Պատմության դասեր

Հայկական դպրոցների խնդիրները հանրապետական ​​Թուրքիայում


Աշխարհասփյուռ հայերը դարեր շարունակ հարմարվել են իրենց համար երկրորդ տուն դարձած երկրների կյանքին, և, միևնույն ժամանակ, հնարավորություն են ունեցել պահպանելու իրենց ինքնությունն ու հայկական դիմագիծը, մասնավորապես՝ հայկական դպրոցների շնորհիվ։ Սա ճիշտ է սփյուռքի գրեթե բոլոր համայնքների համար, բայց ոչ Թուրքիայում ապրող հայերի։

Թուրքիայի հայերի ինքնությունը, որպես այդպիսին, յուրօրինակ է։ Լինելով Թուրքիայի Հանրապետության ներկայիս տարածքի բնիկ ժողովուրդ՝ նրանք հայկական սփյուռքի կողմից չեն ընկալվում որպես սփյուռքի մի մաս, քանի որ ապրում են իրենց պապական հողերում։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի կողմից չեն ընկալվում որպես լիարժեք քաղաքացի, այլ՝ որպես «ուրիշ» ու փոքրամասնություն։ Հայաստանի կողմից էլ շատ հաճախ օտարված են զգում դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով։

Այսպիսի իրավիճակում Թուրքիայում գործող հայկական դպրոցները, թերևս, պիտի այն ապահով հանգրվանը լինեին, որտեղ այս յուրօրինակ համայնքը կկարողանար ամուր պահել իր էթնիկ ինքնությունն ու հայ մնալ այդ անբարենպաստ միջավայրում։

Այդուհանդերձ, երբեմնի ծաղկուն կրթական հաստատությունները, որոնց թիվն Օսմանյան կայսրությունում մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը հասնում էր 1900-ի ու տարածվում ողջ կայսրությունով մեկ, զանգվածային անկում ապրեցին հանրապետական Թուրքիայում։ Մնացին միայն Ստամբուլում գործող հայկական դպրոցները։ Դրանց վրա էլ մեծ ազդեցություն թողեցին կառավարության կողմից մշակված մի շարք անբարենպաստ քաղաքականությունները, որոնց նպատակն էր ամեն գնով խանգարել հայ մանուկներին ճանաչել իրենց արմատներն ու պատմությունը։

Թե՛ հայկական, թե՛ թուրքական դպրոցներում մինչ օրս պատմություն և աշխարհագրություն առարկաները դասավանդում են ազգությամբ թուրք, երբեմն ազգայնամոլ ուսուցիչներ՝ Թուրքիայի ազգային կրթության նախարարության կողմից հաստատված դասագրքերով։ Իսկ դպրոցի վարչակազմում միշտ ներառված է մեկ թուրք փոխտնօրեն։ Առաջին հայացքից սա կարող է բազմաթիվ երկրներին հատուկ բնական մոտեցում թվալ, սակայն Թուրքիան այս առումով տարիներ շարունակ չարաշահել է իր իշխանությունը։

Ինչպես նշվում է «Հրանտ Դինք հիմնադրամ»-ի (ՀԴՀ) զեկույցներից մեկում՝ «Անցյալում այս դրսևորումները հասնում էին տրագիկոմիկ աստիճանի։ Օրինակ՝ Կրթության նախարարության Կրթության խորհրդի 1983 թվականի հուլիսի 1-ի շրջաբերականը հրամայում էր, որ «Հայաստան» բառը ջնջվի պատմական քարտեզներից»։ Իսկ բազմաթիվ այլ աղբյուրներ (այդ թվում՝ դր. Լինդա Բարըշը) նշում են, որ ժամանակ առ ժամանակ փոխտնօրենները ստանձնում էին «լրտեսի դեր»՝ վախի մթնոլորտում պահելով թե՛ ուսուցիչներին, թե՛ աշակերտներին։

Նկար
Exterior view of the Karagözyan Orphanage Elementary School.

Exterior view of the Karagözyan Orphanage Elementary School.
Caption
Կարագյոզյան նախակրթարան-որբանոց:

2000-ականներից սկսած Թուրքիան սկսեց մեղմացնել ազգային փոքրամասնությունների դեմ վարած ծայրահեղ քաղաքականությունը՝ բավարարելու Եվրամիության անդամ երկիր դառնալու համար իր առջև դրված բազմաթիվ նախապայմաններից մեկը։ Այնուամենայնիվ, բարեփոխումներն ավելի շատ տեսանելիություն էին ապահովում, քան էական փոփոխություն բերում համայնքին։ Ի թիվս այլ խնդիրների՝ Ստամբուլի դպրոցները շարունակում էին փակվել՝ Թուրքիայի հայ համայնքնին կանգնեցնելով ձուլման եզրին։

Պատմաբան դր. Լինդա Բարըշը իր «Հայկական դպրոցների ազդեցությունը ինքնության ձևավորման վրա» գրքում մանրամասն քննարկում է հայկական դպրոցների զանգվածային փակման պատճառները և հայ երեխաների մոտ ձևավորված ինքնությունը հանրապետական Թուրքիայում: Այս հոդվածի շրջանակներում հենվել ենք դր. Բարըշի ուսումնասիրության արդյունքների վրա։ Ի լրումն, 2024 թվականին հարցազրույցներ ենք անցկացրել Ազգային կեդրոնական վարժարանի (1886 թ.), Եսայան վարժարանի (1895 թ.) և Կարագյոզյան նախակրթարան-որբանոցի (1912 թ.) տնօրենների և ուսուցիչների հետ՝ պարզելու Ստամբուլում գործող 16 հայկական դպրոցի կարգավիճակն ու խնդիրները:

Ինքնությունը ջնջող պետական ռետին

«Ես թուրք եմ, ազնիվ եմ, աշխատասեր եմ։ Իմ կյանքի հավատամքն է փոքրերին պաշտպանել, մեծերին հարգել, իմ հայրենիքն ու իմ ժողովրդին սիրել իմ անձից առավել։ Իմ նպատակն է միշտ կատարելագործվել: Իմ գոյությունը ես նվիրում եմ թրքությանը։ Մեր այսօրվա գոյությունը ապահովող Մե՛ծն Աթաթուրք, երդվում եմ անդադար քայլել քո բացած ճանապարհով՝ քո կերտած նպատակին ընդառաջ։ Ի՜նչ երջանկություն է «թուրք եմ» ասելը»։

1933-2013 թթ.-ին Թուրքիայում ապրող դպրոցահասակ հայ երեխաների առավոտը դպրոցներում, լիներ դա հայկական, թե թուրքական, սկսվում էր այս աշակերտական երդումն արտասանելով և Թուրքիայի Հանրապետության հիմնը երգելով։ Ինչպես նշում է դր. Բարըշը, թեև տարրական դասարաններից սկսած հայի ինքնությունն այսպես կապվում էր մեծամասնության ինքնությանը, ավելի բարձր դասարաններում պատմության դասերին հայերին ներկայացնում էին և մինչ օրս շարունակում են ներկայացնել որպես ներքին թշնամիներ ու ազգի դավաճաններ։

Դր. Բարըշի հարցազրույցները տարբեր սերնդի հայերի հետ, ովքեր ուսանել են նմանօրինակ պայմաններում, բազմաթիվ տհաճ դրվագներ են վեր հանում, որոնք ինքնության թեմայով բախումների պատճառ են դարձել ոչ միայն հայ ու թուրք աշակերտների միջև, այլև մինչև իսկ ազդել են հայ դեռահասների ինքնաընկալման վրա։

Օրինակ՝ իր իսկ կամքով հայկական դպրոցից թուրքական դպրոց տեղափոխված մի աշակերտ նշում է. «Անընդհատ քո ժողովրդին նվաստացնելու ​​միտում կա: Կրոնի կամ այլ առարկաների՝ ազգությամբ թուրք ուսուցիչներ քեզ հրահրելու միտում ունեն, քանի որ ազգայնամոլ են… Հետո խմբավորումներ են լինում ընկերական շրջապատում: Ասում են՝ «դու ուրիշ ես, դու մեզ պես չես» ու սկսում են քեզ դուրս մղել ընկերական շրջապատից։ Սրանք բոլորը խտրականության դրսևորումներ են։ Եվ հատկապես հասունացման շրջանում մեծ ազդեցություն են թողնում քեզ վրա ու անուղղելի վնաս հասցնում»։

Շատ հաճախ անհարմար դրության մեջ հայտնվում էին ոչ միայն երեխաները, այլ նաև ծնողները։ «Ես երկու որդի ունեմ, երկուսն էլ հաճախել են հայկական միջնակարգ դպրոց։ Մի օր տղաս հարցրեց՝ «հայրիկ, մենք ինչո՞ւ ենք թուրքերին մորթել»։ Ես հարցրի՝ «ինչո՞ւ, ի՞նչ է պատահել։ Ինչ-որ մեկը անհանգստացրե՞լ է քեզ»: Նա պատասխանեց. «Ոչ, պատմության դասագրքում է այդպես գրված»: Ես չգիտեի՝ ինչպես բացատրել նրան իրավիճակը»:

Նկար
Exterior view of the Esayan Armenian School in Istanbul.

Exterior view of the Esayan Armenian School in Istanbul.
Caption
Եսայան վարժարան, Ստամբուլ։

Դր. Բարըշը բացատրում է, որ շատ փոքր տարիքից թուրք երեխաների մեջ սերմանած նախապաշարմունքներն ակնհայտ են դառնում, երբ նրանք առաջին անգամ դասարանում շփվում են հայ աշակերտի հետ, կամ ավելին՝ ընկերանում։ «Նրանք ասում էին. «Եղբայր, այս ի՜նչ լավ մարդ ես, ի՜նչ լավ հայ ես, լավ քրիստոնյա»։ Ի պատասխան ես երբեմն հարցնում էի. «Քանի՞ քրիստոնյա հայ ես տեսել»։ Այդ հարցից հետո ինձ ավելի շատ էին սկսում սիրել», - նշել է դր. Բարըշի հետ զրուցած մի շրջանավարտ։

Երբեմն նկարագրվում են նաև այսպիսի դրական դրվագներ, կամ թուրք ուսուցիչների կողմից սրտացավ վերաբերմունքի դեպքեր։ Օրինակ՝ պատմության դասագրքերում հայերին վատաբանող բովանդակության պատճառով հայկական դպրոցներում հայ երեխաները հակված են խուսափել որոշ թեմաների քննարկումից: ​​Եթե ազգությամբ թուրք որոշ ուսուցիչներ ապրումակցում են երեխաներին, շրջանցում են այն թեմաները, որոնք նվաստացուցիչ են նրանց համար։

Անընդհատ քո ժողովրդին նվաստացնելու ​​միտում կա: Կրոնի կամ այլ առարկաների՝ ազգությամբ թուրք ուսուցիչներ քեզ հրահրելու միտում ունեն, քանի որ ազգայնամոլ են

Ժողովրդավարություն որդեգրելու ճանապարհին Թուրքիան ստիպված եղավ աստիճանաբար թուլացնել փոքրամասնությունների դեմ վարած իր կոշտ քաղաքականությունն ու ազգայնական մոտեցումները, այդ թվում՝ 2013 թվականին դպրոցական օրակարգից հանելով աշակերտական երդումն ու մասամբ փոփոխելով պատմության դասագրքերի բովանդակությունը: Այդուհանդերձ, հայերի պատմությունն ու դրա խեղաթյուրումը դրական փոփոխություններից անմասն մնացին։

2023 թվականի «Նեղ հանդերձանք. Թուրքիայում հայկական հաստատությունների խնդիրները» զեկույցում ՀԴՀ-ն նշում է. «Այսօր Թուրքիայի Հանրապետությունը կազմող տարածքի պատմությունը նկարագրելիս հայերը, ովքեր այդ հողերի բնիկ ժողովուրդներից են, գրեթե չեն հիշատակվում։ Հայերը միայն նորագույն պատմության շրջանում են ասպարեզ գալիս, որտեղ նրանց բնութագրում են որպես դավաճան, ահաբեկիչ, մարդասպան, թշնամի, թիկունքից հարվածող ու անհավատ»։

ՀԴՀ-ն ընդգծում է «հայ» տերմինի միտումնավոր բացառումը դասագրքերից, նույնիսկ երբ քննարկվում է մ.թ.ա. ժամանակաշրջանը և եզրակացնում, որ այս բացթողումը բացասական ազդեցություն ունի ոչ միայն հայ, այլ նաև թուրք և Թուրքիայում բնակվող այլազգի երեխաների համար, ովքեր իրենց երկրի պատմությունը սովորում են թերի ու ոչ ստույգ։ Հայ երեխաների համար, սակայն, խնդիրն առավել խորն է՝ հաշվի առնելով, որ նրանք բախվում են սեփական ինքնությունը ջնջելու կամ աղավաղելու պետական քաղաքականությանը։

Մեկ պետություն՝ երկու դպրոց

Ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ Ստամբուլում գործող 16 հայկական դպրոցները ջանք չեն խնայում, որպեսզի նոր սերնդին հնարավորինս մոտեցնեն իրենց հայկական արմատներին։ Այս դպրոցներում սովորում է մոտ 2800 հայ երեխա։ Ենթադրվում է, որ մոտավորապես նույնքան հայ աշակերտ էլ հաճախում է թուրքական և միջազգային հանրակրթարաններ:

Բեյօղլուի Սուրբ Երրորդություն եկեղեցու հիմնադրամի խորհրդի անդամ դր. Րաֆֆի Սյուզմեն նշում է մի քանի պատճառ, որոնք դրդում են ծնողներին երեխաներին ուղարկել թուրքական դպրոցներ։ Դրանց թվում է Ստամբուլի ժողովրդագրության փոփոխությունը։ Վերջին տարիներին պոլսահայերը հայկական թաղամասերից տեղափոխվել են Ստամբուլի այլ հատվածներ, որտեղ, շատ հաճախ, տարածքին մոտ հայկական դպրոց չկա։ Մեկ այլ հանգամանք է համալսարան ընդունվելը, որի քննությունները թուրքերեն են։ Ծնողները մտավախություն ունեն, որ երեխաները կարող են հետ մնալ բարձր մրցակցային միջավայրում, եթե սովորեն հայկական դպրոցում:

 

Նկար
Dr. Raffi Süzme, a board member of the Beyoğlu Surp Yerrortutyun Church Foundation.

Dr. Raffi Süzme, a board member of the Beyoğlu Surp Yerrortutyun Church Foundation.
Caption
Բեյօղլու Սուրբ Երրորդություն եկեղեցու հիմնադրամի խորհրդի անդամ դր. Րաֆֆի Սյուզմե։

Կարագյոզյան նախակրթարան-որբանոցի տնօրեն Նարոտ Վերոնիկ Քուրուղօղլուն կարծում է, որ հայկական դպրոցները եզակի առավելություն են հայ համայնքի համար։ «Մեր դիմորդների քանակը քիչ է, և դրա պատճառով մենք ստիպված ենք բոլորին ընդունել, մինչդեռ Թուրքիայի որոշ հանրակրթարաններ աշակերտին ընդունում են քննություն հանձնելուց հետո միայն, որի արդյունքում հետագայում գրանցում են ավելի լավ արդյունքներ: Սակայն, մեր ուժը մեր հանձնառության մեջ է՝ ոչ միայն հայոց լեզուն և մշակույթը ուսուցանելու, այլ նաև հոգ տանելու, որ մեր երեխաներն անհատապես հաջողության հասնեն»:

Որպես հավասարակշռող լուծում ՝ դր. Սյուզմեն առաջարկում է, որ ծնողները երեխաներին նախ ուղարկեն հայկական տարրական դպրոց, որպեսզի նրանք կապվեն համայնքի հետ ու մի քիչ էլ հայերեն սովորեն, իսկ հետո, ըստ ցանկության, թողնեն հայկական միջավայրում, կամ տեղափոխեն թուրքական հանրակրթարան։ Դա հնարավորինս կկանխի հետագա ձուլումը։

Ի լրումն, Ստամբուլի Շիշլի մարզական ակումբի խորհրդի նախագահ Ալեն Թեքբըչակը կարծում է, որ սփյուռքի և Հայաստանի երիտասարդական նախաձեռնությունները կարող են օգնել թուրքական դպրոցներում սովորող հայ դեռահասներին ավելի մոտենալ սեփական ինքնությանն ու ժառանգությանը։ Նա նշում է, որ վերջին տարիներին ավելի ու ավելի շատ ծնողներ են իրենց երեխաներին ուղարկում մասնակցելու այնպիսի ծրագրերի, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ում գտնվող «Նուբար» ճամբարը կամ Հայաստանում անցկացվող «Բացահայտի՛ր Հայաստանը» ծրագիրը, որոնք նրանց համար նոր ծանոթությունների հնարավորություններ են ստեղծում թե՛ սփյուռքում, թե՛ հայրենիքում:

Մեր ուժը մեր հանձնառության մեջ է՝ ոչ միայն հայոց լեզուն և մշակույթը ուսուցանելու, այլ նաև հոգ տանելու, որ մեր երեխաներն անհատապես հաջողության հասնեն

