ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ), որը հայագիտության ոլորտում առաջատար առցանց կրթական հաստատություն է, նորարարական, հիբրիդ և առցանց ուսուցման միջոցով շարունակում է համագործակցությունը Արգենտինայի Ռոսարիոյի ազգային համալսարանի (ՌԱՀ) հետ։ Վերջինս Լատինական Ամերիկայի առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որը ՀՎՀ-ի հիբրիդ կրթական ծրագիրն ընդգրկեց իր ուսումնական ծրագրում:
2021 թ.-ին ՌԱՀ-ի հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի ժամանակակից լեզուների դպրոցի ներքո բացվեց հայոց լեզվի ամբիոնը: Դասընթացը ներառված է բակալավրիատի կրթական ծրագրերում, անվճար է և հասանելի բոլորին։
ՀՎՀ հիբրիդ կրթական ծրագիրը համատեղում է ավանդական և առցանց կրթությունը՝ ավանդական ուսուցման մեթոդները հարստացնելով արդի տեխնոլոգիաների վրա հիմնված մուլտիմեդիա նյութերով։ Դասընթացների շրջանակում կազմակերպվում են նաև սոցիալ-մշակութային հանդիպումներ հեռավար դասախոսների աջակցությամբ։ Ծրագիրն ընդգրկվել է աշխարհի ավելի քան 80 դպրոցների և համալսարանների ուսումնական պլանում և հասանելի է դասավանդման ութ լեզուներով։
Համագործակցության մեկնարկից ի վեր ՌԱՀ-ն ուսանողներ է ընդունել այնպիսի երկրներից, ինչպիսիք են՝ Բրազիլիան, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Իսպանիան, Մեքսիկան և Վենեսուելան, ինչպես նաև Արգենտինայի բազմաթիվ քաղաքներից և նահանգներից, այդ թվում՝ Բուենոս Այրեսից, Կորդովայից, Սանտա Կրուսից և այլն՝ խթանելով կապն ու միջմշակութային երկխոսությունը տարածաշրջանում։
«ՀԲԸՄ ՀՎՀ արևմտահայերենի՝ իսպաներենով դասավանդվող առցանց դասընթացի ներառումը զգալի ազդեցություն է ունեցել ուսման գործընթացի վրա։ Դասընթացը հատկապես օգտակար է օտարազգի ուսանողների համար։ Մուլտիմեդիա նյութերի շնորհիվ դասերն անցնում են ավելի հետաքրքիր և աշխույժ՝ ուսուցումն ավելի արդյունավետ դարձնելով», - նշում է ՌԱՀ-ի հայոց լեզվի ամբիոնի տնօրեն, պրոֆեսոր Սաբրինա Դեմիրճյանը։
ՀԲԸՄ ՀՎՀ համագործակցության և գործառնական ղեկավար Արփինե Թավաքալյանը նշում է, որ իրենք ոչ միայն շահագրգիռ են շարունակել համագործակցությունը՝ հիմնվելով արդյունքների վրա, այլ նաև խթանել հետագա հնարավորությունները: «Մենք մշտական կապի մեջ ենք ՌԱՀ-ի ներկայացուցիչների հետ և գիտենք, որ ՀԲԸՄ ՀՎՀ-ի թեմատիկ սոցիալական միջոցառումներն ու վիրտուալ շրջագայությունները սիրված են ուսանողների կողմից։ Հետևաբար, առաջիկա տարիներին նախատեսում ենք ավելի հաճախ կազմակերպել նման առցանց հանդիպումներ և ընդլայնել ակադեմիական ծրագրերը՝ ստեղծելով առավել արդյունավետ ուսումնական միջավայր», - եզրափակում է նա:
Հայկական վիրտուալ համալսարանը առաջատար առցանց կրթական հաստատություն է, որը հիմնադրվել է ՀԲԸՄ-ի կողմից 2009 թ.-ին և առաջարկում է հայոց լեզվի, պատմության, մշակույթի և մասնագիտական դասընթացներ էլեկտրոնային ուսուցմամբ սովորող ուսանողներին ամբողջ աշխարհում: Հիբրիդ և առցանց կրթական մեթոդների միջոցով ՀՎՀ-ն առաջ է մղում հայկական կրթությունը՝ աջակցելով ուսումնական հաստատություններին, համայնքներին և անհատ ուսանողներին՝ անկախ գտնվելու վայրից կամ ծագումից: