{source}<iframe width="350" height="200" src="https://www.youtube.com" />

20 ՏԱՐԻ ԱՆՑ ՆՈՒՅՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ, ՆՈՐ ՆՊԱՏԱԿՈՎ

 

 

 

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) շրջանավարտները միշտ էլ աչքի են ընկել բարձր մասնագիտական պատրաստվածությամբ ու որակներով: Այսօր նրանցից շատ շատերը, թե Հայաստանում և թե արտերկրում, զբաղեցնում են բարձր պաշտոններ սկսած պետական կառավարման մարմիններից մինչև մասնավոր հատված: Ուրախալի և օրինակելի է այն, որ ՀԱՀ շրջանավարտները փորձում են մշտապես պահել կապը իրենց համալսարանի հետ և ամենատարբեր առիթներով օգտակար լինել հաստատության հետագա ծրագրերին ու զարգացմանը: Հուլիսի 12-ին, ավարտելուց 20 տարի անց, ՀԱՀ առաջին շրջանավարտները հավաքվեցին իրենց մայր ԲՈՒՀ-ում` նշելու այդ հոբելյանը: 20 տարի անց, արդեն հասուն, հաստատված և իրենց ասպարեզներում որոշակի դիրքի հասած այս անհատները որոշել էին, որ այս անգամ իրենց հերթն է աջակցելու տարիներ առաջ, մասնագիտական առաջին քայլերն անելիս, իրենց օգնած ու կրթած հաստատությանը: ՀԱՀ առաջին շրջանավարտների նպատակն էր ստեղծել մնայուն մի բան և այդ մնայունը հիմնադրամն էր: Տոնական միջոցառմանը եկել էին մասնակցելու գրեթե բոլորը` Երևանից, մարզերից, արտերկրից: Այս միջոցառմանը նախորդած մի քանի հանդիպումների արդյունքում որոշվել էր ստեղծել ՀԱՀ շրջանավարտների հիմնադրամ` համալսարանի կարիքավոր ուսանողներին կրթաթոշակներ տրամադրելու նպատակով: Որոշվել էր հավաքել 20,000 ԱՄՆ դոլար, բայց արդյունքը գերազանցեց նախատեսվածը. հավաքվեց 24,000 ԱՄՆ դոլար, որի կտրոնն էլ տոնական հանդիսության ժամանակ շրջանավարտները հանձնեցին ՀԱՀ նախագահ Դր. Բրյուս Բողոսյանին: