Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Խոսքը ՀԲԸՄ 93-րդ Ընդհանուր ժողովին
Հայկական բարեգործական ընդհանուր միության Հոգաբարձուների խորհրդի մեծարգո ատենապետ տիար Վաչե Մանուկյան,
Մեծարգո պատվո նախագահ տիար Պերճ Սեդրակյան,
Հայկական բարեգործական ընդհանուր միության մեծարգո նախագահ տիար Սեմ Սիմոնյան,
Միության Հոգաբարձուների խորհրդի և Կենտրոնական վարչության սիրելի անդամներ և համաժողովի մասնակիցներ,
Գոհունակ սրտով եկել ենք մասնակցություն բերելու Հայկական բարեգործական ընդհանուր միության 93-րդ համաժողովին և Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելու ձեզ ամենքիդ։ Բարեպատեհ առիթն ունենք վերստին Մեր գնահատանքը արտահայտելու Բարեգործականի պատվարժան անդամներիդ հարյուրամյա այս հաստատության նշանակալի վաստակը ազգաշահ նոր ձեռքբերումներով պանծացնելու համար։
Բոլոր ժամանակներում, հատկապես մեր ժողովրդի համար ծանր և փոթորկալի իրավիճակներում, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, համաձայն Միության հիմնադիրների տեսիլքի, իր կարելիություններն ի սպաս է դրել ազգիս կարիքավոր զավակների հոգածության ու խնամքի համար։ Միությունը հայության ու հայրենյաց կյանքի անհրաժեշտություններից ելնելով հետագային առանձնակիորեն հետամուտ է եղել գիտական, կրթական, մշակութային, առողջապահական ոլորտների զարգացմանը, Սփյուռք-Հայաստան կապերի սերտացմանը և մեր ժողովրդի ինքնության պահպանմանը։
Միության առաքելությունը բազում արդյունքներով է զարդարվել տարբեր երկրներում գործող մասնաճյուղերի եռանդուն սպասավորության շնորհիվ։
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը մեծ ներդրում է բերել հայրենիքի առաջընթացին ինչպես խորհրդային տարիներին, այնպես և անկախ պետականության վերահաստատումից հետո, նաև գովարժան ծրագրեր իրականացրել հանուն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների շենացման ու զորացման։ Վերջին շրջանի աղետալի իրադարձությունների պայմաններում Միությունը կարևոր աջակցություն է ցուցաբերել Արցախից բռնի տեղահանված հայորդիներին։
Գնահատանքով ենք արձանագրում, որ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազում նախաձեռնություններ ևս իրականացվում են Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցության, նրա անդամների սիրահոժար հանձնառությունների շնորհիվ: Միության սատարումով Հայաստանում գործող Հայորդյաց տներում հազարավոր երեխաներ բացահայտում են իրենց ունակություններն ու շնորհները, կրթվում և դաստիարակվում ազգասեր ու հայրենանվեր ոգով։
Ազգանվեր այս հաստատության բարեհիշատակ նախագահների ոգով ու տեսլականով է քսաներկու տարիներ նախանձախնդրորեն գործել Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանը, ով այսուհետ պատվո նախագահի նոր հանգամանքով պիտի շարունակի իր ծառայությունը բերել Միությանն ու մեր ժողովրդին։ Երիտասարդ հասակից նա իր կարողություններն ու հմտությունները ծառայեցրել է Միության առաքելության արդյունավորմանը, այնուհետ իր հարուստ փորձառության ու վաստակի գնահատմամբ ընտրվել է Միության Կենտրոնական վարչության անդամ և ապա նախագահ։
Ժամանակի պահանջներին համահունչ նա, իր նախագահության շրջանում, ընդլայնել է հաստատության ծրագրերը՝ ընդգրկելով ազգային և հայրենական կյանքի նորանոր ոլորտներ։ Միության բարեհիշատակ նախագահների շրջանից ձևավորված ջերմ հարաբերությունները Հայ Եկեղեցու հետ առանձնակի կարևորությամբ առաջնային են նկատվել Տիար Պերճ Սեդրակյանի կողմից, ով ամեն կարելիությամբ, նաև Բարեգործականի աշխարհասփյուռ մասնաճյուղերի ներգրավմամբ զորակցել ու աջակցել է մեր Սուրբ Եկեղեցու առաքելությանը։ Նա մեծազնիվ և բարեպաշտ իր տիկնոջ՝ Վերայի հետ ազգի և Եկեղեցու նկատմամբ սերն ու նվիրումը դրսևորել է նաև մի շարք անձնական հանձնառություններով և բարեգործություններով, ստանձնել Հին վեհարանի վերաշինության հովանավորությունը, սրտաբուխ ընծայաբերում կատարել հանուն Մայր Տաճարի հիմնանորոգման։ Տիար Պերճ Սեդրակյանի տարիների վաստակը արդարորեն գնահատվել է մեր ժողովրդի և մեր Սուրբ Եկեղեցու կողմից շնորհված պատվո բարձր տիտղոսներով և շքանշաններով։ Սիրելի Պերճ և Վերա, Մեր օրհնությունն ու գնահատանքը ձեզ և ձեր հավատավոր ընտանիքին՝ տարիների անձնուրաց տքնաջան աշխատանքի, ազգանվիրումի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ սիրո և հավատարմության համար։
Հայրապետիս համար առանձնակի գոհունակություն է նաև մասնավոր բարձր գնահատանք բերել տիար Վաչե Մանուկյանին, ով տարիներ շարունակ իշխանական նվիրատվություններով զորավիգ է եղել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ծրագրերին և որպես Միության Հոգաբարձուների խորհրդի ատենապետ, շարունակում է հմուտ առաջնորդությամբ նպաստել Բարեգործականի առաքելության արգասավորմանը։ Մեծահարգ տիար Վաչե Մանուկյանը ազնվասիրտ իր տիկնոջ՝ Թամարի հետ ազգօգուտ ու եկեղեցաշահ բազում իրագործումներով բացառիկ վաստակ և դերակատարություն ունի մեր ժողովրդի կյանքում։
ՀԲԸՄ նախագահությունը ստանձնելու առիթով Մեր շնորհավորանքներն ու օրհնությունն ենք բերում մեծարգո տիար Սեմ Սիմոնյանին։ Նոր սերնդի կրթության և տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում Ձեր նշանակալի հաջողությունները փաստում են, որ Դուք նույնպիսի նախանձախնդրությամբ ու ձեր մեծ փորձառությամբ ղեկավարելով Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, հավատարիմ Բարեգործականի ավանդներին, նոր ձեռքբերումներով պիտի պայծառացնեք այս մեծանուն հաստատության դարավոր բարի համբավն ու հեղինակությունը։ Մաղթում ենք Ձեզ և մեծազնիվ Ձեր տիկնոջը՝ Սիլվային, Աստծո խնամքն ու օրհնությունները և ազգանվեր բեղուն գործունեության բազում տարիներ։
Հայրապետական մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում նաև ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի և Կենտրոնական վարչության բոլոր անդամներիդ։ Ձեզնից յուրաքանչյուրը իրեն յուրահատուկ տաղանդներով և անսակարկ նվիրումով, կենսական դերակատրություն է ունեցել և այսօր էլ ունի այս նվիրական հաստատության առաքելության գործում՝ դիմագրավելու համար ժամանակի մարտահրավերները։ Թող Ամենակալ Տերը շարունակի արդյունավորել ձեր առաքելությունը և պարգևի հաջողություններ ձեր հայրենաշեն և եկեղեցանվեր ձեր բոլոր նախաձեռնություններին։
Սիրելիներ, այսօր, ինչպես գիտեք, մեր ժողովուրդը կանգնած է անվտանգային ծանր մարտահրավերների առջև։ Նման կացության մեջ մտահոգիչ են ազգային կյանքում տիրող անհամերաշխությունն ու պառակտվածությունը, որոնք խոչընդոտ են հանդիսանում ի նպաստ հայրենիքի համազգային ներուժի համախմբման, Հայաստան-սփյուռք հարաբերությունների բնականոն զարգացման, առկա լրջագույն հիմնախնդիրների դիմագրավման և ազգային ինքնության պահպանման համար, առաջնահերթություններ, որ մշտապես եղել են Հայկական բարեգործական ընդհանուր միության գործունեության առանցքում։
Վստահ ենք, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը պիտի շարունակի ջանքեր գործադրել այս մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ՝ օգտակար ծառայություններ մատուցելով աշխարհասփյուռ մեր ժողովրդին ու հայրենիքին։
Վերստին Մեր օրհնությունը բերելով մեր ազգի և Սուրբ Եկեղեցու նվիրյալ զավակներիդ, մաղթում ենք, որ Բազումողորմ Աստված խաղաղության մեջ պահի աշխարհը և հայրենի մեր երկիրը, Իր Ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո անվրդով ու ապահով աշխարհասփյուռ ազգս հայոց՝ առաջնորդելով դեպի բարի իրագործումներ և ձեռքբերումներ։ Թող Բարձրյալ Տերը զորավիգ լինի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը իր պատվական առաքելության մեջ և պարգևի ամենքիդ ուժ ու կորով և նորանոր հաջողություններ ձեր ծառայության օրհնյալ ճանապարհին։
Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհները, սերը և ողորմությունը թող լինեն ձեզ հետ և ամենքի այսօր և միշտ. ամեն։