Երբ կա հեռու մի անկյուն

Թուրքիայի վերջին հայկական գյուղը կանգուն է մուսալեռցիների անկոտրում ոգու շնորհիվ


Հայրենիքի և ապրելու իրավունքի համար մուսալեռցիների անկոտրում պայքարը մեկ անգամ չէ, որ ոգեշնչել է օտարազգի ակտիվիստներին և գրողներին, այդ թվում՝ գրական հանճար Անատոլ Ֆրանսին, որն ասել է. «Մի ազգ, որը չի ուզում մեռնել, չի մեռնում»: Հենց այս տողով է սկսվում Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի հայերեն թարգմանության առաջաբանը։ Համաշխարհային բեսթսելլերը լույս սփռեց թուրքական վայրագությունների ու հայկական տոկունության վրա դեռ 1933 թվականին։ Նույնիսկ կարծիքներ կան, որ գիրքը ոգեշնչել է հրեաներին դիմադրություններ կազմակերպել գետտոներում Հոլոքոսթի ժամանակ։

Նկար
A welcome note upon entering Vakif village.

A welcome note upon entering Vakif village.
Caption
Վաքըֆ գյուղի մուտքը՝ ողջույնի գրությամբ։

Պատմությունից մեզ հայտնի է, որ 1915 թվականի հուլիսին, երբ մուսալեռցիները տեղեկացան Օսմանյան կայսրության «Վերաբնակեցման» օրենքի մասին, հայկական վեց գյուղերից թվով մոտ 4200 բնակիչ որոշեց չենթարկվել անարդարությանն ու, վերցնելով ունեցվածքը, առաջին անհրաժեշտության իրերն ու անասուններին, նահանջեց դեպի Մուսա լեռ։ Հիսուներեք օր անց նրանց փրկեց ֆրանսիական Guichen ռազմանավը և Միջերկրական ծովով տեղափոխեց Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաք։ Չորս տարի անց՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, մեծամասնությունը Եգիպտոսի ճամբարներից իրենց գյուղեր վերադարձան հաղթական՝ ի հեճուկս անմարդկային փորձությունների:

Նկար
Surp Asdvadzadzin Armenian Church of Vakif village.

Surp Asdvadzadzin Armenian Church of Vakif village.
Caption
Վաքըֆ գյուղի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին։

Այս պատմությունը բազմիցս է զուգադրվել հայի կերպարի ու ինքնության հետ։ Սակայն այն պակաս կարևոր չէ նաև թուրքական կողմի համար, եթե հաշվի առնենք, թե տասնամյակներ շարունակ լոբբիստներն ու ճնշման խմբերը որքան մեծ ջանքեր են գործադրել՝ կանխելու Վերֆելի գիրքը ֆիլմի վերածելու ցանկացած փորձ՝ նույնիսկ ստիպելով ամերիկացի դերասան և կինոռեժիսոր Սիլվեստր Ստալոնեին հրաժարվել «իր երազանքների նախագծից»։

Թեև թուրքական կողմը փորձում է լռեցնել ու մոռացության մատնել այս պատմական իրադարձությունը, այն այսօր էլ դեռ շարունակում է հնչել հենց մուսալեռցիների հետնորդների շուրթերից։ Իսկ ավելի հատկանշական է այն, որ 135 մուսալեռցի Ստամբուլի հայկական համայնքից շատ հեռու դեռ շարունակում է ապրել ու արարել Վաքըֆ գյուղում (Մուսա լեռան վեց հայկական գյուղերից մեկը, ներկայիս Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի սահմանի մոտ) և վառ պահել մուսալեռցիների ավանդույթներն ու յուրահատուկ բարբառը հենց հայրենի հողում։

Հարևան քաղաքների բնակիչները հարցնում էին, թե Հայաստանի՞ց ենք, ե՞րբ ենք եկել, որքա՞ն ժամանակ է, որ գյուղը կա: Ոմանք նույնիսկ հարցնում էին՝«Ի՞նչ է հայը»: Բացատրում էինք, որ մենք այս հինավուրց հողերի բնիկ ժողովուրդն ենք և այստեղ ապրել ենք նրանց գալուց շատ ավելի առաջ

Այսօր էլ նրանց խոհանոցում հատուկ տեղ է զբաղեցնում հարիսան (մուսալեռան բարբառով՝ հիրիսի), որն, ինչպես նրանք են ասում, լեռ նահանջած օրերին իրենց նախնիների միակ ուտելիքն է եղել ու փրկել նրանց։ Մուսալեռցիներն այն պատրաստում են ցորենով և գառան մսով, իսկ Խաղողօրհնեքի ժամանակ դրա պատրաստումը վերածում են մեծ տոնախմբության։ Նախորդ գիշերը՝ երգուպարից հետո, գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տղամարդիկ կրակ են վառում ու յոթ կաթսաների մեջ լցնում ցորենն ու միսը և եփում ողջ գիշեր։ Հաջորդ օրը՝ Խաղողօրհնեքից հետո, օրհնվում է նաև հարիսան ու հյուրասիրվում գյուղացիներին և Ստամբուլից ու այլ վայրերից ժամանած հյուրերին։

Մեկ այլ ավանդույթ, որ մուսալեռցիներին է փոխանցվել Պորտ Սաիդի օրերից, ժանյակագործությունն է։ Եգիպտոսի ճամբարում հայ փախստականների համար Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) բացում է «Սիսվան» դպրոցը, որն, ի թիվս այլ արհեստների, կին փախստականներին սովորեցնում է ժանյակագործություն։ Այսօր էլ վաքըֆցի կանայք դեռ շարունակում են գործել՝ պարտադիր նշելով, որ այն իրենց փոխանցվել է հերոսուհի տատերից։

Նկար
The Armenian Patriarch of Istanbul, Sahak II Mashalian blessing the grapes at the Surp Asdvadzadzin Church.

The Armenian Patriarch of Istanbul, Sahak II Mashalian blessing the grapes at the Surp Asdvadzadzin Church.
Caption
Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Բ Մաշալյանը Սուրբ Աստվածածին եկեղեցում Խաղողօրհնեքի արարողության ժամանակ:
Նկար
Vakif residents and guests help themselves to the blessed grapes after the ceremony.

Vakif residents and guests help themselves to the blessed grapes after the ceremony.
Caption
Վաքըֆի բնակիչները և զբոսաշրջիկները արարողությունից հետո վերցնում են օրհնված խաղողը:

Պատմական զարգացումների հետևանք է նաև բնակչության թվի նվազումը՝ պայմանավորված սոցիալական ու քաղաքական պատճառներով։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո ներկայիս Հաթայ նահանգը, որտեղ գտնվում է Վաքըֆ գյուղը, մինչև 1938 թվականը գտնվում էր ֆրանսիական կառավարման ներքո: Հենց այս հանգամանքը նպաստեց, որ հայերի մեծամասնությունը Եգիպտոսից վերադառնան իրենց գյուղեր։ 1938-1939 թվականներին, սակայն, Հաթայը հռչակվեց անկախ հանրապետություն, իսկ մեկ տարի անց միացավ Թուրքիայի Հանրապետությանը։ Սա պատճառ հանդիսացավ, որ փոխվի ժողովրդագրական պատկերը, քանի որ հայերը, կանգնելով գյուղերը լքելու կամ Թուրքիայի իշխանության ներքո ապրելու երկընտրանքի առջև, ցեղասպանության չսպիացած վերքերը սրտում, նախընտրեցին գաղթել Սիրիա։ Միայն 70 հայ ընտանիք՝ մեծ մասը Վաքըֆ գյուղից, որոշեց ռիսկի դիմել և շարունակել ապրել հայրենի հողում։ «Արդյոք ճիշտ արեցինք, թե սխալ՝ դուք դատեք»,- ասում է Միսաք Հերգելյանը (Հերգել)՝ Վաքըֆ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի քարտուղարը, և շարունակում է պատմել, որ սկզբում հայ բնակչության թիվն ավելացել է, սակայն 1960-ականների սկզբին՝ նվազել։

«Պատճառներից մեկը պետական հրահանգով Թուրքիայի Հանրապետության տարածքում հայկական դպրոցների փակվելն էր։ Բաց մնացին միայն Ստամբուլի դպրոցները, և նրանք, ովքեր ցանկանում էին, որ իրենց երեխաները հայերեն սովորեն, ստիպված նրանց ուղարկում էին Ստամբուլի հայկական գիշերօթիկ դպրոցներ։ Երեխաների գնալուն պես ծնողներն էլ էին տեղափոխվում Ստամբուլ։ Այդ տարիներին մեկ այլ հնարավորություն էր արտագնա աշխատանքով Գերմանիա տեղափոխվելը. որոշ ընտանիքներ էլ այդ ուղին բռնեցին։ 1960-ականներին մոտ 300 տուն կար։ 1980-ականներին թիվը իջավ գրեթե 100-ի»,- նշում է Հերգելյանը։

1990-ականների վերջին գյուղը սկսեց վերածնունդ ապրել։ Սակայն բազմաթիվ ձեռքբերումներն ավերվեցին ու վնասվեցին երեք տասնամյակ անց՝ 2023 թվականի Հաթայի ավերիչ երկրաշարժի ժամանակ։ Ճակատագրի հեգնանքով, վերջերս կառուցված «Մուսա լեռ» ռեստորանը Վաքըֆի բնակիչների մեծ մասի համար ապաստան դարձավ այդ օրերին՝ իր տանիքի տակ առնելով շուրջ 50-60 բնակչի։

Այսօր բավական է մեկ անգամ այցելել Վաքըֆ՝ հասկանալու, որ գյուղացիների հոգում դեռ ապրում է մուսալեռցիներին հատուկ դիմակայունությունն ու համառությունը, որը նաև ապագայի հանդեպ հույսը չկորցնելու շարժիչ ուժն է: Նույնիսկ ամենածայրահեղ իրավիճակների մասին մտածելիս նրանց պատասխանը հետևյալն է. «Դուք գիտեք մեր գյուղի պատմությունը. մենք հեշտ չենք հանձնվի»:

Երկրորդ վերածնունդ

1990-ականներին լուսահոգի Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը (Մեսրոպ Երկրորդ, Պոլսո Հայոց պատրիարք, 1998-2019 թթ.) Վաքըֆ գյուղի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու վերանորոգման թույլտվություն ստանալու համար դիմեց թուրքական իշխանություններին։ Վերանորոգման աշխատանքներն սկսվեցին 1996 թ.-ին և ավարտվեցին 1997 թ.-ին: Հենց այդ ժամանակ էր, որ գյուղը հայտարարվեց որպես Թուրքիայի վերջին հայկական գյուղ, որն, ըստ Հերգելյանի, մեդիա սենսացիա դարձավ և մեծ հետաքրքրություն առաջացրեց գյուղի նկատմամբ։

Նկար
Vakif people place seven casseroles of wheat and lamb on the fire to cook all night. The next day, they feast on it after the Blessing of the Grapes ceremony.

Vakif people place seven casseroles of wheat and lamb on the fire to cook all night. The next day, they feast on it after the Blessing of the Grapes ceremony.
Caption
Վաքըֆցիները յոթ կաթսայի մեջ ողջ գիշեր եփում են ցորենով և գառան մսով հարիսան։ Հաջորդ օրը օրհնված հարիսան հյուրասիրում են բնակիչներին և զբոսաշրջիկներին։
Նկար
Vakif people place seven casseroles of wheat and lamb on the fire to cook all night. The next day, they feast on it after the Blessing of the Grapes ceremony.

Vakif people place seven casseroles of wheat and lamb on the fire to cook all night. The next day, they feast on it after the Blessing of the Grapes ceremony.
Caption
Վաքըֆցիները յոթ կաթսայի մեջ ողջ գիշեր եփում են ցորենով և գառան մսով հարիսան։ Հաջորդ օրը օրհնված հարիսան հյուրասիրում են բնակիչներին և զբոսաշրջիկներին։

Այդ տարիներին Ստամբուլում ստեղծվեց նաև «Վաքըֆ գյուղի հայրենակցական միություն»-ը, որպեսզի Ստամբուլ տեղափոխված երիտասարդները կապ պահպանեն միմյանց հետ։ Միությունը նաև սկսեց համակարգել դեպի Վաքըֆ զբոսաշրջիկների այցերը, օրինակ՝ Խաղողօրհնեքի օրերին։

Նկար
Villagers serve well-cooked and blessed harissa to the guests.

Villagers serve well-cooked and blessed harissa to the guests.
Caption
Գյուղացիները հարիսա հյուրասիրելիս:

Արդեն տասնամյակներ է, ինչ եկեղեցական այս տոնը միավորում է ոչ միայն Վաքըֆի և Ստամբուլի հայերին, այլև աշխարհի տարբեր անկյուններից և վերջերս նաև Հայաստանից գյուղ ժամանող մուսալեռցիներին։

Զբոսաշրջիկների թվի աճին զուգահեռ ի հայտ եկան նաև նոր գաղափարներ։ Եկեղեցու հիմնադրամի խորհրդի նախագահ Ջեմ Չափարը և նրա կինը՝ արվեստաբան և «Ակոս» թերթի նախկին թղթակից Լորա Չափարը, հիշում են, որ շատ այլազգիներ հետաքրքրությունից դրդված այցելում էին գյուղ, բայց ընդհանրապես չգիտեին, թե հայերն ովքեր են։ «Հարևան քաղաքների բնակիչները հարցնում էին, թե Հայաստանի՞ց ենք, ե՞րբ ենք եկել, որքա՞ն ժամանակ է, որ գյուղը կա: Ոմանք նույնիսկ հարցնում էին՝ «Ի՞նչ է հայը»: Բացատրում էինք, որ մենք այս հինավուրց հողերի բնիկ ժողովուրդն ենք և այստեղ ապրել ենք նրանց գալուց շատ ավելի առաջ։ Հասկացանք, որ մարդկանց գյուղի պատմությունը ներկայացնելու անհրաժեշտություն կա»,- ասում է Ջեմը։

Չես կարող ակնկալել, որ երիտասարդները հրաժարվեն հնարավորություններից և մնան գյուղում, բայց կարող ես այնպիսի սեր սերմանել գյուղի հանդեպ, որ հետո որոշեն իրենց ծերությունն այստեղ անցկացնել

Նկար








A framed lace gifted to a newly married couple, denoting the marriage date.

Caption
Շրջանակի մեջ դրված ժանյակ՝ ամուսնության տարեթվով։ Այն նվիրել են գյուղի նորապսակներից մեկին։

Այս տարիներին զարգացավ նաև գյուղատնտեսությունը։ 2004 թվականին գյուղացիներն սկսեցին մշակել օրգանական ցիտրուսներ՝ հիմնականում կիտրոն և նարինջ, և դրանցից պատրաստել մթերքներ՝ չրեր և մուրաբաներ։ Այս գործունեությունը շուտով նրանց մեծ ճանաչում բերեց տարածաշրջանում հատկապես, երբ գյուղը կառավարության կողմից մրցանակի արժանացավ՝ օրգանական մթերքի արտահանման շնորհիվ երկրին մեկ միլիոն եվրոյի եկամուտ բերելու համար: Սակայն ծախսատարության պատճառով գյուղն ի վերջո հրաժարվեց օրգանական արտադրությունից և վերսկսեց ավանդական գյուղատնտեսությունը: Միևնույն է նրանց արտադրանքը վայելում է գերազանց որակի համբավ, և հարևան քաղաքների ու գյուղերի բնակիչները դրանք գնում են առցանց կամ գյուղ գալու ժամանակ:

Լորայի գլխավորությամբ 2018 թ.-ին բացվեց «Մուսալեռան թանգարան»-ը՝ ընդամենը մեկ նմուշով՝ տիպիկ մուսալեռան նշանադրության զգեստով։ Վաքըֆցիները սկզբում թերահավատորեն էին մոտենում գաղափարին և մեծ ջանքեր չէին ներդնում՝ օգնելու բացել թանգարանը։ Սակայն նշանադրության զգեստը տեսնելուց հետո ոգևորվեցին ու աստիճանաբար սկսեցին հին ընտանեկան մասունքներ ու իրեր նվիրաբերել թանգարանին։ Լորան նշում է, որ հավաքածուն արդեն այնքան մեծ է, որ այդ բոլորը ցուցադրելու համար նոր՝ ավելի մեծ տարածք է անհրաժեշտ։

Այնուհետև, զույգը սկսեց փաստագրել նաև գյուղացիների կյանքն ու ընտանեկան պատմությունները՝ որպես գալիք սերունդների համար բանավոր պատմության արխիվ։ «Հասկացանք, որ մենք մեր գալիք սերունդների պատմությունն ենք։ Տարեցները մահանում են՝ իրենց հետ տանելով բազմաթիվ պատմություններ, և մենք դրանք սերունդներին փոխանցելու պատասխանատվություն ենք զգում: Սկսեցինք տուն առ տուն տեսագրել բնակիչներին և այն վերածեցինք ծավալուն տեսաարխիվի»,- ասում է Ջեմը։

Թանգարանի հետ մեկտեղ ամուսինները այցելուների համար գյուղում բացեցին նաև հյուրատուն, իսկ գյուղի սակավաթիվ, բայց եռանդուն երիտասարդների համար՝ երիտասարդական կենտրոն։ Կանանց նախաձեռնությունները պաշտոնապես ներկայացվեցին «Կանանց կոոպերատիվ»-ի հովանու ներքո, որտեղ նրանք այժմ վաճառում են իրենց արտադրանքը՝ տնական պահածոներից և ձեռագործ զարդերից մինչև ժանյակագործ իրեր: Այս վերածննդի արդյունքում 2019 թվականին գյուղը Թուրքիայի կառավարության կողմից ճանաչվեց որպես Թուրքիայի լավագույն գյուղ։

Նկար
Lacemaking, a tradition carried from the Port Said days, still prevails in the village.

Lacemaking, a tradition carried from the Port Said days, still prevails in the village.
Caption
Գյուղի կանայք դեռ զբաղվում են ժանյակագործությամբ. ավանդույթ, որ իրենց է հասել Պորտ Սաիդի օրերից։
Նկար
The newly opened Armenian-owned Musa Dagh restaurant in the village, belonging to the Manca family, sheltered residents during the 2023 Hatay earthquake.

The newly opened Armenian-owned Musa Dagh restaurant in the village, belonging to the Manca family, sheltered residents during the 2023 Hatay earthquake.
Caption
Գյուղի նորաբաց «Մուսա լեռ» ռեստորանը, որը պատկանում է Մանջա ընտանիքին, 2023 թվականի Հաթայի երկրաշարժի ժամանակ բնակիչների համար ծառայեց որպես ապաստարան:

Հայացք դեպի ապագան

Այսօր գյուղն աստիճանաբար հաղթահարում է 2023 թվականի Հաթայի երկրաշարժի ավերիչ հետևանքները՝ չնայած հասցված զգալի վնասին թե՛ ժողովրդագրական և թե՛ տնտեսական առումներով։ Մեծ թվով տներ հողին հավասարվեցին, մի մասը վնասվեց, և արդյունքում մեծապես տուժեց գյուղի եզակի ճարտարապետական դիմագիծը։ Բնակիչների մի մասը դեռ ապրում է թիթեղյա շարժական կացարաններում (դոմիկներում)։

Այդուհանդերձ, ինչպես պետք էր ակնկալել, Վաքըֆը կրկին ոտքի է կանգնում։ 2024 թվականին՝ 18-ամսյա վերանորոգման աշխատանքներից հետո, Սուրբ Աստվածածին եկեղեցին վերաբացվեց հենց Խաղողօրհնեքի արարողության ժամանակ և օծվեց Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Բ Մաշալյանի կողմից։

«Չնայած բոլոր անհաջողություններին՝ կապված COVID-ի, տնտեսական ճգնաժամի և երկրաշարժի հետ՝ նորից ոտքի կանգնեցինք և բազմաթիվ հյուրերի հետ տոնեցինք ևս մեկ Խաղողօրհնեք։ Սա լավ և խոստումնալից նշան է»,- ասում է Ջեմը։

Նկար
A display at the Musadagh Museum.

A display at the Musadagh Museum.
Caption
Ցուցադրություն «Մուսալեռան թանգարան»-ում:

Ուրբանիզացիայի պատճառով գյուղը բախվում է մի շարք համընդհանուր խնդիրների, սակայն դրանց զուգահեռ կա ևս մեկը. պահպանել տեղի հայկականությունը։ Այնուամենայնիվ, Ջեմը նախընտրում է ընդգծել դրականը. «Ես գյուղը լավ գիտեմ։ Վերջին 20-25 տարիների ընթացքում մենք ունեցել ենք և՛ մահեր, և՛ ծնունդներ, սակայն բնակչության թիվը կայուն է՝ 135 մարդ։ Բացի այդ, որոշ երիտասարդներ ընդունվում են բուհեր, հետո վերադառնում են գյուղ։ Ես այդպես արեցի 15 տարի առաջ: Այժմ, բացի գյուղի եկեղեցու հիմնադրամում աշխատելուց, անասնաբուժական կլինիկա ունեմ: Եվս երկու շրջանավարտներ այս տարի վերադարձան գյուղ և աշխատանքի անցան Հաթայում»։

Հերգելյանը ևս դրական տեսլական ունի՝ կապված ավագ սերնդի հետ։ Նա թոշակի անցնելուց հետո 2013 թվականին տիկնոջ՝ Արմենուհու հետ վերադարձավ գյուղ՝ չնայած նրան, որ երկու որդիները ապրում և աշխատում էին Ստամբուլում։ «Չես կարող ակնկալել, որ երիտասարդները հրաժարվեն հնարավորություններից և մնան գյուղում, բայց կարող ես այնպիսի սեր սերմանել գյուղի հանդեպ, որ հետո որոշեն իրենց ծերությունն այստեղ անցկացնել»:

Նկար
Lora Çapar, the director of Musadagh Museum.

Lora Çapar, the director of Musadagh Museum.
Caption
«Մուսալեռան թանգարան»-ի տնօրեն Լորա Չափարը։

Չնայած գյուղացիները թերահավատությամբ են լցված իրենց հայրենի հողերի ապագայի նկատմամբ, Լորան ոգեշնչվում է այն երիտասարդներով, որոնք տոնակատարությունների կամ ամառային արձակուրդների ժամանակ բաց չեն թողնում գյուղ այցելելու հնարավորությունը։ Ըստ նրա՝ հետագա ժողովրդագրական անկումը կանխելու միակ միջոցը գյուղացիներին կայուն եկամտով ապահովելն է։ «Իսկ եթե թանգարանը համագործակցի համալսարանների և ակադեմիական հաստատությունների հետ, այդ ժամանակ գյուղ կգան նաև հետազոտողներ ու գիտաշխատողներ՝ գյուղում դաշտային ուսումնասիրություններ իրականացնելու համար»,- եզրափակում է նա:

Ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ այս յուրօրինակ, բնիկ համայնքը յուրահատուկ սիրով է կապված իր հայրենի հողին ու պատրաստ է ամեն գնով գալիք սերունդներին փոխանցել մուսալեռցիների ժառանգությունը։

Նկար
During the 2023 Hatay earthquake many houses were reduced to rubble.

During the 2023 Hatay earthquake many houses were reduced to rubble.
Caption
2023 թ.-ի Հաթայի երկրաշարժի ժամանակ մի շարք տներ հողին հավասարվեցին, մի քանիսն էլ մեծապես վնասվեցին։

Հոդվածն ի սկզբանե հրատարակվել է AGBU Magazine-ի 2025 թ.-ի ապրիլյան համարում։ end character

AGBU Magazine-ի մասին

AGBU Magazine-ը ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրներից է, որտեղ ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ AGBU Magazine-ի անգլիալեզու տարբերակը 70,000 օրինակով հրատարակվում է Նյու Յորքում և տարածվում 28 երկրում։ Ամսագրի հայերեն տարբերակը թարգմանվում և տպագրվում է Հայաստանում՝ 10,000 օրինակով։