Մարմնի և հոգու բալասան

Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցը շուրջ երկու դար է հավատարիմ է իր առաքելությանը


Նկար








Kazaz Artin (Harutyun) Amira Bezjian

Caption
Գազազ Արթին (Հարություն) Ամիրա Բեզջյան

Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» ազգային հիվանդանոցը, որը գործում է արդեն շուրջ երկու դար, առանձնահատուկ նշանակություն ունի պոլսահայ համայնքի կյանքում։ Լինելով տեղի հայկական համայնքի ամենախոշոր ու ամենահարուստ հաստատությունը՝ հիվանդանոցը համընթաց է քայլում ժամանակակից առողջապահության ամենաբարձր չափանիշներին։

«Սուրբ Փրկիչ»-ը հիմնադրվել է 1832 թվականին՝ հայտնի հայ բարերար, Օսմանյան կայսրության սուլթան Մահմուդ II-ի ֆինանսական խորհրդական Գազազ Արթին (Հարություն) Ամիրա Բեզջյանի կողմից։ Նրա ավանդը շարունակում է ապրել և ամենևին էլ պատահական չէ, որ այսօր հիվանդանոցի մուտքի մոտ հենց նրա արձանն է դիմավորում այցելուներին։

Թեպետ սուլթանի հրովարտակով հիմնադրված հիվանդանոցն ի սկզբանե գործել է որպես բացառապես հայերի համար նախատեսված համայնքային հիվանդանոց, այսօր արդեն բուժհաստատության ծառայություններից օգտվում են ոչ միայն հայ համայնքի անդամները, այլև Թուրքիայում բնակվող տարբեր ազգերի ներկայացուցիչներ։ Այդուհանդերձ, հաստատությունը շարունակում է պահպանել «ազգային հիմնադրամի» կարգավիճակը, որը, համաձայն երկրում գործող կրոնական փոքրամասնությունների մասին օրենքի, նշանակում է, որ հիվանդանոցը պատկանում է հայկական համայնքին։ Շնորհիվ ժամանակակից սարքավորումների ու բարձր որակավորում ունեցող բուժանձնակազմի՝ հիվանդանոցն այսօր համարվում է Ստամբուլի ամենաառաջատար առողջապահական հաստատություններից մեկը։

«Սուրբ Փրկիչ» հիվանդանոցի գլխավոր քարտուղար Մարկրիտ Արսլանը պատմում է, որ հիվանդանոցն ամսական սպասարկում է 350 բուժառուի, իսկ պոլիկլինիկայի ծառայություններից տարեկան օգտվում է շուրջ 85 հազար մարդ։ Հիվանդանոցում ամենօրյա վիրահատությունների քանակը հասնում է 30-ի։ «Որպես ազգային հիվանդանոց՝ իսկապես բացառիկ ենք աշխարհում։ Հիվանդանոցում այսօր գործում է 24 բաժին, այդ թվում և հոգեկան ու մտավոր խանգարում ունեցողների կենտրոն։ Միակ ծառայությունը, որը մեզ մոտ դեռ անհասանելի է, ուռուցքաբանությունն է։ Սակայն շուտով այդ բաժինն էլ կունենանք ու, փաստորեն, մեր հիվանդանոցում չի մնա առողջապահական որևէ ուղղություն, որին հասանելիություն չկարողանանք ապահովել»,- նշում է Մարկրիտ Արսլանը։

Նա ընդգծում է, որ «Սուրբ Փրկիչ» ազգային հիվանդանոցի վերջին տարիների գրանցած հաջողություններում մեծ է Պետրոս Շիրինօղլուի դերը: Վերջինս 2005 թվականից զբաղեցնում է հիվանդանոցի Հոգաբարձուների խորհրդի ատենապետի պաշտոնը։ Շիրինօղլուն, ով նաև այդ հաստատության ամենախոշոր բարերարն է, ամեն օր՝ առավոտյան 08։30-ից մինչև աշխատանքային օրվա ավարտը, հիվանդանոցի տարածքում է, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է նրա անխոնջ նվիրումը գործին։

