2024 թվականի նոյեմբերի 12-ին ՀԲԸՄ նորանշանակ նախագահ Սեմ Սիմոնյանն ավարտեց իր իննօրյա ճանաչողական այցը դեպի Հարավային Ամերիկայի խոշոր քաղաքներ՝ վերահաստատելով ՀԲԸՄ համաշխարհային ցանցի ներսում մշակութային, կրթական և սոցիալական զարգացման նախաձեռնությունները խթանելու՝ կազմակերպության առաքելությունը։ Սա ՀԲԸՄ աշխարհասփյուռ մասնաճյուղեր այցելելու՝ նախագահի մեկամյա շրջագայության առաջին քայլն էր։
Այցեր կատարվեցին դեպի Բուենոս Այրես, Մոնտեվիդեո և Սան Պաուլո, որոնց ընթացքում Սիմոնյանը, իր ղեկավարած պատվիրակության ուղեկցությամբ, հանդիպումներ ունեցավ համայնքային և պետական առաջնորդների հետ։ Պատվիրակության կազմում էին Սիլվա Սիմոնյանը, ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի նոր կազմի անդամ Էլի Աքիլյանը, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Լենա Սարգիսյանը, ՀԲԸՄ Ռազմավարական խորհրդատվական խորհրդի անդամ Սևան Սիմոնյանը և ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժներ (ԵԱ) ծրագրի ղեկավար Քրիստինա Լալաման։
Նախքան ուղևորությունը սկսելը, Սիմոնյանը նշել էր. «Շարունակելով ՀԲԸՄ ղեկավարության լավագույն ավանդույթները՝ ես անհամբերությամբ սպասում եմ ՀԲԸՄ համայնքների հետ անձնական կապերի հաստատմանը՝ նրանց ձայնին ականջալուր լինելու, նրանցից սովորելու և նրանց իրենց իսկ միջավայրում ճանաչելու համար։ Դա կօգնի ինձ ավելի լավ ծանոթանալ այս տարածաշրջանի հնարավորություններին կամ դրա առջև ծառացած մարտահրավերներին։ Ես նաև ցանկանում եմ տեղացի առաջնորդներին հավաստիացնել, որ ՀԲԸՄ գլոբալ ղեկավարությունը իրենց կողքին է, ընդ որում, ոչ միայն իրենց նպատակներին հասնելու գործում, այլև մեր կազմակերպության համաշխարհային ռազմավարական տեսլականը իրականացնելու ճանապարհին։ Հիմա ավելի լայնածավալ շարժումներին և նշանակալի հասարակական միտումներին հարմարվելու, ինչպես նաև ՀԲԸՄ առաջնահերթություններն ըստ այդմ վերասահմանելու ճիշտ ժամանակն է»։
Այց Արգենտինա
Բուենոս Այրեսում Սիմոնյանը հյուրընկալվեց Արգենտինայի պետական պաշտոնյաների և հայ համայնքի անդամների կողմից և վերահաստատեց տեղական մշակութային ծրագրերի, հայկական դպրոցների և երիտասարդության ներգրավման միջոցառումների կարևորությունը։ Նա նաև համայնքին իր երախտագիտությունը հայտնեց տոկունության, նվիրումի և հայկական ինքնությունը պահպանելու համար։
Ուղևորությունը երջանիկ պատահականությամբ համընկավ ՀԲԸՄ «Մարի Մանուկյան ինստիտուտ»-ի (ՄՄԻ) 50-ամյա հոբելյանի հետ՝ պատվիրակությանը հնարավորություն տալով մասնակցելու դպրոցի տոնակատարություններին։ Թիմին բախտ վիճակվեց հանդիպելու Բուենոս Այրեսի քաղաքապետ Խորխե Մակրիին, որը ելույթ ունեցավ տոնախմբության ժամանակ։ Իր շնորհավորական խոսքում Մակրին նշեց. «Դուք՝ հայերդ, հաճախ շնորհակալություն եք հայտնում Արգենտինային՝ ձեր նախնիներին հյուրընկալելու, նրանց ինտեգրելու, ձեր ժողովրդին գրկաբաց ընդունելու համար։ Սակայն ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հայերին այն Արգենտինայի համար, որն ունենք այսօր»։
Արգենտինայում գտնվելիս օրակարգը հագեցած էր Բուենոս Այրեսի մասնաճյուղի կոմիտեի և ՄՄԻ բարձրաստիճան անդամների հետ հանդիպումներով, որոնց ընթացքում քննարկվեցին ուսումնական ծրագրերը և կրթության բնագավառում տեղի ունեցած նոր զարգացումները։
Կրթության մասնագետ և ՀԲԸՄ Կրթության բաժնի՝ Կենտրոնական վարչությունը ներկայացնող խորհրդատու Սարգիսյանը հանդիպեց ՄՄԻ ավագ դպրոցի տնօրեն Մարկո Մարտինին, մանկապարտեզի և տարրական դպրոցի տնօրեն Անա Սալգադոյին և ռեկտոր Խուան Բալյանին, ինչպես նաև ուսուցչական կազմին և դպրոցի խորհրդի ուսումնական կոմիտեի անդամներին։
Սարգիսյանը հաջորդիվ հայտնեց, որ քննարկումները շատ արդյունավետ էին։ «Դպրոցը մատնանշեց երեք առաջնահերթություն, որոնք, ի գոհունակություն մեզ, ակտիվորեն առաջ են մղվում։ Նախ, ՄՄԻ-ն պատրաստվում է ուսանողների շրջանում բարելավել անգլերենի իմացությունը։ Նրանք նաև ընդունում են, որ հարկավոր է դպրոցի ուսումնական ծրագրում առավելագույնի հասցնել նորարարությունների և տեխնոլոգիաների ինտեգրումը։ Ինչ վերաբերում է սաների թվին, ապա ցանկալի է ուսանողների թիվը հասցնել 100-ի», - նշեց Սարգիսյանը՝ ավելացնելով, որ ինքը ՄՄԻ ղեկավարներին հայտնել է, որ Կենտրոնական վարչությունը ՀԲԸՄ կրթական հաստատություններից յուրաքանչյուրը ձգտում է հասցնել այնպիսի ստանդարտների, որոնք կապահովեն ֆինանսական կայունությունն ու ուսանողների հաջող առաջադիմությունը, ինչպես նաև կամրապնդեն համայնքի ներգրավվածությունն ու ներդրումը այդ գործում։
Սիմոնյանը նաև մասնակցեց ՄՄԻ անգլերենի, հայերենի և համակարգչային ծրագրավորման դասերին՝ շփվելով ուսանողների հետ։ Մշակույթի գծով՝ նա և իր թիմը ներկա գտնվեցին ՄՄԻ շրջանավարտներից մեկի արվեստի գործերի ցուցադրությանը, որը կազմակերպվել էր դպրոցում։
Բուենոս Այրես այցի ընթացքում Սիմոնյանը և իր թիմը շփվեցին սկաուտական և մարզական խմբերի հայ երիտասարդների (նա միացավ ընթացող ֆուտբոլային խաղին), ինչպես նաև ուսանողների և երիտասարդ արհեստավարժների հետ։
Նրանք ՀԲԸՄ Բուենոս Այրեսի կենտրոնում հանդիպում ունեցան «Երիտասարդական լիգա»-ի (Liga de Jóvenes), ԵԱ Բուենոս Այրեսի և «Անդրանիկ» սկաուտական ճամբարի ներկայացուցիչների հետ, որին հաջորդեց հանդիպումը ՀԲԸՄ Բուենոս Այրեսի գրասենյակի գործադիր խորհրդի և կոմիտեների հետ՝ նախագահ Անտոնիո Սարաֆյանի ղեկավարությամբ։ Այնուհետև, նրանց մատուցվեց ավանդական հայկական ընթրիք՝ Villa Crespo թաղամասի ճանաչված Restaurant AGBU-ում. շահույթ չհետապնդող 47-ամյա ձեռնարկատիրություն, որը հովանավորել է ՄՄԻ ղեկավարության ամենամյա այցը Հայաստան և հավասարապես սիրված վայր է ինչպես հիմնական հովանավորների, այնպես էլ զբոսաշրջիկների համար։
ՀԲԸՄ Բուենոս Այրեսի գրասենյակում անցկացվող մրցանակաբաշխությանը մասնակցելուց և ՀԲԸՄ առաջնորդների, մանկավարժների և ծրագրի մասնակիցների հետ հանդիպումից զատ՝ Սիմոնյանը շփվեց բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հայ և արգենտինացի հանրային ներկայացուցիչների հետ։ Նրանց թվում էին արգենտինահայ բիզնես-մագնատ և բարերար Էդուարդո Էռնեկյանը և նրա զարմիկներ Մարտինն ու Հյուգոն, ինչպես նաև հայկական այլ կազմակերպությունների՝ «Թեքեյան մշակութային միության», Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու և «Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատություններ»-ի (IARA) ներկայացուցիչների հետ։ Հանդիպումներ եղան նաև դիվանագետ-պաշտոնյաների, ինչպես օրինակ՝ Արգենտինայում ԱՄՆ դեսպան Մարկ Սթենլիի և Արգենտինայում Հայաստանի դեսպան Հովհաննես Վիրաբյանի, ինչպես նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ, որը այցով նույնպես գտնվում էր Արգենտինայում։
ՀԲԸՄ Կորդոբայի մասնաճյուղի ներկայացուցիչներն ու ղեկավարները՝ քարտուղար Կլաուդիա Թորկոմյանի գլխավորությամբ, ինչպես նաև Երիտասարդական լիգայի և վերջերս մեկնարկած Երիտասարդ արհեստավարժների խմբի անդամները, երկար ճանապարհ էին կտրել երկրի ներսում՝ Սիմոնյանին Արգենտինայում անձամբ ողջունելու և երիտասարդության զարգացման և տարածաշրջանի հայ երիտասարդության հետ կապ հաստատելու մասին իրենց գաղափարները ներկայացնելու համար։
Այց Ուրուգվայ
Մոնտեվիդեոյում ՀԲԸՄ-ն շրջայց կատարեց ՀԲԸՄ Ուրուգվայի կենտրոնում և Ուրուգվայի հանրակրթության պետական վարչության (ANEP) հետ աշխատանքային քննարկում ունեցավ։ Սիմոնյանը, Սարգիսյանը և Աքիլյանը AGBU-ANEP համատեղ ծրագրերը քննարկեցին ANEP-ի լեզվական քաղաքականության հարցերով տնօրեն Ալդո Ռոդրիգեսի հետ։ Ռոդրիգեսը պատվիրակությանը ներկայացրեց այս և քննարկման ժամանակ ներկայացված այլ նախաձեռնություններ։ ՀԲԸՄ Մոնտեվիդեոյի գրասենյակը դիտարկում է նաև դրանք իրականացնելու համար անհրաժեշտ և առկա ռեսուրսները վերակազմակերպելու և դրանց արդյունավետությունն առավելագույնի հասցնելու ուղիները։
Ուրուգվայի հայերը հայտնի են երկրի կրթական համակարգում ունեցած մեծ ազդեցությամբ՝ նախևառաջ ՀԲԸՄ Ուրուգվայի գրասենյակի ջանքերի շնորհիվ։ Այս պահի դրությամբ երկրի կառավարությունը հայերենը ներառել է համապետական ուսումնական ծրագրում և մշակել է «Լույս և Արմեն» խորագրով գրքերի շարք՝ հայերենը որպես օտար լեզու դասավանդելու համար։
Հաջորդ օրը նրանք հանդիպեցին Խոսե Գյոզուկարայանի նախագահությամբ գործող ՀԲԸՄ Ուրուգվայի կոմիտեի հետ, որից հետո այցելեցին Ուրուգվայում Հայաստանի դեսպան Մարիամ Գևորգյանին։
Այց Բրազիլիա
Սուրբ Գևորգ Մայր Տաճարում Բրազիլիայի Հայոց Թեմի առաջնորդ եպիսկոպոս Նարեկ Բերբերյանի հետ հանդիպումից և հայկական դպրոց այցից հետո Սիմոնյանը և իր թիմը ճաշեցին ՀԲԸՄ Բրազիլիայի մասնաճյուղի խորհրդի անդամների և Հայաստանի շախմատի երիտասարդական հավաքականի հետ, որը քաղաք էր ժամանել FIDE-ի Շախմատի երիտասարդական առաջնությանը մասնակցելու համար։ Սիմոնյանի պատվին մասնաճյուղը ընթրիք մատուցեց, որին մասնակցեցին Բրազիլիայի ՀԲԸՄ բոլոր կոմիտեների և հայկական այլ կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Բրազիլիայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը և Սան Պաուլո նահանգի գիտության, տեխնոլոգիաների և նորարարության հարցերով քարտուղար Վահան Հակոբյանը։ Վերջին օրը պատվիրակությունը այցելեց ՀԲԸՄ մասնաճյուղ՝ ՀԲԸՄ Սան Պաուլոյի գրասենյակի ղեկավար Ավետիս Մարկոսյանի և ՀԲԸՄ կոմիտեի անդամների հետ ապագա հնարավորությունների շուրջ զրուցելու նպատակով։
Հարավամերիկյան շրջագայության ողջ ընթացքում Սիմոնյանը իր գոհունակությունն էր հայտնում տարածաշրջանի հայ համայնքներին՝ անվերապահ աջակցության համար։ Նա նաև քաջալերեց, որպեսզի հայկական նախաձեռնությունների առավել ընդգրկուն իրագործման համար համագործակցությունը կայուն շարունակություն ունենա և ընդգծեց նորարարության և տեխնոլոգիաների դերը ողջ աշխարհում հայանպաստ առաքելությունների իրագործման գործում։ Նա իր մտորումները ներկայացրեց STEAM կրթության և թվային արվեստներին ուղղված ՀԲԸՄ ծրագրերի մասին՝ շեշտելով այն, թե նորարար հարթակների միավորումը որքան կարևոր է աշխարհի տարբեր ծագերում ապրող հայ երիտասարդությանը միավորելու և, դրանով իսկ, ընդհանուր մշակութային ինքնությունը խթանելու համար։
Տպավորություններ և երախտագիտության խոսք
Միացյալ Նահանգներ վերադառնալուն պես Սիմոնյանը հանդես եկավ երախտագիտության խոսքով։ «Լատինական Ամերիկայի հայ համայնք առաջին այցը դրական անդրադարձավ աշխարհասփյուռ հայկական համայնքներին հզորացնելու գործում ՀԲԸՄ-ի վաղեմի հանձնառության վրա։ Մեր շրջագայության ընթացքում ցուցաբերված խանդավառությունը, աշխուժությունը, հոգատարությունն ու տաղանդը պարզորոշ ցույց են տալիս, թե ինչի կարելի է հասնել, երբ լավ գաղափարները առաջ են մղվում պայծառ մտքի տեր և ապագայի հանդեպ ընդհանուր տեսլականով համակված մարդկանց կողմից։ Խոսքեր չեմ գտնում յուրաքանչյուրին արժանվույնս շնորհակալություն հայտնելու համար՝ ցուցաբերած ջերմության, հյուրընկալության և բարի կամեցողության համար։ Մենք բարձր ենք գնահատում այդ ամենը և ապագայում ակնկալում ենք տեսնել ակտիվ ներգրավվածություն, համա-գործակցություն և անձնական այնպիսի արդյունավետ շփում, ինչպիսին սա էր»։