ՀԲԸՄ-Ն ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑՈՒՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԿԻՆ ԱՆԴԱՄ ԳԱՌՆԻԿ ԵԱԳՈՒՊԵԱՆԻՆ

03 08 22 Karnig Yacoubian E Blast

Գառնիկ Եագուպեանի մահը մեծ կորուստ է ոչ միայն իր ընտանիքի անդամների, ընկերների և գործընկերների, այլ նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ղեկավարության և ողջ հայ ազգի համար։ Պարոն Եագուպեանը եղել է ՀԲԸՄ-ի Կենտրոնական վարչության  և Հոգաբարձուների խորհրդի անդամ։ Հայաստանի, Սիրիայի, Լիբանանի և Կանադայի հայ համայնքներում մինչ օրս տեսանելի են նրա թողած խորը հետքն ու ազդեցությունը։

Բեյրութի ամերիկյան համալսարանի շրջանավարտ, մասնագիտությամբ քաղաքացիական ճարտարագետ, Սիրիայում ծնված հայազգի Եագուպեանին կարելի է բնութագրել որպես արարող, բարերար և, առաջին հերթին, անասելի եռանդուն և նվիրված անձ: Բոլոր նրանց, ում բախտ է վիճակվել ճանապարհ անցնել պարոն Եագուպեանի հետ, հմայվել են նրա մտքով և անհատականությամբ, ինչպես նաև ոգեշնչվել ընտանիքի հանդեպ ունեցած նրա նվիրվածությամբ:

ՀԲԸՄ-ին մեծ նվիրում և աջակցություն ցուցաբերած նշանավոր հայ ընտանիքի զավակը և նրա կինը՝ Անահիտը, եղբոր՝ Լևոնի և իրենց ընտանիքների հետ միասին, մշտապես քայլել են կազմակերպության առաքելությանը համընթաց: 

Վաղ տարիքից լինելով ՀԲԸՄ-ի ակտիվ անդամ՝ պարոն Եագուպեանը զբաղեցրել է բազմաթիվ պաշտոններ՝ ՀԲԸՄ Դամասկոսի մասնաճյուղի ատենապետից մինչև Կենտրոնական վարչության անդամ (1994-2006 թթ.): 2006-2017 թվականներին եղել է ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի անդամ, իսկ մինչ մահը՝ ՀԲԸՄ պատվավոր չորս հոգաբարձուներից մեկը:

ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը նշում է, որ պարոն Եագուպեանը դասվում է եռանդուն առաջնորդների այն շրջանակին, որոնք նվաճել են մասնագիտական բարձունքներ, ունեցել են ազդեցիկ դեր և արժանացել առաջատար ընկերությունների և պետության առաջնորդների հարգանքին։ Նա կրոնական և ազգային առաջնորդների կողմից երկրին և համայնքին մատուցած ծառայությունների համար արժանացել է բազմաթիվ շքանշանների, մեդալների և մրցանակների, այդ թվում՝ «Հորդանանի աստղ» շքանշանի: Սակայն նրա կապը հայկական ինքնությանը և հայ եկեղեցուն թերևս ամենաուժգինն էր, որի համար պարգևատրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով, «Մխիթար Հերացի» մեդալով և «Կիլիկեան Իշխան» շքանշանով։

Գառնիկ Եագուպեանի կամավորական աշխատանքն այդքան արժևորելու սկզբունքը լիովին համահունչ էր իր որդեգրած մարդասիրական գործունեությանը,  որը տեսանելի է բազմաթիվ համայնքային ծրագրերին՝ իր և կնոջ ցուցաբերած ֆինանսական աջակցությամբ, ինչպիսիք են՝ Սիրիայի Քամիշլի քաղաքում ՀԲԸՄ համայնքային կենտրոնի հիմնումը, Մոնրեալի ՀԲԸՄ կենտրոնի գրասենյակների և Կանադայի հայոց թեմի կենտրոնական գրասենյակի վերանորոգումը: Նրանք նաև ֆինանսավորել են Հայաստանի հանրապետական գիտաբժշկական գրադարանում ուսումնական կենտրոնի հիմնադրումը, ինչպես նաև՝ Սևանի Վազգենյան դպրանոցի կառուցումն ու վերանորոգումը: Լիբանանում Հայկական եկեղեցու հանդեպ մեծ նվիրումով ոգեշնչված՝ Եագուպեան ընտանիքը ֆինանսավորել է Բիքֆայայում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դպրեվանքի և Անթիլիասում հոգևոր ճեմարանի հիմնումը: Բոլորովին վերջերս նրանք ֆինանսավորել են նաև Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում նոր մոմավառության մատուռի և կաթողիկոսական դամբարանի կառուցումը, որի ավարտը նախատեսված է 2022 թվականին: Եագուպեանները աչքի են ընկել նաև բարձրագույն կրթության ոլորտում մշտական աջակցություն ցուցաբերելու իրենց պատրաստակամությամբ՝ կայուն և առատաձեռն աջակցություն ցուցաբերելով Հայաստանի ամերիկյան համալսարանին (ՀԱՀ): 

Անդրադառնալով Գառնիկ Եագուպեանի հետ տարիների սերտ համագործակցությանը և ընտանեկան բարեկամությանը՝ Պերճ Սեդրակյանը հավելեց. «ՀԲԸՄ ողջ համայնքն ու աշխարհասփյուռ հայությունը կկարոտեն Գառնիկ Եագուպեանին՝ հատկապես ես և Վերան, քանի որ մենք խորապես արժևորել ենք մեր բարեկամությունը նրա և Անիի հետ: Շնորհիվ հայ ժողովրդի և հավատի հանդեպ ունեցած իր անմնացորդ նվիրումի՝ բազմաթիվ կյանքեր են բարեփոխվել։ Անշուշտ, իր կյանքի շուրջ 92 տարիների ընթացքում նա հասցրեց բազմիցս հասնել իր առջև դրված նպատակներին»։

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2022 Նորություններ ՀԲԸՄ-Ն ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑՈՒՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԿԻՆ ԱՆԴԱՄ ԳԱՌՆԻԿ ԵԱԳՈՒՊԵԱՆԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: