ՀԲԸՄ-Ն ՍԳՈՒՄ Է ՍԻՐԵԼԻ ՆԱԽԱԳԱՀ և ԱՌԱՋՆՈՐԴ ԼՈՒԻԶ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՍԻՄՈՆԻ ԿՈՐՈՒՍՏԸ

header copy arm

Լինելով արդի հայ իրականության ամենաազդեցիկ գործիչներից մեկը և հանդիսանալով ՀԲԸՄ հարյուրամյա պատմության մեջ ամենքի կողմից ակնածանքի և հարգանքի արժանացած առաջնորդ, Լուիզ Մանուկյան Սիմոնը հույսի ու ոգեշնչման անջնջելի հետք կթողնի հայ ժողովրդին, Հայրենիքին ու Հայ եկեղեցուն մատուցած անձնվեր ծառայությամբ:

Նրա մահը խոր վիշտ է պատճառել ՀԲԸՄ աշխարհասփյուռ ընտանիքին, որին նա ծառայել է անխոնջ նվիրումով և բացառիկ գերազանցությամբ՝ որպես կազմակերպության առաջին և միակ կին առաջնորդ, սկզբում հանդես գալով նախ որպես Կենտրոնական վարչության  անդամ, այնուհետ՝ 12 տարի շարունակ՝ որպես նախագահ:

Տեղեկանալով նրա վախճանի մասին, ՀԲԸՄ գործող նախագահ Պերճ Սեդրակյանը, ով Լուիզ Սիմոնի ղեկավարությամբ գործակցել է որպես փոխնախագահ, նրան բնութագրեց որպես ռահվիրայի ոգու կրողի և իր ժամանակից շատ առաջ անցած կնոջ: «Նա կոչված էր առաջ մղելու ՀԲԸՄ-ն՝ հաղթահարելով բազմաթիվ մարտահրավերներ, դառնալով աշխարհասփյուռ հայության ծառայող հաջողությունների և օգտավետ նախաձեռնությունների շարժիչ ուժը: Նա օրինակ էր բոլոր նրանց համար, ովքեր բախտ էին ունեցել աշխատելու նրա հետ և հետևելու նրա հիասքանչ մտքի թռիչքին: Մշտապես լինելով իդեալիստ, նա, միաժամանակ, գործնական էր, արդյունավետ և իմաստուն, և կարողանում էր կանխատեսել խոչընդոտները և գտնել լուծումներ, որոնք հանգեցնում էին տևական արդյունքների»:

Լուիզ Սիմոնին կյանքում մեծ ճակատագիր էր վիճակված: Պաշտոնավարման ընթացքում նա առաջինն էր, ով Հայաստանում 1988-ին տեղի ունեցած երկրաշարժից անմիջապես հետո կազմակերպեց օգնության համատարած ջանքերը. նա օգնություն և հոգատարություն պարգևել Ղարաբաղյան պատերազմից տուժածներին և նրանց ընտանիքներին, կարևորագույն դերակատարություն ունեցել անկախ Հայաստանի վերածննդի գործում՝ օգնելով հաղթահարել սոցիալ-տնտեսական և կրթական համակարգերի կործանմամբ պայմանավորված բազմաթիվ դժվարությունները:

«Իրապես ապշեցուցիչ էր բազմաթիվ ոլորտներում նրա գործունեության ցանկացած օրը. նա կարողանում էր ոչ միայն շնորհալի կառավարել ընթացիկ գործունեության բոլոր հատվածները, այլև պահպանել ՀԲԸՄ գործող կրթական, մշակութային և արվեստասիրական ծրագրերը սփյուռքի բոլոր հատվածներում», - նշեց պարոն Սեդրակյանը:

Լուիզ Սիմոնի ամենանշանակալի նվաճումներից էին Հայաստանի Ամերիկյան Համալսարանի, ՀԲԸՄ Հայորդյաց տների և ՀԲԸՄ տարեցների բարեգործական ճաշարանների հիմնումը, որոնք, նրա ոգեշունչ առաջնորդության շնորհիվ, մինչ օրս գործում են Հայաստանում: