Փետրվար 07, 2024
A- A+
read

ՀԲԸՄ-ն 14,000 տաքացուցիչ է բաժանում Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին

  • Նկար
    Artsakh refugees receiving heaters from AGBU.
    Kamo Vardanyan

Քանի որ արդեն բավականին ցուրտ է, հատկապես Հայաստանի մարզերում, մենք շտապում ենք նոր միջոցներով օգնել մեր հայրենակիցներին:

ՀԲԸՄ-ն World Central Kitchen-ի (WCK) հետ համագործակցությամբ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին տաք սնունդ բաշխելու հսկայածավալ նախաձեռնությունը սկսելուց հինգ ամիս անց՝ ձմռանն ընդառաջ, ընդլայնեց իր մարդասիրական ջանքերը` 14,000 շարժական տաքացուցիչ բաժանելով տեղահանված ընտանիքներին։ Նախաձեռնությունը նպաստեց, որ ընդհանուր առմամբ 60,000 անհատներ լրացուցիչ հարմարավետություն ձեռք բերեն իրենց նոր տներում:

«Քանի որ արդեն բավականին ցուրտ է, հատկապես Հայաստանի մարզերում, մենք շտապում ենք նոր միջոցներով օգնել մեր հայրենակիցներին»,- նշում է ՀԲԸՄ Հայաստանի մարդասիրական ծրագրերի տնօրեն Ինեսսա Մարգարյանը։ «Անցած սեպտեմբերին, երբ հումանիտար ճգնաժամը սկսվեց, մենք առաջնահերթություն տվեցինք պարենային անապահովության խնդրին՝ տեղահանված ընտանիքներին բաշխելով ավելի քան 400,000 տուփ տաք և 28,000 տուփ չոր սնունդ։ Դրա կարիքը հատկապես ընդգծված էր, քանի որ գիտենք, որ մեր հայրենակիցներն ավելի քան ինը ամիս ստիպված էին դիմանալ ծանր կենսապայմաններին և թերսնմանը մինչև Արցախը Ադրբեջանի կողմից ենթարկվեց վերջնական էթնիկ զտման։ Այժմ, երբ տեղահանված ընտանիքներից շատերը տեղավորվել են նոր բնակարաններում և կացարաններում, շատերի համար լրացուցիչ ջեռուցման աղբյուրների կարիքն ավելի հրատապ է»:

Բաշխումը կազմակերպվում է քաղաքապետարանների և համայնքապետարանների հետ համագործակցությամբ, որտեղից շահառուները մոտենում և վերցնում են ջեռուցիչները։ Ի թիվս այլ շահառուների՝ 44-ամյա Լիաննա Իսրայելյանը Ստեփանակերտից իր երախտագիտությունը հայտնեց ՀԲԸՄ-ին՝ «Մենք 12 հոգուց բաղկացած ընտանիք ենք, իսկ նոր բնակարանում շատ ցուրտ է։ Ջեռուցիչները կօգնեն դիմանալ ցրտին»։

Հունվարի 27-ից փետրվարի 3-ը ՀԲԸՄ-ի «Հայեր համախմբվե՛ք» (ACT) ծրագրի շրջանակներում 25 կամավոր Բուլղարիայից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից միացավ նախաձեռնությանը՝ աջակցելու բաշխման գործընթացներին: ACT-ը սփյուռքից այն կամավորների համար է, ովքեր ցանկություն են հայտնում հայրենիքում իրենց օգնությունն առաջարկելու նմանօրինակ նախաձեռնություններում։ Մասնակիցներից 46-ամյա Սթեյսի Տերտերյանը ԱՄՆ-ից նշեց. «Մենք պարզապես տաքացուցիչներ չենք բաժանում։ Ինձ համար հուզիչ է այն փաստը, որ մենք լսում ենք նրանց պատմությունները և փորձում կիսել իրենց հոգու ցավը՝ ցուցաբերելով հասկացողություն ու ջերմություն»:

ՀԲԸՄ Գլոբալ օգնության ֆոնդին կատարած նվիրատվությունների շնորհիվ՝ կազմակերպությունը կարողանում է ոչ միայն գործնական լուծումներ տալ առկա կամ տեղում առաջացող խնդիրներին, այլ նաև ցուցաբերում է Հայաստանում արցախահայության կայուն վերաբնակեցմանը նպաստող բազմակողմանի մոտեցում: Մասնավորապես՝ ներկայումս ՀԲԸՄ-ն տրամադրում է անվճար առողջապահական և հոգեկան առողջության խորհրդատվությունների հնարավորություն, աշխատանքի տեղավորման աջակցություն, չափահասների համար նախատեսված կրթական և հմտությունների զարգացման դասընթացներ, ինչպես նաև՝ ՀԲԸՄ «Նաիրի» ճամբարում կազմակերպում է գիշերակացով հանգիստ ճգնաժամից հոգեբանորեն տուժած երեխաների և նրանց ծնողների համար:

Հայաստանում Արցախի հայերի համար ՀԲԸՄ-ի կողմից տրամադրվող հնարավորությունների մասին ավելին իմանալու համար այցելե՛ք այստեղ։

ՀԲԸՄ Արցախի օգնության ֆոնդին նվիրատվություն կատարելու համար այցելե՛ք այստեղ։