Մարտ 09, 2023
A- A+
read

ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագիրն սկսում է իր հինգերորդ խմբի ընդունելությունը

  • Նկար
    AGBU Women Coders-New cohort, March 9

Հայկական բարեգործական ընդհանուր միությունն (ՀԲԸՄ) իր  Կանանց հզորացման նախաձեռնության շրջանակներում շարունակում է «Կին ծրագրավորողներ» ծրագիրը։ Ծրագրի  նպատակն է Հայաստանի  կանանց համար կազմակերպել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի անվճար դասընթացներ՝ հնարավորություն ընձեռելով աշխատանք գտնել երկրում արագ զարգացող, հաջողակ և լավ վարձատրվող աշխատաշուկայում։

Ծրագիրը բաղկացած է հետևյալ յոթ բաղադրիչներից․

  1. Մասնագիտական դասընթաց․ հինգերորդ խմբի համար ՀԲԸՄ–ն առաջարկում է հետևյալ հինգ մասնագիտացումները։ Դասընթացները լինելու են առցանց, սակայն հաճախակի կկազմակերպվեն նաև դեմ առ դեմ հանդիպումներ։ Դասընթացները կտևեն մինչև 10 ամիս՝ կախված մասնագիտությունից։ Դասերը կկազմակերպվեն ցերեկային ժամերին, շաբաթական երկու օր՝ երկուական ժամով։ Յուրաքանչյուր մասնակից կարող է դիմել առաջարկվող մասնագիտութուններից միայն մեկին`
  • Vue.JS-ը օգտատերի ինտերֆեյսի՝ UI տեխնոլոգիա է, որը դարձնում է Front-end միջավայրի հետ աշխատանքն առավել հարմարավետ ու ֆունկցիոնալ: Այն նախատեսված է վեբ հավելվածներ ու բազմաֆունկցիոնալ վեբ կայքեր ստեղծելու համար, որոնք հիմնված են HTML-ի, CSS-ի և JavaScript-ի վրա։ Vue.js-ն ապահովում է ծրագրային համակարգի կառուցվածքն ու ճարտարապետությունը, թույլ է տալիս ինտեգրվելու տարբեր տեխնոլոգիաների հետ՝ այդպիսով դառնալով մի գերգործիք, որի հնարավորությունները գրեթե անսպառ են ժամանակակից շուկայում։ Նրա միջոցով  կարելի է ստեղծել պարզագույն այցեքարտ-կայքերից սկսած մինչև օնլայն խաղեր, օնլայն խանութներ ու բազմաֆունկցիոնալ, բարդ վեբ ծրագրեր։ Շնորհիվ իր արագագործության և կիրառման պարզության՝ Vue.js-ը կարողանում է շատ արագ զարգանալ ու դիմանալ այլ տեխնոլոգիաների մրցակցությանը։ Այս դասընթացի մասնակիցները պետք է ունենան անգլերենի միջին իմացություն՝ տեխնիկական գրականություն ընթերցելու համար (A2-B1 մակարդակ), լավ տրամաբանություն, վերլուծական ուժեղ կարողություններ, մաթեմատիկական շատ բարձր հմտություններ։  Դասընթացի տևողությունը 160 ժամ է։
  • Node.JS (+Express)–ը JavaScript ծրագրավորման լեզվի վրա հիմնված արտաքին հավելված է, որն օգտագործվում է սերվերային մասի ծրագրավորման, դինամիկ վեբ հավելվածների ստեղծման համար: Express JS-ը Node.JS-ի հիմքով ստեղծված միջավայր է, որի միջոցով կարելի է ստեղծել API-ի հավելվածներ: Mongo DB - NoSQL տվյալների հենք է (database), որն օգտագործում են տվյալները պահպանելու համար։ Դասընթացի արդյունքում մասնակիցը կկարողանա ստեղծել ժամանակակից հավելվածներ՝ օգտագործելով Node.js, MongoDB և Express: Այս դասընթացի մասնակիցները պետք է ունենան անգլերենի միջին իմացություն՝ տեխնիկական գրականություն ընթերցելու համար (A2-B1 մակարդակ), լավ տրամաբանություն, վերլուծական ուժեղ կարողություններ, մաթեմատիակական շատ բարձր հմտություններ։ Դասընթացի տևողությունը 160 ժամ է:
     
  • Android-ն ամենատարածված բջջային օպերացիոն համակարգն է և զբաղեցնում է շուկայի 70%-ից ավելին։ Android-ը հասանելի է ոչ միայն հեռախոսների և պլանշետների համար, այլ նաև հեռուստացույցերի, խելացի ժամացույցների, մեքենաների, խելացի համակարգերի, ինչպիսիք են՝ վճարային տերմինալները և այլն։ Այս օպերացիոն համակարգի համար հավելվածներ ստեղծելու նպատակով կիրառվում են Kotlin և Java ծրագրավորման լեզուները։ Դրանք նաև լայն կիրառություն ունեն Android–ից դուրս վեբ, դեսքթոփ, և սերվեր–կայք ծրագրավորման համար։ Kotlin-ը համարվում է նախընտրելի ծրագրավորման լեզու Android–ի համար, որը հիմնված է Java ծրագրավորման լեզվի վրա։ Մի շարք ՏՏ ընկերություններ, ինչպիսիք են Google-ը, օլ Pinterest-ը, Coursera-ն և PostMates-ը արդեն իսկ ամբողջությամբ տեղափոխել են իրենց հավելվածները Kotlin: Android-ը դինամիկ  աճող էկոհամակարգ ունի և ժամանակի ընթացքում ավելի շատ է տարածվում կյանքի տարբեր ոլորտներում, ինչի հետևանքով դրա համար ստեղծված հավելվածների պահանջարկը գնալով մեծանում է։  Այս դասընթացի մասնակիցները պետք է ունենան անգլերենի միջին իմացություն՝ տեխնիկական գրականություն ընթերցելու համար (A2-B1 մակարդակ), լավ տրամաբանություն, վերլուծական ուժեղ կարողություններ, մաթեմատիակական շատ բարձր հմտություններ
     
  • Ավտոմատացված որակի ապահովում (QA Automation)․ Որակի ապահովման (QA)  ինժեների հիմնական դերը ծրագրային ապահովման արտադրանքների փորձարկումն ու վավերացումն է, թերությունների հայտնաբերումը և խնդիրների մասին զեկուցումը մշակող ծրագրավորողների թիմին: Ծրագրավորողները և որակի ապահովման մասնագետները նաև սերտորեն համագործակցում են, նախագծերի ղեկավարների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ ապահովելու, որպեսզի ծրագիրը համապատասխանի իր ֆունկցիոնալ և ոչ ֆունկցիոնալ պահանջներին: Որակի ապահովման ինժեներները օգտագործում են տարբեր փորձարկման մեթոդներ, ինչպիսիք են ձեռքով թեստը կամ  ավտոմատացված թեստը։ Նրանք նաև ստեղծում են թեստ պլաններ, թեստ սցենարներ և կատարում են վերլուծություն՝ որոշելու փորձարկման ընթացքում առաջացած ցանկացած խնդրի աղբյուրը: Ավտոմատացված թեստավորման համար ամենատարածված ծրագրավորման լեզուներից մեկը Python-ն է։ Python-ը նաև արդի տեխնոլոգիական զարգացման թրենդների՝ արհեստական բանականության և ծրագրային ապահովման անվտանգության ոլորտներում է ամենատարածվածը։ Այն թույլ է տալիս գրել արագ և ճկուն ավտոմատացված թեստեր։ Այս դասընթացի արդյունքում մասնակիցը կստանա ամբողջական գիտելիքներ Python Test Automation-ի վերաբերյալ, նաև կյուրացնի ու կօգտագործի հայտնի Selenium WebDriver գրադարանը (Library)՝ բազմաթիվ պրակտիկ օրինակներով, ինչպես նաև գիտելիքներ API թեստավորման վերաբեյալ: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է անգլերենի միջին իմացություն տեխնիկական գրականություն ընթերցելու համար (A2-B1 մակարդակ), դպրոցական մակարդակի մաթեմատիկական գիտելիքներ, վերլուծական մտածելակերպ, համակարգչային լավ գիտելիքներ: Դասընթացի տևողությունը 106 ժամ է։
     
  • Data Analytics. Տվյալների վերլուծությունը տվյալների եզրակացության, ալգորիթմի մշակման և տեխնոլոգիայի բազմապրոֆիլ խառնուրդ է, որը տարբեր ոլորտներում կիրառելիս կարող է հանգեցնել անհավանական նոր ձեռքբերումների: Այն ներկայացնում է տվյալների վերլուծության հիմնական մեթոդները և մեծ տվյալների ճիշտ գործածումը: Տվյալների վերլուծության միջոցով կայացվում են արդյունավետ և հիմնավոր որոշումներ, ինչպես նաև կատարում տարբեր կանխատեսումներ։ Ներկայումս ՏՏ ոլորտում տվյալների վերլուծության մեջ շատ մեծ կիրառում է ստացել Python ծրագրավորման լեզուն, որը առավելագույնս ծառայում է արդյունավետ տվյալների վերլուծությանը։ Դասընթացի ավարտին մասնակիցը ձեռք կբերի տվյալների վերլուծաբանի հմտություններ, կտիրապետի տվյալների վերլուծության ամենակարևոր գործիքներին, մոդելավորմանը և տվյալների արդյունավետ ներկայացման ձևերին, ինչպես նաև կտիրապետի Python ծրագրավորման լեզվին և տվյալների վերլուծության ժամանակ դրա գրագետ օգտագործմանը: Այս դասընթացի մասնակիցները պետք է ունենան անգլերենի միջին մակարդակի իմացություն տերմինները և տրամադրվող նյութերը հասկանալու համար (A2-B1 մակարդակ), լավ տրամաբանություն, վերլուծական ուժեղ կարողություններ։  MS Excel-ի բազային իմացություն, Windows օպերացիոն համակարգի առկայություն: Դասընթացի տևողությունը 66 ժամ է:

Դասընթացների մանրամասն բովանդակություններին կարող եք ծանոթանալ ստորև, որոնք կարող են փոփոխության ենթարկվել՝ խմբի կարիքներից ելնելով։ 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ հնարավոր է՝ մասնակիցը ցանկություն հայտնի սովորել առաջարկվող դասընթացներից մեկում, սակայն թեստի արդյունքները և/կամ հարցազրույցները ցույց տան, որ նա  համապատասխանում է մեկ այլ դասընթացի։  Խորհրդակցության և համաձայության դեպքում, մասնակիցը կարող է տեղափոխվել այլ դասընթացի խումբ։

2․ Լրացուցիչ դասընթացներ․ Բացի բուն մասնագիտական դասընթացներից ծրագրի շահառուներին հնարավորություն է տրվում մասնակցելու հետևյալ դասախոսություններին և դասընթացներին․ Ա) Ծանոթություն ՏՏ ոլորտին  (այն կօգնի հստակ գաղափար կազմել ՏՏ ոլորտին առնչվող տարատեսակ  ուղղությունների և դրանց միջև կապերի մասին, տևողությունը՝ 12 ժամ), Բ) ՏՏ ծրագրերի կառավարման գործիքներ  (մասնակիցները կսովորեն ինչպես օգտագործել Ասանա, Ջիրա, Թրելո, Կոնֆլուանս հարթակները, որոնք անհրածեշտ են ՏՏ ոլորտում աշխատելու համար, տևողությունը՝ 5 ժամ) Գ) Ինչպես լինել ազատ գրաֆիկով աշխատող (freelancer, տևողությունը՝ 3 ժամ) Դ) Լինքուս, Քլաուդ և ալգորիթմների առանձին դասընթացներ, ընդհանուր տևողությունը՝ 30 ժամ։

3․ Փափուկ հմտությունների (soft skills) զարգացում․ մասնակիցները կօգտվեն  ՀԲԸՄ-ի պատրաստած կարճ դասընթացներից, ինչպիսիք են՝ Գործարար էթիկա, Ֆինանսական գրագիտություն, Ինքնավստահության ձեռքբերում, Ներկայացման հմտություններ և այլն։

4․ ՄՌԿ մասնագետի հետ աշխատանք․ ՏՏ ոլորտի մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի հետ անհատական խորհրդատվություններ կկազմակերպվեն, որի ընթացքում մասնակիցները կսովորեն, թե ինչպես գրել ինքնակենսագրական, ինչպես անցնել հարցազրույց, ինչպես ներկայանալ աշխատանքային հարթակներում, ինչպիսին օրինակ Լինքդինն է։ Այս դասընթացի շրջանակներում նաև կկազմակերպվեն դերային հարցազրույցներ։

5Սփյուռքի փորձագետների հետ խորհրդատվություն․ մասնակիցներին հնարավորություն կընձեռվի մասնագիտական խորհրդատվություններ ստանալ սփյուռքի մեր լավագույն փորձագետների կողմից և կապեր հաստատել նրանց հետ։

6․ Վկայական․ ավարտական քննությունները հաջող հանձնած մասնակիցները կստանան հավատարմագրված վկայականներ «Քուիք Ստարթ» ընկերության կողմից։

7․ ՀԲԸՄ-ի շրջանավարտների ցանց․ ՀԲԸՄ-ի «Կին ծրագրավորողներ» ծրագրի մասնակիցները կդառնան ՀԲԸՄ-ի մյուս ծրագրերի շրջանավարտների ցանցի մի մասը։ Այս ցանցը հնարավորություններ է ստեղծում մասնակցելու տեղական և միջազգային բարձրակարգ մասնագետների կողմից կազմակերպվող աշխատանքային խմբերին, սեմինարներին, ինչպես նաև զարգացնելու սեփական հմտությունները։

Դիմել կարող են 18 տարին լրացած կանայք, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ուսանող չեն, չեն աշխատում ՏՏ ոլորտում,  չունեն բարձր անձնական եկամուտ և չեն մասնակցել ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրին։ Ընդունելությունը բաց է մինչև մարտի 31-ը՝ ժամը 17։00-ն։ Դիմում-հայտը լրացնելու համար անցե՛ք հետևյալ հղումով՝ https://bit.ly/AGBUWomenCodersApply:

Դասընթացները կսկսվեն 2023 թվականի հունիսից։ Տեղերը սահմանափակ են (15-17 տեղ յուրաքանչյուր առարկայի համար)։ Ընդունելությունը բաղկացած է չորս փուլից՝ դիմումի բովանդակություն, թեստավորում, երկու հարցազրույց ծրագրի կազմակերպիչների և դասընթացավարների հետ։

Կարևոր ամսաթվեր.

  • դիմումների ամփոփում՝ ապրիլի 5-8-ը,
  • թեստերի կազմակերպում՝ ապրիլի 10-15-ը,
  • առաջին հարցազրույց՝ ապրիլի 18-27-ը,
  • երկրորդ հարցազրույց՝ ապրիլի 28-մայիսի 2-ը,
  • վերջնական ընտրության արդյունքների ամփոփում և տեղեկացում՝ մայիսի 3-5-ը:

ՀԲԸՄ-ն իրավասու է չեղարկել/հետաձգել ծրագիրը կամ առանձին դասընթացներ՝ բավարար որակյալ դիմում-հայտեր չստանալու պարագայում։

Ծրագրի մասին տեղեկատվական առցանց հանդիպումներ տեղի կունենան մարտի 15–ին, 20–ին, 24–ին, 27–ին և 30–ին ժամը 12։00–ին հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/AGBUWomenCodersInfoSession:

Հանդիպումների ժամանակ ծրագրի կազմակերպիչները կպատասխանեն դիմորդների բոլոր հարցերին։

Ծրագրի կրթական մասն ապահովում է «Քուիք Ստարթ» ընկերությունը։

Հետադարձ կապ`+374 (0) 60 72 22 16 կամ womencoders@agbu.am: