ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ 2021 ԹՎԱԿԱՆԻՆ

Logo arm

Նոր տարվա նախաշեմին մենք հետադարձ հայացք ենք ձգում 2021 թվականին. այն համարձակ փորձարարությունների ու գործողությունների տարի էր: Մինչ վերջին երկու տարիների ճգնաժամերը  շարունակում էին մարտահրավերներ նետել ողջ աշխարհին, և մասնավորապես հայությանը, ՀԲԸՄ-ն, հավատարիմ իր հանձնառությանը, շարունակում էր հոգալ աշխարհասփյուռ հայերի կարիքները:

Երբ աշխարհը սկսեց դանդաղ վերաբացել դռները, օգտվելով առիթից՝ ես այցելեցի մի շարք խոցելի համայնքներ Հայաստանում, Արցախում և Մերձավոր Արևելքում: Չափազանց կարևոր էր տեղում ծանոթանալ մեր առջև ծառացած խնդիրներին. պատերազմից հետո վերափոխված սահմանների պատճառով իրենց նախնիների տներից վտարված ընտանիքներ, տնտեսական խառնաշփոթ, որը հանգեցրեց վառելիքի, պարենի և եկամտի ճգնաժամի, անհետ կորած որդիներին ու դուստրերին սպասող ծնողներ, ինչպես նաև համավարակ, որի ազդեցությունը մեր կյանքի վրա նվազելու միտում դեռևս չունի:  Մի խոսքով, առաջընթացի թվացյալ անէացում:

Այդուհանդերձ, չնայած այս մարտահրավերներին, մենք դասեր ենք քաղել անցյալից և աշխարհի տարբեր ծայրերից ռեսուրսներ հայթայթել ապագային միտված նոր գաղափարների մշակման և իրականացման համար: Այս տարին մի կողմից գործելու, մյուս կողմից ապագայի ռազմավարական պլանավորման համար մի պահ դադար վերցնելու տարի էր: Մեր ղեկավարությունը հանձնառու և պատրաստակամ է համագործակցել մեր աշխարհասփյուռ համայնքների և համախոհ կազմակերպությունների հետ՝ ողջ հայության շահերից բխող ռազմավարությունների և ծրագրերի մշակման գործում:

ՀԲԸՄ-ն ևս մեկ անգամ ինքնադրսևորվեց որպես հարմարվողականությամբ և հեռանկարային մտածողությամբ օժտված ուժ, որը նոր ուղղություններ է հաղորդում իր բարեսիրական օգնության և օժանդակության յուրօրինակ մեթոդներին: Նման մի օրինակ է՝ այս տարվա ընթացքում հոգեբանական տրավմաների և մտավոր առողջության խորհրդատվական ծրագրերի մշակումը, որը կարևորագույն ամոքիչ գործոն էր շատերի համար, մասնավորապես՝ Հայաստանում, Արցախում և Լիբանանում:

Ողջ տարվա ընթացքում մենք շարունակեցինք մարդասիրական օգնության մեր հիմնական ծրագրերը՝ սննդի տրամադրում, տների ու դպրոցների վերակառուցում և բազմաթիվ այլ նախաձեռնություններ: Հաշվի առնելով սոսկալի իրավիճակներում հայտնված մարդկանց քանակը՝ մենք համախմբեցինք մեր միջազգային կամավորական ուժերը՝ առավելագույնս ապահովելու պատերազմից տուժածների և նրանց ընտանիքների կարիքները: ՀԲԸՄ-ի նոր «Հայեր, համախմբվեք» (Armenians Come Together – ACT) ծրագիրը, ինչպես նաև երկար տարիներ գործող «Հայաստան. կյանքի երկիր» (Armenie Terre de Vie) և «Բացահայտիր Հայաստանը» (Discover Armenia) ծրագրերն այժմ էլ ավելի խորը և հեռահար նպատակներ են դրել իրենց առջև՝ հաջորդ տարի աջակցելու հազարավոր մարդկանց: Չափազանց կարևոր է աշխարհասփյուռ մեր համայնքներին ուղղորդել դեպի հայրենիքում իրականացվող նախաձեռնություններ, և մենք կոչ ենք անում մեր  բոլոր մասնաճյուղերին, շրջանակային հանձնախմբերին, դպրոցներին ու Երիտասարդ արհեստավարժների խմբերին միանալ մեզ գալիք  տարում՝ համատեղ ուժերով արդյունքներն առավելագույնի հասցնելու նպատակով:

Մենք նաև բազմապատկում ենք սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում մեր նախորդ նվաճումները՝ առաջարկելով մասնագիտական վերապատրաստումներ և մենթորություն՝ միաժամանակ գործի դնելով աջակիցների մեր  ընդարձակ ցանցը: Մեր կամավորներն ու անձնակազմը կարողացել են այս նոր գլոբալ համայնապատկերում գտնել ճիշտ ուղին և ստեղծել ապագայի կայուն հարթակներ:  Նույնիսկ ՀԲԸՄ Ընդհանուր ժողովը, օգտվելով ժամանակի ընձեռած հնարավորություններից, առաջին անգամ իր պատմության մեջ գումարվեց առցանց՝ ապահովելով վերջին տասնամյակների ամենաբազմազան ներկայությունը: Ես վստահ եմ, որ 2022 թվականին մենք ականատես կլինենք առցանց և առերես շարունակական փոխգործակցության, որի ընթացքում հայերը կկարողանան մոտիվացնել և աջակցել միմյանց:

Անշուշտ, մենք համակ ուշադրությամբ հետևելու ենք աշխարհաքաղաքական այն լուծումներին, որոնց հետամուտ է Հայաստանի կառավարությունը պատերազմից հետո հարևան երկրների հետ բանակցային գործընթացներում: Արցախի անվտանգությունից մինչև Հայաստանի սահմանների դեմարկացիա. ահա այն թեմաները, որոնք ահռելի ներգործություն ունեն երկրի անվտանգության, սոցիալ-տնտեսական բարօրության և համայն հայության բարեկեցության հարցերում:

Գալիք տարվան ընդառաջ, ես քաջալերում եմ բոլորիս՝ որոնելու նոր ուղիներ մեր կարևոր գործունեության ազդեցությունն ընդլայնելու համար: Ամեն ինչ այլևս այնպես չէ, ինչպես նախկինում: ՀԲԸՄ-ն շարունակում է նոր ուղիներ փնտրել  կրթության և մշակույթի զարգացման և կապերի ընդլայնման համար, և ես ձեզ բոլորիդ կոչ եմ անում միանալ մեզ: Մենք պետք է շարունակենք այս ուղին և մնանք հավատարիմ ու նվիրված մեր սփյուռքին և հայրենիքին:

ՀԲԸՄ-ն ապացուցել է այն հինավուրց փիլիսոփայության ճշմարտացիությունը, որ մեծ ճգնաժամերը ստեղծում են մեծ հնարավորություններ:  Այդ հին ասացվածքի ոգին կուղեկցի մեզ նոր տարում, քանի դեռ մենք  պատրաստվում ենք այն ամենին, ինչ աշխարհը հրամցնելու է մեզ: Անշուշտ, սա հնարավոր կլինի միայն մեր պատրաստակամ կամավորների, անձնակազմի, առատաձեռն նվիրատուների և հուսալի գործընկերների համառ աջակցության շնորհիվ:

Լավագույն մաղթանքներս՝ առողջ և բարեկեցիկ Նոր տարում: