Արթնացա մի երազում, որ տեսել էի Բոսֆորի վրա։
Շքեղաշուք ջրերն արձակում են Արևելքն Արևմուտքից, Սև ծովը՝ Մարմարայից, ինչպես դու արձակում ես քո հաճույքը, ցավը, լույսը, խավարը, անցյալը, ներկան, դրախտն ու դժոխքը։
Սիրում էի կոբալտե կապույտ կոշիկներիդ կտկտոցը՝ օսմանյան ոլորապտույտ, մարմարե աստիճաններին։
Այստեղի թաքնախորհուրդ ուրվականները վեր ելան պսպղուն, ձյութասև ջրերից՝ փափագելով պատմել ինձ մոռացվածի մասին։
Բեշիքթաշի հետնորդները եկան ինձ աքսորից դիմավորելու՝ տաղերգելով Սուրբ Աստվածածնի քահանայի պես՝ Բալյանի վսեմ երևակայությամբ գմբեթված։
«Էրմենի, Էրմենի, սեն Էրմենիսին» (հայ, հայ, դու հայ ես),- շշնջում էր ձայնն այդ գիշերվա խավարում՝ արթնացնելով մի հնագույն, վաղեմի կարոտ…
«Ի՞նչ է նշանակում այստեղ հայ լինելը»,- մտածեցի,- «հիմա… ամերիկահայ՝ Պոլիս վերադարձող»։
Հոգուս խորքում արյանս կանչը ճիչ արձակեց։ Միտքս գալարվում ու գալարվում էր, ինչպես պտույտ տվող դերվիշն էքստազի մեջ։
Մի ձայն նորից թեթև արձագանքեց ու մի պահ կախվեց օդում՝ միլիոնավոր բոցավառ աստղերի վեհաշուք ամպհովանու ներքո։ Տատս էր՝ այն մաշված ու ճմռթված նկարի կինը, ում երբեք չէի տեսել, բայց ում մասին իմացել էի պապիս երեխայական աչքերի ցավից։ Նա քաղցր ասում էր…
«Բռնի՛ր նրա ձեռքը, չոջու՛խս։ Պահի՛ր նրան, սիրի՛ր նրան, նվիրվի՛ր, ինչպես Քրիստոսը նվիրվեց։ Երազկոտ նայի՛ր նրա գեղեցկությանն այնպես, ինչպես պապդ էր երազկոտ նայում իմին։
Այստեղ՝ Բոսֆորի վրա…
Վերացական իրականություն. պատմության վիտրաժի հետևում թաքնվող ճշմարտություն։ Նայի՛ր բաց վարդաթույր լույսից այն կողմ, որտեղ ծագող արևը ջերմացնում է հորիզոնը և ճայերն են խմբվում։ Նայի՛ր, տե՛ս, թե դրանց շողքն ինչպես է ընկնում Սկյուտարի ճոխ պալատների և գեղազարդ մինարեթներով մզկիթների վրա։ Լսի՛ր իմամի բարձր ու սարսափազդու՝ աղոթքի կանչող կոչը։
Տե՛ս, թե լույսերն ինչպես են պսպղում, իսկ երկինքը՝ երկու կես լինում, երբ քայլում ես Սուլթանահմեդի սալահատակ փողոցներով, որտեղ մայրերն արցունք են թափել իրենց զավակների վրա։
Հին քաղաք։ Կապույտ մզկիթ։ Աստղ ու մահիկ։ Քահվալթը։ Նախաճաշի բուֆետ։ Միդեայի տոլմա։ Գրանդ բազար։ Թուրքական բյուր լապտերներից լույսեր ու սիլուետներ։ Կեսօրին Այա Սոֆիայի ֆոնին սառը ջրին խառնած ռաքըն խայթում է կոկորդը, մինչ խաղողի նարգիլեի թունդ հոտով ծուխն անհետանում է՝ ասես մի կյանք, որ փախչում է դեպի հավերժություն։ Ծերունիներ։ Խաչված, զեյթնագույն ձեռքեր։ Ծխախոտի վառվող գլանակ։ Բաժակներով ոսկեթուրմ չայ։ Գալաթայի կամուրջ։ Կոտրված խճանկարներ։ Նորապսակներ։ Հանրային բաղնիք։ Քաղցր նռան հյութ։ Ծիրանի լոխում։ Արծաթե անտիկ գդալ։ Պիստակի փախլավա։ Քայմաք։ Փոխադարձ համբույր:
Ուշադի՛ր եղիր քայլքիդ, երբ, թուրքերեն շաղակրատանքը խլացնելով, փողոցում տարածվող դյոների բույրով արբած, կորսվում ես այս քաղաքում։
Աբբաս աղայի փողոցով զգու՛յշ քայլիր, լու՛ռ անցիր հայկական գերեզմանատան կողքով։ Հարգանքի տու՛րք մատուցիր։ Զգա՛ տանջված հոգիների արդարության փափագը։
«Աֆերիմ, յավրի՛ս, կե՛ր, խմի՛ր, ծիծաղի՛ր, լացի՛ր, երգի՛ր, կռվի՛ր, պարի՛ր, հաշտվի՛ր, կյա՛նք արարիր նրա հետ։ Սիրի՛ր նրան այնպես, ինչպես ինձ սիրեցին մինչ վաղաժամ մեռնելս։
Այս վայրը տարօրինակ բաներ է անում հիշողության հետ, յավրիսի՛։ Երբեք չմոռանա՛ս։
Վայելի՛ր հարսնացուիդ։ Ուշադրությու՛ն դարձրու պարմանուհու աչքերի լույսին։ Պատուհանների միջով հասի՛ր խորքը, տե՛ս հոգին։
Հեռացե՛ք` ձեռք ձեռքի բռնած։ Հեռացե՛ք ու ետ մի՛ նայեք, ինչպես մենք արեցինք այստեղ՝ Բոսֆորի վրա»։
Բնօրինակից թարգմանեց Լուսինե Մինասյանը