Հայկական դպրոցներում հաճախելիության խնդիրների հետ մեկտեղ կան նաև վարչական խնդիրներ: Հայերենի և թուրքերենի դասավանդման ժամերը հավասարապես են բաշխված յուրաքանչյուր դասարանում, և տարրական դպրոցներում բոլոր առարկաները դասավանդվում են հայերեն։ Սակայն պաշտոնական դասագրքեր չկան։ Տասնվեց դպրոցներից յուրաքանչյուրն իր ռեսուրսների և ուսուցիչների գիտելիքի հիման վրա կազմում և հրատարակում է սեփական նյութերը:

Բարձր դասարաններում բոլոր առարկաները դասավանդվում են թուրքերեն՝ Թուրքիայի Ազգային կրթության նախարարության կողմից վավերացված դասագրքերով։ Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Մուրազ Սարանկիլը, ով դասավանդում է Կեդրոնական վարժարանում, ասում է, որ վարժարանն իր որակով ոտք է գցում Ստամբուլի լավագույն դպրոցների հետ։ «Բարձր դասարաններում բոլոր առարկաները թուրքերեն դասագրքերով ենք դասավանդում, բայց անպայման սովորեցնում ենք նաև հայերեն եզրույթները, որպեսզի երեխաները երկու լեզվին էլ լիարժեք տիրապետեն»:

Նկար
Students at a summer course at the Getronagan Armenian High School, August 2024.

Students at a summer course at the Getronagan Armenian High School, August 2024.
Caption
Կեդրոնական վարժարանում ամառային դասընթացներին հաճախող հայ աշակերտներ, 2024 թ.-ի օգոստոս, Ստամբուլ։

Այժմ նոր քննարկումներ են ընթանում Թուրքիայի Ազգային կրթության նախարարության հետ՝ վավերացված հայալեզու դասագրքեր ունենալու շուրջ։ Հարցազրույցների ժամանակ հայկական դպրոցները, Պոլսո Հայոց պատրիարքարանի հետ համագործակցությամբ, արդեն մշակել և նախարարությանն էին հանձնել կրոնի դասագիրքը։ Հաջորդը նախատեսվում էր մշակել հայոց լեզվինը։

Սակայն հայոց լեզու դասավանդողների քանակը նույնպես նվազում է, քանի որ Թուրքիայում չկան բուհեր, որտեղ նոր սերունդը կկարողանա բուհական կրթություն ստանալ հայոց լեզվի և գրականության ոլորտում: Վերջիններիս մնում է միայն ապավինել դպրոցից ստացած գիտելիքին, շարունակել ինքնակրթվել և դառնալ ուսուցիչ, մինչդեռ թուրքերենն ու թուրքական գրականությունը դասավանդվում են համալսարանական շրջանավարտների կողմից՝ ամբողջությամբ նոր, պատկերազարդ դասագրքերով:

Ի հեճուկս այս ամենի՝ այսօր Ստամբուլի հայկական դպրոցները ձգտում են հայ համայնքին յուրահատուկ մշակութային միջավայրով ապահովել։ Դպրոցներում պարտադիր նշվում են հայկական տոները՝ քրիստոնեականից (ինչպիսիք են՝ Սուրբ Զատիկը և Սուրբ Ծնունդը) մինչև այլ մշակութային իրադարձություններ: Նշվում են նաև թուրքական տոները։ Ճակատագրի հեգնանքով, ապրիլի 23-ը մանուկների ազգային օրն է և միշտ նշվում է մեծ շուքով։ Իսկ հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին, բոլորը գնում են դպրոց այնպես, կարծես, թե դա սովորական օր է, բայց այն անցկացնում են սովորականից լուռ, խորհրդավոր միջավայրում։ Ուսուցիչներն ապրիլի 24-ը երբեք չեն քննարկում դպրոցներում, իսկ աշակերտները երբեք հարցեր չեն տալիս՝ իմանալով, որ Թուրքիայի պատմության դասագրքերից դուրս հարցեր բարձրաձայնելու իրավունք չունեն և զրկված են իրենց արմատներն ու իրական պատմությունը ուսումնասիրելու բնածին իրավունքից:

Հոդվածն ի սկզբանե հրատարակվել է AGBU Magazine-ի 2025 թ.-ի ապրիլյան համարում։ end character

AGBU Magazine-ի մասին

AGBU Magazine-ը ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրներից է, որտեղ ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ AGBU Magazine-ի անգլիալեզու տարբերակը 70,000 օրինակով հրատարակվում է Նյու Յորքում և տարածվում 28 երկրում։ Ամսագրի հայերեն տարբերակը թարգմանվում և տպագրվում է Հայաստանում՝ 10,000 օրինակով։