ՀԲԸՄ-Ն ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԷՐԻԿ ԷՍՐԱԻԼՅԱՆԻՆ՝ ՀՌՈՄԻ ՊԱՊ ՖՐԱՆՑԻՍԿՈՍԻ ԿՈՂՄԻՑ ՄԵԴԱԼԻ ԱՐԺԱՆԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Dr.Esrailian PopeFrancis

Բժիշկ, կինոպրոդյուսեր, մարդու իրավունքների առաջամարտիկ և ձեռներեց Էրիկ Էսրաիլյանը Լոս Անջելեսից, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից վերջերս արժանացել է Բենեմենտի մեդալի, որը քաղաքացիական անձանց շնորհվող ամենաբարձր պարգևն է: Դոկտոր Էսրաիլյանին Պոնտիֆիկոսի կողմից պարգևը շնորհվել է՝ արժևորելու ողջ աշխարհում նրա մարդասիրական գործունեությունն ու քրիստոնեական հավատքին մատուցած ծառայությունը:

Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից որպես առաջին հայ նման պատվի արժանանալու այս բացառիկ նշանավորումն արտացոլում է դոկտոր Էսրաիլյանի մատուցած արտակարգ ծառայություններն աշխարհի հայերին և նրա առաջնորդող դերը մարդու իրավունքների ոտնահարումների մասին իրազեկության բարձրացման գործում, ինչպես նաև նրա գործունեությունն ԱՄՆ կառավարության կողից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Մարդու իրավունքների «Խոստում» ինստիտուտը (Promise Institute for Human Rights) և Կալիֆորնիայի համալսարանի «Խոստում» հայկական ինստիտուտը հիմնվել են դոկտոր Էսրաիլյանի կողմից նրա պրոդյուսերությամբ նկարահանված «Խոստում» գեղարվեստական ֆիլմի թողարկումից հետո:

Էսրաիլյանը ներկայացված է առողջապահության, մարդու իրավունքների, կրթության ոլորտի շահույթ չհետապնդող բազմաթիվ կազմակերպությունների խորհուրդներում, արվեստի ու մշակույթի հարթակներում, ներառյալ՝ ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունում, որին միացել է 2016 թվականին:

ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ջերմագույնս արտահայտվեց դոկտոր Էսրաիլյանի մասին՝ նրան բնութագրելով որպես «անդադրում ուժ»՝ մարդասիրության ասպարեզում: «Դոկտոր Էսրաիլյանն ունի մի հատկություն, որով իր բոլոր ուղևորությունների ժամանակ դեպի իրեն է ձգում բարի կամքը: Նրա սիրալիր բնույթը քողարկում է իր համար սրտամոտ հարցերում նրա եռանդուն համառությունն ու նվիրումը: Նա շարունակում է հիացնել մեզ՝ մարդկանց և գաղափարները միավորելու իր ունակությամբ՝ ապահովելով ազդեցիկ մարդկանց աջակցությունն ամենատարբեր նախաձեռնություններին: Բարձր պարգևների նրա հավաքածուն տարեցտարի ավելանում է, և մենք կարող ենք ընդամենը կանխավայելքով սպասել, թե հաջորդիվ ինչ է անելու նա՝ մարդկությանն է՛լ ավելի օգտակար լինելու համար: Մենք երջանիկ ենք, որ նա տեղ է զբաղեցրել մեր ղեկավարության կազմում ճգնաժամի և անորոշության այս ժամանակներում՝ հատկապես հայրենիքում»: