
Մոնրեալ, Տորոնտո – Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Սեմ Սիմոնյանը մայիսի 1-ից 4-ը այցելեց Մոնրեալ և Տորոնտո՝ որպես ՀԲԸՄ համաշխարհային համայնք շրջայցի երկրորդ փուլ։ Շրջայցը մեկնարկել էր 2024 թվականի նոյեմբերին՝ Հարավային Ամերիկա այցով։
Կանադայում Սիմոնյանին ուղեկցում էր պատվիրակություն, որի կազմում էին նրա կինը՝ Սիլվա Սիմոնյանը, Հոգաբարձուների Խորհրդի անդամ Էլի Աքիլյանը, փոխնախագահ Երվանդ Զորյանը, գանձապահ Նազարեթ Ֆեստեկջյան, Կենտրոնական վարչության անդամ Լենա Սարգիսյանը, ֆինանսական տնօրեն Մարք Գիթլենը և մասնաճյուղերի ու Կենտրոնական վարչության վարչական տնօրեն Նատալի Գաբրիելյանը։
Այց Մոնրեալ
Պատվիրակությանը նախ այցելեց Մոնրեալի ՀԲԸՄ «Ալեք Մանուկյան» վարժարան, որտեղ նրանց ողջունեցին վարժարանի տնօրեն, այդ ուսումնական հաստատության շրջանավարտ և ՀԲԸՄ Մոնրեալի նախագահ Շահե Թանաշյանը, փոխտնօրեն Նարե Վարդանյանը և ՀԲԸՄ Մոնրեալի հոգաբարձու Հակոբ Արսլանյանը։
Համեստ գործունեությունը սկսելով որպես նախադպրոցական հաստատություն՝ «Ալեք Մանուկյան» վարժարանը Կանադայում հիմնված առաջին հայկական դպրոցն է, որը տարիների ընթացքում վերածվել է ամբողջական կրթական հաստատության։ Դպրոցում կրթությունն իրականացվում է երեք լեզվով, իսկ ծրագիրը հայկական ժառանգության թեմաները համադրում է Քվեբեքի ուսումնական ծրագրի հետ։ Այսօր վարժարան է հաճախում մեկ տարեկան (մանկապարտեզ) և բարձր տարիքի (նախակրթարանից մինչև 9-րդ դասարան) 465 երեխա։
Այցը զուգադիպեց դպրոցի հիմնադրման 55-ամյակին, և պատվիրակությունը հնարավորություն ունեցավ նաև հանդիպելու դպրոցի ղեկավարությանը։ Այնուհետև նրանք մասնակցեցին հոբելյանական համերգի, որի ընթացքում ելույթ ունեցան դպրոցի սաները, ՀԲԸՄ սկաուտները և մասնաճյուղի «Գառնի» պարային համույթը։ Հյուրերի թվում էին՝ Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Աբգար եպս. Հովակիմյանը և ՀԲԸՄ Կենտրոնական վարչության նախկին անդամ դր.Արշավիր Գյոնջյանը, ով ՀԲԸՄ-ի պատվավոր նախագահ Ալեք Մանուկյանի աջակցությամբ 1970 թվականին հիմնեց այս դպրոցը։
Իր մանկության տարիները հիշելով՝ Սիմոնյանը նշեց, որ 55 տարի առաջ ուսանել է Բեյրութի ՀԲԸՄ «Յովակիմեան-Մանուկեան» վարժարանում՝ ընդգծելով այն առանցքային ազդեցությունը, որ ՀԲԸՄ դպրոցներն ու նվիրյալ ուսուցիչները թողել են հայ սերունդների վրա։ Աշակերտներին դիմելով՝ Սիմոնյանն ասաց․ «Մաղթում եմ, որ համառ լինեք ու մի քիչ էլ բախտ ունենաք։ Երկուսն էլ անհրաժեշտ են հաջողակ ձեռնարկատեր, գործարար առաջնորդ կամ, ո՞վ գիտի, մի օր էլ՝ ՀԲԸՄ նախագահ դառնալու համար։ Հեռուն երազեք»։
Սիմոնյանն այցելեց նաև Մոնրեալի քաղաքապետարան՝ ստորագրելու «Ոսկե Գիրքը» և հանդիպելու Մոնրեալի քաղաքապետարանի գործադիր կոմիտեի նախագահ և Ահունցիկ-Կարտիերվիլ շրջանի կառավարիչ Էմիլի Թյուիլիեին։ Մոնրեալում «Ոսկե Գիրքը» քաղաքացիական ավանդույթ է, որի միջոցով հարգանքի տուրք է մատուցվում նշանավոր այցելուներին՝ ընդգծելու քաղաքի մշակութային և հասարակական կյանքում ունեցած նրանց ավանդը։
Այցի երրորդ օրը պատվիրակությունը հանդիպեց ՀԲԸՄ «Մոնրեալ կենտրոն»-ի ստեղծագործական գործունեությանը նպաստող տարբեր հանձնախմբերի, այդ թվում՝ ՀԲԸՄ Մոնրեալի «Տիկնանց հանձնախմբի», «Ոսկե տարիք հանձնախմբի», ՀԲԸՄ Մոնրեալի Մարզական բաժնի, սկաուտների, «Գառնի» պարային համույթի, Մոնրեալի Երիտասարդ արհեստավարժների, «Nova» ամառային դպրոցի, ինչպես նաև «Հայորդյաց օր» շաբաթօրյա ծրագրի և ամառային ճամբարի ներկայացուցիչների հետ։ «Հայորդյաց օր»-ը ավանդական հայկական կրթությունը մատուցում է յուրօրինակ մոտեցմամբ՝ լեզվի և պատմության դասընթացները համատեղելով լուսանկարչության, անիմացիայի, կոդավորման, կիրառական արվեստի և շախմատի հետ։
Կենտրոնական վարչության անդամ Լենա Սարգիսյանն ընդգծեց․ «Երիտասարդության զարգացման գործում մեր կանադահայ համայնքների մոտեցումն իրապես նորարարական է և ապահովում է աշակերտների ակտիվ ներգրավվածություն՝ առաջարկելով արտադասարանական ծրագրեր, որոնք, գերազանցելով ավանդական մեթոդները, նպաստում են առաջնորդի հատկանիշներ ձեռք բերելուն։ Ինչ վերաբերում է ՀԲԸՄ Մոնրեալին, ապա այն կարծես երկրորդ տուն դարձած լինի երեխաների և նրանց ընտանիքների համար, որոնք շաբաթ օրերը հաճույքով են անցկացնում հայկական մշակույթով հագեցած միջավայրում, ընկերանում են ազգությամբ հայ հասակակիցների հետ և այդ գործընթացում ամրապնդում են իրենց ինքնությունը»։
Երեկոյան ՀԲԸՄ Մոնրեալի կամավորները, նվիրատուներն ու աջակիցները նշեցին դպրոցի 55-ամյակը հանդիսավոր արարողությամբ, որի ժամանակ երաժշտական կատարմամբ հանդես եկավ նաև ՀԲԸՄ շրջանավարտ, սոպրանո Սաշա Ջիհանյանը։
Նշանակալի օրվա առթիվ Թանաշյանն ասաց՝ «Մեզ համար մեծ պատիվ էր այս հպարտություն պարգևող օրը նշել ՀԲԸՄ նորանշանակ նախագահի և վարչության անդամների հետ։ Այս պահը խորհրդանշում է հայկական ինքնությունը պահպանելու գործին մեր դպրոցի խորը նվիրվածությունը՝ միաժամանակ որակյալ ակադեմիական կրթություն մատուցելով։ Մեր նպատակն է ուղղորդել աշակերտներին, որպեսզի համայնքի ներսում դառնան առաջնորդներ և կանգնեն հզոր Հայաստանի կողքին»։
Այց Տորոնտո
Նախագահ Սիմոնյանը հաջորդաբար հանդիպեց Տորոնտոյի ՀԲԸՄ համայնքին՝ նախ այցելելով ՀԲԸՄ Տորոնտոյի գրասենյակներ և բովանդակալից քննարկումներ ունենալով տեղի ղեկավարության, կամավորների ու նվիրատուների հետ։ Հանդիպմանը ներկա էին ՀԲԸՄ Տորոնտոյի համանախագահներ Քնար Բասմաջյանը և Միհրան Եգավյանը, Տորոնտոյի Երիտասարդ արհեստավարժները, ՀԲԸՄ «Արմեն-Օնտարիո»-ի նախագահ Պերճ Փափազյանը, ինչպես նաև Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անահիտ Հարությունյանը։
ՀԲԸՄ Տորոնտոյի գործադիր տնօրեն Սալփի Տեր-Ղազարյանը ներկայացրեց համայնքին առաջարկվող բազմաբնույթ ծրագրերը՝ ընդգծելով ինչպես առցանց մշակութային նախաձեռնությունները, ներառյալ՝ «Երաժշտական միտք» շարքը և հայերենի դասընթացները, այնպես էլ տեղում կազմակերպվող համերգները, դասախոսությունները, մարզական միջոցառումներն ու էքսկուրսիաները։
ՀԲԸՄ «Նորարարության ստուդիաներ» Տորոնտոյի կենտրոնը, որը բացվեց 2023 թ.-ին, աչքի ընկնող նախաձեռնություններից մեկն է։ Ծրագիրը մեկնարկել է Փասադենայում, երբ 2022 թվականին այնտեղ հիմնվեց առաջին կենտրոնը։ Այն միջին և ավագ դպրոցի աշակերտներին առաջարկում է STEAM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, արվեստ և մաթեմատիկա) ոլորտներում կրթություն՝ միաժամանակ տրամադրելով ժամանակակից գործիքներ՝ հայկական թեմաներով կիրառական նախագծեր իրականացնելու համար։ Դասընթացների նպատակն է խթանել ստեղծագործական միտքը, քննադատական մտածողությունը, նորարարությունը և հայկական ժառանգության ու ինքնության համապարփակ ընկալումը։
Պատվիրակությունը հնարավորություն ունեցավ ծանոթանալու երիտասարդ նորարարների աշխատանքներին և ՀԲԸՄ Տորոնտոյի կողմից առաջարկվող այլ ծրագրերին, որոնց դիմելու համար տարիքային սահմանափակումներ չկան։ Վերջերս բացված նոր ծրագրերից է նաև «Sunday Funday»-ը, որը նախատեսված է 4-10 տարեկան երեխաների համար և առաջարկում է կրթական ծրագրեր՝ հագեցած գիտական փորձերով, արհեստներ սովորելով և հայկական մշակութային փորձառություններով։
Վերադառնալով ԱՄՆ՝ Կանադայի ՀԲԸՄ համայնքների վերաբերյալ Սիմոնյանը նշեց. «Մեծապես տպավորված եմ Մոնրեալի «Ալեք Մանուկյան» վարժարանի՝ կրթության վերաբերյալ ստեղծագրար մոտեցմամբ և այն բազմաբնույթ ծրագրերով, որոնք առաջարկում է ՀԲԸՄ Մոնրեալը։ Եվ, իհարկե, բազմաթիվ հանձնաժողովներում ներգրավված նվիրվյալ ու տաղանդավոր կամավորները անփոխարինելի ներդրում ունեն Մոնրեալի հայկական համայնքը կանգուն ու աշխույժ պահելու գործում»։
ՀԲԸՄ Տորոնտոյի վերաբերյալ Սիմոնյանն անդրադարձավ մշակութային, կրթական և համայնքային մեծաքանակ ծրագրերին՝ դասականից մինչև ժամանակակից։ «Տորոնտոն հայ համայնքի յուրաքանչյուր անդամի համար նախատեսված ծրագիր ունի՝ հայերին համաշխարհային բեմերում ներկայացնող համերգներից մինչև նորարարական նախաձեռնություններ, ինչպես ՀԲԸՄ «Նորարարության ստուդիաներ»-ը», – նշեց նա։
«Որպես ՀԲԸՄ համաշխարհային ցանցի կարևոր մաս` Կանադայի հայ համայնքները վառ օրինակ են, թե ինչպես համայնքի հնարամտությունը և նոր մոտեցումները կարող են հարստացնել ու ոգեշնչել մեզ բոլորիս», — ամփոփեց նա։ «Ճամփորդությունն իսկապես լուսավորող էր ու նոր գաղափարներ ծնող։ Շնորհակալ ենք բոլորին՝ ջերմ ու բարեհամբույր ընդունելության համար, որին արժանացանք ամեն քայլափոխի»։
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: Հիմնված լինելով 1906 թվականին՝ ՀԲԸՄ-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի ազդեցություն ունենալով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքի վրա:
ՀԲԸՄ-ի և իր աշխարհասփյուռ ծրագրերի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել՝ www.agbu.org:
Լրատվական հարցումների համար դիմել՝
ՀԲԸՄ մամուլի գրասենյակ
55 East 59-րդ փողոց
Նյու Յորք, NY 10022-1112
Հեռախոս՝ 212.319.6383
Էլ. փոստ՝ press@agbu.org