
Նկար

Աղետալի հրդեհներից ամբողջովին այրված Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանի (Փասադենա) թվով 190 աշակերտ (նախադպրոցական տարիքից մինչև 8-րդ դասարան) ժամանակավորապես ուսումը կշարունակի վարժարանից ընդամենը վեց կմ հեռավորության վրա գտնվող ՀԲԸՄ Վաչե և Թամար Մանուկյան մշակութային կենտրոնում: Առաջիկա ամիսներին դա կենսական նշանակություն կունենա Սահակ-Մեսրոպ վարժարանի համայնքի վերականգնման համար։
ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունը, աշխատելով ՀԲԸՄ Արևմտյան շրջանի ղեկավարության հետ, վարժարանին անմիջապես ներկայացրեց մինչև 2025-2026 ուսումնական տարվա ավարտը Մշակութային կենտրոնը շահագործման տրամադրելու առաջարկը։ Այս ժամանակահատվածում վարժարանը վերականգնվելու և վերակառուցվելու հնարավորություն կունենա՝ ուսումնական գործընթացի նվազագույն ընդհատումներով:
Լոս Անջելեսի շրջանի քաղաքներն ու համայնքները ավերած անտառային հրդեհները հունվարի 8-ին մոխրի վերածեցին նաև Սահակ-Մեսրոպ վարժարանի շենքը։ Տարածքում կանգուն է մնացել միայն վարժարանի տարածքում գտնվող խաչքարը՝ խորհրդանշելով հավատ և տոկունություն:
Չնայած ավերածություններին՝ դպրոցը հավատարիմ կմնա իր առաքելությանը՝ մատուցելու քրիստոնեական կրթություն՝ հիմնված հայկական կրոնական և մշակութային ժառանգության վրա՝ միաժամանակ ձգտելով ակադեմիական գերազանցության:
Սահակ-Մեսրոպ վարժարանը 1980 թվականի հիմնադրումից ի վեր իր դռները բացել է նախադպրոցական տարիքից մինչև 8-րդ դասարանի աշակերտների առջև։ Այն վերջերս էր հիմնովին վերանորոգվել, ներառյալ՝ տանիքը։
«Վարժարանի ավերածությունների լուրը լսելուն պես մենք հասկացանք, որ պետք է միջամտենք և մեր աջակցությունը ցուցաբերենք», - ասաց ՀԲԸՄ Արևմտյան շրջանի ատենապետ Գևորգ Զորյանը: «Մինչ, հրդեհներով պայմանավորված, բոլորս ենք վտանգված, և անորոշ է, թե հաջորդ արտակարգ իրավիճակը որտեղ կստեղծվի, մենք գիտենք, որ որպես ՀԲԸՄ՝ մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել: Այսպիսով, առաջին իսկ վայրկյանից կապ հաստատեցինք Սահակ-Մեսրոպ վարժարանի մեր ընկերների հետ՝ վստահեցնելու, որ կարող են հույս դնել մեր աջակցության վրա»,- հավելեց նա։
Հրապարակային հայտարարությամբ Սահակ-Մեսրոպ վարժարանի հոգաբարձուների խորհուրդը հաստատեց, որ այն վերակառուցվելու է, իսկ խորհրդի ատենապետ Արլին Տիտանյանը խորին երախտագիտություն հայտնեց ՀԲԸՄ-ին՝ անմիջապես հաստատված համագործակցության համար:
«Հազվադեպ կարելի է հանդիպել այսպիսի հզոր և կարեկից գործընկերոջ, և մենք խորապես գնահատում ենք ՀԲԸՄ-ի՝ մեզ աջակցելու հանձնառությունը: Մենք իսկապես հաջողակ ենք, որ դուք մեր կողքին եք. միությունը զօրություն է»,- ասաց Տիտանյանը։
Աշակերտներին գրկաբաց ընդունելուց բացի՝ ՀԲԸՄ-ն 50,000-ական դոլար է նվիրաբերել Ամերիկյան կարմիր խաչին և Համաշխարհային կենտրոնական խոհանոցին (WCK)՝ աջակցելու նրանց օգնության ջանքերին: Հանրության ավելի լայն շրջանակներին աջակցություն ցուցեբերելու ջանքերը նույնպես ընթացքի մեջ են՝ հաշվի առնելով հանրային անվտանգությունն ու բարեկեցությունը ապահովելու կարևորությունը:
ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանը նշեց. «Հենց այսպիսի իրավիճակներում է մարդկությունը փորձության ենթարկվում: ՀԲԸՄ-ն և դրա անդամները միշտ պատրաստակամ են ծառայել, և մենք ուրախ ենք, որ կարող ենք մխիթարության ձեռք մեկնել Սահակ-Մեսրոպ համայնքին: ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունը կշարունակի համագործակցել ՀԲԸՄ Արևմտյան շրջանի ղեկավարության և այնտեղ գտնվող կամավորների հետ՝ աջակցություն ցուցաբերելու նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։ Մենք նաև կշարունակենք հանրությանը տեղեկացնել մեր աշխատանքների ընթացքի մասին, մինչ օգնում ենք Լոս Անջելեսի շրջանին և բնակիչներին վերականգնվել իրենց պատուհասած մեծ ցնցումից»։