Արդեն երկու տասնամյակ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանի սրտում հյուրընկալում է միջազգային կինոհանրության ակնառու ներկայացուցիչներին մեկշաբաթյա միջոցառումների շրջանակներում։
Կինոփառատոնը երեք հեռատես անհատների՝ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի և կինոքննադատներ Միքայել Ստամբոլցյանի և Սուսաննա Հարությունյանի մտահղացումն է։ Վերջիններս 2000-ականների սկզբին խորապես մտահոգված էին հայ ֆիլմարտադրության ապագայով, որը, խորհրդային տարիներին իր ոսկե ժամանակաշրջանն ապրելով, անկախ Հայաստանում դուրս էր մղվել ասպարեզից՝ ավերիչ երկրաշարժի, Խորհրդային Միության փլուզման ու տնտեսական ճգնաժամի և Արցախյան պատերազմի ֆոնին։ Այս պայմաններում կինոփառատոն սկսելու համար իրական խթան էր պետք, ու դա եղավ ոչ ավել, ոչ պակաս գինովցած խոստումը։
Զգացմունքային պոռթկումից իրական միջազգային իրադարձության վերածված «Ոսկե ծիրան»-ը տարիների ընթացքում յուրահատուկ համբավ բերեց Հայաստանին համաշխարհային կինոարտադրության ոլորտում:
Խաչատրյանն իր «Վավերագրողը» ֆիլմի համար 2003 թվականին Չեխիայի Կառլովի Վարի քաղաքում մրցանակ ստանալուց հետո՝ խնջույքի ժամանակ, ծաղրի ենթարկվեց հոլանդացի կինոգետ Պիտեր վան Բյուրենի կողմից, ով կարծում էր, որ իմաստ չկար ֆիլմ նկարելու մի երկրում, որն անգամ կինոփառատոն չուներ։ Ասում են՝ զայրացած Խաչատրյանը տեղում նրան հրավիրեց Հայաստան՝ հաջորդ տարի մասնակցելու հայկական կինոփառատոնի։ Իրավիճակից պատվով դուրս գալու համար համահիմնադիրները ջանք չխնայեցին փառատոնը կազմակերպելու և հաջորդ տարի Վան Բյուրենին Երևան հրավիրելու համար։
Այսպիսով, 2004 թվականին մեկնարկում է «Ոսկե ծիրան»-ը՝ հանրությանը ներկայացնելով 20 երկրից բերված 148 ֆիլմ: Իսկ Վան Բյուրենն այնքան է հավանում փառատոնը, որ, ի վերջո, տարիների ընթացքում դառնում է դրա «կնքահայրը»։
Արդեն ավելի քան քսան տարի ամեն հուլիսին՝ փառատոնի բացման ժամանակ, օրհնվում է ծիրանը՝ փառատոնի խորհրդանիշ հանդիսացող միրգը (լատիներեն՝ prunus armeniaca), իսկ ավարտին տեղի է ունենում մրցանակաբաշխություն, որի շրջանակներում հաղթողներին հանձնում են «Ոսկե ծիրան» և «Արծաթե ծիրան» մրցանակները երեք անվանակարգերում՝ «Լավագույն միջազգային ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» և «Լավագույն տարածաշրջանային ֆիլմ»: Ժյուրիի կազմը սովորաբար բաղկացած է լինում համաշխարհային և հայկական կինոյի անվանի անհատներից։
Որդեգրելով «Մշակույթների և քաղաքակրթությունների խաչմերուկ» թեման՝ «Ոսկե ծիրան»-ն այս տարիների ընթացքում փորձել է կամուրջներ կառուցել և խթանել մշակույթների միջև երկխոսությունը՝ ցուցադրելով ֆիլմեր, որոնք ընդգծում են մարդկային փորձը և պատկերում ինչպես սովորական, այնպես էլ արտասովոր մարդկանց առօրյան: Փառատոնի շրջանակներում պարբերաբար ներկայացվում են այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են՝ Սերգեյ Փարաջանովը, Ատոմ Էգոյանը և Արտավազդ Փելեշյանը, ովքեր ահռելի ավանդ են ունեցել հայ և համաշխարհային կինոյում: Ի լրումն, «Տարածաշրջանային համայնապատկեր» անվանակարգում հայ հանդիսատեսին ֆիլմեր են ներկայացվել Թուրքիայից, Իրանից, Վրաստանից, Իսրայելից, Լիբանանից, Հորդանանից և տարածաշրջանի այլ պետություններից՝ ցույց տալու, որ արվեստը սահմաններ ու քաղաքականություն չի ճանաչում։
«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում Հայաստան է այցելել մի ողջ աստղաբույլ. Թերրի Ջորջ (ռեժիսոր՝ The Promise; Hotel Rwanda), Փոլ Շրեյդեր (սցենարիստ՝ Raging Bull; Taxi Driver), Շոն Բեյքեր (ռեժիսոր՝ Anora; The Florida Project), Ալեքսանդր Փեյն (ռեժիսոր՝ The Holdovers; Sideways), Դարեն Արոնոֆսկի (ռեժիսոր՝ The Wrestler; Requiem for a Dream; Black Swan), Կլաուդիա Կարդինալե (դերասանուհի՝ The Leopard; Mayrig), Ժակլին Բիսե (դերասանուհի՝ The Deep; Who Is Killing the Great Chefs of Europe) և այլք։