Հրանտ Դինքի «Սաբիհա Խաթունի գաղտնիքը» հոդվածի շուրջ ԶԼՄ-ների բուռն արձագանքն ու դրան հաջորդած ողբերգական իրադարձությունները խոսուն ապացույց են, թե լրատվամիջոցներն ինչպես կարող են ատելության խոսք տարածել հանրության շրջանում և հանգեցնել հանցագործության իրականացման։
Սաբիհա Գյոքչենը Թուրքիայի ազգային խորհրդանիշն է և աշխարհում առաջին կին օդաչուն, ում լուսանկարները, ինչպես Մուստաֆա Քեմալ Աթաթուրքինը, հեղեղում են Ստամբուլի ամեն հնարավոր անկյուն: 1913 թվականին ծնված Գյոքչենին Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքը որդեգրում և աստիճանաբար դարձնում է ժամանակակից Թուրքիայի կնոջ էտալոնը:
Մեծ աղմուկ բարձրացրած հոդվա-ծում Դինքը ներկայացնում էր ծնունդով Գազիանթեփից Հռիփսիմե Սեբիլջյանի այն պնդումը, որ Գյոքչենն իրականում որբանոցից որդեգրված հայուհի էր և, որ առավել կարևոր է, հենց իր՝ Սեբիլջյանի մորաքույրը։

Երբ երկրի ամենավաճառվող թերթե-րից մեկը՝ Hürriyet-ը, անդրադարձավ հոդ- վածին ու Սեբիլջյանի պնդմանը, թուրք հանրությունն ու կառավարությունը ցասման մեջ ընկան: Թեև Դինքը Գյոքչենի հասցեին վարկաբեկիչ ոչինչ չէր գրել՝ ԶԼՄ-ները նրան դարձրին ատելության թիրախ՝ կայծակի արագությամբ տարածելով, թե Դինքն իբրև գրել է՝ «թուրքերի արյունը թունավոր է»։ Հաջորդիվ նրան դատապարտեցին հանրահայտ 301-րդ հոդվածով «թրքությունը վարկաբեկելու» համար։
Այս աստիճանական թունավորումն իր վերջնական «պտուղները» տվեց երեք տարի անց, երբ ծայրահեղ ազգայնականները Դինքին սպանեցին հենց «Ակոս»-ի շենքի դիմաց՝ հագուրդ տալով իրենց հայատյացության ծարավին։
Դինքի մահը, սակայն, անսպասելիորեն շրջադարձային եղավ։ Այն ոչ միայն միավորեց նրա հայ ու օտարազգի, նույնիսկ թուրք աջակիցներին, այլև առաջին անգամ Թուրքիայի ուշադրությունը սևեռեց ատելության խոսքի վրա։ Իսկ «Հրանտ Դինք հիմնադրամ»-ը, որ ստեղծվեց նրա մահից անմիջապես հետո՝ «շարունա-կելու Հրանտի երազանքները, Հրանտի պայքարը, Հրանտի լեզուն և Հրանտի սիրտը», դարձավ այն առաջամարտիկը, որ պայքար սկսեց Թուրքիայում ատե- լության խոսքի դեմ։
2009 թվականին ՀԴՀ-ն գործարկեց «Լրատվամիջոցներում ատելության խոսքի մշտադիտարկում» ծրագիրը, որի նպատակն էր պայքարել ազգային, կրոնական և էթնիկ ինքնությունների հանդեպ բևեռացման, խտրականության և ռասիզմի դեմ։ Արդեն 16 տարի է՝ այն վերահսկում է Թուրքիայի լրատվական դաշտը և այս տարիների ընթացքում հավաքագրել է բավականին մեծ քանակությամբ տվյալներ:
Խոսուն տվյալներ
Լրատվական դաշտում իրականացված երկարաժամկետ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Թուրքիայի ազգային թերթերի (ամբողջ հանրապետությունում տարածվող) 49%-ը և տեղական թերթերի (հանրապետության միայն մեկ շրջանում տարածվող) 51%-ը պարբերաբար ատելության խոսք են տարածում։ Նմանատիպ բովանդակություն հիմնականում հանդիպում է սյունակներում ու նորությունների բաժնում: Տեղական մակարդակում ատելության խոսք տարածվում է առավելապես Բուրսայում և Կոնիայում:
Փաստացի, Դինքի դեմ ամենաճնշող առցանց հարձակումներից մեկը նույնպես Բուրսայից էր: Իր «Ինչու՞ էին ինձ թիրախավորել» հոդվածում Դինքը գրել էր. «Այստեղ պետք է նշեմ, որ Բուրսայից ուղարկված նամակներից մեկն ինձ լրջորեն մտահոգեց, և ես այն ընկալեցի որպես իրական սպառնալիք։ Չնայած նամակը ներկայացրել եմ Շիշլիի շրջանային դատախազին՝ մինչ օրս բացարձակապես ոչ մի գործողություն չի ձեռնարկվել»:
ՀԴՀ-ի ծրագրերի տնօրեն Նայաթ Կարակյոսեն կարծում է, որ տեղական թերթերը, թեև ավելի քիչ քանակությամբ են սպառվում, բայց ավելի էական ազդեցություն ունեն որոշակի տարածքում կամ թաղամասում մարդկանց ընկալումների ձևավորման վրա: Հետևաբար, այս թերթերին հատուկ ուշադրություն դարձնելը շատ կարևոր է, հատկապես, երբ դրանք դեռ ավելի բացահայտ են գործածում ատելության խոսք՝ ի հակադրություն ազգային լրատվամիջոցների։

Թեև տարիների ընթացքում ԶԼՄ-ներում ատելության խոսքի և խտրականության ենթարկված թիրախային խմբերն աճել են՝ 10-ից հասնելով 80-ի և ավելիի՝ հայերը, քրիստոնյաները, հույները, սիրիացիները, Կիպրոսի հույները և հրեաները շարունակում են մնալ Թուրքիայի անփոփոխ, անցանկալի «ուրիշները» և դեռևս ամենաշատն են ենթարկվում ատելության խոսքի:
Զեկույցում նշվում է, որ կախված քաղաքական իրադարձություններից, ընտրություններից կամ շրջադարձերից՝ լրատվամիջոցները ողողվում են թշնամական վերնագրերով, արտահայտություններով և լուսանկարներով, որոնք ընդհանրացվում են ողջ համայնքի վրա: «Հրեաները կրկին հարձակվել են Գազայի վրա», «Սիրիացիները սովոր են հանցագործություններ կատարել», «Հունական վայրագություն» կամ «Դավաճան հայեր» վերնագրեր օգտագործելով՝ թուրքական լրատվամիջոցները ատելության խոսք են տարածում չափազանցությունների, աղավաղումների և ուղղակի վիրավորանքի միջոցով:
Կարակյոսեն պարզաբանում է, որ հայերի դեպքում թիրախները հիմնականում սփյուռքահայերն են և Հայաստանի Հանրապետությունը, այլ ոչ տեղի հայ համայնքը։ «Սակայն, միևնույն է, դա ազդում է այստեղ ապրող հայերի վրա: Դու դրա մի մասն ես։ Եվ այդ դիսկուրսը այստեղի հայ փոքրամասնության նկատմամբ ձևավորում է խտրական ընկալումներ, կարծրատիպեր և նախապաշարմունք: Եթե դրսի հայերը դիտվում են որպես «թշնամի», ապա տեղացիները դառնում են «ներքին թշնամի»՝ քեզ այս երկրում վերածելով «անցանկալի ուրիշ»-ի»:
Դինքի դաժան սպանությունը պետք է հիշեցում լինի, թե որքան ազդեցիկ են խոսքերն ու որքան անդառնալի կարող են լինել դրանց հետևանքները։ Եվ ՀԴՀ-ն հանձնառություն ունի պայքարելու դրա դեմ այնքան ժամանակ, քանի դեռ գործունեություն է ծավալում
Ճիշտ է, հայերին հիմնականում թիրախավորում են իսլամիստական-պահպանողական կամ ազգայնական-պահպանողական թերթերը, սակայն, երբ խոսքը վերաբերում է պատերազմին, դրանց միանում են նաև մյուս թերթերը: 2016 և 2020 թվականների արցախյան երկու պատերազմներում էլ հայերը ներկայացվում էին որպես անջատողականներ և ադրբեջանական հողի վրա ապօրինի հաստատված ժողովուրդ, իսկ ադրբեջանցիները՝ որպես նահատակներ, ովքեր կռվում էին իրենց հայրենիքի համար։ Նման ձևակերպումները, միանշանակ, բացասական վերաբերմունք են ձևավորում տեղի հայ համայնքի նկատմամբ։
Ինչ վերաբերում է Ցեղասպանության շարունակական ժխտմանը, այս թեմայով նույնիսկ ակադեմիկոսներն են հոդվածաշարեր հրապարակում, որտեղ հայերին ներկայացնում են իբրև պատմություն կեղծողների և ներքին հակառակորդների:
Համատարած ազդեցություն
«Լրատվամիջոցներում ատելության խոսքի մշտադիտարկում» ծրագիրը, բացի մոնիթորինգ իրականացնելուց, մեծ դեր ունի նաև ատելության խոսքի դեմ պայքարը հանրային օրակարգ բերելու գործում: Ինչպես բացատրում է Կարակյոսեն, Թուրքիայում ատելության խոսքի դեմ օրենքներ մտցնելու համար ՀԴՀ-ն որևէ պայքար չի մղում, քանի որ նմանօրինակ օրենքները Թուրքիայի պես երկրներում կարող են գործել խոսքի ազատության դեմ. օրինակ՝ կառավարության դեմ ցանկացած առողջ քննադատություն կարող է որակվել որպես ատելության խոսք։ «Հետևաբար, ՀԴՀ-ն ավելի շատ աշխատում է իրազեկության և կառուցվածքային փոփոխությունների խթանման ուղղությամբ», ասում է Կարակյոսեն։
2015 թվականին հիմնադրամը ստեղծեց «Դիսկուրսի, երկխոսության, ժողովրդավարության ԱՍՈՒԼԻՍ լաբորատորիա»-ն, որը հատուկ ուսումնական պլանի և մոդելի միջոցով օգնում է պայքարել խտրականության դեմ։

Թուրքիայում իր տեսակով առաջին հասարակական լաբորատորիան աստիճանաբար ճանաչում և դրական համբավ է ձեռք բերում երկրի երիտասարդության շրջանում։ Արդյունքում, բազմաթիվ ուսանողներ դիմում են ՀԴՀ-ին հենց ատելության խոսքի դեմ պայքարի ծրագրում պրակտիկա անցնելու համար։ Ավարտական թեզերի և այս թեմայով այլ աշխատանքների թիվը նույնպես տարեցտարի աճում է։ Ինչպես նշում է «Ատելության խոսքի դեմ ծրագրի» համակարգող Էլիֆ Էրոլը, ձեռք բերված գիտելիքը բազմապատկվելու և տարածվելու հակում ունի, քանի որ տեղեկատվության կրողներն սկսում են այն կիսել իրենց ծնողների, քույր-եղբայրների, ընկերների ու հարազատների հետ և ընդլայնում դրա դեմ պայքարի սոցիալական շրջանակը։
Վերջին դրական զարգացումներից մեկը Ստամբուլի և շրջանային քաղաքապետարանների ու համայնքապետարանների հետ համագործակցությունն է, մասնավորապես փախստականների հետ աշխատող անձնակազմի վերապատրաստումը, որին մասնակցել է շուրջ 90000 քաղծառայող։ Սա այն բազմաթիվ օրինակներից է, թե ինչպես է հիմնադրամն իր հավաքագրած տվյալներով փորձում խնդիրներին տալ գործնական և ռազմավարական լուծումներ։
Ցավալի է, բայց, չնայած բազմաթիվ ջանքերին, լրատվամիջոցներում ատելության խոսքը ոչ թե նվազել, այլ ավելացել է։ Սակայն փոխվել է ատելության խոսք կիրառելու դինամիկան։ Այժմ բազմահազարանոց ընթերցողներ ունեցող ազգային թերթերի շապիկներին գրեթե չեն հանդիպում ատելության խոսք ներառող վերնագրեր։ «Եվ որքան նկատում եմ, երբ որևէ մեկը Twitter-ում [այժմ՝ X] գործածում է ատելության խոսք, մեկնաբանությունների բաժնում միշտ հայտնվում է մեկ այլ օգտատեր, ով բարձրաձայնում է այս հարցն ու նշում, որ այդպես խոսել չի կարելի։ Նախկինում նման օրինակների գրեթե չէինք հանդիպում։ Հիմա դրանք ամենուր են։ Տեսնում եմ, որ հասարակության որոշ շերտեր արդեն իրազեկված են, թե ինչ է ատելության խոսքը»,- նշում է Կարակյոսեն։
Ինչ վերաբերում է նրան, թե ատելության խոսքի դրսևորումներից քանիսն են հետագայում վերածվում իրական խտրականության, ոտնձգությունների կամ հանցագործությունների, ՀԴՀ-ն տվյալներ չունի: Նմանօրինակ դեպքեր հաճախ քննարկվում են «Ակոս»-ի էջերում:
«Այնուհանդերձ, Դինքի դաժան սպանությունը պետք է հիշեցում լինի, թե որքան ազդեցիկ են խոսքերն ու որքան անդառնալի կարող են լինել դրանց հե-տևանքները։ Եվ ՀԴՀ-ն հանձնառություն ունի պայքարելու դրա դեմ այնքան ժամանակ, քանի դեռ գործունեություն է ծավալում»,- ասում է Կարակյոսեն։