2026-2027 ուսումնական տարվա կրթաթոշակների դիմումների ընդունման մեկնարկին զուգահեռ՝ ՀԲԸՄ-ն հայտարարում է դիմորդների պահանջների, կրթաթոշակների չափի և ուսումնառության առաջնահերթ ոլորտների վերաբերյալ նշանակալի փոփոխությունների մասին։ Այս փոփոխությունները միտված են ներգրավելու այն դիմորդներին, որոնց ակադեմիական ձգտումները կնպաստեն սոցիալական ազդեցության ապահովմանը, հայկական առաջընթացին և ՀԲԸՄ-ի առաքելությանը։
Առաջիկա ուսումնական տարում ՀԲԸՄ կրթաթոշակների չափը յուրաքանչյուր ուսանողի համար կկազմի մինչև 10,000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև կտրամադրվի մինչև 20,000 ԱՄՆ դոլարի չափով սահմանափակ թվով կրթաթոշակներ՝ բացառիկ թեկնածուների համար։ Կրթաթոշակների չափերի բարձրացումը պայմանավորված է կրթության ծախսերի աճով և ՀԲԸՄ-ի հանձնառությամբ՝ բովանդակային և ազդեցիկ աջակցություն տրամադրելու մասնավորապես այն ուսանողներին, որոնք սովորում են առաջատար համալսարաններում և ընտրել են մագիստրոսական ու մասնագիտական կրթության` բարձր պահանջարկ վայելող ծրագրեր։
Կրթաթոշակային ծրագրի փոփոխությունների նպատակն է առաջնահերթություն տալ այն ուսումնական ոլորտներին, որոնք նպաստում են Հայաստանի և աշխարհասփյուռ հայ համայնքների կրթական, մարդասիրական և սոցիալ-տնտեսական ոլորտներում երկարաժամկետ զարգացմանը։ Վերոնշյալ ոլորտներն են՝ hայագիտություն, կրթություն, միջազգային հարաբերություններ, դիվանագիտություն և քաղաքագիտություն, լրագրություն և հաղորդակցություն, բժշկություն և հանրային առողջապահություն, կատարողական արվեստներ, կրոնագիտություն, սոցիալական ազդեցություն և տնտեսագիտություն, ինչպես նաև «STEM» (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա)։
Ոլորտային մասնագիտացման փոփոխություններին զուգահեռ՝ ՀԲԸՄ-ն բարձրացրել է նաև դիմորդների համար սահմանված նվազագույն միջին գնահատականի (GPA) շեմը՝ ԱՄՆ-ում մագիստրոսական կրթություն ստանալու համար սահմանելով նվազագույնը 3.7 GPA, իսկ մնացած դասակարգերի համար՝ 3.5 GPA։ Ի հավելում, դիմորդների գնահատումն արվում է իրենց ակադեմիական հաստատությունների մրցունակությանը համապատասխան։
«Ակադեմիական ձեռքբերումներից բացի՝ դիմորդներից ակնկալվում է ցուցաբերել հայկականության հետ սերտ կապ՝ համայնքային ծառայության, առաջնորդության և հայկական համայնքներում ակտիվ ներգրավվածության միջոցով։ Այս շեշտադրումը վերահաստատում է ՀԲԸՄ-ի առաքելությունը՝ աջակցելու այն ուսանողներին, որոնք ոչ միայն ձգտում են հասնել անձնական հաջողության, այլ նաև աջակցել իրենց համայնքներին», - նշում է ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Լենա Սարգիսյանը։
ՀԲԸՄ կրթաթոշակները հասանելի են հայազգի այն ուսանողների համար, որոնք ցուցաբերում են ակադեմիական գերազանցություն և ունեն ֆինանսական աջակցության կարիք։ Բացառություն է կազմում հայ արվեստի և մշակույթի համար նախատեսված «Հելեն Ս. Էվանս» կրթաթոշակը, որին կարող են դիմել այլազգի ուսանողներ ևս։ Բոլոր դիմորդները պետք է ընդունված լինեն ստացիոնար ուսուցման ծրագրերի և հավաստիացնեն, որ ուսման վարձի զգալի մասը ապահովված է երկրորդային ֆինանսավորման աղբյուրների միջոցով։ ՀԲԸՄ-ից ֆինանսավորում կարող են ստանալ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ ֆակուլտետի կամ համալսարանի կրթական ծախսերը հոգալու համար։
Ֆինանսական աջակցությունից բացի՝ ՀԲԸՄ-ն շարունակում է ներդրումներ կատարել կրթաթոշակառուների հետ կապերի ամրապնդման ուղղությամբ՝ կազմակերպելով ցանցային միջոցառումներ, մասնագիտական զարգացման առցանց աշխատարաններ և տրամադրելով մենթորության հնարավորություններ՝ խթանելու երկարաժամկետ ներգրավվածությունը աշխարհասփյուռ հայ համայնքների կյանքին։
Որպես առաջին քայլ՝ դիմորդները կարող են լրացնել ՀԲԸՄ կրթաթոշակների դիմելու իրավասության թեստը, որը կուղղորդի մասնակիցներին ընտրել իրենց համապատասխան կրթաթոշակը։ Կրթաթոշակների պահանջների և հայտերի վերջնաժամկետների մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ՝ այցելելով կայքէջ՝ https://agbu.org/scholarships։