
ՀԲԸՄ-ն հայտարարում է «Կին ձեռներեցներ» ծրագրի նոր խմբերի հավաքագրման մասին՝ նախատեսված ՀՀ-ում և Արցախում գործող բիզնեսների համար
ՀԲԸՄ Հայաստանը հայտարարում է «Կին ձեռներեցներ» ծրագրի նոր խմբերի հավաքագրման մասին՝ նախատեսված Հայաստանում և Արցախում առնվազն 1 տարի գործող բիզնեսների համար։ ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը նպաստում է մասնակիցների ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների զարգացմանը, օգնում է կատարել շուկայի գրագետ ուսումնասիրություն, մշակել շուկայավարման ռազմավարություն, արդյունավետ կազմակերպել բիզնեսի և ֆինանսների կառավարումը, հասկանալ մրցակցային առավելությունները։ Մասնակիցները նաև ստանում են իրենց բիզնես ոլորտին հատուկ անհատական խորհրդատվություն։
Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանում և Արցախում բնակվող կանայք, ովքեր.
- ունեն ՀՀ քաղաքացիություն,
- 18 և բարձր տարիքի են,
- ունեն առնվազն 1 տարի գործող սեփական բիզնես,
- գրանցված բիզնեսի դեպքում փաստաթղթերով հանդիսանում են բիզնեսի օրինական սեփականատեր կամ համահիմնադիր,
- պատրաստ են շաբաթական երկու անգամ մասնակցել եռամսյա դասընթացին,
- պատրաստ են կատարել առաջադրանքները սահմանված ժամկետներում, աշխատել ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով։
Ծրագրին չեն կարող մասնակցել.
- հասարակական կազմակերպություններ,
- բիզնես դասընթացավարներ և խորհրդատուներ,
- նույն անձինք մեկից ավելի բիզնես ծրագրերով,
- նույն բիզնես ծրագրի տարբեր ներկայացուցիչներ,
- վերավաճառողներ,
- նրանք, ովքեր չեն հանդիսանում բիզնեսի սեփականատեր և/կամ չունեն հիմնադրված բիզնեսում օրինական բաժնեմաս (գրանցված բիզնեսի դեպքում),
- նրանք, ովքեր օրենքով սահմանված կարգով ի պաշտոնե չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, օրինակ՝ հանրային ծառայողներ,
- նրանք, ովքեր հաշվարկային հաշիվների վրա ունեն արգելանք դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից, քանի որ դրամաշնորհը տրամադրվում է միայն անկանխիկ տարբերակով։
Ծրագիրը բաղկացած է հետևյալ փուլերից.
- «Աշխատանքային հիմունքներ» տեսադասընթացների շարք, որի ընթացքում մասնակիցները ձեռք են բերում հմտություններ՝ բիզնես էթիկա, քննադատական մտածողություն, ֆինանսական գրագիտություն, արդյունավետ կառավարման հմտություններ, սոցիալական մեդիա մարքեթինգ, որակի կառավարում և այլն։
- Եռամսյա դասընթաց և ուղղորդում, որի ընթացքում մասնակիցները ձևավորում են ձեռնարկատիրական մտածելակերպ, զարգացնում են շուկայի հետազոտության հմտությունները և մարքեթինգային ռազմավարությունը, բիզնեսի կազմակերպման ու կառավարման, արտադրության/ ծառայությունների մատուցման գործընթացը, տեխնոլոգիաների և ծախսերի պլանավորման և ֆինանսական գրագիտությունը, օգտվում մենթորության ծրագրից, շարունակական բիզնես խորհրդատվությունից, մասնագիտական և բիզնեսի զարգացման համար արժեքավոր կապեր հաստատելու հնարավորություններից։
- Դրամաշնորհային մրցույթ, որի ընթացքում մասնակիցները դիմում են մինչև 2 000 000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհի: Ընտրությունը կատարվում է մասնակցի առաջադիմության, բիզնեսի արժեքային առաջարկի հիման վրա։
Ուշադրություն․ անկախ դրամաշնորհի փուլ անցնելու հանգամանքից և դրամաշնորհի փուլի արդյունքներից, բոլոր մասնակիցները դառնում են ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ցանցի անդամ։
Դիմելու ընթացակարգը.
- Դիմումներն անհրաժեշտ է լրացնել հայերեն և հայատառ։
- Այլ լեզուներով կամ այլ տառերով (օրինակ՝ կյուրեղագիր (кириллица) և/կամ լատինատառ) լրացրած դիմումները չեն դիտարկվելու։
- Դիտարկվում են միայն լիարժեք լրացված դիմումները (թերի հայտերը չեն դիտարկվում)։
- Դիմում-հայտը կարող եք լրացնել այստեղ։
- Դասընթացի լեզուն հայերենն է։
- Դասընթացը տեղի կունենա Երևանում և Ստեփանակերտում՝ շաբաթական 2 անգամ աշխատանքային օրերին, ժամը՝ 10:30-15:00 (ներառյալ ընդմիջումը)։
- Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ հունվարի 15՝ ժամը 17։00։
- Նախակրթական առցանց տեսադասընթացների սկիզբ՝ փետրվարի 1։
- Կրթական փուլի սկիզբ՝ մարտի 1։
Հետադարձ կապ՝ agbuwe@agbu.am |+374 60 722 235, +374 60 722 237:
Աշխատանքային ժամեր' 09:00-18:00 (երկուշաբթի - ուրբաթ):