ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ, «ԱԶՆԱՎՈՒՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԵՒ ՀԲԸՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ԱՐՏԱԿԱՐԳ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

AGBU France Logo 01

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 12-ին,Ելիսեյան պալատում ընդունել է Հայաստանի և Արցախի հետ իրենց համերաշխությունը հայտնած բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ հաստատելու Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին հրադադարի հաստատումից հետո։

Հանրապետության նախագահության հրավերով այդ հանդիպմանը մասնակցել են հետևյալ բարեգործական կազմակերպությունները՝ Ֆրանսիայի հայկական հիմնադրամը՝ ի դեմս նախագահ Պետրոս Թերզյանի, «Ազնավուր» հիմնադրամը՝ ի դեմս նախագահ Քրիստինա Ազնավուրի և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի մասնաճյուղը՝ ի դեմս նախագահ Նադյա Գործունյանի։ Ներկաների թվում էին նաև Նիկոլա Ազնավուրը, Յուրի Ջորկաեֆը, Անդրե Մանուկյանը և Ստեֆան Հասբանյանը։

Ֆրանսիայի նախագահն այս առիթով վերահաստատել է «պատմական բարեկամությունը» Ֆրանսիայի և Հայաստանի միջև։ «Այս դժվարին պահին Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին», ասել է նա։ Ի հավելումն Հայաստան ուղարկվող բժշկական առաքելության, նախագահ Մակրոնը հայտարարել է նաև բեռնատար օդանավով Հայաստան մարդասիրական օգնություն տեղափոխելու և բժշկական օգնության ու սպասարկման բնագավառում ֆրանս-հայկական համագործակցությունը շարունակելու մասին։

Հանդիպման ընթացքում բոլոր հյուրերն ընդգծել են Արցախի Հանրապետության ճանաչման հրամայականը՝ որպես կայուն խաղաղության հաստատման և իրենց նախնիների հողում հայ ժողովրդի անվտանգության ապահովման գրավական։ Նրանք նաև նշել են Արցախում մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հրատապությունը և Ֆրանսիայի տեղական իշխանությունների հետ համագործակցության և մարդասիրական օգնության ուղղությամբ աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության Ճգնաժամային և աջակցության կենտրոնի ներկայացուցիչների հետ, որը նվիրված էր Հայաստանի հետ իրենց համերաշխությունը հայտնած մարդասիրական կազմակերպությունների ջանքերը լավագույնս սատարելու ուղիների որոնմանը։

Ֆրանսիայի հայկական հիմնադրամը, «Ազնավուր» հիմնադրամը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) հայտարարել են արտակարգ հանձնախմբի ստեղծման մասին, որը կհամակարգի և կիրականացնի Ֆրանսիայի կողմից Հայաստանի Հանրապետությանը մարդասիրական և բժշկական օգնության տրամադրման աշխատանքները՝ Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և նախագահի աշխատակազմի հետ համագործակցությամբ։ Այս հանձնախումբը պատրաստ է համագործակցել բոլոր այն մարդասիրական կազմակերպությունների հետ, որոնք ցանկանում են հատուկ աջակցություն ցուցաբերել պատերազմի հետևանքով տեղահանված մարդկանց, որոնք ունեն հրատապ օգնության կարիք։

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել ՀԲԸՄ Ֆրանսիայի գրասենյակ հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript ։