Կինոռեժիսոր և սցենարիստ Ալեքսանդր Փեյնի Sideways ֆիլմից «Եթե էլի ինչ-որ մեկդ Merlot պատվիրի, ես գնում եմ» հայտնի արտահայտությունը և դրան հաջորդող՝ Pinot Noir գինու ոգեղեն գովեստը, ասում են, հեղափոխեցին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գինեգործության ոլորտը։ Ֆիլմի թողարկումից հետո Merlot-ի վաճառքը նվազեց 2%-ով, իսկ Pinot Noir-ինը բարձրացավ 16%-ով:
Ֆիլմը 2005 թվականին մեծ հաջողություն ունեցավ՝ հավակնելով «Օսկար»-ի հինգ անվանակարգում՝ ներառյալ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր», և «Օսկար»-ի արժանացավ «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում։
Եվ մինչ միջազգային կինոհանրությունն այն սիրում է իր թեմատիկ բազմազանության համար, մեզ՝ հայերիս համար ֆիլմն առավել հիշարժան է դառնում հայկական դետալների և հարսանիքի տեսարանի շնորհիվ։
Նույնիսկ երկու տասնամյակ անց հայ հեռուստադիտողին շարունակում է տպավորել և հուզել հայկական միջավայր ստանալու՝ ռեժիսորի մանրակրկիտ աշխատանքը. հարսնացուի հայրական տան խոհանոցում կախված Արարատ լեռան նկարն ու ազգային մի շարք խորհրդանիշներ, ինչպիսիք են՝ հախճապակե նուռը, հայոց այբուբենը, հյուրասենյակը զարդարող հայկական կտավներն ու, ի վերջո, հայկական եկեղեցում հարսանեկան արարողության ժամանակ հնչող հայերեն աղոթքը:
Փեյնը ծագումով երկրորդ սերնդի հույն ամերիկացի է, ով ծնվել է ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգում։ Սթենֆորդի համալսարանն ավարտելուց հետո նա կինոռեժիսուրայի ոլորտում մագիստրոսի աստիճան է ստանում Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանից։ Փեյնի ֆիլմերը լի են անսպասելի շրջադարձերով և սուր երգիծանքով են ներկայացնում ժամանակակից ամերիկյան հասարակությունը։
Իր կարիերայի ընթացքում նա նկարահանել է ութ գեղարվեստական ֆիլմ, որոնք ընդհանուր առմամբ նոմինացվել են «Օսկար»-ի 24 անվանակարգում։ Նրա ֆիլմերից չորսը հավակնել են «Լավագույն ֆիլմ» մրցանակին, իսկ ինքն անձամբ երեք անգամ նոմինացվել է որպես տարվա «Լավագույն ռեժիսոր» և երկու «Օսկար»-ի արժանացել «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում, ընդ որում, մեկը հենց Sideways-ի համար։ Իսկ անցյալ տարի նրա The Holdovers ֆիլմն «Օսկար»-ի ոսկե արձանիկին արժանացրեց Դավայն Ջոյ Ռենդոլֆին՝ որպես «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»։
«Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի (GAIFF) ժամանակ Փեյնը գլխավորեց «Միջազգային մրցույթ»-ի ժյուրիի կազմը։ Նա նաև պարգևատրվեց «Փարաջանովյան թալեր» մրցանակով համաշխարհային կինոյում ունեցած ակնառու ավանդի համար։ Փառատոնի շրջանակներում Փեյնը ոգեշնչող ելույթներ ունեցավ ԹՈՒՄՈ-ում և ՀԲԸՄ Հայաստանում:
AGBU Magazine-ին տված բացառիկ հարցազրույցում ռեժիսորը խոսեց կինոփառատոնների նշանակության, ինչպես նաև «Ոսկե ծիրան»-ի դերի և դրա հեռանկարների մասին ինչպես հայկական կինոարտադրության ոլորտում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս։
Հ. Պրն. Փեյն, անչափ շնորհակալ եմ մեզ ժամանակ տրամադրելու համար։ Նախևառաջ կցանկանայի լսել առհասարակ կինոփառատոնների վերաբերյալ Ձեր կարծիքը։ Ի՞նչ առավելություններ կարող է քաղել դրանից այն երկիրը, որտեղ կազմակերպվում է կինոփառատոնը։
Պ. Կարծում եմ՝ կինոփառատոնը նույնքան կարևոր է համայնքի կամ ազգի մշակութային կյանքի համար, որքան սիմֆոնիկ նվագախումբը, թանգարանը կամ բալետը: Կինոռեժիսորները ֆիլմեր են նկարում, բայց դրանցից շատերը կոմերցիոն տարածում չեն գտնում։ Հետևաբար, էլ որտե՞ղ պետք է մարդիկ տեսնեն այդ ֆիլմերը, եթե ոչ կինոփառատոններում: Կինոփառատոն ունենալը հատկապես կարևոր է Հայաստանի նման փոքր երկրի համար, որը մեծ կինոարդյունաբերություն չունի։ Եվ առավել կարևոր է դրա շրջանակներում հայկական ֆիլմեր ցուցադրելը։ Ֆիլմերում մարդիկ կարող են իրենք իրենց տեսնել, և կարծում եմ, որ դա հզոր գործիք է ազգային ինքնություն կերտելու համար: Այն շահավետ է թե՛ կինոգործիչների, թե՛ հանրության համար. սա մշակութային տեսանկյունից։
Կարծում եմ՝ կինոփառատոնը նույնքան կարևոր է համայնքի կամ ազգի մշակութային կյանքի համար, որքան սիմֆոնիկ նվագախումբը, թանգարանը կամ բալետը
Կա նաև դրա տնտեսական կողմը, որով, անկեղծ ասած, ես այնքան էլ հետաքրքրված չեմ, սակայն, ամեն դեպքում պետք է նշել, որ, երբ կինոփառատոնը սկսում է հանրաճանաչ դառնալ, այդ օրերին ավելանում է հյուրանոցների ամրագրումների, մեքենաների վարձույթի ու ռեստորաններ այցելությունների քանակը: Դա կարծես մի հսկայական համաժողով լինի, որի ընդլայնումը ավելի ու ավելի շատ օգուտներ է բերում հյուրընկալ երկրին։
Հ. Դուք եղել եք բազմաթիվ կինոփառատոններում և առաջին անգամ եք Հայաստանում: Ի՞նչ տպավորություններ ունեք «Ոսկե ծիրան»-ից:
Պ. Այն, ինչ պետք է ասեմ, մի փոքր մակերեսային է, քանի որ ընդամենը վեց օր է, ինչ այստեղ եմ։ Ուստի չեմ կարող շատ խորը տեսակետ հայտնել։ Ինչպես ասում ենք անգլերենում՝ «մեքենայի շարժիչը դեռ չեմ ուսումնասիրել»։ Բայց այստեղ ինձ գրավեց կինոյի հանդեպ խանդավառությունն ու փառատոնի՝ մանրամասն մշակված ծրագիրը։ Բոլոր անվանակարգերը հստակ են, ինչպես օրինակ «Միջազգային»-ը, որի մի մասն էի կազմում ես, կամ «Տարածաշրջանային»-ը, որտեղ ցուցադրվում և գնահատանքի են արժանանում տարածաշրջանային ֆիլմերը: Նույնը վերաբերում է վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերին:
Կարող եմ նաև սա ասել. սովորաբար կինոն որևէ երկրում սկսում է ծաղկել կամ պոռթկում ապրել, երբ խոսելու կամ պատմությունը ներկայացնելու պատմական անհրաժեշտություն է առաջանում։ Օրինակ՝ Ռումինիայում դա եղավ մոտավորապես 2005-2006 թվականներին: Հայաստանում դեռ մեկ ֆիլմ եմ հասցրել դիտել՝ «1489»-ը, և այդ ֆիլմում զգացվում է խոսելու այս անհրաժեշտությունը: Ռեժիսորը ֆիլմեր նկարելու ծրագրեր չուներ, բայց երբ եղբայրը պատերազմում անհետացավ, նա իրեն պարտավորված զգաց։ Սերելով արվեստագետների ընտանիքից՝ նա վերցրեց իր iPhone-ը և ստեղծեց հզոր ֆիլմ:
