Մայիս 13, 2024
A- A+
read

ՀԲԸՄ-ն առաջին անգամ կազմակերպում է ամառային դպրոց «Մուտք տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհ» խորագրով

  • Նկար
    Women coders summer school

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) կանանց հզորացման իր նախաձեռնության «Կին ծրագրավորողներ» ծրագրի շրջանակներում  այս տարի առաջին անգամ կազմակերպում է ամառային դպրոց՝ «Մուտք տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհ» խորագրով: «Կին ծրագրավորողներ» ծրագրի յոթերորդ խմբի ընդունելությանն ընդառաջ ՏՏ ոլորտ մուտք գործել ցանկացող կանայք ամառային դպրոցի շրջանակներում հնարավորություն կստանան ծանոթանալ առաջարկվող դասընթացների բովանդակությանը, իսկ մեր փորձառու դասախոսները կուղղորդեն մասնակիցներին ընտրել իրենց կարողություններին, հետաքրքրություններին և ունակություններին համապատասխան ՏՏ մասնագիտացում։

Ամառային դպրոցի ընթացքում առաջարկում ենք հետևյալ դասընթացները.

  • Blockchain-ը տվյալների պահպանման տեխնոլոգիա է, որը տարբերվում է դասական տվյալների բազաներից մի քանի հատկություններով և չափազանց հետաքրքիր կառուցվածքով:Բլոկչեյնը կարելի է պատկերացնել որպես համակարգում տեղի ունեցած բոլոր գործարքների հաշվառման հաշվապահական գիրք, որը թափանցիկ է և հասանելի է իր բոլոր օգտատերերին։ Բլոկչեյնի մյուս կարևոր առանձնահատկությունը հետևյալն է՝ երբ ինչ-որ տեղեկություն է ներմուծվում բլոկչեյն, այն այլևս անհնար է փոխել։ Բլոկչեյնը բլոկերի շղթա է, որտեղ յուրաքանչյուր բլոկ պարունակում է որոշակի տվյալներ, ինչպես նաև հղում նախորդ բլոկին:
  • No code, low code-ը հավելվածներ նախագծելու և մշակելու մեխանիզմներ են՝ ինտուիտիվ հասկանալի գործիքներով, որոնք նվազեցնում կամ վերացնում են կոդ գրելու ստանդարտ եղանակները: Low-code, no-code-ը թույլ է տալիս արագորեն հավելվածներ ստեղծել՝ ազատելով տող առ տող կոդ գրելու անհրաժեշտությունից, ինչպես նաև հնարավորություն է տալիս բիզնես վերլուծաբաններին, գրասենյակային ադմինիստրատորներին և այլոց, ովքեր ծրագրային ապահովման մշակողներ չեն, ստեղծել և փորձարկել հավելվածներ։ Low-code, no-code-ը ապահովում է հարմարավետություն և արագություն։
  • QA Automation Որակի ապահովման (QA)  ինժեների հիմնական դերը ծրագրային ապահովման արտադրանքների փորձարկումն ու վավերացումն է, թերությունների հայտնաբերումը և խնդիրների մասին զեկուցումը մշակող ծրագրավորողների թիմին: Որակի ապահովման ինժեներները օգտագործում են տարբեր փորձարկման մեթոդներ, ինչպիսիք են ձեռքով գրված թեստը, կամ  ավտոմատացված թեստը։ Նրանք նաև ստեղծում են թեստ պլաններ, թեստ սցենարներ և կատարում են վերլուծություն՝ փորձարկման ընթացքում առաջացած ցանկացած խնդրի աղբյուրը որոշելու համար:
  • 3D Modeling/ Solidworks Եռաչափ մոդելավորումը վիրտուալ մոդելներ ստեղծելու գործընթաց է, որը հնարավորություն է տալիս առավելագույն ճշտությամբ ցուցադրել տվյալ օբյեկտի ձևը։ SOLIDWORKS ծրագիրը մեքենայացնում է մեխանիզմների և սարքերի նախագծման գործնթացի մի զգալի մասը: Այս ամենի շնորհիվ կտրուկ կրճատվում են նախագծման ժամանակը, կատարվելիք ծախսերը և բարելավում որակը: Solidworks ծրագիրը մասնավորապես կիրառելի է մեքենաշինության, աերոտիեզերական արդյունաբերության, բժշկական սարքաշինության, ճարտարապետության, շինանարության և այլ ոլորտներում։ Solidworks-ը թույլ է տալիս ստեղծել արագ և ճշգրիտ նախագիծ/դիզայն, այդ թվում՝ 3D մոդելներ և բարդ մասերի և հավաքվող մասնիկների 2D գծագրեր:
  • Web Programing-ը ծրագրավորման մի բաժին է, որը զբաղվում է համացանցում դինամիկ կայքերի ստեղծման և շահագործման աշխատանքով, այսինքն՝ ապահովում է էջի տեսքտը, ֆունկցիաները, ինչպես նաև էջի թարմացումը։  Front-end ծրագրավորման միջոցով  կարելի է ստեղծել պարզագույն այցեքարտ-կայքերից սկսած մինչև օնլայն խաղեր, օնլայն խանութներ ու բազմաֆունկցիոնալ, բարդ վեբ ծրագրեր։ Back-end ծրագրավորման լեզուները օգտագործվում են սերվերային մասի ծրագրավորման, դինամիկ վեբ հավելվածների ստեղծման համար:
  • Web design. Վեբ դիզայնը կայքերի պլանավորումն ու ստեղծումն է: Այն ներառում է ստեղծագործական դիզայնի հմտությունների և տեխնիկական հմտությունների համադրություն՝ տեսողականորեն գրավիչ, օգտագործողի և ֆունկցիոնալ կայքեր ստեղծելու համար: Վեբ դիզայները պատասխանատու է` կայքի, հավելվածի արտաքին տեսքի, տեղեկատվության գրագետ մատուցման, տարբեր բաժինների փոխազդեցության, կայքի օգտագործման տրամաբանության, արտաքին տեսքի ստեղծման կամ դիզայնի փոփոխության, թարմացման համար։  Վեբ դիզայներները մեր օրերում կարող են ոչ միայն նախագծել և ստեղծել գործող կայքեր տարբեր կոնստրուկտոր հարթակների միջոցով, այլ նաև կարող են ակտիվ համագործակցել ծրագրավորողների հետ։

Դիմել կարող են 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի հանդիսացող և Արցախից բռնի տեղահանված կանայք։ Ընդունելությունը բաց է մինչև մայիսի 26–ը` ժամը 17։00-ն։ Դիմում-հայտը լրացնելու համար անցե՛ք հետևյալ հղումով: 

Ամառային դպրոցի հանդիպումները տեղի կունենան շաբաթական երկու անգամ՝ ցերեկային ժամերին` առդեմ ձևաչափով ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակում՝ Երևան, Մելիք-Ադամյան փ․ 2/2 հասցեում։

Դասընթացները կսկսվեն հունիսի 15-ից և կշարունակվեն մինչև հուլիսի 6-ը։

Ամառային դպրոցի ընթացքում առաջարկվող դասընթացների ամբողջական նկարագրությունը տե՛ս ստորև.