ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՍՓՅՈՒՌՔԸ ԳՐԱԿԱՆ ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆՈՒՄ. ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԹՎԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ` ՎԼՈՒՄ–Ի ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԸ

Առաջին աուդիոգիրքը ձայնագրվեց պատերազմական Հալեպի աղմուկի մեջ: Այդ հետո էր, որ Մարտիկ Չոլաքյանն ու ընկերները հեռավոր Ամերիկայի ափերում կրակոցների արձագանք լսեցին Րաֆֆու «Ջալլալեդինի» տողերում: Իսկ կարդում էր այն Մարգարիտ Շամլյանը Պերճուհի Ավետյանի ձայնային բեմադրությամբ, ձայանգրման ստուդիան էլ պատերազմական ավերակների մեջ զրոյից իր ձեռքով կառուցել էր Հակոբ Թովմասյանը: «Մեզ համար պատերազմի այդ ձայնը սարսափելի էր, սակայն ձայնագրության խմբի համար սովորական էր, անգամ չէին նկատել: Շատերը հորդորեցին այդպես էլ թողնել, խորհրդավոր ու խորհրդանշական էր հնչում», - պատմում է «Թեքնոլինգվիստիքս» մշակութային հասարակական կազմակերպության համահիմնադիր Մարտիկ Չոլաքյանը:

Որտեղ փնտրել հայերեն թվայնացված գրքեր, ինչպես ներբեռնել, ինչու են դրանք սահմանափակ թվային 21-րդ դարում` սրանք հարցեր էին, որոնց պատասխանները փնտրել ու փորձել են լուծում գտնել «Թեքնոլինգվիստիքս» հասարակական կազմակերպության հիմնադիրները: Հայալեզու թվային գրադարան ստեղծելու և այն համահայկական դարձնելու գաղափարի շուրջ համախմբվել են սփյուռքում մեծացած երիտասարդները: Ռոզի Վարդիթեր Արուշի, Հակոբ Հակոբյանի, Հայկ Նորյանի, Ռազմիկ Հարունու, Խաչատուր Քոչարյանի ու Մարտիկ Չոլաքյանի նախաձեռնությունը 2015-ից հասցե է գտել Հայաստանում: 2018-ից էլ «Թեքնոլինգվիստիքս»-ի աջակիցներից է ՀԲԸՄ Հայաստանի «Քաղաքացիական հասարակության կամուրջ» ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական միություն ֆինանսավորմամբ՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ:

ՀԲԸՄ Հայաստանի «Քաղաքացիական հասարակության կամուրջ» եռամյա ծրագիրը մեկնարկել է 2016-ին: Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի և սփյուռքի երիտասարդների մասնագիտական ներուժի համադրումը, սփյուռքի հայերի գիտելիքների և հմտությունների օգտագործումը ի շահ հայաստանյան ՀԿ-ների կարողությունների զարգացման: Ծրագիրը նաև խրախուսում ու խորհրդատվություն է տրամադրում ամենատարբեր բնագավառներում գործող հասարակական կազմակերպություներին իրենց գործունեության ոլորտում լավագույն արդյունքի հասնելու համար: «ՔՀ կամուրջ» ծրագիրը նաև ենթադրամաշնորհներ է տվել հայաստանյան կազմակերպությունների, այդ թվում «Թեքնոլինգվիստիքսին»: Ստացված 735 հայտից դրամաշնորհ տրվել է 49 հասարակական կազմակերպությունների, որոնց մեծամասնությունը գործունեություն է ծավալում մարզերում, ոլորտները ամենատարբեր են՝ մշակութայինից մինչև սոցիալ-տնտեսական: «Ավանդաբար Հայաստանում ընդունված է դրամաշնորհ տրամարդրել «գրանտային լավ պատմություն» ունեցող հասարակական կազմակերպություններին: Սակայն մեր մոտեցումն այլ է. «ՔՀ կամուրջ» ծրագրով առավելապես խրախուսում ենք նորարարական, հետաքրքիր գաղափարները, նույնիսկ հնարավորություն ենք ընձեռնում նախաձեռնող խմբերին հանդես գալ իրենց մտքերով, ապա գրանցվել որպես կազմակերպություն », - նշում է «ՔՀ Կամուրջ» ծրագրի պատասխանատու Հասմիկ Հայրապետյանը:

ՎԼՈՒՄ առցանց գրադարանը «Թեքնոլինգվիստիքս»-ի նախաձեռնություններից է: Այն պարբերաբար համալրվում է հայկական գրականության դասական և ժամանակակից նմուշներով: Հայաստանում գործող առաջատար գրահրատարակչատների հետ գործակցության արդյունքում առաջիկայում ՎԼՈՒՄ-ը կհարստանա նաև նոր հայ գրողների ու հայերեն թարգմանված արտասահմանյան գրականությամբ: ՎԼՈՒՄ-ի առցանց գրապահոցում առկա են հավասարապես արևելահայերեն ու արևմտահայերեն էլեկտրոնային գրքեր և ձայնագրքեր: Դրանք մեծամասամբ հասանելի են անվճար, իսկ նոր հրատարակությունները ներբեռնելու համար պետք է վճարել խորհրդանշական գումար:

Ունենալ թվային գրադարան, որը հայ ընթերցողին կառաջարկի լիցենզավորված, օրինական և նորագույն տեխնոլոգիաներով թվայնացված գրքերի լայն ընտրանի` ահա հիմնաքարը, որով ՎԼՈՒՄ-ը ձգտում է բառերի ուժով կամրջել հայկական երկու լեզվական աշխարհները: Այդ առաքելության առաջխաղացման համար կազմակերպությանը նորից օգնության է եկել «ՔՀ կամուրջ» ծրագիրն իր «բարի կամքի դեսպանի» ինստիտուտով: Գաղափարը հետևյալն է՝ սփյուռքւոմ բարի համբավ և ճանաչում ունեցող մարդիկ միանում են հայաստանյան հասարակական կազմակերպություններին և նրանց գործունեությունը ներկայացնում սփյուռքում: Բարի կամքի դեսպանի պրակտիկան արդյունավետ և կիրառելի միջազգային ձևաչափ է: «ՔՀ Կամուրջ» ծրագրի «Բարի կամքի դեսպանների» թվում են Երվանդ Զորյանը (ԱՄՆ), Նարինե Աբգարյանը (ՌԴ), Արա Խաչատուրյանը (Ֆրանսիա), և այլոք:

«Թեքնոլինգվիստիքս»-ի «բարի կամքի» դեսպան է ընտրվել գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, ով հայտնի է հայկական գրական կյանքում իր ակտիվ և արդյունավետ գործունեությամբ: ««Թեքնոլինգվիստիքս»-ի դեպքում կամուրջը գործեց հակառակ ուղղությամբ. Մարտիկն ու տղաները սփյուռքից են, որ կարիք ունեն Հայաստանում ընկալվելու և ճանաչելի դառնալու: Դրա համար որոշեցինք՝ տղաներին լավագույնս կօգնի գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Նա թերևս բոլորից լավ կարող է ներկայացնել ՎԼՈՒՄ-ի բերած անցուդարձը հայ գրականության մեջ », - նշում է Հասմիկ Հայրապետյանը: Արքմենիկ Նիկողոսյանի յուրահատուկ «դեսպանավարման» գործառույթներն են լինելու գործադրել իր մասնագիտական կարողությունները, համբավն ու կապերը կազմակերպության նպատակների իրականացման ու առաջխաղացման համար: «Ոչ միայն թվային գրադարանի դեմքը, այլև ընդհանրապես Բարի կամքի դեսպան եմ լինելու այն ոլորտում, որը ես ներկայացնում եմ ու սիրում: Մասնակցելու եմ հանդիպումների, քննարկումների, ներկայացնելու եմ ծրագիրը ամենատարբեր հարթակներում: Ընդ որում՝ չենք սահմանափակվելու Երևանով», - ավելացնում է Արքմենիկը:

 «Տղաներն այնքան ազնվաբարո, այնքան հայապահպան, այնքան անշահախնդիր ու խանդավառ գործ են անում, որ անհնար է չվարակվել ու չցանկանալ ամեն կերպ օգտակար լինել նրանց», - ընդգծում է Հասմիկ Հայրապետյանը: Մարտիկ Չոլաքյանն իր հերթին ավելացնում է, - ««ՔՀ Կամուրջի» հետ գործակցությունը մեզ շատ բան սովորեցրեց, օգնեց հաստատվել և կողմնորոշվել Հայաստանում, ձեռք բերել կարևոր ծանոթություններ և հմտություններ»:

ՎԼՈՒՄ-ը հրատարակիչ-գրող-ընթերցող համահայկական գրական ցանց է, որը, ինչպես անվանումն է հուշում, ստեղծված է «հատորներով դրական արժեքներ տարածելու համար» (անգլ. volume-գրքի հատոր, նաև ձայն, value - արժեք): Նախագծի հեղինակները առցանց այս հարթակն ապագայում տեսնում են որպես արժեքավոր ժամանցի վայր, որտեղ հայ ընթերցողները աշխարհի տարբեր կետերից կարող են հանդիպել մեկ վայրում, կիսվել գրական նախասիրություններով և ստանալ ցանկալի տեղեկատվություն` այդպիսով նոր կամուրջներ գցելով Հայաստանի և սփյուռքի միջև, նաև ամրացնելով արդեն գոյություն ունեցողները:

ՎԼՈՒՄ թվային գրադարան կարելի է այցելել և բաժանորդագրվել հետևյալ հղումներով՝

Կայք: http://www.vlume.com/
iTunes: http://vlume.com/download/ios
Android: http://vlume.com/download/android
Facebook: https://www.facebook.com/vlumeapp