ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնությունը միտված է կանանց ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների զարգացմանը՝ նպաստելով Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական աճին: Ծրագրի մասնակիցները կազմակերպվող դասընթացների և շարունակական խորհրդատվության, ինչպես նաև տրամադրվող փոքր դրամաշնորհների միջոցով հնարավորություն են ստանում կյանքի կոչել իրենց բիզնես գաղափարները, ընդլայնել արդեն իսկ գործող բիզնեսը, ինչպես նաև նպաստել սեփական համայնքի զարգացման և կայացման գործընթացին:

Առաքելություն և տեսլական. ՀԲԸՄ-ն հավատացած է, որ միայն կանանց կարողությունների ամրապնդման և նրանց դերակատարության արժևորման պարագայում հայաստանյան հասարակությունը կկարողանա առաջ ընթանալ և բարգավաճել: Տնտեսական ինքնուրույնությունը կօգնի կանանց կատարելագործել սեփական կյանքին վերաբերող հարցերում ճշգրիտ որոշումներ կայացնելու կարողությունը՝ զանազան ասպարեզներում լիարժեք և հավասար մասնակցության միջոցով:

 


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՅՔ. ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ՝ ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

ՀԲԸՄ-ի «Կին ծրագրավորողներ» ծրագրի օգնությամբ տաղանդավոր կանայք ներգրավվում են երկրի կտրուկ զարգացող տեխնոլոգիական բնագավառում

8L1A2165

Դեռևս երեք ամիս առաջ մեկ երեխայի մայր 42-ամյա Մարինե Մելքոնյանը ստիպված էր հույսը դնել առցանց հատուկենտ դասընթացների և կարճաժամկետ աշխատանքների վրա, որպեսզի պահպաներ համակարգչային ծրագրավորողի իր հմտությունները: Սակայն մեկ տասնամյակ առանց լրիվ դրույքով աշխատանքի մնալուց հետո Մարինեին սկսեց թվալ, որ պետք է խաչ քաշի իր մասնագիտական զարգացման վրա, քանի որ հույս գրեթե չէր մնացել: Իսկ նա հազիվ թե կրկին երիտասարդանար, որպեսզի կարողանար կտրուկ փոփոխություն մտցնել կարիերայում: «Ամեն ինչ շատ հիասթափեցնող էր», - խոստովանում է նա:

Ամեն ինչ այդպես էլ կմնար, եթե աչքով չընկներ Հայկական բարեգործական ընդհանուր միության «Կին ծրագրավորողներ» ծրագրի ֆեյսբուքյան գովազդը, որը թույլ տվեց նրան կրկին երազել: «Ծրագրի յուրաքանչյուր տարր՝ գործողությունների շրջանակից մինչև հայտերի ներկայացման գործընթացի խորություն, հուշում էր, որ սա հերթական հրապարակային աճպարարությունը չէ, ինչպես վերապատրաստման այլ դասընթացները, որոնք ողողել են Հայաստանի շուկան», - ասում է Մարինեն:

Ծրագիրը մեկնարկել է 2020թ. նոյեմբերին՝ որպես ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնության երրորդ բաղադրիչ, որը բազմաբովանդակ, միջմասնագիտական ծրագիր է՝ նախատեսված մասնագիտական զարգացման, ձեռներեցության և քաղաքացիական հասարակությունում առաջնորդության միջոցով Հայաստանում կանանց սոցիալ-տնտեսական ինքնուրույնությունը խթանելու համար: ««Կին ծրագրավորողներ» ծրագիրը հարթում է ևս մեկ ճանապարհ, որով Հայաստանի կանայք կարող են ընդլայնել իրենց աշխատանքային հորիզոնները մի բնագավառում, որը արագորեն դառնում է ժամանակակից Հայաստանի տնտեսության հենասյունը», - նշում է ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչության անդամ, ՀԲԸՄ-ի՝ 2017 թվականին մեկնարկած «Կանանց հզորացման նախաձեռնության» համահիմնադիր Անի Մանուկյանը:

8L1A2212

ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագիրը հիմնված է յոթ քայլից բաղկացած գործընթացի վրա, որում ներառված են ՏՏ նախագծերի կառավարման, որակի ապահովման և React JS-ի դասընթացներ՝ կրթաթոշակներով և երկրի լավագույն տեխնոլոգիական ֆիրմաներում փորձաշրջանով աշխատանքի տեղավորվելու հնարավորություններով հանդերձ: Երևանում գործող Quick Start վերապատրաստման կենտրոնի կողմից մշակված երեքից հինգ ամիս տևողությամբ դասընթացներն առաջարկվում են անվճար: Ավարտելուն պես, խմբերից յուրաքանչյուրի լավագույն վեց մասնակիցներն արժանանում են կրթաթոշակների՝ իրենց ընտրած ուղղությամբ կրթություն ստանալու նպատակով:

Ծրագիրը նաև առաջարկում է աշխատանքային հիմունքների վերաբերյալ առցանց դասընթացներ, որոնց ժամանակ ուսուցանվում է ամեն ինչ՝ սկսած էլեկտրոնային նամակագրությունից ու ներկայացման հմտություններից մինչև ինքնավստահություն և գործարար էթիկա, այդ թվում՝ սեռական ոտնձգության դեպքերի կանխում, ճանաչում և պաշտպանություն. մի բան, որ ըստ «Կին ծրագրավորողներ»-ի ղեկավար Հասմիկ Հայրապետյանի՝ Հայաստանի շատ կանանց դեռևս չի հաջողվում անել:

Առցանց դասընթացները մատուցվում են կրթության ոլորտում ՀԲԸՄ-ի մեկ այլ հաջողված նախաձեռնության՝ Հայկական վիրտուալ համալսարանի առցանց հարթակի միջոցով:

Դիմակայելով Արցախում կրած ռազմական պարտության և ՔՈՎԻԴ-ի հետևանքով երկրում տիրող վհատության մթնոլորտին՝ 2021 թվականի մարտին 31 կանայք հաջողությամբ ավարտեցին ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագրի շրջանակներում առաջարկվող ՏՏ նախագծերի կառավարում և Որակի ապահովում դասընթացները: Նրանց թվում է և Մարինեն, ով ներկայումս փորձաշրջան է անցնում ծրագրային ապահովման ընկերությունում՝ սպասելով լրիվ դրույքով աշխատանքի առաջարկի: React JS ծրագրավորման ևս տասնվեց մասնագետ դասընթացները կավարտի այս հունիսին:

Հայտերի ընդունման առաջին գործընթացի ավարտին ծրագիրը նախնական ստացել էր 530 դիմում, որն, ըստ Հայրապետյանի, ՏՏ ոլորտում ներգրավվելու՝ Հայաստանի կանանց շրջանում տարածվող իրական շարժման վկայությունն էր:

Նախաձեռնությունն արդեն իսկ գրավել է տեխնոլոգիայի բնագավառի բազմաթիվ ընկերությունների ուշադրությունը, որոնք սկսել են ակտիվ օգտվել դրանից, այդ թվում՝ Instigate ինժեներական խոշոր ընկերությունը, որն առաջիններից էր, որ իր Գորիսի մարզային գրասենյակում աշխատանքի ընդունեց ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագրի Որակի ապահովում դասընթացի շրջանավարտներից մեկին, որն ընդամենը մեկ ամիս էր, ինչ փորձաշրջան էր անցնում այնտեղ:

Թեև գնահատանքի խոսքեր ասելու համար դեռ վաղ է, ընկերության հարավային մասնաճյուղը գլխավորող Կառլեն Օհանյանը ողջունում է թիմում կին աշխատողի ներկայությունը՝ ընդգծելով նրա գիտելիքների խորությունն ու գործնական իմացությունը, որ այնքան կարևոր են աշխատավայրում արագ ինտեգրվելու համար: «Ինչպես շատ այլ երկրներում, Հայաստանում ևս խնդիրն այն է, որ դուք միշտ կարող եք գնել որակի ապահովման հավաստագիր, եթե ձեր ֆինանսական հնարավորությունները դա թույլ են տալիս: ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ»-ի դեպքում ակնհայտ է, որ դիմողներից յուրաքանչյուրը մանրակրկիտ ընտրություն և վերապատրաստում է անցել, և դա օգնում է, որ ընկերություններն ավելի արագ զարգանան, քան դա հնարավոր է պատահական առցանց դասընթացներ ավարտածների պարագայում», - ասում է Օհանյանը:

8L1A1895

Մինչ տվյալ բնագավառը նոր-նոր է սկսում կարևորել փափուկ հմտությունները, ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագրի շրջանավարտներն ապացուցել են, որ «լավ ընտրություն են» այն ընկերությունների համար, որոնք շահագրգիռ են հիմնականում տղամարդկանց կողմից զբաղեցված աշխատատեղերն արդյունավետ հաղորդակցության և թիմային աշխատանքի ասպարեզում վերապատրաստում անցած կանանցով համալրելու հարցում:

36-ամյա Լուսինե Վարդիկյանը, ով բանկային համակարգում աշխատանքի բազմամյա փորձ ունի և արդեն երրորդ անգամ է մայրացել, փորձում է իր տեղը գտնել ՏՏ ոլորտում: Նրա համար «Կին ծրագրավորողներ» ծրագրում ներգրավվելը նոր շունչ էր ոչ միայն կարիերայի հետ կապված նոր հնարավորություններ որոնելու, այլև ՔՈՎԻԴ-ով պայմանավորված մեկուսացումը թոթափելու առումով: Առաջնորդվելով իր աշխատանքի և ընտանիքի հանդեպ պատասխանատվության զգացումով՝ Լուսինեն դասընթացն ավարտելուց հետո փորձաշրջան անցնելու նպատակով դիմել էր միայն մեկ կազմակերպության՝ հակառակ ՀԲԸՄ-ում իր մենթորները հորդորների: «Ես ուզում եմ կատարելապես համապատասխանել իմ ընտրած կազմակերպության պահանջներին», - ասում է նա, սակայն գերազանցության ձգտումը միակ պատճառը չէ, որով բացատրվում է աշխատանք գտնելու հարցում նրա պասիվությունը:

Ինչպես Հայաստանի 25-ից 35 տարեկան գործազուրկ կանանց 62 տոկոսը, Լուսինեն ևս առաջնային է համարում իր երեխաների խնամքը: «Ահա պատճառը, թե ինչու է ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագիրը առաջին հերթին ուղղված մայրերին. որպեսզի նրանք ևս կարողանան գտնել իրենց նոր կոչումը ՏՏ ոլորտում, որը կօգնի նրանց կայանալ ֆինանսապես և հաղթահարել տեխնոլոգիայի ոլորտում կանանց ներգրավվածության հետ կապված հայկական կարծրատիպերը», - ասում է ծրագրի ղեկավար Հայրապետյանը:

Կառավարությունը ներկայումս մշակում է երեխաների խնամքի վերաբերյալ նոր օրենսդրություն, որը նորաթուխ ծնողներին, հատկապես մայրերին, ծննդաբերությունից հետո թույլ կտա ավելի շուտ վերադառնալ աշխատանքի: Սակայն, Հայրապետյանի պնդմամբ, Հայաստանի տեխնոլոգիայի ոլորտից կանանց դուրս մնալու պատճառներն ավելի խորն են, քան աշխատող ծնողների հիմնախնդիրը: «Դա ընկալման հարց է. իբրև թե կանայք իրենց բնույթով, չգիտես ինչու, հարմար չեն նման աշխատանքի համար, և որ պետք է ձգտեն առավել «ավանդական» աշխատանքի, օրինակ՝ կրթության և բժշկության ասպարեզներում: ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագիրը նախատեսված է նման կեղծ բաշխումը հերքելու համար՝ տաղանդավոր կանանց ուղղորդելով դեպի արագորեն զարգացող այս ոլորտը, որն այնքան ունի դրա կարիքը», - ասում է նա:

IMG 0583

Տեխնոլոգիայի ոլորտում աշխատող կանանց թվով Հայաստանը 11 տոկոսով առաջ է համաշխարհային միջին ցուցանիշից, որը կազմում է ընդամենը 19 տոկոս: Այս ցուցանիշն ամրապնդել է Հայրապետյանի վստահությունն այն հարցում, որ Հայաստանը կարող է առաջատարը դառնալ դեռևս էապես տղամարդկանցով համալրված բնագավառում առկա գենդերային անջրպետը վերացնելու գործում: Եվ դրա համար կան բոլոր հիմքերը:

Հակառակվելով տարածված կարծիքին՝ Instigate-ի փոխտնօրեն Աննա Գևորգյանը ոչ միայն խրախուսում է նորաթուխ մայրերի մուտքը ասպարեզ, այլև բոլոր կանանց քաջալերում է սկսել հնարավորինս վաղ: «Տեխնոլոգիայի դեպքում խնդիրը ո՛չ սեռն է, ո՛չ էլ ծնող լինելը: Խնդիրը միայն այն է, թե որքանով լավ եք տիրապետում ձեր աշխատանքին: Երբ ասում եմ, որ ընտանիք կազմելը և միևնույն ժամանակ մասնագիտական ոլորտում աճելը հնարավոր է, ես խոսում եմ իմ իսկ փորձից՝ որպես երեք երեխայի մայր», - ասում է նա:

Հայացքը դեպի առաջ՝ Հայրապետյանն այժմ հետադարձ կապի մեջ է գործընկեր կազմակերպությունների հետ գնահատելու համար «Կին ծրագրավորողներ»-ի շրջանավարտների առաջին խմբի արդյունքները, որպեսզի Հայաստանի ամենախոստումնալից արդյունաբերական ոլորտը և ամենատաղանդավոր կանայք միասին հասնեն հաջողությունների: «Դրանից կշահեն բոլորը», - ասում է նա, - «հատկապես Հայաստանը՝ ընդհանուր առմամբ»:

Հեղ.՝ Գևորգ Մնացականյան

 

 
Դուք այստեղ եք՝ Home ԿԱՆԱՆՑ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՅՔ. ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ՝ ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: