ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

 

ՀԲԸՄ-ի անմիջական նախաձեռնությամբ 2004 թ. ստեղծվեց Ղարաբաղի կամերային նվագախումբը։ Նվագախումբը մեծապես նպաստում է դասական երաժշտության հանդեպ հետաքրքրության աճին։ Նվագախմբի Գեղարվեստական ղեկավար Գևորգ Մուրադյանի գլխավորությամբ ու 12 հայաստանցի երաժիշտների մասնակցությամբ ստեղծված այս նվագախմբին ավելի ուշ միացան նաև 6 երաժիշտներ Ղարաբաղից։ Հետագայում այս համամասնությունը փոխվեց հօգուտ տեղաբնակների: Արցախցի երաժիշտների թիվն այժմ կազմում է 17 հոգի։ Համագործակցելով Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում բացված ուսումնարանի ու Շուշիի Դանիել Ղազարյանի անվան դպրոցի հետ, նվագախմբի երաժիշտները պատրաստում են նվագախմբի ապագա երաժիշտներ։ Հանդիսանալով լավագույններից մեկը Հարավային Կովկասում` նվագախումբը ստանում է արտասահմանյան հյուրախաղերի բազմաթիվ հրավերներ։ Նվագախմբի հետ Արցախի բեմում հանդես են եկել աշխարհահռչակ մեցցո-սոպրանո Ջուլիետ Գալստյանը, ինչպես նաեւ հայրենի ճանաչված մեներգիչներ: 2012-ին, նվագախումբը մեկնեց Նորվեգիայի Բերգեն քաղաք, որտեղ ելույթ ունեցավ մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված համերգներին: Իսկ 2013-ին համերգով հանդես եկավ Մոսկվայում: Նվագախմբի հյուրախաղերին մշտապես աջակցում է նաեւ ՀԲԸՄ-ն: 2014-ին Արցախի կամերային նվագախումբը տոնեց իր գործունեության 10-ամյակը:

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր ԼՂՀ Ղարաբաղի կամերային նվագախումբ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: