ՀԲԸՄ-Ն ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԱՊԱՔԻՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼ

Logo eng

2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում արձանագրած հաղթանակով Նիկոլ Փաշինյանը դարձավ Հայաստանի հանրապետության օրինականորեն ընտրված վարչապետ: ՀԲԸՄ-ն այս առթիվ իր շնորհավորանքն է հղում պարոն Փաշինյանին: Ընտրողները ձայների վճռորոշ տարբերությամբ իրենց քվեներով նրան երկրորդ հնարավորություն ընձեռեցին կատարելու իր իսկ խոստումները՝ անդրադառնալու 2020-ի Արցախյան պատերազմի ողբերգական կորուստների պատճառներին:

Սա, անկասկած, կարևորագույն ժամանակահատված է, որը հիմքեր է դնելու անկախ հայկական պետության տևական գոյատևման համար: Մենք հավատացած ենք, որ հաջողության հասնելու առաջին քայլը պետք է լինի համազգային ապաքինման ուղղությամբ աշխատելը: Դա վերաբերում է խորհրդարանում ընդդիմադիր ուժերի հետ հարաբերությունների կառավարմանը հաշտության և համագործակցության ոգով՝ ընդունելով, որ տարածաշրջանային լարված իրավիճակում պառակտված կառավարումը երկիրն է՛լ ավելի մեծ վտանգների կենթարկի: Ժամանակն է զորավիգ լինելու Հայաստանի ապագայի միասնական տեսլականին՝ որպես հրատապ առաջնահերթություն սահմանելով երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը:

Մենք ամենայն հարգանքով հորդորում ենք ներկա ղեկավարությանը ակտիվորեն ձգտել հասնելու գործուն ժողովրդավարության նշաձողերին, այդ թվում՝ թափանցիկության, ներառականության և քաղաքացիական հասարակության՝ ընդգրկելով նաև աշխարհատարած հայկական սփյուռքը: Մեր երիտասարդ ժողովրդավարությունը պետք է լծվի ճիշտ ձևով անհրաժեշտ հաստատությունների կառուցման ու կայացման գործին: Առաջ ընթանալու համար պահանջվում է ունենալ միասնականություն, որտեղ կառավարությունը կողջունի Հայաստանի և սփյուռքի մասնագետների և տաղանդավոր մարդկանց մասնակցությունն ավելի պայծառ ապագայի կերտման հստակ ճանապարհային քարտեզի մշակման գործում:

Համայն հայությունը դերակատարություն ունի ապաքինման և վերակառուցման այս գործընթացում: Որպես աշխարհում ամենախոշոր հայկական շահույթ չհետապնդող կազմակերպություն, որն ունի 115-ամյա ներկայություն հայրենիքում, մենք հասկանում ենք, թե որքան դժվար է լինելու հաղթահարել խորը համազգային ցավը: Եվ մենք գիտակցում ենք հույսն ու դիմացկունությունը վերականգնելու կարևորությունը, քանզի մեր ժողովուրդն առերեսվում է չափազանց իրական մտահոգությունների՝ կապված սոցիալ-տնտեսական հեռանկարների, առողջության, անվտանգության և, իհարկե, այս անկայուն աշխարհում իր զավակների ապագայի հետ:

Վերջին 30 տարիներին մենք ապացուցել ենք սփյուռքի անկեղծ ու անսահման նվիրվածությունը հայրենի պետականությանն աջակցելու գործում, և վստահ ենք, որ այս նվիրումը շարունակվելու է, քանի որ Հայաստանը շարունակում է լինել մեր հպարտությունն ու մեր ինքնության երաշխավորը:

Եկեք վերակերտենք մեր ազգը՝ վեր հանելով և հարգելով միմյանց տաղանդներն ու ուժեղ կողմերը և դրանք օգտագործենք արդյունավետ ձևով: Դա մեր պարտքն է գալիք սերնդի և այն մարդկանց հանդեպ, որոնք գնացին գերագույն զոհաբերության՝ հանուն մեր ժողովրդի ազատության և արդարության:

Միությունը զորություն է: