Նոյեմբեր 27, 2024
A- A+
read

ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանը այցելել է Հարավային Ամերիկայի հայ համայնքներ՝ կապերը ամրապնդելու և նոր նախաձեռնություններ ոգեշնչելու

  • Նկար
    South America trip Buenos Aires 1
    Gathering of AGBU Buenos Aires committees at AGBU Center, Buenos Aires
  • Նկար
    South America trip Buenos Aires 2
    Sam Simonian with youth from Liga de Jóvenes and General Antranik Scouts at AGBU Center, Buenos Aires
  • Նկար
    South America trip Buenos Aires 3
    Sam Simonian with representatives of AGBU Cordoba, Buenos Aires
  • Նկար
    South America trip Buenos Aires 4
    Simonian delegation and AGBU Uruguay representatives with Armenian Ambassador to Uruguay at Embassy, Montevideo
  • Նկար
    South America trip Buenos Aires 5
    Simonian delegation, committee members, and Erevan 50 Scouts at AGBU Center, Montevideo
  • Նկար
    South America trip Buenos Aires 6
    Delegation and AGBU Brazil representatives with Diocesan Primate Bishop Narek Berberian at Armenian Cathedral of St. George, São Paulo
  • Նկար
    South America trip Buenos Aires 7
    Delegation at welcome lunch with Armenia’s Youth Chess Team, São Paulo

2024 թվականի նոյեմբերի 12-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նորանշանակ նախագահ Սեմ Սիմոնյանն ավարտեց իր իննօրյա ճանաչողական այցը Հարավային Ամերիկայի խոշոր քաղաքներ՝ վերահաստատելով ՀԲԸՄ համաշխարհային ցանցի ներսում մշակութային, կրթական և սոցիալական զարգացման նախաձեռնությունները խթանելու՝ կազմակերպության առաքելությունը։ Սա ՀԲԸՄ աշխարհասփյուռ մասնաճյուղեր այցելելու՝ նախագահի մեկամյա շրջագայության առաջին քայլն էր։

Այցեր կատարվեցին դեպի Բուենոս Այրես, Մոնտեվիդեո և Սան Պաուլո, որոնց ընթացքում Սիմոնյանը, իր ղեկավարած պատվիրակության ուղեկցությամբ, հանդիպումներ ունեցավ տեղական և պետական առաջնորդների հետ։ Պատվիրակության կազմում էին Սիլվա Սիմոնյանը, ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի նոր կազմի անդամ Էլի Աքիլյանը, ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Լենա Սարգիսյանը, ՀԲԸՄ ռազմավարական խորհրդատվական խորհրդի անդամ Սևան Սիմոնյանը և ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժների (ԵԱ) ծրագրի ղեկավար Քրիստինա Լալաման։

Նախքան ուղևորությունն սկսելը Սիմոնյանը նշել էր․ «Շարունակելով ՀԲԸՄ ղեկավարության լավագույն ավանդույթները, ես անհամբերությամբ սպասում եմ ՀԲԸՄ մեր տեղական համայնքների հետ անձնական կապերի հաստատմանը՝ նրանց ձայնին ականջալուր լինելու, նրանցից սովորելու և նրանց իրենց իսկ միջավայրում ճանաչելու համար։ Դա կօգնի ինձ՝ ապագային ընդառաջ ավելի լավ ծանոթանալու այս տարածաշրջանի առջև ծառացած մարտահրավերներին և հնարավորություններին։ Ես նաև ցանկանում եմ տեղացի առաջնորդներին վերահաստատել, որ ՀԲԸՄ գլոբալ ղեկավարությունը իրենց կողքին է, ընդ որում, ոչ միայն իրենց տեղական նպատակներին հասնելու գործում, այլև մեր կազմակերպության համաշխարհային ռազմավարական տեսլականը իրականացնելուն հասնելու ճանապարհին նրանց օգնելու հարցում։ Հիմա ավելի լայն շարժումներին և նշանակալի հասարակական միտումներին հարմարվելու, ինչպես նաև ՀԲԸՄ առաջնահերթություններն ըստ այդմ վերասահմանելու ճիշտ ժամանակն է»։

Այց՝ Արգենտինա

Բուենոս Այրեսում Սիմոնյանը հյուրընկալվեց Արգենտինայի պետական պաշտոնյաների և հայ համայնքի անդամների կողմից, և վերահաստատեց տեղական մշակութային ծրագրերի, հայկական դպրոցների և երիտասարդության ներգրավման միջոցառումների կարևորությունը։ Նա նաև համայնքին իր երախտագիտությունը հայտնեց տոկունության, նվիրումի և հայ ինքնությանը բերած նպաստի համար։

Ուղևորությունը երջանիկ պատահականությամբ համընկավ ՀԲԸՄ Մարի Մանուկյան ինստիտուտի (ՄՄԻ) 50-ամյա հոբելյանին՝ պատվիրակությանը հնարավորություն տալով մասնակցելու դպրոցի տոնակատարություններին։ Թիմին բախտ վիճակվեց հանդիպելու Բուենոս Այրեսի քաղաքապետ Խորխե Մակրիին, որը ելույթ ունեցավ տոնախմբության ժամանակ։ Իր շնորհավորական խոսքում Մակրին նշեց․ «Դուք՝ հայերդ, հաճախ շնորհակալություն եք հայտնում Արգենտինային՝ ձեր նախնիներին հյուրընկալելու, նրանց ինտեգրելու, ձեր ժողովրդին գրկաբաց ընդունելու համար։ Սակայն ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հայերին այն Արգենտինայի համար, որ ունենք այսօր»։

Արգենտինայում գտնվելիս օրակարգը հագեցած էր Բուենոս Այրեսի մասնաճյուղի կոմիտեի և ՄՄԻ բարձրաստիճան անդամների հետ հանդիպումներով, որոնց ընթացքում քննարկվեցին ուսումնական ծրագրերը և կրթության բնագավառում տեղի ունեցած նոր զարգացումները։

Կրթության մասնագետ և ՀԲԸՄ կրթական բաժնի՝ Կենտրոնական վարչությունը ներկայացնող խորհրդատու Սարգիսյանը հանդիպեց ՄՄԻ ավագ դպրոցի տնօրեն Մարկո Մարտինին, մանկապարտեզի և տարրական դպրոցի տնօրեն Անա Սալգադոյին և ռեկտոր Խուան Բալյանին, ինչպես նաև ուսուցչական կազմին և դպրոցի խորհրդի ուսումնական կոմիտեի անդամներին։

Սարգիսյանը հաջորդիվ հայտնել էր, որ քննարկումները շատ արդյունավետ էին։ «Դպրոցը մատնանշեց երեք առաջնահերթություն, որոնք, ի գոհունակություն մեզ, ակտիվորեն առաջ են մղվում։ Նախ, ՄՄԻ-ն պատրաստվում է ուսանողների շրջանում լավացնել անգլերենի սահուն իմացությունը։ Նրանք նաև ընդունում են, որ հարկավոր է դպրոցի ուսումնական ծրագրում առավելագույնի հասցնել նորարարությունների և տեխնոլոգիաների ինտեգրումը։ Ինչ վերաբերում է սաների թվին, ապա ցանկալի է ուսանողների թիվը հասցնել 100-ի», - նշեց Սարգիսյանը՝ ավելացնելով, որ ինքը ՄՄԻ ղեկավարներին հայտնել է, որ Կենտրոնական վարչությունը ձգտում է ապահովելու, որ ՀԲԸՄ կրթական հաստատություններից յուրաքանչյուրը հասնի այնպիսի ստանդարտների, որոնք կապահովեն ֆինանսական կայունությունն ու ուսանողների հաջող առաջադիմությունը, ինչպես նաև ամրապնդվեն համայնքի ներգրավվածությունն ու ներդրումը այդ գործում։

Միևնույն ժամանակ, Սիմոնյանը մասնակցեց ՄՄԻ անգլերենի, հայերենի և համակարգչային ծրագրավորման դասաժամերին՝ անմիջական շփվելով ուսանողների հետ։ Մշակույթի գծով՝ նա և իր թիմը ներկա գտնվեցին ՄՄԻ շրջանավարտներից մեկի արվեստի գործերի ցուցադրությանը, որը կազմակերպվել էր դպրոցի տարածքում։

Բուենոս Այրես այցի ընթացքում Սիմոնյանը և իր թիմը շփվեցին սկաուտական և մարզական խմբերի հայ երիտասարդների (նա միացավ ընթացող ֆուտբոլային խաղին), ինչպես նաև ուսանողների և երիտասարդ արհեստավարժների հետ։

Նրանք ՀԲԸՄ Բուենոս Այրեսի կենտրոնում հանդիպում ունեցան Երիտասարդական լիգայի (Liga de Jóvenes), ԵԱ Բուենոս Այրեսի և «Անդրանիկ» սկաուտական ճամբարի ներկայացուցիչների հետ, որին հաջորդեց հանդիպումը ՀԲԸՄ Բուենոս Այրեսի գրասենյակի գործադիր խորհրդի և կոմիտեների հետ՝ Նախագահ Անտոնիո Սարաֆյանի ղեկավարությամբ։ Նույն երեկոյան նրանց մատուցվեց ավանդական հայկական ընթրիք՝ Villa Crespo թաղամասի ճանաչված Restaurant AGBU ռեստորանում. շահույթ չհետապնդող 47-ամյա ձեռնարկություն, որը հովանավորել է ՄՄԻ ղեկավարության ամենամյա այցը Հայաստան, և հավասարապես սիրված վայր է ինչպես հիմնական հովանավորների, այնպես էլ զբոսաշրջիկների համար։

ՀԲԸՄ Բուենոս Այրեսի գրասենյակում անցկացվող մրցանակաբաշխությանը մասնակցելուց և ՀԲԸՄ առաջնորդների, մանկավարժների և ծրագրի մասնակիցների հետ հանդիպումից զատ՝ Սիմոնյանը շփվեց բարձրաստիճան դեմքերի ու հեղինակությունների, ինչպես նաև հայկական և արգենտինական շրջանակների հանրային պաշտոնյաների հետ։ Նրանց թվում էին արգենտինացի բիզնես-մագնատ և բարերար Էդուարդո Էռնեկյանը և նրա զարմիկներ Մարտինն ու Հյուգոն, ինչպես նաև հայկական այլ կազմակերպությունների՝ Թեքեյան մշակութային միության, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու և Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունների (IARA) ներկայացուցիչների հետ։ Հանդիպումներ եղան նաև դիվանագետ-պաշտոնյաների, ինչպես օրինակ Արգենտինայում ԱՄՆ դեսպան Մարկ Սթենլիի և Արգենտինայում Հայաստանի դեսպան Հովհաննես Վիրաբյանի, ինչպես նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Սինանյանի հետ, որը այցով նույնպես գտնվում էր Արգենտինայում։

ՀԲԸՄ Կորդոբայի մասնաճյուղի ներկայացուցիչներն ու ղեկավարները՝ քարտուղար Կլաուդիա Թորկոմյանի գլխավորությամբ, ինչպես նաև Երիտասարդական լիգայի և վերջերս մեկնարկած Երիտասարդ արհեստավարժների խմբի անդամները, երկար ճանապարհ էին կտրել երկրի ներսում՝ Սիմոնյանին Արգենտինայում անձամբ ողջունելու և երիտասարդության զարգացման և տարածաշրջանի հայ երիտասարդության հետ կապ հաստատելու մասին իրենց գաղափարները ներկայացնելու համար։

Այց՝ Ուրուգվայ

Մոնտեվիդեոյում ՀԲԸՄ անելիքներից առաջինը շրջայցն էր ՀԲԸՄ Ուրուգվայի կենտրոնում և Ուրուգվայի հանրակրթության պետական վարչության (ANEP) հետ աշխատանքային քննարկումը։ Սիմոնյանը, Սարգիսյանը և Աքիլյանը ՀԲԸՄ և ANEP համատեղ ծրագրերը քննարկեցին լեզվական քաղաքականության հարցերով ANEP տնօրեն Ալդո Ռոդրիգեսի հետ։ Ռոդրիգեսը պատվիրակությանը ներկայացրեց այս և քննարկման ներքո գտնվող այլ նախաձեռնությունները։ ՀԲԸՄ Մոնտեվիդեոյի գրասենյակը դիտարկում է նաև դրանք իրականացնելու համար անհրաժեշտ և առկա ռեսուրսները վերակազմակերպելու և դրանց արդյունավետությունն առավելագույնի հասցնելու ուղիները։

Ուրուգվայի հայերը հայտնի են երկրի կրթական համակարգում ունեցած մեծ ազդեցությամբ, ամենից առաջ՝ ՀԲԸՄ Ուրուգվայի գրասենյակի ջանքերի շնորհիվ։ Այս պահի դրությամբ , երկրի կառավարությունը հայերենը ներառել է համապետական ուսումնական ծրագրում և մշակել է «Լույս և Արմեն» խորագրով գրքերի շարք՝ հայերենը որպես օտար լեզու դասավանդելու համար։

Հաջորդ օրը նրանք հանդիպեցին Խոսե Գյոզուկարայանի նախագահությամբ գործող ՀԲԸՄ Ուրուգվայի կոմիտեի հետ, որից հետո Հայաստանի դեսպանատանը հյուրընկալվեցին Ուրուգվայում Հայաստանի դեսպան Մարիամ Գևորգյանին։

Այց՝ Բրազիլիա

Սուրբ Գևորգ մայր տաճարում Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Նարեկ Բերբերյանի հետ հանդիպումից և հայկական դպրոց այցից հետո Սիմոնյանը և իր թիմը վայելեցին ողջույնի ճաշը ՀԲԸՄ Բրազիլիայի մասնաճյուղի խորհրդի անդամների և Հայաստանի շախմատի երիտասարդական հավաքականի հետ, որը քաղաք էր ժամանել FIDE-ի Շախմատի երիտասարդական առաջնությանը մասնակցելու համար։ Սիմոնյանի պատվին մասնաճյուղը ընթրիք մատուցեց, որին մասնակցեցին Բրազիլիայի ՀԲԸՄ բոլոր կոմիտեների և հայկական այլ կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Բրազիլիայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը և Սան Պաուլո նահանգի գիտության, տեխնոլոգիաների և նորարարության հարցերով քարտուղար Վահան Հակոբյանը։ Վերջին օրը պատվիրակությունը այցելեց ՀԲԸՄ մասնաճյուղի տարածք՝ ՀԲԸՄ Սան Պաուլոյի գրասենյակի ղեկավար Ավետիս Մարկոսյանի և ՀԲԸՄ կոմիտեի անդամների հետ ապագա հնարավորությունների թեմայով հանդիպումների նպատակով։

Հարավամերիկյան շրջագայության ողջ ընթացքում Սիմոնյանը իր գոհունակությունն էր հայտնում տարածաշրջանի հայ համայնքներին՝ անվերապահ աջակցության համար։ Նա նաև քաջալերում էր առավել ընդգրկուն հայկական նախաձեռնությունների իրագործման համար շարունակական համագործակցությունն ու համերաշխությունը՝ ընդգծելով նորարարության և տեխնոլոգիաների դերը ողջ աշխարհում հայանպաստ առաքելությունների իրագործման գործում։ Նա իր մտորումները ներկայացրեց STEAM կրթության և թվային արվեստներին ուղղված ՀԲԸՄ ծրագրերի մասին՝ շեշտելով այն, թե նորարար հարթակների միավորումը որքան կարևոր է աշխարհի տարբեր ծագերում ապրող հայ երիտասարդությանը միավորելու և, դրանով իսկ, ընդհանուր մշակութային ինքնությունը խթանելու համար։

Տպավորություններ և երախտիքի խոսք

Միացյալ Նահանգներ վերադառնալուն պես Սիմոնյանը հանդես եկավ երախտիքի խոսքով՝ տարածաշրջան կատարած իր առաքելությունը օգտակար և ոգեշնչող դարձնելու հարցում հյուրընկալող կողմերի գործադրած մեծ ջանքերի համար։ «Լատինական Ամերիկայի հայ համայնք առաջին այցը դրական անդրադարձավ աշխարհասփյուռ հայկական համայնքներին հզորացնելու գործում ՀԲԸՄ վաղեմի հանձնառության վրա։ Մեր շրջագայության ընթացքում ցուցաբերված խանդավառությունը, աշխուժությունը, հոգատարությունն ու տաղանդը պարզորոշ ցույց են տալիս, թե ինչի կարելի է հասնել, երբ լավ գաղափարները առաջ են մղվում պայծառ մտքի տեր և ապագայի հանդեպ ընդհանուր տեսլականով համակված մարդկանց կողմից։ Չեմ կարող յուրաքանչյուրին արժանի չափով շնորհակալությունս հայտնել մեզ ցուցաբերված ջերմության, հյուրընկալության և բարի կամեցողության համար։ Մենք կփայփայենք այդ ամենը, և ակնկալում ենք հետագա ներգրավվածություն, համագործակցություն և անձնական այնպիսի արդյունավետ շփում, ինչպիսին սա էր»։