ՀԲԸՄ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ

322

Ապրիլի 15-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը հանդիպեցին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ քննարկելու կազմակերպության ընթացիկ նախաձեռնություններն ու դրանց դերը ներկայիս սոցիալ-քաղաքական համատեքստում։ 

Նախագահը բարձր գնահատեց ՀԲԸՄ-ի ավանդը, ընդգծելով, որ դեռ իր՝ Երևանի քաղաքապետ լինելու տարիներից է ծանոթ կազմակերպության բեղուն գործունեությանը։ Պարոն Սեդրակյանն իր հերթին ներկայացրեց կազմակերպության ներկայիս ծրագրերը, ռազմավարությունն ու առաջնահերթությունները՝ առանձնակի կարևորելով Հայաստանի և սփյուռքի միջև կապերի ամրապնդումը։ Նա նաև անդրադարձավ հայապահպանման գործում ՀԲԸՄ-ի ավելի քան մեկդարյա հանձնառությանը, ինչպես նաև երկրի և ազգի շահերին ծառայելու՝ կազմակերպության մշտական ջանքերին։ 

Նախագահներն, այնուհետև, քննարկեցին Արցախում տիրող ներկա իրավիճակն ու աշխարհաքաղաքական բարդ համատեքստում անցկացվող բանակցությունները։ Պերճ Սեդրակյանը կարևորեց Արցախում հասարակական և մշակութային կյանքը զարգացնելու գործում ՀԲԸՄ-ի անմնացորդ աջակցությունն ու ներդրումը։ Պատերազմի ընթացքում շարունակելով աջակցության ծրագրերը՝ ՀԲԸՄ-ն փախստականներին և տուժածներին ապահովեց նաև կենսական կարևորության միջոցներով, ապաստանով և սննդով, ինչպես նաև առաջին բժշկական օգնությամբ՝ աջակցելով պատերազմից տուժած ավելի քան 100 000 անհատի։ 

2

Ներկայիս քաղաքական զարգացումները կշռադատելով՝ ՀԲԸՄ նախագահը ևս մեկ անգամ վստահեցրեց, որ կազմակերպությունը հավատարիմ կմնա իր առաքելությանն ու կաջակցի ցանկացած քաղաքական վերջնարդյունքի, որը միտված կլինի ծառայելու պետության և ազգի շահերին։ Այս առումով, պետություն-եկեղեցի կապն ամրապնդելը, մարդկանց համախմբելուն զուգընթաց, հայապահպանման գործում առանցքային դեր ունի։ «Հայոց Եկեղեցին դարեր շարունակ ցույց է տվել իր համախմբող ուժը։ Հաշվի առնելով, որ ներկայումս Հայաստանը գտնվում է տարածաշրջանային ցնցումների կենտրոնում, որտեղ գերիշխում են քաղաքական տարաձայնությունները՝ Եկեղեցին ժողովրդին համախմբելու և հավաքական ինքնությունը պահպանելու կարևորագույն օղակ է հանդիսանում։ ՀԲԸՄ-ն կշարունակի իր ավելի քան մեկդարյա ջանքերը՝ ամրապնդելու այս կապը սփյուռքում և Հայաստանում», - ասաց Պերճ Սեդրակյանը։  

Խոսելով երկրի զարգացմանը խթանող հնարավորություններից՝ Վազգեն Յակուբյանն անդրադարձավ սփյուռքի տաղանդավոր երիտասարդների և փորձագետների ուշադրությունը դեպի Հայաստան սևեռելու կարևորությանը՝ շեշտելով, որ այն կնպաստի նաև ազգի համախմբմանը։ «Շնորհալի մարդկանց հոսքը Հայաստան նոր շունչ կհաղորդի Հայաստանում բազմաթիվ ոլորտներին, որն էլ իր հերթին կնպաստի հասարակական, մշակութային և տնտեսական առաջխաղացմանը», - նկատեց  պրն Յակուբյանը։ 

3

Բազմաբովանդակ քննարկումների արդյունքում ՀԲԸՄ-ն ևս մեկ անգամ իր պատրաստակամությունը հայտնեց կառավարությանը՝ շարունակելու կազմակերպության՝ Հայաստանի բարգավաճմանը միտված սոցիալ-տնտեսական նախաձեռնությունները։ Եզրափակիչ խոսքում նախագահներն իրենց երախտագիտությունը հայտնեցին ՀԲԸՄ-ի և կառավարության երկարատև համագործակցության վերաբերյալ և այն շարունակելու փոխադարձ պատրաստակամություն հայտնեցին։ 

Ի հավելումն նախագահ Խաչատուրյանի հետ պաշտոնական հանդիպման՝ Պերճ Սեդրակյանն այցելեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ քննարկելու այն ուղիները, որոնց օգնությամբ եկեղեցին կարող է համախմբել համայն հայությանն այս դժվարին ժամանակաշրջանում։ Նա նաև մասնակցեց Զատկական Ս. Պատարագին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, հոգեհանգստի կարգին՝ Սբ. Գայանե եկեղեցում և հարգանքի տուրք մատուցեց լուսահոգի Գառնիկ Յակուբյանի հիշատակին՝ այցելելով Յակուբյանների ընտանեկան դամբարան՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գառնիկ Յակուբյանի այրի՝ Անի Յակուբյանի և Յակուբյանների ընտանիքի անդամների ուղեկցությամբ։

Իր կարճաժամկետ այցելության վերջին օրը պրն Սեդրակյանը հանդիպեց նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Կարին Մարկիդեսին՝ շեշտելու ՀԱՀ-ի դերը Հայաստանի մյուս համալսարաններին միավորելու և ազգաշինությանը նպաստող ակտիվ գործունեություն ծավալելու գործում։