{source}<iframe width="350" height="200" src="https://www.youtube.com" />

ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

 

 

 

Հունիսի 2-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) մեծ դահլիճում տեղի ունեցավ հերթական ավարտական հանդիսությունը` մասնակցությամբ պաշտոնյաների, բարձրաստիճան հյուրերի, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների, ուսանողների, շրջանավարտների ու նրանց հարազատների, որոնք հավաքվել էին շնորհավորելու և պատվելու այս տարվա շրջանավարտներին: 124 շրջանավարտների այդ օրը շնորհվեց մագիստրոսի աստիճան` ՀԱՀ շրջանավարտների ընդհանուր թիվը հասցնելով 2448-ի: Ավարտական արարողության պաշտոնական մասը սկսվեց 2013-ի շրջանավարտների տոնական շքերթով և համալսարանի նախագահի, քոլեջների դեկանների և դասախոսակազմի հանդիսավոր մուտքով: Հնչեցին ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, որից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևորկրթական հաստատությունների վերատեսուչ, Գեվորգյան ճեմարանի տեսուչ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն իր օրհնությունը բերեց ներկաներին: Բացման խոսք ասացին ՀԱՀ նախագահ Դր. Բրյուս Բողոսյանը և Պրովոստ Դենիս Լիվենսը: Ավարտական հանդեսի ուղերձներով հանդես եկան նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը և ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը: Շրջանավարտների անունից համապատասխանաբար հայերեն և անգլերեն լեզուներով հրաժեշտի և երախտիքի խոսք ասացին 2013-ի շրջանավարտներ Տաթևիկ Խաչատրյանն ու Թամար Կաբասակալյանը: Այնուհետև, 124 երիտասարդ ու եռանդուն տղաներ և աղջիկներ իրենց համապատասխան բաժինների դեկանների կողմից մեկ առ մեկ հրավիրվեցին բեմ` ստանալու մագիստրոսի կոչում հետևյալ բնագավառներում. գործարար կառավարում, քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ, անգլերենը որպես երկրորդ լեզու, իրավագիտություն, ճարտարագիտություն, և համակարգչային և տեղեկատվական գիտություններ: