Թուրքիայում, որը մամուլի ազատության ինդեքսով աշխարհում ամենահետադիմական երկրների շարքին է պատկանում և որտեղ վերջին տարիներին ազգայնական տրամադրություններն ակնհայտորեն աճել են, իսկական ու անաչառ լրագրող լինելը վաղուց արդեն ապահով մասնագիտություն չէ։ Նմանօրինակ միջավայրում Ստամբուլի հայկական «Ժամանակ», «Մարմարա» և «Ակոս» պարբերականները դարձել են Թուրքիայում հայկական լրագրության «վերջին մոհիկանները»։ Մեր օրերում նրանց գործառույթն ավելին է, քան պարզապես լուրեր հաղորդելը։ Ստամբուլի փոքրաթիվ հայ համայնքի համար տպագրվող հայկական պարբերականները ստանձնել են նաև արևմտահայկական գրական միտքն ու լեզուն կենդանի պահելու և հայկական ինքնությունը պահպանելու դժվարին ու ծանր առաքելությունը։
Ավելի քան մեկ հարյուրամյակ գործունեություն ծավալող «Ժամանակ» օրաթերթը մինչ օրս տպագրվող ամենահին հայկական օրաթերթն է ամբողջ աշխարհում։ Ավելին, թերթի խմբագրի խոսքով, այն նաև Թուրքիայի Հանրապետության ամենահին օրաթերթն է։
«Ժամանակ»-ը 1908 թվականին համահիմնադրել են Միսաք և Սարգիս Գոչունյանները։ Դեռ Օսմանյան կայսրությունում, մինչև Հայոց ցեղասպանությունը, թերթի տպաքանակը հասնում էր 15 հազարի, և տարածվում էր Բալկաններից մինչև Կովկաս, իսկ հարավում՝ մինչև Եգիպտոս։ Այսօր պարբերականի ամենօրյա տպաքանակն ընդամենը 1000 է։ Թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը, ով Սարգիս Գոչունյանի ծոռն է, նշում է, որ «Ժամանակ»-ը ավելի քան մեկ դար հայ ժողովրդի հետ տեղի ունեցած դարակազմիկ իրադարձությունների վկան է, ականատեսն ու մի մասնիկը։ «Մինչև 1915 թվականի Ցեղասպանությունը հայերն Օսմանյան կայսրության ամբողջ տարածքում ամենաբարձր կշիռն ունեցողներից էին և ստվար ներկայություն ունեին բոլոր բնագավառներում։ Հայերեն օրաթերթի հրատարակումն այդ պայմաններում ինչ-որ առումով ազդեցություն ուներ կայսրությունում հասարակական կարծիք ձևավորելու վրա։ Թերթը, իհարկե, վերապրեց Հայոց ցեղասպանությունը, սակայն «Ժամանակ»-ի շատ աշխատակիցներ Եղեռնի նահատակ դարձան, իսկ ընթերցողների քանակը, հատկապես գավառներում, կտրուկ նվազեց։ Արդեն հանրապետական Թուրքիայում «Ժամանակ»-ը վերածվեց փոքրամասնական մամուլի»,- նշում է Գոչունյանը։
Այսօր «Ժամանակ»-ի խմբագրությունը գտնվում է երբեմնի հայաշատ Շիշլի թաղամասում։ Գրասենյակում միանգամից աչքի են ընկնում պոլսահայ հայտնի լուսանկարիչ, «Ստամբուլի աչք» մականունը ստացած Արա Գյուլերի՝ Հայաստանում արած օրիգինալ լուսանկարները՝ բոլորը լուսանկարչի բացառիկ՝ հայերեն ստորագրությամբ։
Թերթում տեղ են գտնում տարբեր թեմաներով հոդվածներ. հայաստանյան օրակարգից մինչև Թուրքիայում տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններ, Մայր Աթոռի գործունեության լուսաբանումից մինչև Թուրքիայի հայ համայնքի խնդիրներ։
«Մենք մի հարցում շատ հավակնոտ ենք ու ամեն տեսակ մրցակցությունից դուրս. հայկական սփյուռքի մեջ այս պահին «Ժամանակ»-ը միակ օրաթերթն է, որն իր բացառիկ բովանդակությունն ունի։ Ամեն օր միայն մեր թերթի համար գրվում է առնվազն 3-4 հոդված, ինչը մեզ համար բացառիկ հաջողություն է մարդկային ռեսուրսի սղության պայմաններում»,- ասում է թերթի միակ խմբագիրը՝ նշելով, որ թերթն այսօր սյունակագիրներ ունի նաև Մերձավոր Արևելքի հայ համայնքներից։ Գոչունյանը փաստում է, որ համացանցի և սոցիալական կայքերի առկայության պայմաններում աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայերի համար «Ժամանակ»-ը վերածվել է արևմտահայերենով ու դասական ուղղագրությամբ հաղորդակցման յուրատեսակ հարթակի։ Իսկ Հայաստանի անկախացումից հետո թուրքական պետությունը սկսեց այլ կերպ ընկալել օրաթերթը։ «Մարդիկ հասկացան, որ մեր օրաթերթը հայ լսարանին ուղերձ փոխանցելու լուրջ հարթակ է։ «Ժամանակ»-ը կարծես աշխարհասփյուռ հայերի համար դարձավ Պոլսից բացված պատուհան՝ թույլ տալով նայել դրա երկու կողմերից»,- ասում է Արա Գոչունյանը։
«Ժամանակ»-ի խմբագրակազմն այսօր փոքրաթիվ է. ընթերցողներին «Ժամանակ»-ի նոր համարը հասցնում են մարդուժի սուղ պայմաններում։ Գոչունյանը նշում է, որ, ի թիվս տնտեսական մարտահրավերների, կարևոր հանգամանք է նաև այն, որ համայնքի ներսում լեզվին պատշաճ տիրապետողների քանակը նվազում է, ինչն այսօր նաև համայնքի լրջագույն խնդիրներից է։
Խնդրի լրջության մասին խոսում է նաև պոլսահայ մեկ այլ պարբերականի՝ «Մարմարա»-ի ընդհանուր հրատարակչության տնօրեն Արի Հատտեճյանը։ Նա նշում է, որ «Մարմարա»-ն համայնքի ներսում միշտ ամենաընթերցված ու համբավ վայելող թերթերից է եղել, սակայն այսօր, ինչպես և մյուս հայալեզու պարբերականները, դժվար ժամանակներ է ապրում։ «Կարդացող չկա, հասկացող չկա, հայերեն գրել-կարդալ իմացող շատ քիչ մարդ է մնացել։ Լեզվի հարցը դարձել է համայնքի ամենալուրջ խնդիրը։ Դպրոցներում գործադրվող բոլոր ջանքերը, իմ կարծիքով, ապարդյուն են, որովհետև ոչ ոք իր մայրենի լեզուն չպետք է սովորի դպրոցում, մայրենի լեզուն պետք է սովորես քո մորից, քո տանը։ Սակայն այսօր մեր տներում հայերեն չի խոսվում, նորածինը հայերենով չէ, որ սկսում է ինքն իրեն արտահայտել։ Առաջին լեզուն միշտ լինում է թուրքերենը։ Այսօր մեր ընթերցողը ավագ սերունդն է՝ 60-70 տարեկան մարդիկ, իսկ երիտասարդների մեծ մասն այլևս թերթ չի կարդում»,- ասում է Հատտեճյանը։ Նրա խոսքով՝ համայնքի ներսում հայերեն ստեղծագործել սիրող փոքրաթիվ հայ երիտասարդներն էլ ավելի եռանդուն կգրեն, եթե ընթերցողների թիվն ավելանա։
«Համայնքային բոլոր միջոցառումներին նույն դեմքերն ենք տեսնում, նույն հայախոս զանգվածը` հազիվ մոտ 1000-2000 մարդ։ Մնացածի համար հետաքրքրություններն այլ են։ Ասես համայնք լինենք համայնքի ներսում»,- փաստում է Արի Հատտեճյանը։
Նրա հայրը՝ հայտնի արևմտահայ լրագրող և գրող Ռոպեր Հատտեճյանը, 1967 թվականից մինչ օրս զբաղեցնում է «Մարմարա»-ի գլխավոր խմբագրի պաշտոնը։ Իննսունինը տարին բոլորած մտավորականն այսօր արդեն դժվարանում է անձամբ այցելել խմբագրություն, սակայն մինչ օրս էլ սյունակներ ու գրական գործեր է գրում, որոնք տեղ են գտնում օրաթերթի էջերում, իսկ խմբագրությունում նրա գրասենյակն այսօր ասես փոքրիկ թանգարան լինի՝ գրասեղանին թողած գրքերով, թերթի տարբեր համարներով, լուսանկարներով ու 1940 թվականից Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա»-ի պատմությունը վկայող այլ նյութերով։
«Ռոպեր Հատտեճյանի գործունեության շնորհիվ գրականությունն ու հայոց լեզուն կարևոր նշաձողի են հասել թերթի էջերում։ Նա իր գրչով ու մտավորականի հմտություններով կարողացել է բռնել ընթերցողի զարկերակը և նրանց հետ մտերիմ զրույց վարել իր սյունակում։ Մինչ օրս էլ շարունակում է նույն հաջողությամբ գրել, իհարկե, արդեն ոչ նախկինի պես հաճախ»,- ասում է նրա որդի Արին։
Պարբերականի երկարամյա աշխատակիցներն այսօր մեծ կարոտով են հիշում 1970-80-ականները, որը համարում են «Մարմարա»-ի ոսկե ժամանակաշրջանը։ «Պոլսահայ մտավորականության մեծ մասը մեր թերթի աշխատակիցներ են եղել, իսկական ոսկեբույլ ենք ունեցել։ Նրանք, ովքեր այսօր հիշվում են որպես պոլսահայ արդի գրականության ներկայացուցիչ, բոլորը մեր թերթում ունեցել են գրական-գեղարվեստական էջեր։ Գրեթե բոլոր արևմտահայ գրողների գործերն առաջինը տպվել են այս թերթի էջերում»,- ասում է Արի Հատտեճյանը՝ ընդգծելով, որ այդ տարիներին թերթի աշխատակազմը բաղկացած էր 90 մարդուց։ Այսօր, սակայն, օրաթերթի բնականոն գործունեությունն ապահովելու համար ստիպված են աշխատել ընդամենը յոթ աշխատակցով։
«Ինչպես Ստամբուլում լույս տեսնող մյուս թերթերի, այնպես էլ «Մարմարա»-ի ամենակարևոր առաքելություններից մեկը մեզ մեր պապերի կողմից ժառանգված հարստությունը՝ պատմությունը, պահելը, պաշտպանելն ու հաջորդներին փոխանցելն է։ Թերթի անձնակազմը դրա համար անում է հնարավոր ամեն բան»,- ասում է Հատտեճյանը։
Ընթերցողների թվի նվազմամբ պայմանավորված՝ «Մարմարա»-ն լույս է տեսնում ընդամենը 1000 օրինակով, ինչը տասն անգամ պակաս է նախկին տպաքանակից։ Նվազել է նաև թերթի ֆինանսավորումը։ Եթե նախկինում օրաթերթում շատ էին հայտարարություններ պատվիրում, ապա այսօր՝ թվային դարաշրջանում, շատերը նախընտրում են օգտվել բոլորին հեշտ հասանելի համացանցից։ «Մենք միշտ ջանում ենք հիշեցնել, որ համացանցում թվային ամեն բան անցողիկ է, մնայուն չէ։ Եթե ցանկանում ես պատմության մեջ մի բան թողնել, պետք է նախընտրես թերթի մեջ ճերմակի վրա սևով տպագրել, որ ապագայում մնայուն լինի»,- ասում է Արի Հատտեճյանը՝ հույս հայտնելով, որ վաղ թե ուշ համայնքում կլինեն ձեռք մեկնողներ, որպեսզի լրագրողական ու գրական հարուստ ավանդույթներ ունեցող «Մարմարա»-ն կարողանա շարունակել իր ճանապարհը։
Ստամբուլի հայկական «Ժամանակ», «Մարմարա» և «Ակոս» պարբերականները դարձել են Թուրքիայում հայկական լրագրության «վերջին մոհիկանները»
1996 թվականին Ստամբուլում հիմնադրված «Ակոս» պարբերականի գործունեությունը կարելի է բաժանել երկու մասի՝ մինչև թերթի հիմնադիր Հրանտ Դինքի ողբերգական սպանությունը և դրանից հետո։ Հիմնելով երկլեզու՝ հայերեն ու թուրքերեն պարբերական՝ Դինքը նպատակ ուներ խոսելու տարիներ շարունակ մոռացության մատնված պոլսահայ համայնքի խնդիրների մասին, մոտեցնելու Հայաստանի և Թուրքիայի օտարված հասարակություններին ու նպաստելու երկու երկրների միջև երկխոսությանը։ «Հրանտը շատ էր ցանկանում, որ Թուրքիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերություններ հաստատվեն։ Թուրքիայում ազգայնականները թշնամաբար են տրամադրված Հայաստանի հանդեպ, հերքում են այն, ինչ այս հողերում իրականացվել է հայ ժողովրդի դեմ։ Հրանտը ցանկանում էր, որ Թուրքիայում ժողովուրդը հասկանա, թե պատմության ընթացքում ինչեր են տեղի ունեցել հայ ժողովրդի հետ, և թե ինչպես է հայկական ժառանգությունը մաքրվել այս հողերի պատմությունից»,- ասում է «Ակոս»-ի ներկայիս գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանը։ Թերթը հրատարակելով նաև թուրքերեն՝ Դինքը նպատակ ուներ լսելի դառնալու նաև թուրքական հասարակության շրջանում։ Բացի այդ՝ նա գիտեր, որ Թուրքիայում կան հայեր, ովքեր ստիպված են եղել թուրքական կրթություն ստանալ ու չգիտեն հայերեն գրել կամ կարդալ, իսկ «Ակոս»-ի թուրքերեն հրատարակումը կօգներ լսելի դառնալ նաև նրանց։
Դինքի նպատակները, սակայն, այդպես էլ ամբողջությամբ կյանքի չկոչվեցին։ Ավելին, երկրում մեծ թափ հավաքող ազգայնականության մթնոլորտում նրա հնչեցրած մտքերն ու գաղափարները նրան թիրախ դարձրին։ 2007 թվականի հունվարին հենց «Ակոս»-ի խմբագրության դիմաց Դինքը դավադրաբար սպանվեց թիկունքից արձակված կրակոցների հետևանքով։ Նրա մահով, սակայն, նրա ձայնը չլռեցվեց։ Ավելին, «Ակոս»-ը դարձավ ավելի ազդեցիկ հարթակ, իսկ Դինքի գաղափարները արձագանք գտան ավելի լայն շրջանակներում։
«Հրանտի սպանությունից հետո «Ակոս»-ը թևակոխեց նոր փուլ։ Մեր ամենամեծ գործն այսօր նրա գաղափարներին հետևելն է, ինչպես նաև նրա սպանության համար արդարության հասնելը։ Այսօր «Ակոս»-ը կարևոր դեր ունի ոչ միայն պոլսահայ համայնքում, այլև Հայաստանում ու հայկական սփյուռքում»,- ասում է Տանձիկյանը։
Մինչև 2500 տպաքանակով լույս տեսնող շաբաթաթերթի 16 էջերից 12-ը թուրքերեն են, 4-ը՝ հայերեն։ Տանձիկյանը ևս նկատում է, որ թերթ հիմնականում ընթերցում են ավագ սերնդի ներկայացուցիչները։ «Երիտասարդներն այլևս թերթ չեն գնում, լուրերի մեծ մասը կարդում են առցանց։ Բացի այդ՝ թեպետ Պոլսում կան հայկական դպրոցներ և երիտասարդների մեծ մասը զավակներին հենց հայկական դպրոց է ուղարկում, սակայն դրանից հետո կապը հայերենի հետ կտրվում է։ Եթե առօրյա կյանքում հայերենը բացակայում է, փողոցներում ոչ մի հայերեն բառ չկա, չկան հայերեն հեռուստաալիքներ, ռադիո և այլն, ապա նման պայմաններում դժվար է հայերենը պահպանել»,- ասում է Տանձիկյանը։
Ինչպես «Ժամանակ»-ն ու «Մարմարա»-ն, «Ակոս»-ը ևս ունի իր կայքը։ Խմբագիրը նշում է, որ ընթերցողների շրջանում հատկապես մեծ հետաքրքրություն են վայելում ժամանակակից Թուրքիայի տարածքում պատմական հայկական բնակավայրերի ու այնտեղից եկած հայերի մասին պատմող նյութերը։ «Իհարկե, պակաս պահանջարկ չունեն նաև համայնքում առկա մերօրյա խնդիրների և մարտահրավերների մասին նյութերը»,- ասում է Տանձիկյանը։
Երկու երկրների հարաբերությունների կարգավորման տեսանկյունից նա այլևս իրատեսական չի համարում, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ արձանագրելով. «Շատ ենք հեռացել պատմության հետ առերեսումից»։ Այդուհանդերձ, Տանձիկյանը համարում է, որ հայ-թուրքական երկխոսությունն անհրաժեշտ է։ «Կուզենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսություն լինի։ Ամեն անգամ Թուրքիայի և Հունաստանի օրինակն եմ բերում։ Նրանց միջև էլ խնդիրներ կան, սակայն սահմանը բաց է, երկու կողմում դեսպաններ կան։ Այո, կարող են խնդիրներ լինել Հայաստանի և Թուրքիայի միջև, բայց սահմանը պետք է բաց լինի»,- ասում է «Ակոս»-ի գլխավոր խմբագիրը։
Խոր արմատներ ունեցող արևմտահայ հրատարակչական ավանդույթը Թուրքիայում պահպանելու նպատակով 1993 թվականին Ստամբուլում հիմնադրվեց «Արաս» հրատարակչությունը՝ դառնալով «պատուհան դեպի հայալեզու գրականություն»։
«31 տարիների ընթացքում «Արաս»-ը հրատարակել է ավելի քան 320 գիրք։ Սա նշանակում է՝ տարեկան միջին հաշվով 10 գիրք, որոնցից գրեթե մեկ երրորդը հայերեն են»,- ասում է «Արաս» խմբագրության աշխատակից Վահագն Քեշիշյանը։ Նրա խոսքով՝ «Արաս»-ի գործունեության կարևոր առաքելություններից է հայկական մշակութային արժեքների փոխանցումը հաջորդ սերունդներին։
«Արաս»-ում այսօր կարելի է գտնել տարբեր ժանրերի գրքեր՝ հուշագրություններից մինչև ակադեմիական բովանդակությամբ աշխատություններ։ Հատկապես մեծ տեղ են զբաղեցնում պոլսահայ գրականության, հայոց պատմության մասին գրքերը։ «Թուրքերեն հրատարակված գեղարվեստական գրքերի շարքում մեծ տեղ են գրավում թարգմանությունները թե՛ հայերենից, թե՛ օտարալեզու հայ հեղինակների գործերից։ «Արաս»-ը նաև կարևորում է պոլսահայ դպրոցահասակ ընթերցողներին նյութերով ապահովելու գործը, որի շրջանակներում սերտ համագործակցում ենք ուսուցիչների ու դպրոցների հետ։ Կարևոր է նշել նաև մեր մանկական ու պատանեկան հրատարակությունները, որոնց բուն ընթերցողները Պոլսի 16 հայկական վարժարանների աշակերտներն են»,- նշում է Քեշիշյանը։
Նա ընդգծում է, որ «Արաս»-ի գրքերն իրենց տեղն են գտնում ոչ միայն պոլսահայերի տներում կամ հայ գրականությամբ և պատմությամբ հետաքրքրված թուրքերի շրջանում, այլև հայկական սփյուռքի տարբեր գաղթօջախներում։