Հիվանդանոցի գերժամանակակից սարքավորումներով հագեցած հարկերով քայլելիս հատկապես ուշադրություն է գրավում այն փաստը, որ թեպետ բուժանձնակազմի մեծ մասն այսօր թուրքեր են, բայց բոլոր բաժինների դռների մոտ փակցված ցուցանակների վրա գրառումներն արված  են նաև հայերեն։ Ընդ որում, հիվանդանոցի առանձին բաժիններ կրում են «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցի տարբեր տարիների հայ բարերարների անունները։

Շուրջ 22 հազար քառակուսի մետր տարածք զբաղեցնող հաստատությունն իր մեջ ներառում է ոչ միայն հիվանդանոց, այլև պոլիկլինիկա, հին ժամանակներից ի վեր գործող դեղարան, եկեղեցի, ծերանոց, հիվանդների հարազատների համար վերջերս կառուցված հյուրատուն, թանգարան և գրադարան։

Հայ տարեցների խնամքի կենտրոն

Յեդիքուլե թաղամասը, որտեղ գտնվում է «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցի շենքը, 19-րդ դարի սկզբին դուրս էր Ստամբուլի վարչական տարածքից։ Ժամանակի ընթացքում ուրբանիզացիայի հետևանքով քաղաքը շարունակաբար ընդլայնվեց, իսկ թաղամասը դարձավ կենտրոնական Ստամբուլի մաս։ Ու չնայած այն տեղակայված է այդ բանուկ ու աղմկոտ քաղաքի կենտրոնում՝ հիվանդանոցի ներսում գտնվող ընդարձակ ու բուսածածկ այգին խլացնում է քաղաքային աղմուկը։ Այգու ներսում գործող շատրվանների կողքին՝ նստարանների վրա, հաճախ կարելի է տեսնել հիվանդանոցի տարածքում գործող ծերանոցի տարեցներին։

Ծերանոցի տարածքում այս պահին մշտական խնամք է ստանում 185 տարեց, բոլորը՝ հայեր։ Ընդ որում, այստեղ կարող ես տեսնել ինչպես ընտանիք ունեցող տարեցների, ում հարազատները հաճախ գալիս են այցի, այնպես էլ ծերերի, ովքեր առհասարակ չունեն խնամող կամ ազգական։ Ուստի պատահական չէ, որ վերջիններս ծերանոցի տարածքում հայտնված ցանկացած հյուրի դիմավորում են մեծ ոգևորությամբ ու ջերմությամբ։ Իսկ երբ լսում են, որ հյուրերը հայերեն են խոսում, թուրքերենին անմիջապես փոխարինելու է գալիս հայերեն «բարի եկաք»-ը։

Մարկրիտ Արսլանը պատմում է, որ տարեցների խնամքի կենտրոնը ծառայությունների լայն շրջանակ է տրամադրում՝ 24/7 ռեժիմով բժշկական օգնության տրամադրումից մինչև անհատական առողջության մոնիթորինգ և օժանդակություն ամենօրյա կենսական կարիքները հոգալու գործում։ «Հաստատության ներսում աշխատում է գործին նվիրյալ բուժաշխատողների թիմ՝ բժիշկներ, բուժքույրեր, խնամակալներ, ովքեր հետևում են, որ այստեղ գտնվող ամեն ոք անհրաժեշտ խնամք ու օգնություն ստանա։ Շահառուներ ունենք նաև «Սուրբ Փրկիչ» հաստատությունից դուրս։ Եթե նրանք հիվանդանում են, բժիշկն այստեղից գնում է նրանց տուն։ Եթե արյան քննության անհրաժեշտություն կա, ապա հիվանդապահը կարող է այցելել նրանց, վերցնել անհրաժեշտ նմուշներն ու քննության համար բերել այստեղ»,- ասում է նա։

Ծերանոցի գործունեությունը հովանավորվում է պոլսահայ համայնքի բարերարների նվիրատվություններով։ Հետաքրքրական է, որ բարերարների զգալի մասը, չնայած ապրում են իրենց տներում, բայց ակտիվորեն օգտվում են տարեցների խնամքի ծառայություններից։

Նկար
Petros Şirinoglû, chairman of the Board of Trustees

Petros Şirinoglû, chairman of the Board of Trustees
Caption
Հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ատենապետ Պետրոս Շիրինօղլու։

Կարևորելով հայկական ժառանգությունը

«Սուրբ Փրկիչ» ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ատենապետ Պետրոս Շիրինօղլուի նախաձեռնությամբ և նրա դրամական միջոցներով 2004 թվականին հաստատության տարածքում բացվեց թանգարան։ Այն հետաքրքիր է ոչ միայն հիվանդանոցի պատմությանը ծանոթանալու, այլ նաև դարերի ընթացքում Պոլսի հայ համայնքի տարբեր դրվագներին հաղորդակից լինելու տեսանկյուններից։

Թանգարանում կարելի է տեսնել հայկական եկեղեցուն պատկանող աղոթագրքեր, խաչեր, շուրջ 300 տարվա պատմություն ունեցող շուրջառներ ու եկեղեցական այլ հագուստներ, որոնք ժամանակին կրել են հայ պատրիարքները։ Այցելուներին հատկապես գրավում են նախորդ հարյուրամյակների ընթացքում հիվանդանոցում օգտագործված բժշկական գործիքների, դեղերի շշերի ու տուփերի հավաքածուները, որոնք այսօր թույլ են տալիս մոտավոր պատկերացում կազմել ավելի վաղ ժամանակներում հայ բժշկագիտական առաջադեմ մտքի վերաբերյալ։ Թանգարանում է նաև Հովհաննես Այվազովսկու՝ հայերեն ստորագրությամբ բացառիկ նկարը։

Որպես ազգային հիվանդանոց՝ իսկապես բացառիկ ենք աշխարհում։ Հիվանդանոցում այսօր գործում է 24 բաժին, այդ թվում և հոգեկան ու  մտավոր խանգարում ունեցողների կենտրոն

Թանգարանի հիմնական այցելուներն այսօր տեղի հայկական դպրոցների սաներն են, ինչպես նաև հայ համայնքի պատմությամբ հետաքրքրվող զբոսաշրջիկներն ու պարզապես հայերը, ովքեր գալիս են հաղորդակից լինելու սեփական պատմության գուցե և փոքր, բայց շատ կարևոր մասնիկին։

Նկար
Surp Pirgiç’s museum, established in 2004.

Surp Pirgiç’s museum, established in 2004.
Caption
«Սուրբ Փրկիչ» հիվանդանոցի թանգարանը, որը բացվել է 2004 թվականին։
Նկար
The Surp Pirgiç chapel (in operation since 1834) and the Gulbenkian family cemetery nearby.

The Surp Pirgiç chapel (in operation since 1834) and the Gulbenkian family cemetery nearby.
Caption
«Սուրբ Փրկիչ» մատուռը (պաշտամունքի համար գործում է 1834 թվականից) և դրա հարևանությամբ գտնվող Գյուլբենկյանների ընտանեկան գերեզմանը, որտեղ հուղարկավորված են Գալուստ Գյուլբենկյանի ծնողներն ու բարեկամները։
Նկար
The gathering and ceremonial hall within the hospital premises.

The gathering and ceremonial hall within the hospital premises.
Caption
Հիվանդանոցի տարածքում գտնվող հավաքների ու արարողությունների սրահը։
Նկար
The hospital’s grounds provide a peaceful retreat, nestled within a vast, lush park.

The hospital’s grounds provide a peaceful retreat, nestled within a vast, lush park.
Caption
Հիվանդանոցի ներսի ընդարձակ ու հարուստ բուսականությամբ այգին խաղաղ ու հանգիստ միջավայր է ապահովում այցելուների համար։
Նկար
The ophthalmology department of the Surp Pirgiç Armenian Hospital.

The ophthalmology department of the Surp Pirgiç Armenian Hospital.
Caption
Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի ակնաբուժական բաժինը։

Հոդվածն ի սկզբանե հրատարակվել է AGBU Magazine-ի 2025 թ.-ի ապրիլյան համարում։ end character

AGBU Magazine-ի մասին

AGBU Magazine-ը ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրներից է, որտեղ ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ AGBU Magazine-ի անգլիալեզու տարբերակը 70,000 օրինակով հրատարակվում է Նյու Յորքում և տարածվում 28 երկրում։ Ամսագրի հայերեն տարբերակը թարգմանվում և տպագրվում է Հայաստանում՝ 10,000 օրինակով։