Հետևաբար, այստեղ էլ ես խոսելու այդ պատմական անհրաժեշտությունը տեսնում եմ, և բնավ պարտադիր չէ, որ դա ցեղասպանության մասին լինի։ Հայերը պատմելու շատ պատմություններ ունեն։ Ինչպես հրեաները, ում պատմությունն ավելին է, քան Հոլոքոստը, այնպես էլ հայկական ինքնությունն ավելին է, քան ցեղասպանությունը: Դա հարուստ պատմություն և ժառանգություն ունեցող մշակույթ է: Հայերը կարող են ցանկացած ֆիլմ նկարահանել, այդ թվում՝ կատակերգություն՝ հաշվի առնելով, որ պատմական տրավմայից դուրս ուսումնասիրելու շատ ուրիշ թեմաներ էլ կան:
Բայց խոսքը միայն հայկական պատմությունների մասին չէ, այլ նաև՝ անհատական, ինչպես նաև դրանք նկարելու և տարածելու համար անհրաժեշտ ռեսուրսների։ Արվեստագետներն իրենք էլ ունեն իրենց պատմություններն ու դրանք պատմելու անհրաժեշտություն։ Շատ երկրներում տեղի է ունենում հետևյալը. անհատները սկսում են ֆիլմեր նկարահանել և, ի վերջո, նրանցից մեկին հաջողվում է մի բան ստեղծել, որը միջազգային ճանաչման է արժանանում: Այս հաջողությունը տարածվում է ամբողջ երկրի վրա և խթան հանդիսանում նաև այլ կինոգործիչների համար, և նրանք փոքր կինոարդյունաբերություն ունեցող երկրում սկսում են տեսանելիություն ձեռք բերել։
Հ. Ձեր ֆիլմերը հաճախ անդրադառնում են մարդկային տարբեր իրավիճակների և ինքնության շերտերի: Արդյոք հունական արմատներով ԱՄՆ-ի քաղաքացի լինելու հանգամանքը դեր ունի՞ նման թեմաների ընտրության մեջ։
Պ. Միգուցե։ Իրականում, ավելի շատ կուզեի մտածել, որ անկախ նրանից, թե որ երկրում կամ մարմնում հոգիս վայրէջք կկատարեր, միևնույն է, ես հետաքրքիր կինոռեժիսոր կդառնայի։ Մենք իսկապես չենք կարող վերահսկել, թե որտեղ է հայտնվում մեր հոգին: Իմ դեպքում, որպես հույն ամերիկացի, ես ինձ զգում եմ հայերի նման: Միգուցե այդ կապն այնքան ուժեղ չէ, որքան հայերի մոտ, սակայն հույներն էլ են ամուր կառչում իրենց արմատներից։ Այն, ինչ կատարվում է մեզ հետ ոչ միայն հունական արմատների շարունակությունն է, այլ նաև հունաամերիկյան ինքնության ձևավորումը։ Նույնը վերաբերում է, օրինակ, Լոս Անջելեսի և նմանօրինակ վայրերում ապաստանած հայերին. նրանք հայ են, բայց Լոս Անջելեսի հայ են, նույնիսկ չգիտեմ, թե դա ինչ է նշանակում, բայց դա ինքնությունների խառնուրդ է:
Եվ քանի որ և՛ հույների, և՛ հայերի արտագաղթի պատմությունը դեպի Ամերիկա այդքան էլ հին չէ՝ 100 կամ 110 տարվա պատմություն ունի, մենք դեռևս մասնակից-դիտորդի կարգավիճակում ենք։ Մենք լիովին ինտեգրված ենք ամերիկյան հասարակությանը, ներգրավված ենք հասարակական կյանքին և վայելում ենք դրա բարիքները, սակայն նաև դիտորդի դերում ենք։ Երբ տուն ենք գնում, այնտեղ ամեն բան այլ է։ Նույնիսկ հիմա, որպես երկրորդ սերնդի ամերիկացի, ես հաճախ հարցնում եմ՝ «այսինչը հու՞յն է, թե՞ ամերիկացի»։ Համոզված եմ, որ հայերն էլ են դա անում։ Սա նոր երկրում ապրելու ընթացքում մշակութային ինքնությունը պահպանելու փորձի մի մասն է:
Հ. Եվ այնուամենայնիվ, Sideways-ում Դուք նախընտրեցիք ներկայացնել հայկական ընտանիք՝ հունականի փոխարեն։ Եվ դա արեցիք ամենայն մանրակրկտությամբ, հատկապես տան կահավորանքով ամերիկահայկական մթնոլորտ ստեղծելու միջոցով ու հայկական հարսանիքով: Ինչպե՞ս ընդունեցիք այդ որոշումը։
Պ. Sideways-ի սյուժեն զարգանում էր Լոս Անջելեսում, և այնտեղ հարսանիքի տեսարան կար։ Ես չէի ուզում, որ ֆիլմը միայն ամերիկացիների մասին լիներ: Մտածեցի, որ կարելի է հարսնացուին էթնիկ պատկանելություն տալ։ Նիա Վարդալոսի «Իմ մեծ հունական հարսանիք» ֆիլմը նոր էր դուրս եկել, ես էլ մտածեցի, որ մարդիկ այդ ֆիլմով արդեն հույների մասին գիտեն, ուրեմն թող լինեն հայերը։
Ինչ վերաբերում է մանրամասներին, դա իմ աշխատանքի մի մասն է: Օրինակ՝ The Holdovers-ում ես պետք է 1970 թվականի դպրոցի տեսարան ստանայի, ուստի իմ առջև առաջադրանք էի դրել ամենայն ճշգրտությամբ վերստեղծել այդ ժամանակաշրջանը: Ամեն ինչ մանրամասներից է կախված: Իմիջայլոց, ես ուրախ եմ, որ տվեցիք այդ հարցը, քանի որ ռեժիսորի համար լավագույն գնահատականն այն է, երբ փորձում ես ամենայն մանրամասնությամբ ստանալ այդ տեսարանը, և այդ մշակույթին պատկանող հանդիսատեսը նայում և ասում է «Օ՜, ինչ ճիշտ են ստացել միջավայրը»։ Հետևաբար, շնորհակալություն հարցի համար։
Հ. Երախտապարտ ենք Ձեզ համաշխարհային լսարանին հայկական մշակույթից տարրեր ներկայացնելու համար: Շարունակելով այս թեման՝ կցանկանայի խոսենք կինոհանձնաժողովների մասին։ Հայաստանը վերջին տարիներին քննարկում էր կինոհանձնաժողով հիմնելու գաղափարը՝ երկիրը համաշխարհային կինոարտադրության համար գրավիչ նկարահանման հրապարակ դարձնելու նպատակով։ Ի՞նչ կարծիք ունեք կինոհանձնաժողովների վերաբերյալ։
Պ. Բազմաթիվ երկրներ բավականին մեծ օգուտներ են քաղել կինոհանձնաժողովներից, որոնք հեշտացնում են արտասահմանյան կինոարտադրությունների աշխատանքը՝ առաջարկելով նկարահանումներ անցկացնել իրենց երկրում, նույնիսկ եթե ըստ ֆիլմի սյուժեի իրադարձություններն այդ երկրում չեն ծավալվում։
Հայաստանին այս առումով հավանաբար դեռ պակասում է հմուտ տեխնիկական անձնակազմ ունենալը: Գեղեցիկ լանդշաֆտներ, մատչելի հյուրանոցներ և վարձու մեքենաներ առաջարկելը մի բան է, բայց եթե աշխատանքն իրականացնելու համար կինոարտադրողն իր հետ պետք է բերի տեխնիկական մի ողջ անձնակազմ, դա արդեն խանգարող հանգամանք է։
Այնուամենայնիվ, այս գործընթացը բարելավվում է ժամանակի ընթացքում։ Յուրաքանչյուր կինոարտադրություն, որ կգա այստեղ, կվարձի տեղացիներին և կվերապատրաստի նրանց՝ որպես փորձառու տեխնիկական անձնակազմի և աստիճանաբար կզարգացնի տեղի ներուժը, որը երկիրը կինոարտադրողների համար կդարձնի գրավիչ, քանի որ արդեն հաջորդ անգամ, երբ նոր կինոարտադրություն գա, դուք կունենաք ավելի փորձառու անձնակազմ, օրինակ՝ նկարահանման բաժնում և այլն:
Դա ավելի արդյունավետ դարձնելու համար հայկական կինոհանձնաժողովը ոչ միայն ֆինանսական խթաններ պետք է առաջարկի, այլ նաև փորձի ռեալիզացնել տեղի ներուժը՝ օգնելով կինոարտադրությանը վարձել տեղացիներին և կրճատել տեխնիկական անձնակազմ բերելու և նրանց կացարանի և սննդի ծախսերը հոգալու խնդիրը։
Դրա համար անհրաժեշտ է նաև համագործակցել կառավարության հետ և գտնել այնպիսի մեկին, ով կկիսի ձեր տեսլականը և պատրաստ կլինի երկարաժամկետ, օրինակ՝ հինգ տարի, գործարկել պլանն ու չափել դրա տնտեսական ազդեցությունը։ Բնականաբար, կլինի դիմադրություն, ոմանք կասեն՝ «Ինչո՞ւ պետք է աջակցենք հենց կինոարտադրությանը», բայց առանց որևէ աջակցության ոլորտը չի կարող ռեալիզացնել իր ներուժը։
Ֆիլմ նկարահանելու վայրերից խոսելիս պետք է նշեմ օդանավակայանի այդ հին խորհրդային շինությունը, որը տեսնում ես ինքնաթիռից իջնելիս։ Հայկական կինոյի հանձնաժողովն այն անպայման պետք է ներառի վայրեր առաջարկելու ֆոտոշարքում։ Դա ֆիլմի չարագործների համար կատարյալ թաքստոց կարող է լինել: Տեսարանը ֆանտաստիկ էր արևի լույսի ու ամպերի ներքո։
Հ. Ի՞նչ խորհուրդ կտաք Հայաստանի խոստումնալից կինոգործիչներին։
Պ. Հիանալի կլինի, եթե նրանք կարողանան ուղիներ գտնել և մեկնել արտասահման՝ վերապատրաստվելու, քանի որ հետո կկարողանան այդ հմտությունները բերել հայրենիք։ Դա շատ տարածված տարբերակ է, և վստահ եմ, որ ոմանք դա արդեն անում են։ Օրինակ՝ «ԹՈՒՄՈ»-ի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի դուստրը սովորում է NYU Film School-ում։ Նա այս ամառ վերադարձավ պրակտիկա անցնելու փառատոնի ժամանակ և երեխաների հետ սեմինար վարեց «ԹՈՒՄՈ»-ում, որը մի անհավանական վայր է: Աշխարհի տարբեր քաղաքներում «ԹՈՒՄՈ»-ի մասնաճյուղեր բացելը կարող է կամուրջներ ստեղծել և խրախուսել հայ ուսանողներին սովորել արտասահմանում:
Ուսումից բացի՝ կինոարտադրողները պետք է դիտեն որակյալ ֆիլմեր, կարդան գրքեր և ճանապարհորդեն աշխարհի շուրջ: Միայն ֆիլմ ուսումնասիրելը բավական չէ։ Նրանք պետք է կյանքի փորձ ձեռք բերեն, զգան, թե ինչ է սերը, ատելությունը, ագահությունը և մշակութային մտածելակերպ զարգացնեն: Ինչպես ասացի «ԹՈՒՄՈ»-ում, ցանկացած հիմար մեկ շաբաթում կարող է սովորել ֆիլմ նկարել։ Բայց հետո կյանքի մնացած մասն անցկացնում ենք մտածելով, թե ինչ նկարել: Ո՞րն է պատմությունը: Ովքե՞ր են հերոսները: Դա է ամենակարևորը։
Եվ, ի վերջո, երիտասարդ կինոգործիչները պետք է հիշեն, որ ցանկացած ֆիլմ սկսում է սցենարից, քանի որ դրա միջոցով ես պատկերացնում տեսարաններն ու կերպարներին։ Սցենարն, ըստ էության, այդ երևակայական գործընթացի արձանագրումն է: Մինչ ընթերցողին այն հանձնելը, պետք է համոզված լինես, որ այն լավ է գրված, հակիրճ է ու համապատասխանում է սցենարի ճիշտ կառուցվածքին: Մի մոռացեք, որ միակ «Օսկար»-ը, որին արժանացավ Citizen Kane-ը, սցենարի համար էր: