ՀԲԸՄ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ԿԻՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) շարունակում է կանանց հզորացմանն ուղղված իր գործունեությունը՝ հայտարարելով իր «Կին ծրագրավորողներ» ծրագրի շարունակության մասին։ Այս  ծրագրի  շրջանակներում ՀԲԸՄ-ն Հայաստանի  կանանց համար կազմակերպում է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի անվճար դասընթացներ՝ հնարավորություն ընձեռելով աշխատանք գտնել երկրում արագ զարգացող, հաջողակ և լավ վարձատրվող աշխատաշուկայում։

Ծրագիրը բաղկացած է հետևյալ յոթ բաղադրիչներից․

1. Դասընթաց․ ՀԲԸՄ–ն այս անգամ առաջարկում է հինգ տարբեր մասնագիտացումներ։ Դասընթացները լինելու են առցանց, սակայն հաճախակի կկազմակերպվեն նաև դեմ առ դեմ հանդիպումներ։ Դասընթացները կտևեն մինչև վեց ամիս՝ կախված մասնագիտությունից։ Մինչ բուն մասնագիտական դասընթացների սկսվելը մասնակիցներին հնարավորություն կտրվի հստակ գաղափար կազմել ՏՏ ոլորտին առնչվող տարատեսակ  ուղղությունների և դրանց միջև կապերի մասին։ Մասնակիցը կարող է դիմել առաջարկվող մասնագիտութուններից միայն մեկին.

- PHP. սա վեբ ծրագրավորման ընդհանուր նշանակության սկրիպտային լեզու է: Այն վեբ կայքերի ստեղծման ամենատարածված լեզուներից է: PHP ծրագրավորողը պատասխանատու է վեբ կայքերի ուղղությունների ստեղծման և իրագործման համար PHP-ի միջոցով: Այս դասընթացին մասնակցելու համար դիմորդները պետք է ունենան լավ տրամաբանություն, անգլերենի միջին կամ բարձր մակարդակ, վերլուծական մտածելակերպ և մաթեմատիկական գիտելիքներ: Դասընթացի տևողությունը 64 ժամ է։

- NODE.JS. սա JavaScript-ի միջավայր է։  Node.JS ծրագրավորողը, օգտագործելով JavaScript գիտելիքները, ստեղծում է վեբ հավելվածներ։ Դասընթացին մասնակցելու համար դիմորդները պետք է ունենան անգլերենի միջին կամ բարձր մակարդակ, վերլուծական մտածելակերպ և բարձր մաթեմատիկական գիտելիքներ: Դասընթացի տևողությունը 116 ժամ է։ 

- QA. որակի ապահովման մասնագետի հիմնական աշխատանքը ծրագրի որակի ապահովումն է: Նա կենտրոնանում է ծրագրի մշակման գործընթացները բարելավելու և թերությունները շտկելու վրա: Այլ կերպ ասած՝ նրանք համոզվում են, որ ծրագրավորողների թիմը ճիշտ է կատարում կոդավորումը: Դասընթացը ծանոթացնում է թեստավորման հիմնական գաղափարների, գործընթացների, մեթոդների և գործիքների հետ: Դասընթացին մասնակցության համար անհրաժեշտ է անգլերենի միջին իմացություն՝ տեխնիկական գրականություն ընթերցելու համար, դպրոցական մակարդակի մաթեմատիկական գիտելիքներ, վերլուծական մտածելակերպ։ Դասընթացի տևողությունը 50 ժամ է։

- Product Management. պրոդուկտի մենեջերի հիմնական պարտականությունն է պլանավորել, ստեղծել և կառավարել պրոդուկտներ, ինչպես նաև կազմակերպել դրանց թողարկումը, հաշվարկել գնագոյացումը և մշակել մարքենթինգային ռազմավարությունը։ Այս մասնագետները կապ են պահպանում հաճախորդների հետ, բացահայտում նրանց կարիքները` ստանալու պրոդուկտի այն տեսքը, որը հաճախորդները ցանկանում են տեսնել: Այս դասընթացի մասնակիցները պետք է ունենան անգլերենի միջին կամ բարձր մակարդակ, բանակցելու հմտություններ, վերլուծական միտք և ստեղծագործ մտածելակերպ։ Դասընթացի տևողությունը 38 ժամ է։

- UI/UX DESIGN. UI/UX դիզայները հիմնականում պատասխանատու է օգտատերերի պահանջների հավաքագրման, ուսումնասիրման, բացահայտման և գնահատման, ինչպես նաև կայքերի, հավելվածների արտաքին տեսքի,  հարմարավետության և գրավչության համար: Այս մասնագետի աշխատանքն է ստեղծել հարմարավետ ինտերֆեյսեր, որոնք օգտվողներին հնարավորություն կտան հեշտ և առանց խնդիրների օգտվել կայքից/հավելվածից: Դասընթացի դիմորդները պետք է սիրեն ստեղծագործական աշխատանքը, լինեն ուշադիր մանրուքների նկատմամբ և ունենան անգլերենի միջին և բարձր մակարդակ: Դասընթացի տևողությունը 54 ժամ է։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն․ հնարավոր է՝ մասնակիցը ցանկություն հայտնի սովորել առաջարկվող դասընթացներից մեկում, սակայն թեստի արդյունքները և/կամ հարցազրույցը ցույց տան, որ նա  համապատասխանում է մեկ այլ դասընթացի համար,  խորհրդակցության և համաձայության դեպքում, մասնակիցը կարող է տեղափոխվել այլ դասընթացի խումբ։

2. Սփյուռքի փորձագետների հետ խորհրդատվություն․ մասնակիցներին հնարավորություն կընձեռվի մասնագիտական խորհրդատվություններ ստանալ ՏՏ ոլորտի սփյուռքի մեր լավագույն փորձագետների կողմից և կապեր հաստատել նրանց հետ։

3. ՄՌԿ մասնագետի հետ աշխատանք․ ՏՏ ոլորտի մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի հետ անհատական խորհրդատվություններ կկազմակերպվեն, որի ընթացքում մասնակիցները կսովորեն, թե ինչպես գրել ինքնակենսագրական, ինչպես անցնել հարցազրույց, ինչպես ներկայանալ աշխատանքային հարթակներում, ինչպիսին, օրինակ, Լինքդինն է։

4.  Փափուկ հմտությունների (Soft skills) զարգացում․ մասնակիցները կօգտվեն  ՀԲԸՄ–ի պատրաստած կարճ դասընթացներից, ինչպիսիք են՝ գործնական էթիկան, քննադատական մտքի ձևավորումը, ֆինանսական գրագիտությունը, ինքնավստահության ձեռքբերումը, ներկայացման հմտություններն և այլն։

5.  Վկայական․ ավարտական քննությունները հաջող հանձնած մասնակիցները կստանան հավատարմագրված վկայականներ։

6.  Փորձաշրջան․ կրթական փուլի ավարտից հետո մասնակիցներին կօգնենք փորձաշրջանի հնարավորություն գտնել Հայաստանի լավագույն ՏՏ կազմակերպություններում։

7. ՀԲԸՄ–ի շրջանավարտների ցանց․ ՀԲԸՄ–ի «Կին ծրագրավորողներ» ծրագրի մասնակիցները կդառնան ՀԲԸՄ–ի մյուս ծրագրերի շրջանավարտների ցանցի մի մասը։ Այս ցանցը հնարավորություններ է ստեղծում մասնակցել տեղական և միջազգային բարձրակարգ մասնագետների կողմից կազմակերպվող աշխատանքային խմբերին, սեմինարներին և ավելի զարգացնել սեփական հմտությունները։

Դիմել կարող են 18 տարին լրացած կանայք, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ընդունելությունը բաց է մինչև հոկտեմբերի 31–ը ներառյալ։ Տեղերը սահմանափակ են։ Ընդունելությունը բաղկացած է երեք փուլից՝ դիմումի բովանդակություն, թեստավորում և հարցազրույց։ Դիմում-հայտը լրացնելու համար անցե՛ք հետևյալ հղումով՝ https://bit.ly/CodersApplication:

Ծրագրի մասին տեղեկատվական առցանց հանդիպում տեղի կունենա հոկտեմբերի 19-ին և 27-ին՝ ժամը 18:00-20:00, որին կարող եք միանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/CodersZoomLink և ուղղել ձեզ հետաքրքրող հարցերը ծրագրի կազմակերպիչներին:

Հետադարձ կապ`+374 (0) 60 72 22 16 կամ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript :