Փետրվար 20, 2023
A- A+
read

ՀԲԸՄ-ն հայտարարում է «Կին ձեռներեցներ» ծրագրի նոր խմբերի հավաքագրման մասին՝ նախատեսված Արցախում գործող բիզնեսների համար

  • Նկար
    WE announcement in Artsakh - 2023 February

ՀԲԸՄ Հայաստանը հայտարարում է «Կին ձեռներեցներ» ծրագրի նոր խմբերի հավաքագրման մասին՝ նախատեսված Արցախում գործող բիզնեսների համար։ ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը նպաստում է մասնակիցների ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների զարգացմանը, օգնում է կատարել շուկայի գրագետ ուսումնասիրություն, մշակել շուկայավարման ռազմավարություն, արդյունավետ կազմակերպել բիզնեսի և ֆինանսների կառավարումը, հասկանալ մրցակցային առավելությունները։ Մասնակիցները նաև ստանում են իրենց բիզնես ոլորտին հատուկ անհատական խորհրդատվություն։

Ծրագրին կարող են մասնակցել Արցախում բնակվող կանայք, ովքեր.

  • ունեն ՀՀ քաղաքացիություն,
  • 18 և բարձր տարիքի են,
  • ունեն գործող սեփական բիզնես,
  • գրանցված բիզնեսի դեպքում փաստաթղթերով հանդիսանում են բիզնեսի օրինական սեփականատեր կամ համահիմնադիր,
  • պատրաստ են շաբաթական երկու անգամ մասնակցել եռամսյա դասընթացին,
  • պատրաստ են կատարել առաջադրանքները սահմանված ժամկետներում, աշխատել ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով։

Ծրագրին չեն կարող մասնակցել.

  • հասարակական կազմակերպություններ,
  • բիզնես դասընթացավարներ և խորհրդատուներ,
  • նույն անձինք մեկից ավելի բիզնես ծրագրերով,
  • նույն բիզնես ծրագրի տարբեր ներկայացուցիչներ,
  • վերավաճառողներ,
  • նրանք, ովքեր չեն հանդիսանում բիզնեսի սեփականատեր և/կամ չունեն հիմնադրված բիզնեսում օրինական բաժնեմաս (գրանցված բիզնեսի դեպքում),
  • նրանք, ովքեր օրենքով սահմանված կարգով ի պաշտոնե չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, օրինակ՝ հանրային ծառայողներ,
  • նրանք, ովքեր հաշվարկային հաշիվների վրա ունեն արգելանք դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից, քանի որ դրամաշնորհը տրամադրվում է միայն անկանխիկ տարբերակով։

Ծրագիրը բաղկացած է հետևյալ փուլերից.

  • «Աշխատանքային հիմունքներ» տեսադասընթացների շարք, որի ընթացքում մասնակիցները ձեռք են բերում հմտություններ՝ բիզնես էթիկա, քննադատական մտածողություն, ֆինանսական գրագիտություն, արդյունավետ կառավարման հմտություններ, սոցիալական մեդիա մարքեթինգ, որակի կառավարում և այլն։
  • Եռամսյա դասընթաց և ուղղորդում, որի ընթացքում  մասնակիցները ձևավորում են ձեռնարկատիրական մտածելակերպ, զարգացնում են շուկայի հետազոտության հմտությունները և մարքեթինգային ռազմավարությունը, բիզնեսի կազմակերպման ու կառավարման, արտադրության/ ծառայությունների մատուցման գործընթացը, տեխնոլոգիաների և ծախսերի պլանավորման և ֆինանսական գրագիտությունը, օգտվում մենթորության ծրագրից, շարունակական բիզնես խորհրդատվությունից, մասնագիտական և բիզնեսի զարգացման համար արժեքավոր կապեր հաստատելու հնարավորություններից։
  • Դրամաշնորհային մրցույթ, որի ընթացքում մասնակիցները դիմում են մինչև 2 000 000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհի: Ընտրությունը կատարվում է մասնակցի առաջադիմության, բիզնեսի արժեքային առաջարկի հիման վրա։

Ուշադրություն․ անկախ դրամաշնորհի փուլ անցնելու հանգամանքից և դրամաշնորհի փուլի արդյունքներից, բոլոր մասնակիցները դառնում են ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ցանցի անդամ։

Դիմելու ընթացակարգը.

  • Դիմումներն անհրաժեշտ է լրացնել հայերեն և հայատառ։
  • Այլ լեզուներով կամ այլ տառերով (օրինակ՝ կյուրեղագիր (кириллица) և/կամ լատինատառ) լրացրած դիմումները չեն դիտարկվելու։
  • Դիտարկվում են միայն լիարժեք լրացված դիմումները (թերի հայտերը չեն դիտարկվում)։
  • Դիմում-հայտը կարող եք լրացնել այստեղ։
  • Դասընթացի լեզուն հայերենն է։
  • Դասընթացը տեղի կունենա Ստեփանակերտում՝ շաբաթական 2 անգամ աշխատանքային օրերին, ժամը՝ 10:30-15:00 (ներառյալ ընդմիջումը)։
  • Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ մարտի 10՝ ժամը 17։00։

Հետադարձ կապ՝ agbuwe@agbu.am |+374 60 722 235, +374 60 722 237:

Աշխատանքային ժամեր' 09:00-18:00 (երկուշաբթի - ուրբաթ):