ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՒՁԵՎԻ ՄԻՋՈՑՈՎ
- Ստեղծվել է Հունվարի 23 2019-ին
- Հունվարի 23 2019
«Հայ բարեգործ վազորդների» թիմը ստեղծել է ՆԻՄԲԱ սոցիալական ձեռնարկությունը, որը փորձում է աջակցել քաղաքացիական հասարակության զարգացմանը` հատկապես խթանելով սոցիալական բաղադրիչը: Իսկ այդ ձեռնարկությունն իր գործունեության առաջին փուլը սկսել է ՀԲԸՄ «ՔՀ Կամուրջ» ծրագրի «Սոցիալական ձեռնարկության ընդլայնում» դրմաշնորհի միջոցով: Ծրագրի նպատակը խոցելի խմբերի կանանց աշխատանքով ապահովելն է: Իսկ դա իրականացնելու համար ձեռնարկությունը կարուձևի դասընթաց է կազմակերպել արդել 6 շահառուի համար, նրանց տրամադրել է կարի մեքենա և այս պահին արտադրության արժեշղթայի հստակեցման փուլում է:
Օնլայն և օֆլայն շուկաներում արված հետազոտությունը ձեռնարկության թիմին թույլ է տվել հասկանալ առավելությունները, մարտահրավերներն ու իրենց կայուն դերն այդտեղ:
Արտադրանքը բացառապես անկողնային սպիտակեղեն է, որը տարբերվելու է բարձր որակով, վառ դեղին գույնով և իհարկե իր սոցիալական ազդեցությամբ: Խնամքով պատրաստված սպիտակեղենը կապահովի սպառողի հանգիստը, իսկ նրանք, ձեռք բերելով ՆԻՄԲԱ ապրանքանիշի արտադրանքը, կխթանեն խոցելի խմբերի սոցիալական բարեկեցությունը:
Ի դեպ, ծրագրի նպատակներից մեկն է նաև կոտրել կարծրատիպեր և ևս մեկ անգամ հիշեցնել, որ սոցիալական ձեռնարկությունն առաջարկում է առաջնորդվել ոչ թե խղճի թելադրանքով, այլ արժանապատիվ աշխատանքով ու մրցունակ որակով:
«ՔՀ Կամուրջ» ծրագրի դրամաշնորհառու ՆԻՄԲԱ սոցիալական ձեռնարկության արտադրանքը շուտով հասանելի կլինի սպառողին և իր ուրույն տեղը կզբաղեցնի համապատասխան շուկայում: