ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Սիրիական քաղաքացիական պատերազմի հետևանքով երկրում ստեղծված կացությունը տասնյակ հազարավոր մարդկանց ստիպել են հարկադրաբար լքել իրենց բնակավայրերը: Հազարավոր սիրիահայեր տեղափոխվել են այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստան և Արցախ: Տասնյակ սիրիահայ ընտանիքներ այժմ բնակվում են Երևանում: Անցնող երեք տարիներին հսկայական աշխատանք է կատարվել Հայաստանում ապաստանած հազարավոր սիրիահայերի օգնության ուղղությամբ: ՀԲԸՄ-ն սիրիահայերին տրամադրեց դրամական օգնություն, որն առավելաբար օգտագործվեց բնակվարձի ու սննդամթերքի համար: Այժմ խիստ կարիքավորներին տրամադրվում է դեղորայք, բժշկական օգնություն և տաք հագուստ: ՀԲԸՄ-ն շարունակում է աջակցել նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ին` տրամադրելով տարածք և հոգալով անձնակազմի աշխատավարձերը: Սիրիահայության օգնության խոշորագույն ծրագիրը Հայաստանում սովորող սիրիահայ ուսանողներին կրթաթոշակների տրամադրման ծրագիրն է: 2013թ. հոկտեմբերի 2-ին հրապարակվեց ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ կրթության նախարարության, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի համատեղ հայտարարությունը Հայաստանի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման մասին: 2013-2014 տարեշրջանին շուրջ 400 ուսանողներ օգտվեցին համատեղ այս ծրագրից, իսկ 2014-2015 տարեշրջանի համար նույնքան թվով ուսանողներ ստացան կրթավճարի փոխհատուցում: Ծրագիրը շարունակվելու է նաև 2015-2016 ուսումնական տարեշրջանին: ՀԲԸՄ-ի ու Չերչյան ընտանիք հիմնադրամի առատաձեռն նվիրատվության շնորհիվ գյուղտեխնիկայի աջակցության ծրագիր է իրականացվում Քաշաթաղում բնակվող սիրիահայ ընտանիքիների համար: Արցախի հարավարևմտյան հատվածի Ողջի գետի ափին գտնվող Կովսականում բնակություն հաստատած սիրիահայ ընտանիքներին անհատույց տրամադրվեց գյուղտեխնիկա: Ձեռք են բերվել 3 Բելառուս MT3-82.1 մակնիշի տրակտորներ, 2 սերմնացաններ, ցաքաններ, պարարտանյութերի ցրիչներ, թունաքիմիկատների սրսկիչ և այլ գյուղտեխնիկա, պատրաստվել է տրակտորների կայանատեղի: Հողագործությամբ զբաղվող սիրիահայերը մեծ խանդավառությամբ լծվել են հողագործական աշխատանքներին, նպաստելով նաև Քաշաթաղի գյուղատնտեսության զարգացմանն ու նրանց ընտանիքների խնդիրների լուծմանը: Սիրիահայության օգնության շրջանակներում իրականացնվել են տարաբնույթ ծրագրեր, այդ թվում նաև մշակութային միջոցառումներ՝ ցուցահանդեսներ ու համերգներ:

 

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Մարդասիրություն Սիրիահայության օգնության ծրագրեր

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: