{source}<iframe width="350" height="200" src="https://www.youtube.com" />

ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԱՊՐԱԾ, ՀԱՅՐԵՆԻՔՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ

 

 

 

 

Արդեն 7 տարի անընդմեջ անցկացվում է ՀԲԸՄ Երևանի ամառային փորձառության ծրագիրը` հնարավորություն ընձեռելով սփյուռքահայ երիտասարդներին իրականացնել ևս մեկ երազանք. այցելել Հայաստան ոչ թե սոսկ որպես զբոսաշրջիկ, այլ այցելել Հայաստան ապրելու և աշխատելու: Սա հնարավորություն է ինքնահաստատման և ինքնադրսևորման, կյանքի և ինքնության վերաիմաստավորման, հնարավորություն մի բան փոխելու և սեփական ներդրումն ունենալու, սովորելու և սովորեցնելու, օգտագործելու սեփական կարողությունները և փորձելու հայրենիքի հետ ունեցած կապի ամրությունը: ՀԲԸՄ Երևանի ամառային փորձառության ծրագիրն այս տարի մեկ հարկի տակ էր հավաքել 29 սփյուռքահայ երիտասարդների 5 երկրներից` ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Լիբանան և Ավստրալիա: Վեց շաբաթ շարունակ նրանք ապրեցին հայաստանցու կյանքով ու հայաստանցու առօրյայով: Ծրագիրն, ինչպես միշտ, հագեցած էր. առավոտյան աշխատանք, հետո միասին հայերենի ու հայկական ժողովրդական պարերի դասընթացներ, երեկոյան հաճելի զբոսանքներ ու զրույցներ միմյանց և իրենց հայրենաբնակ հասակակիցների ու ընկերների հետ, իսկ հանգստյան օրերին` այցելություններ հայրենի տեսարժան վայրեր: Ծրագրի մասնակիցներին այս տարի հյուրընկալել էին այնպիսի ընկերություններ ինիպիսիք են ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP), Grand Thornton ընկերությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայաստանի մանուկներ հիմնադրամը, ՀՀ սփյուռքի նախարարությունը, «Արաբկիր» բժշկական կենտրոնը, Կանանց ռեսուրսների կենտրոնը, «Հետք» լրատվական գործակալությունը, Emporium ընկերությունը, «Ոսկե ծիրան» փառատոնը, Հայաստանի ազգային պատկերասրահը, RepatArmenia ընկերությունը, ՀՀ օմբուդսմենի գրասենյակը և այլ առաջատար կազմակերպություններ: