Միշտ դեպի վեր

Կանայք Հայաստանի ՏՏ ոլորտում


Տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) մեր կյանքի անբաժանելի մասն են դարձել, որի արդյունքում դժվար թե գտնվի գեթ մեկ ոլորտ, որն այս կամ այն կերպ չառնչվի թվայնացված աշխարհի հետ: Չնայած տարիներ շարունակ գերիշխել է այն կարծիքը, թե արագ զարգացող ՏՏ-ն գերազանցապես տղամարդկանց գործունեության ոլորտն է, սակայն վերջին տարիներին Հայաստանն իր օրինակով կոտրում է այս կարծրատիպը։

Ըստ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի՝ այսօր Հայաստանի ՏՏ ոլորտի աշխատակիցների 40%-ը կանայք են։ Տոկոսային այս հարաբերությունը զգալիորեն ավելի բարձր ցուցանիշ է՝ համեմատած մի շարք զարգացած երկրների, այդ թվում՝ ՏՏ ոլորտի առաջատար Միացյալ Նահանգների հետ:

Նկար
Աննա Ստեփանյանը, ով ՏՏ ոլորտում իր առաջին քայլերն արել է 2008 թվականին՝ սկսելով վարչական օգնականի հաստիքից, այժմ Synergy Armenia-ում զբաղեցնում է տնօրենի պաշտոնը:

Աննա Ստեփանյանը, ով ՏՏ ոլորտում իր առաջին քայլերն արել է 2008 թվականին՝ սկսելով վարչական օգնականի հաստիքից, այժմ Synergy Armenia-ում զբաղեցնում է տնօրենի պաշտոնը:
Caption
Աննա Ստեփանյանը, ով ՏՏ ոլորտում իր առաջին քայլերն արել է 2008 թվականին՝ սկսելով վարչական օգնականի հաստիքից, այժմ Synergy Armenia-ում զբաղեցնում է տնօրենի պաշտոնը:

Աննա Ստեփանյանը, ով ՏՏ ոլորտում իր առաջին քայլերն արել է 2008 թվականին՝ սկսելով վարչական օգնականի հաստիքից, այժմ Synergy Armenia ընկերությունում զբաղեցնում է տնօրենի պաշտոնը: «Ես միշտ սիրել եմ աշխատանքս: Հենց սկզբից մեծ հնարավորություններ և ներուժ էի տեսնում գիտելիքահեն ՏՏ ոլորտում ու օրեցօր ավելի ու ավելի էի համոզվում, որ մասնագիտական ապագաս ցանկանում եմ կերտել հենց այս միջավայրում», - ասում է Ստեփանյանը:

Այսօր Synergy International Systems-ի աշխատակիցների 56%-ը կանայք են: Ավելին, նրանցից 49.95%-ը կատարում են տեխնոլոգիական աշխատանք, իսկ   33%-ը՝ զբաղեցնում ղեկավար պաշտոններ: «Չգիտեմ, թե ով է հորինել այն կարծրատիպը, թե իբր ՏՏ ոլորտը տղամարդկանց աշխարհն է, սակայն Synergy-ն լավագույն օրինակն է: ՏՏ ոլորտում կանանց ներգրավումը հատկապես ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ մենք ռեսուրսների հետ կապված խնդիրներ ունենք։

Հայաստանում կանայք և տղամարդիկ կարող են հավասար հաջողությունների  հասնել: Ավելին, շատ դեպքերում կանայք նույնիսկ առավելություն ունեն, քանի որ ավելի ուշադիր են մանրուքների հանդեպ, ավելի համբերատար և ճշտապահ են: ՏՏ ոլորտին ավելի քան անհրաժեշտ են նման որակներ ունեցող մասնագետներ», - ասում է Synergy International Systems-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Աշոտ Հովանեսյանը:

Նկար
Synergy International Systems-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Աշոտ Հովանեսյանը:

Synergy International Systems-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Աշոտ Հովանեսյանը:
Caption
Synergy International Systems-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Աշոտ Հովանեսյանը:

Տեսագրությունների ստեղծման առցանց հարթակի՝ Renderforest կազմակերպության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Նարեկ Սաֆարյանը նշում է, որ կազմակերպությունը հիմնադրվել է 2013 թվականին և այսօր՝ տասը տարի անց, աշխատակիցների 60%-ը կանայք են: «Աշխատակիցների կին-տղամարդ հարաբերակցությունը բնական է ստացվել, քանի որ մենք կարողացել ենք գտնել ավելի շատ կին աշխատակիցների, ովքեր համապատասխանում են մեր չափորոշիչներին։ Որպես գործատու՝ ինձ համար առաջնահերթ են մասնագիտական որակները», - ասում է Սաֆարյանը: Նա կարծում է, որ վերջին տարիներին կանայք բավականին մեծ ներգրավվածություն ունեն Հայաստանի ՏՏ ոլորտում, քանի որ տղամարդկանցից ավելի մոտիվացված են նոր գիտելիքներ ձեռք բերելու, առաջխաղացում գրանցելու և հաջողության հասնելու համար:

Նախքան ՏՏ ոլորտի ասպարեզ մտնելը Renderforest-ի նախագծերի ղեկավար և պրոդուկտ մենեջեր Մարիամ Գրիգորյանն աշխատել է զբոսաշրջության և միջոցառումների կազմակերպման ոլորտներում: «Սկզբում մտավախություն ունեի, որ հաջողության չեմ հասնի ՏՏ ոլորտում: Ընտանիքս չէր հավատում իմ ուժերին: Այնուամենայնիվ, ես որոշեցի փորձել և երբեք չեմ զղջացել դրա համար», - ասում է Գրիգորյանը: Նա հավատացած է, որ չպետք է վախենալ կարծրատիպերից և չպետք է հետ կանգնել երազանքի իրականացման ճանապարհին: «Եթե վախենում եք, երբեք չեք իմանա՝ դրանից մի բան դուրս կգա՞, թե ոչ», - հավելում է նա:

Հայաստանում կանայք և տղամարդիկ կարող են հավասար հաջողությունների  հասնել: Ավելին, շատ դեպքերում կանայք նույնիսկ առավելություն ունեն, քանի որ ավելի ուշադիր են մանրուքների հանդեպ, ավելի համբերատար և ճշտապահ են: ՏՏ ոլորտին ավելի քան անհրաժեշտ են նման որակներ ունեցող մասնագետներ։

Նկար
Renderforest-ի նախագծի ղեկավար և պրոդուկտի մենեջեր Մարիամ Գրիգորյանը

Renderforest-ի նախագծի ղեկավար և պրոդուկտի մենեջեր Մարիամ Գրիգորյանը
Caption
Renderforest-ի նախագծի ղեկավար և պրոդուկտի մենեջեր Մարիամ Գրիգորյանը

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում գտնվող Resal Soft բիզնեսի ավտոմատացման ընկերության աշխատակիցների մոտավորապես 30%-ը կանայք են: Վարսիկ Մանուկյանը վերջերս աշխատանքի ընդունված աշխատակիցներից է՝ ընկերության տնօրենի ֆինանսական հարցերով օգնականը: «Ֆինանսական հատվածում մոտավորապես տասը տարի աշխատելուց հետո ես որոշեցի մի նոր բան սովորել: Ծրագրավորման դասընթացներ ավարտելուց հետո դիմեցի ՏՏ ընկերություններ աշխատանքի անցնելու համար: Ի վերջո, առաջարկ ստացա Resal Soft-ից: Ես իսկապես մեծ բավականություն եմ ստանում աշխատանքիցս, քանի որ ֆինանսների և ծրագրավորման երկու ճյուղերն այստեղ փոխկապակցված են: Ես ինձ իմ ափսեում եմ զգում», - ասում է Մանուկյանը՝ հավելելով, որ միշտ պետք է ունենալ ձգտումներ և նպատակներ ու ամեն բան անել դրանց հասնելու համար:  

Resal Soft-ի հիմնադիր տնօրեն Արտակ Գևորգյանը մի քանի պատճառ է նշում ՏՏ ոլորտում կանանց ներգրավվածության աճի վերաբերյալ: «Ջանասիրությունը և արագ հարմարվելու ունակությունն ավելի նկատելի են կանանց շրջանում: Ավելին, կանայք ավելի նախաձեռնող են և նպատակասլաց», - ասում է Գևորգյանը, ով վստահ է, որ ՏՏ ոլորտում աշխատող կանանց թիվը կաճի ոլորտի զարգացմանը զուգընթաց: 

Կառավարության ծրագրերը լրացուցիչ խթան են՝ մեծացնելու Հայաստանի ՏՏ ոլորտում ներգրավված կանանց թիվը: 2002 թվականին Համաշխարհային բանկի Ձեռնարկությունների ինկուբատոր նախագծի շրջանակում Հայաստանում հիմնադրվեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF)՝ դառնալով տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և ՏՏ ու բարձր տեխնոլոգիաների զարգացման գործակալություններից մեկը: Հիմնադրման առաջին իսկ օրից EIF-ն Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման մեջ ակտիվ ներգրավվածություն է ունեցել: 

EIF-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը վերհիշում է, որ տարիներ առաջ ոլորտում հետազոտություն իրականացնելիս ակնհայտ դարձավ, որ կան որոշ ուղղություններ, մասնավորապես՝ ծրագրի կառավարման, թեստավորման և այլ հատվածներում, որտեղ կանայք տղամարդկանց նկատմամբ մրցակցային առավելություն ունեն: «Կանայք լուրջ առավելություն ունեն միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու առումով. նրանք ավելի համառ և վճռական են: Հաշվի առնելով այս որակները՝ EIF-ը սկսեց թիրախավորված ծրագրեր իրականացնել՝ ՏՏ ոլորտում կանանց կրթելու և աշխատանքով ապահովելու ուղղությամբ: Մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ այսօր ՏՏ ոլորտում կանայք կազմում են մոտավորապես 37-40%: Սա իսկապես լավ ցուցանիշ է համեմատած այլ երկրների հետ, որտեղ կանանց ներգրավվածությունը մոտ 20-25% է: Այս առումով Հայաստանն առաջատարների թվում է»,- ասում է Ենգիբարյանը:

Նկար
ՏՏ երկու կին աշխատակից Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում:

ՏՏ երկու կին աշխատակից Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում:
Caption
ՏՏ երկու կին աշխատակից Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում:

EIF-ը, Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ, 2014 թվականին Գյումրիում, իսկ 2016 թվականին Վանաձորում հիմնադրեց տեխնոլոգիական կենտրոններ: Կենտրոնները կարևոր դեր ունեցան մարզերում ապրող կանանց ՏՏ ոլորտում ներգրավելու գործում: «Նախկինում շատ կանայք՝ հատկապես մարզերում բնակվող,  ծրագրավորմանը վերաբերում էին որպես տղամարդկանց հատուկ գործունեության ոլորտի, ուստի չէին էլ փորձում իրենց ուժերն այդ ոլորտում: Սակայն հիմա պատկերն այլ է: Այստեղ կարևոր գործոններից մեկն այն է, որ հաջողության հասած կանայք կիսվում են իրենց պատմություններով՝ այդպիսով ոգեշընչելով նաև ուրիշներին», - ասում է Ենգիբարյանը՝ ավելացնելով, որ բարձր աշխատավարձերը ոլորտն էլ ավելի գրավիչ են դարձրել:

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհըրդական Վիկտորյա Այդինյանը նշում է, որ նոր սերունդն ազատ է մտածում և չի ենթարկվում կարծրատիպերին: «Այսօր, եթե այցելեք STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) ֆակուլտետներ, կտեսնեք, որ կանայք թվով գերակշռում են: Կարծում եմ՝ առանցքային խնդիրը ներկա պահին երիտասարդ կանանց աջակցություն ցուցաբերելն է, որպեսզի կարողանան համատեղել աշխատանքը, ընտանիքն ու ծնողավարությունը։ Մեր նախարարության հիմնական առաջնահերթություններից է վերացնել միջավայրի այն խնդիրները, որոնք թույլ չեն տալիս կանանց զբաղեցնել իրենց արժանի տեղն աշխատաշուկայում»,- ասում է Այդինյանը: Նախարարությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ, մեկնարկել է Կանանց տնտեսական ներուժի հզորացման ազգային հարթակ ծրագիրը: «Մենք առանձնացնելու ենք մի շարք ոլորտներ, այդ թվում՝ ՏՏ-ն, որտեղ կաջակցենք կանանց մասնագիտանալ համապատասխան ոլորտներում, ապա կօգնենք նաև գտնել աշխատանք»,- ասում է Այդինյանը: 

Նկար
Synergy International Systems-ի պրոդուկտի ղեկավար Գրիգորի Աղայանցը: Աղայանցը դասավանդել է նաև ՀԲԸՄ Կին ծրագրավորողներ ծրագրի շրջանակում:

Synergy International Systems-ի պրոդուկտի ղեկավար Գրիգորի Աղայանցը: Աղայանցը դասավանդել է նաև ՀԲԸՄ Կին ծրագրավորողներ ծրագրի շրջանակում:
Caption
Synergy International Systems-ի պրոդուկտի ղեկավար Գրիգորի Աղայանցը: Աղայանցը դասավանդել է նաև ՀԲԸՄ Կին ծրագրավորողներ ծրագրի շրջանակում:

2020 թվականի նոյեմբերին մեկնարկած ՀԲԸՄ Կին ծրագրավորողներ ծրագիրը եզակի հնարավորություն է տվել շատ կանանց զարգացնել իրենց աշխատանքային հմտությունները և ձեռք բերել մասնագիտական որակավորում: Ծրագրի մասնակիցների 70%-ն այժմ աշխատում է ՏՏ ընկերություններում:

ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը նշում է, որ Կին ծրագրավորողներ ծրագիրը պետականաշինությանն ուղղված ավելի ծավալուն ծրագրի՝ ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնության մի մասն է։ Ծրագրին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել թե՛ գյուղական, թե՛ քաղաքային համայնքների կանայք, ովքեր ձգտում են ֆինանսական անկախություն ձեռք բերել կարիերա ստեղծելու միջոցով: «Հայաստանի բնակչության կեսից ավելին կանայք են, և մեր նպատակն է օգնել նրանց ինտեգրվել Հայաստանի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքներ։ Այս առումով, ՏՏ-ն փոփոխություններ բերելու առանցքային ոլորտներից մեկն է», - ասում է Յակուբյանը:

Կին ծրագրավորողներ ծրագրի շրջանակում մասնակիցների հետ դասընթացներ են անցկացվում NodeJS, PHP, որակի ապահովման, պրոդուկտի կառավարման, UI/UX դիզայնի և այլ թեմաներով, որոնց տևողությունը երեքից յոթ ամիս է: Ծրագիրն առաջարկում է նաև առցանց դասընթացներ աշխատավայրում հիմնարար գիտելիքներին տիրապետելու վերաբերյալ, որոնց ընթացքում դասավանդվում են էլ. նամակագրության և պրեզենտացիաների հմտություններ, ֆինանսական գրագիտություն, քննադատական մտածողություն, բիզնես էթիկա և այլն: Դասընթացները վարում են մասնագետներ և՛ Հայաստանի, և՛ սփյուռքի ՏՏ ընկերություններից: Այսօր 130 կին  ուսանում է ՀԲԸՄ Կին ծրագրավորողներ ծրագրի շրջանակում:

Synergy International Systems-ի պրոդուկտի ղեկավար Գրիգորի Աղայանցը, ով Կին ծրագրավորողներ ծրագրի շրջանակում պրոդուկտի կառավարում էր դասավանդում, հաստատում է, որ ՀԲԸՄ-ի հետ աշխատելը եզակի փորձառություն էր: «ՀԲԸՄ-ի հետ աշխատելիս հասկացա, որ նրանք շատ լուրջ մոտեցում ունեն: Ուրախալի է, որ մասնակիցներից շատերն արդեն աշխատանքի են ընդունվել ՏՏ ընկերություններում: Նրանք կիսվում են իրենց հաջողության պատմություններով՝ մոտիվացնելով այլ կանանց, որպեսզի առաջ շարժվեն և չվախենան մուտք գործել ՏՏ-ի աշխարհ», - ասում է Աղայանցը:

Հոդվածն ի սկզբանե հրատարակվել է AGBU Magazine-ի September 2022 համարում։ end character

AGBU Magazine-ի մասին

AGBU Magazine-ը ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրներից է, որտեղ ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ AGBU Magazine-ի անգլիալեզու տարբերակը 70,000 օրինակով հրատարակվում է Նյու Յորքում և տարածվում 28 երկրում։ Ամսագրի հայերեն տարբերակը թարգմանվում և տպագրվում է Հայաստանում՝ 10,000 օրինակով։