր, տարբեր տարիքային խմբերի ու տարբեր մասնագիտության տեր երիտասարդների համար: Եվ քանի որ ամառն արդեն ավարտվում էր, ճիշտ ժամանակն էր ամփոփել արդյունքները: Հենց այս նպատակով էլ Երևանի Նոյյան Տապան մամուլի ակումբում օգոստոսի 23-ին տեղի ունեցավ մամլո ասուլիս մասնակցությամբ ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Արփի Վարդանյանի, ՀԲԸՄ կատարողական արվեստի բաժնի ղեկավար Հայկ Արսենյանի (Նյու Յորք) և ՀԲԸՄ սփյուռքահայ երիտասարդական ծրագրերի համակարգող Հերմինե Դուզյանի (Ֆրանսիա): Բանախոսները ներկայացրին անցյալ 2 ամիսների ընթացքում Հայաստանում իրականացված ՀԲԸՄ ծրագրերը` «Անդրանիկ» սկաուտական ճամբարը, Երևանի ամառային փորձառության ծրագիրը, «Երաժշտական Հայաստան», «Բացահայտիր Հայաստանը» և ՀԲԸՄ Ֆրանսիայի երիտասարդական խմբի «Հայաստան, կյանքի երկիր» ծրագրերը, ինչպես նաև ՀԲԸՄ դպրոցների սաների այցելությունները Հայաստան: Այս ծրագրերն ընդհանուր առմամբ անցյալ 2 ամիսներին Հայաստան են բերել ավելի քան 500 սփյուռքահայ երիտասարդների:

Երկուշաբթի, 02 Սեպտեմբերի 2013

«ԲԱՑԱՀԱՅՏԻ´Ր ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԾՐԱԳԻՐԸ ՏՈՆԵՑ ԻՐ 10-ԱՄՅԱԿԸ

 

 

Ուղիղ 10 տարի առաջ, 2003թ.-ի ամռանը, տեղի ունեցավ ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի առաջին հավաքը: Անցյալ 10 տարիների ընթացքում այս ծրագրի միջոցով Հայաստանն իրենց համար բացահայտել են մոտ 300 սփյուռքահայ երիտասարդներ ավելի քան 20 երկրներից: Ծրագրի հոբելյանական 10-րդ շրջանն այս տարի Հայաստան էր բերել 28 երիտասարդների 5 երկրներից` ԱՄՆ, Կանադա, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա: 3-շաբաթյա ծրագիրը մշտապես հագեցած է տեսարժան վայրեր այցելություններով, մշակութային միջոցառումներով ու տարբեր քաղաքական ու հասարակական գործիչների հետ հանդիպումներով: Բայց ծրագրի առանցքային բաղադրիչները կամավոր հիմունքներով իրականացվող համայնքային ծրագրերն են ու այցելությունը Արցախ: Համայնքային ծրագրերի շրջանակներում «Բացահայտիր Հայաստանն» արդեն երկար տարիներ համագործակցում է Fuller Armenia ընկերության հետ` օգնելով կացարանի խնդիր ունեցող անապահով ընտանիքներին: 

Հինգշաբթի, 15 Օգոստոսի 2013

ՀԲԸՄ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳԻՐԸ ՆՈՐ ԴՌՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻ ԱՌՋԵՎ

 

 

 

Սփյուռքում հայ երաժշտության երիտասարդ դեսպանների թիվն ավելացավ ևս յոթով: Հուլիսի 15-ին մեկնարկեց ՀԲԸՄ «Երաժշտական Հայաստան» ծրագրի 2-րդ շրջանը: 7 տաղանդավոր սփյուռքահայ երիտասարդներ ԱՄՆ-ից, Բուլղարիայից և Կանադայից ժամանեցին հայրենիք` օգտվելու ՀԲԸՄ-ի ընձեռած այս բացառիկ հնարավորությունից. 3-շաբաթ անցկացնել Հայաստանում, հաճախել դասընթացների ու անհատական վարպետության դասերի, ներկա գտնվել բազում մշակութային միջոցառումների, իսկ ծրագրի ավարտին հանդես գալ նաև սեփական համերգային ծրագրով: «Երաժշտական Հայաստան»-ը մեկնարկեց 2012թ.` համալրելով ՀԲԸՄ երիտասարդական բազում ծրագրերի շարքը: Ամենամյա այս ծրագրին կարող են մասնակցել 18-ից բարձր տարիքի, երաժշտական որևէ գործիքի տիրապետող կամ վոկալային տվյալներով, տարրական երաժշտական կրթությամբ ուսանողներ, ովքեր ցանկություն ունեն նոր փորձ և գիտելիքներ ձեռք բերել հայրենիքում: Այս տարվա մասնակիցները մասնագիտացած են երաժշտական հետևյալ բնագավառներում` ջութակ, տավիղ, թավջութակ, գալարափող, հարվածային գործիքներ, վոկալ և ստեղծագործական հմտություններ: Երեքշաբաթյա հագեցած ծրագիրը ներառում էր միասնական դասընթացներ ու անհատական վարպետության դասեր ոլորտի լավագույն մասնագետների մատուցմամբ, այդ թվում` Աննա Մայիլյանի, Թովմաս Պողոսյանի, Արմեն Թութունջյանի, Ալինա Փահլևանյանի, Գա-գիկ Գինոսյանի, Մհեր Նավոյանի, Բագրատ Վարդանյանի, Ալեքսանդր Կոսեմյանի, Արթուր Շահնազարյանի, Արուսյակ Սահակյանի, Արամ Հովհաննիսյանի և Հայկ Արսենյանի:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2013 Տեսանյութեր

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: