Սասնա ծռեր էպոսն այնքան խորն է արմատացած հայի ինքնության մեջ, որ այն երբեմն ընկալվում է որպես պատմական իրադարձություն՝ գեղարվեստական ստեղծագործության փոխարեն։ Լեռներից ծնունդ առած ու հասարակ ժողովրդի շուրթերով սերնդեսերունդ փոխանցված այս գրական գանձն իր մեջ ամփոփում է հայի դարավոր երազանքները, արժեքներն ու պայքարը:
Ի տարբերություն այլ դասական էպոսների, ինչպես Հոմերոսի «Իլիական»-ն ու «Ոդիսական»-ը, հայկական էպոսի գլխավոր թեման սերն ու դավաճանությունը չեն, այլ պայքարը բռնակալության դեմ. մի թեմա, որը հայ ժողովրդի անդավաճան ուղեկիցն է եղել դարեր շարունակ։
Չորս ճյուղից բաղկացած էպոսում յուրաքանչյուր հերոս՝ Սանասարն ու Բաղդասարը, Մեծ Մհերը, Սասունցի Դավիթն ու Փոքր Մհերը, իր յուրովի պայքարն է մղում հայրենի Սասունը պաշտպանելու համար։ Սակայն թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում ամենավառ ու սիրված կերպարը Դավիթն է, ով իր մեջ է խտացնում և ամփոփում հայի հերոսական ոգին։
Էպոսի մաքուր, պարզ լեզուն և այնպիսի թեմաների արծարծումը, ինչպիսիք են՝ ընտանիքը, արդարությունը, մարդասիրությունն ու աշխատասիրությունը, օգնում են հասկանալ, որ այն ստեղծվել է հասարակ ժողովրդի կողմից, այլ ոչ՝ բարձր խավի ներկայացուցիչների կամ թագավորների, որոնք սովորաբար գրիչներին պատվիրում էին շարադրել արիական պատմություններ։ Հենց սա նկատի ունենալով՝ անգլիացի գիտնական Մորիս Բոուրան հայկական էպոսը նկարագրել է որպես մի գործ, որը գրվել է հասարակ կենցաղ ունեցող և իշխանական կյանքից հեռու այրերի կողմից։
«Սասնա ծռեր»-ում պատմական իրադարձությունները միահյուսված են առասպելական պատմություններին։ Այն ներառում է նախաքրիստոնեական առասպելներ, օրինակ՝ առաջին ճյուղում Սանասարն ու Բաղդասարը հայտնաբերում են Սասուն բերդաքաղաքը։ Սակայն կան նաև պատմական իրադարձությունների հիշատակումներ, օրինակ՝ «Սասունցի Դավիթ» ճյուղում 9-10-րդ դարերի արաբական արշավանքները։ Իսկ Մեծ և Փոքր Մհերները՝ Դավթի հայրը և որդին, զուգորդվում են հին հայկական դիցաբանության արևի, երկնային լույսի և արդարության աստված Միհրի հետ։
«Սասնա ծռեր»-ին բնորոշ են նաև էպոսներին հատուկ համաշխարհային միտումները։ Բազում օրինակներից մեկը հերոսների վայրկյան առ վայրկյան մեծանալն է տարիների փոխարեն, կամ բնությունից ուժ ստանալը, այս դեպքում՝ Դավիթը՝ ջրից։ Ըստ հայ անվանի գիտնական և արևելագետ Հովսեփ Օրբելու, ով ահռելի ներդրում է ունեցել էպոսի ուսումնասիրության և հրատարակությունների գործում՝ էպոսում նմանօրինակ խորհրդանիշներն ընդգծում են, թե ինչի պակաս է ունեցել էպոսը ստեղծող ժողովուրդը։ Արևմտյան Հայաստանում դա ծովի ու առատ ջրի բացակայությունն էր։ Ի հակադրություն՝ հունական դիցաբանության մեջ հերոսները (օրինակ՝ Անթեոսը) այդ գերբնական ուժը ստանում էին հողից։
Հայկական էպոսն առաջին անգամ գրի է առել բանասեր, բանահավաք, ազգագրագետ և եկեղեցական Գարեգին Սրվանձտյանցը տարոնցի Կրպոյից և այն հրատարակել «Գրոց ու բրոց և Սասունցի Դավիթ կամ Մհէրի դուռ» վերնագրով 1874 թվականին։ Այս իրադարձությունը սկիզբ դրեց էպոսի գիտական ուսումնասիրություններին։ Հետագայում էպոսի բազմաթիվ տարբերակներ գրի առնվեցին ասացողներից ու բանավոր ավանդույթը շարունակողներից։
1939 թվականին նախկինում հավաքագրված տարբերակների հիման վրա հրատարակվեց էպոսի համահավաք տարբերակը՝ «Սասունցի Դավիթ» վերնագրով։
Սրվանձտյանցը կամրջեց հայկական արքայական փառավոր անցյալի և ժամանակի չքավոր գյուղացիների միջև եղած անջրպետը՝ օգնելով նրանց հասկանալ, որ, չնայած դժվարություններին, նրանք մեծ հերոսների հետնորդներ են
2024 թվականին Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպված գիտաժողովի շրջանակներում նշվեց էպոսի առաջին հրատարակման 150-ամյակը՝ մատնանշելով, որ դրա ուսումնասիրությունները դեռ արդի են, և հայ ժողովրդի պատմության յուրաքանչյուր փուլում էպոսը կարող է ձեռք բերել նոր ընկալումներ։
Ինչպես նշում է էպոսագետ բ.գ.թ. Հայկ Համբարձումյանը, ազգային պատմությունները միավորելու և դրանք ազգային էպոսի վերածելու նկրտումները սկսվել են գերմանական ռոմանտիկական շրջա-նում, երբ ազգերը ձգտում էին սահմանել իրենց հավաքական կերպարն ու ազգային ինքությունը և իրենց հերոսական անցյալն ընդգծելու համար ծանրակշիռ պատմության կարիք ունեին: «Այն, ինչ Սրվանձտյանցն արեց հայ ժողովրդի համար, անգնահատելի է»,- նշում է նա։ «Նա կամրջեց հայկական արքայական փառավոր անցյալի և ժամանակի չքավոր գյուղացիների միջև եղած անջրպետը՝ օգնելով նրանց հասկանալ, որ, չնայած դժվարություններին, նրանք մեծ հերոսների հետնորդներ են»:
Սասունը և սասունցիները
Իր լեռնային դիրքի շնորհիվ Սասունը դժվարանցանելի է նույնիսկ այսօր։ Այդ իսկ պատճառով Հ. Համբարձումյանը նշում է, որ պարզ չէ, թե էպոսը ստեղծել են հենց սասունցիներն իրենց մասին, թե Մշո դաշտում ապրող հայերն են պատմել սասունցիների մասին։
Սակայն փաստ է այն, որ Սասունն էպոսում առանցքային տեղանուն է։ Երեք պատմություն կա, որ առկա է էպոսի գրեթե բոլոր տարբերակներում և երեքն էլ կապված են բերդաքաղաքի հետ։ Դրանք են՝ Սասունի հիմնադրումը, Դավթի մենամարտը Մսրա Մելիքի հետ՝ Սասունը հարկերից ազատելու համար, և Դավթի կողմից Սասունի ամենաբարձրադիր կետերից մեկի՝ Մարութասարի վրա Սուրբ Աստվածածին եկեղեցու վերակառուցումը։ Ըստ էպոսի՝ վերջինս կառուցել էր Դավթի հայրը՝ Մեծ Մհերը, իսկ Դավիթն այնտեղ օծվել էր որպես թագավոր։
Հատկապես խորհրդանշական է Սասունի հիմնադրումը։ Երբ երկվորյակ եղբայրները՝ Սանասարն ու Բաղդասարը, փնտրտուքների մեջ են լինում, թե որտեղ հիմնեն իրենց քաղաքը, գալիս հասնում են մի վարարած գետի, որին բախվում է մի ավելի փոքր վտակ, սակայն չի միախառնվում վարար գետին։ Վտակի հետքերով գնալով՝ գտնում են ակունքն ու հենց այնտեղ էլ կառուցում են բերդն ու հիմնում բերդաքաղաքը։ Ըստ Հ. Համբարձումյանի՝ այս երևույթը խորհրդանշում է հայ ժողովրդի անշեղ ինքնությունը, որը արտաքին ճնշումների և օտարացման փորձերի պայմաններում անգամ չի ձուլվել օտար մշակույթներին։
Հատկանշական է, որ Սասունի ասացողներից գրի առնված տարբերակներն ավելի սեղմ են՝ Մուշի և Մոկսի տարբերակների համեմատ։ Հ. Համբարձումյանը բացատրում է, որ այս տարբերությունների հավանական պատճառը կարող է լինել այն, որ Սասունի տարբերակները գրի են առնվել Ցեղասպանությունից հետո հայրենիքից դուրս։ Սակայն դրանք առանձնահատուկ նմուշներ են, քանի որ միայն այդ օրինակներում կարելի է հանդիպել Սասունի բնությանն ու լեռնաշխարհին առնչվող մանրամասների, օրինակ՝ Մարութասարի և շրջակայքի վերաբերյալ։ «Մարութասարի և Սուրբ Աստվածածնի հանդեպ ակնածանքը կենդանի է մինչ օրս։ Նույնիսկ այսօր սակավաթիվ հայեր ու քրդեր և անգամ թուրքեր գնում են այնտեղ, մատաղ անում և եկեղեցու ու լեռան մասին բազմաբնույթ պատմություններ պատմում»։
Սասունի ասացողների ընկալումները նույնպես եզակի են։ Օրինակ՝ Թամո Դավթյանը, ումից գրի է առնվել էպոսի ամենաուշագրավ տարբերակներից մեկը Սասունի բարբառով, պնդում էր, որ, ըստ իրենց ընտանեկան ավանդույթի, իրենք Դավթի հետնորդներն են, դրա համար են Դավթյան, և իրենց ջաղացի քարը Դավիթն է բերել ու հենց նա է իրենց գյուղը Ճախրկան անվանել։
2024 թ.-ին դեպի Մարութասար ուխտագնացություն կատարած Հ. Համբարձումյանն ասում է. «Նույնիսկ մեկ անգամ Սասուն այցելելը բավական է՝ հասկանալու համար, թե ինչու է այն դարձել էպոսի ստեղծման էպիկենտրոնը։ Անմիջապես զգում ես, որ այնտեղ կարող էր ստեղծվել էպոս»:
Էպոսի հանրահռչակումը
1939 թ.-ին Խորհրդային Հայաստանում Հովսեփ Օրբելու անխոնջ ջանքերի շնորհիվ նշվեց էպոսի հազարամյակը։ Ընդհանուր առմամբ, էպոսում արծարծվող թեմաները կարծես հոգեհարազատ էին խորհրդային իշխանություններին, հատկապես՝ Փոքր Մհերի կերպարը, որը հաճախ համեմատվում էր խորհրդային հեղափոխական ոգու հետ:
Տոնակատարությունների շրջանակներում խորհրդային իշխանությունները հանձնարարեցին էպոսը թարգմանել եղբայրական ժողովուրդների լեզուներով։ Հետագայում, ի թիվս այլ լեզուների, այն թարգմանվեց նաև պարսկերեն, հունարեն, գերմաներեն, անգլերեն և թուրքերեն։ Ֆրանսերեն տարբերակը ներկայացվեց 1964 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում, երբ տոնում էին համաշխարհային գրական արժեք ներկայացնող ազգային պատմությունները։
Թարգմանությունները զարկ տվեցին նաև նկարազարդումների ստեղծմանը։ Հայ ու օտարազգի բազմաթիվ անվանի արվեստագետներ, այդ թվում՝ Երվանդ Քոչարն ու Հակոբ Կոջոյանը նկարազարդել են էպոսի մի շարք տեսարաններ։
Անդրադառնալով իր ստեղծագործությանը` Քոչարը գրել է. ««Սասունցի Դավիթ» էպոսի պատկերազարդումները ես արել եմ Հովսեփ Օրբելու պատվերով, նա այն ժամանակ Էրմիտաժի դիրեկտորն էր… Շատ մտածելուց հետո եկա այն եզրակացության, որ հայ ժողովրդի ամենաառաջադեմ, ամենաառաջավոր և տանող ճյուղը ճարտարապետությունն է, ուրեմն քարի կուլտուրան է: Դրա համար իմ իլյուստրացիաները պետք է լինեն քարի ֆակտուրայով, քարը հիշեցնեն: Եվ մտածեցի՝ իբր թե քարեր են, ժայռեր, որոնց վրա Սասունցի Դավթի ժամանակվանից արդեն փորագրել են էպոսը պատկերող նկարներ: Եվ դրա համար այդ իլյուստրացիաներն այն տպավորությունն են թողնում, որ քար են, ոչ թե գծագրություններ»։
1939 թ.-ին Քոչարը ստանձնեց նաև Սասունցի Դավթի արձանը քանդակելու գործը՝ այն ավարտելով ընդամենը 18 օրում։ Այն տեղադրվեց ներկայիս «Սասունցի Դավիթ» արձանի տեղում, սակայն Քոչարը շուտով կալանավորվեց խորհրդային իշխանությունների կողմից, մասամբ այն պատճառով, թե իբր Դավթի սուրն ուղղված էր «եղբայրական Թուրքիայի ուղղությամբ»։ Այդ տարբերակը ոչնչացվեց։ Ներկայիս արձանը կրկին Քոչարի աշխատանքն է, սակայն տեղադրվել է 1959 թվականին։
Էպոսի նկատմամբ հետաքրքրությունը շարունակվեց նաև անկախ Հայաստանում՝ բազմաթիվ այլ լեզուներով թարգմանվելով և հայ ու օտարազգի հետազոտողներին ու թարգմանիչներին Հայաստան բերելով։
Ժողովրդից ծնված էպոսը տարբեր ժամանակներում պահել է ու կպահի իր արդիականությունը՝ դժվարին պահերին ոգեշնչելով ժողովրդին, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան ստեղծմամբ և Արցախյան պատերազմի ժամանակ «Սասնա ծռեր» և «Սասունցի Դավիթ» կամավորական խմբերի ձևավորմամբ։