ՀԲԸՄ-ն հպարտությամբ հայտնում է, որ, համագործակցելով ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վահե Գաբրաշի հետ, Գյումրիում համահիմնադրում է Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան (SAAH): Հիմնվելով համաշխարհային ճանաչում ունեցող շվեյցարական կրթական մոդելի վրա՝ հյուրընկալության ոլորտում այս նոր մասնագիտական կրթության և վերապատրաստման ծրագիրը մշակվել է Լոզանի «École hôtelière de Lausanne» (EHL) դպրոցի հետ համատեղ և պաշտոնապես լիցենզավորված է «EHL»-ի մասնագիտական կրթության և վերապատրաստման ծրագրի (VET) կողմից: Ներդրումներ կատարելով տաղանդավոր երիտասարդների զարգացման և կրթության ոլորտներում՝ «SAAH»-ը նպատակ ունի բարելավելու Հայաստանի սպասարկման ոլորտն ու համաշխարհային հյուրընկալության ոլորտում ամրապնդելու երկրի դիրքերը որպես մրցունակ ուղղություն:
«SAAH»-ը ներկայում առաջարկում է մասնագիտական ուղղություններ խոհարարական արվեստի, սննդի և խմիչքի սպասարկման, ինչպես նաև հյուրանոցային կառավարման ոլորտներում։ Ծրագրին կարող են դիմել ինչպես 18 տարին լրացած և բարձր տարիքի անձինք, ովքեր ոլորտում սկսնակ են, այնպես էլ փորձառու անհատներ, ովքեր որոշել են փոխել մասնագիտական ուղղությունը։ Հյուրընկալության ոլորտում մասնակիցներին ուղղորդելով կառուցողական ու բարձրորակ ուսումնական ծրագրով՝ ակադեմիան առաջարկում է հավաստագրման երեք մակարդակ, որին հաջորդում է մասնագիտական դիպլոմի շնորհումը։ Ծրագրի տևողությունը 12-ից 18 ամիս է։
«Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի հիմնադրումը պարզապես կրթական իրադարձություն չէ. դա հավատքի արտահայտություն է Հայաստանի ներուժի հանդեպ։ Մենք կամուրջներ ենք կառուցում շվեյցարական կատարելության և հայկական տաղանդի միջև, համաշխարհային չափանիշների և տեղական ձգտումների միջև։ Մեր առաքելությունն է երիտասարդներին փոխանցել ոլորտային մտածողություն, հմտություններ և վարքագիծ, որոնք թույլ կտան ոչ միայն աշխատել, այլև առաջնորդել ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս», - նշում է Վահե Գաբրաշը:
ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանն ընդգծում է այս նախաձեռնության խորը կապը ՀԲԸՄ առաքելության հետ. «Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հպարտ է, որ Գյումրիում Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի համահիմնադիրն է և ինստիտուցիոնալ գործընկերը։ Այս նախաձեռնությունն ամբողջովին արտացոլում է մեր առաքելությունը՝ ներդրում կատարելու Հայաստանի մարդկային ներուժի զարգացման մեջ։ ՀԲԸՄ-ն իր պատմության ընթացքում համահիմնադրել է փոփոխություն խթանող հաստատություններ, ինչպես օրինակ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը, և ստեղծել է ռազմավարական համագործակցություններ, ինչպես ԹՈՒՄՈ-ի հետ։ Այս նախաձեռնությունը նմանօրինակ ավանդի շարունակությունն է և նպատակ ունի լրացնելու հյուրընկալության ոլորտի բացերն ու հանրապետության մասշտաբով նպաստելու սպասարկման որակի բարելավմանը»:
Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան (SAAH) գտնվում է «Գրանդ հոթել Ապրիկոտ Գյումրի»-ում՝ Հայաստանի հյուրընկալության առաջատար կենտրոններից մեկում։ Այս գործընկերությունը մարմնավորում է մեր «Սովորիր՝ գործելով» փիլիսոփայությունը՝ հնարավորություն տալով ուսանողներին ուսուցման հենց առաջին օրվանից սովորել և գործնական հմտություններ ձեռք բերել իրական, բարձրակարգ հյուրանոցային միջավայրում։
«Ակադեմիայում սովորող յուրաքանչյուր ուսանող ունի այն ներուժը, որը կարող է վերաիմաստավորել հայկական հյուրընկալության պատմությունը։ Շվեյցարական չափանիշներով, հայկական ջերմությամբ և համաշխարհային տեսլականով մենք Հայաստանի համար պատրաստ ենք սահմանելու հյուրընկալության նոր նշաձող»,- նշում է Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի գլխավոր տնօրեն Խաչիկ Հակոբյանը:
Ի լրումն, «SAAH»-ն առաջարկում է նաև մասնակի և ամբողջական կրթաթոշակներ՝ կրթությունը բոլորին հասանելի դարձնելու նպատակով, մասնավորապես 2025 թվականին զինվորական ծառայությունից զորացրված երիտասարդներին և Արցախից տեղահանված անձանց։
Ըստ «EHL» Գործնական արվեստների դպրոցի դեկան Պատրիկ Օժեարի՝ մարդկային կապիտալի և մասնագիտական զարգացման մեջ ներդրումներ անելով՝ Հայաստանը խթանում է տարածաշրջանային կայուն զարգացումը։ «Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան այս տեսլականի ռազմավարական հենասյուներից մեկն է՝ միավորելով կրթությունը տնտեսության աճի հետ»։
Գործընկերների մասին
Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիա (SAAH)
Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան հիմնադրվել է 2025 թվականին՝ բարերար Վահե Գաբրաշի և Հայկական բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ։ Ակադեմիայի առաքելությունն է ապահովել միջազգային մակարդակի, գործնական հմտությունների վրա հիմնված հյուրընկալության կրթություն՝ համադրելով շվեյցարական գերազանցության փորձն ու Հայաստանի զարգացող ծառայությունների և զբոսաշրջության ոլորտների պահանջները։www.saah-edu.com
Լոզանի հյուրանոցային դպրոց (EHL)
«EHL»-ը հյուրընկալության և բիզնեսի կրթության համաշխարհային առաջատարն է՝ Շվեյցարիայում և Սինգապուրում գտնվող մասնաճյուղերով: Ակադեմիական գերազանցության և գործնական ուսուցման միջոցով «EH»L-ը պատրաստում է բազմակողմանի մասնագետներ հյուրընկալության և փորձի վրա հիմնված ոլորտներում կարիերայի համար: VET by EHL | Vocational Education & Training (VET) Licensing
Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ)
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը աշխարհի խոշորագույն համահայկական շահույթ չհետապնդող կազմակերպությունն է, որը ծրագրեր է իրականացնում կրթության, մշակույթի, մարդասիրության և սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում։ ՀԲԸՄ-ն հանդիսանում է Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի համահիմնադիրն ու ինստիտուցիոնալ գործընկերը՝ շարունակելով իր առաքելությունը Հայաստանում մարդկային կապիտալի և մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ։www.agbu.org | www.agbu.am