Թուրքիայի հայ համայնքը, որը ժամանակին Օսմանյան կայսրության բազմամշակութային հասարակության աշխույժ և անբաժան մասն էր, այժմ պայքարում է անորոշության դեմ: Համայնքի ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 50,000 բնակիչ, ապրում է Ստամբուլում, մի փոքր մասն էլ՝ գավառներում։ Այսօր այս ուրույն համայնքը կանգնած է ինքնությունը պահպանելու և չձուլվելու լուրջ խնդրի առջև հատկապես, երբ գոյատևում է պատմական հակասություններով, քաղաքական զգայունությամբ և սոցիալ-տնտեսական ճնշումներով լի հասարակության մեջ՝ որպես փոքրամասնություն:
Թուրքական պետությունը շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը՝ իրադարձությունները դասակարգելով որպես ավելի լայն պատերազմական գործողությունների մաս՝ չնայած առկա պատմական ապացույցներին և բազմաթիվ երկրների կողմից Ցեղասպանության ճանաչմանը։ Ժխտողական քաղաքականությունը միայն խորացնում է Թուրքիայի և Հայաստանի միջև լարվածությունը, իսկ Թուրքիայի հայ համայնքին հաճախ պատկերում որպես այդ երկրի անցանկալի և ոչ լիարժեք քաղաքացիների՝ նրանց դնելով ձուլման կամ արտագաղթի երկընտրանքի առջև:
Համայնքի կողմից Ցեղասպանության բացահայտ քննարկումը կամ ճանաչման կոչը կարող է հանգեցնել ծայրահեղ դրսևորումների, ընդհուպ մինչև սոցիալական մերժման կամ իրավական տույժերի՝ հաշվի առնելով, որ երկրի իրավական դաշտում քրեականացվում է «թրքությունը վարկաբեկելը»: Սրա հետևանքով քաղաքացիների շրջանում գերակշռում է ինքնագրաքննությունն ու անցյալին զգուշավոր մոտենալու միտումը, ինչը նշանակում է, որ Թուրքիայի հայ համայնքը սեփական երկրում բացահայտ սգալու, նախնիներին հարգանքի տուրք մատուցելու կամ նրանց համար պատմական արդարության ձգտելու իրավունք չունի։
Հարուստ ինքնությունը՝ ստվերում
Թուրքիայում հայկական ինքնությունը պահպանելը հեշտ գործ չէ, և Հայ Առաքելական Եկեղեցու դերն այս առումով առանցքային է։ Այն շարունակում է մնալ համայնքի հիմնասյունը, իսկ Պոլսո Հայոց պատրիարքարանը ապահովում է համայնքի հոգևոր և մշակութային կյանքը։ Այդուհանդերձ, երբեմնի ծաղկուն հայկական դպրոցները, եկեղեցիները և մշակութային կենտրոններն այժմ մնացել են ստվերում՝ առերեսված մի շարք մարտահրավերների։
Ստամբուլի հայկական դպրոցների դրությունն այնքան էլ խոստումնալից չէ՝ հաշվի առնելով ֆինանսական սղությունը, հաճախելիության նվազումն ու կառավարության կողմից սահմանված սահմանափակումները: Պոլսահայ երեխաների գրեթե կեսը հաճախում է թուրքական հանրակրթարաններ, որտեղ, ցավոք, կանգնում է գերիշխող մշակույթին ձուլվելու խնդրի առջև՝ խորացնելով էթնիկ ինքնության քայքայումը: Հատկապես թուրքական ազգայնականության պայմաններում հայոց լեզվի և պատմության ուսուցումը դարձել է դժվարին խնդիր։
Թուրքիայի հայկական թերթերը՝ «Ակոս»-ը, «Ժամանակ»-ը և «Մարմարա»-ն, շարունակում են մնալ այն հիմնական հարթակները, որտեղ բարձրաձայնվում են համայնքի խնդիրները։ Սակայն պետք չէ մոռանալ, որ Թուրքիայի նման երկրներում փոքրամասնություններին պատկանող մամուլը գործում է լուրջ ճնշումների ներքո՝ մշտական գրաքննություն անցնելու պայմաններում։ Դրան գումարվում է նաև ընթերցողների թվի նվազումը։ 2007 թվականին «Ակոս»-ի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունն ընդգծեց այն ռիսկերը, որոնց բախվում են հայ լրագրողներն ու ակտիվիստները, երբ փորձում են խնդիրներ բարձրաձայնել գործող կարգերի դեմ։
Փոքրամասնության կարգավիճակ
Քաղաքական առումով հայերը Թուրքիայում հետին պլանում են։ Չնայած նրան, որ բնիկ ժողովուրդ են՝ մուսուլման չլինելու պատճառով պետության կողմից ընկալվում են որպես փոքրամասնություն: Այս կարգավիճակը ստացել են 1923 թվականի Լոզանի պայմանագրով՝ հույների և հրեաների հետ դառնալով երկրի երեք պաշտոնական փոքրամասնություններից մեկը, բայց նույնիսկ դրա շրջանակներում հաճախ խախտվում են նրանց իրավունքները։ Պետությունը վերահսկում է հայկական բոլոր հաստատությունները, ընդհուպ մինչև միջամտում Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններին։ Սա խաթարում է համայնքի ինքնավարությունն ու ազատ գործելու իրավասությունը:
Հողային վեճերը ևս տարաձայնության պատճառ են: Հայերին պատկանող գույքի մեծ մասը, ներառյալ՝ եկեղեցիները, դպրոցները և գերեզմանատները, բռնագրավվել են հանրապետական շրջանում և մնում են պետության կամ անհատների ձեռքերում: Չնայած վերջին տարիներին որոշ ջանքեր գործադրվեցին դրանք վերադարձնելու ուղղությամբ, բայց էական արդյունքների չհանգեցրին։
Հակահայկական շարժումներ
Թուրքիայում և դրա սահմաններից դուրս հայերի համար մեկ այլ սպառնալիք է թուրքական Bozkurtçular կազմակերպությունը՝ հայտնի «Գորշ գայլեր» անվամբ: Ոգեշնչված պանթյուրքիզմից և ուլտրաազգայնական գաղափարներից՝ նրանք 1960-ականների վերջին ի հայտ եկան որպես «Ազգայնական շարժում» ծայրահեղ աջական կուսակցության կիսառազմական թև և զգալի պատասխանատվություն են կրում 1970-ականներին ձախերի, փոքրամասնությունների և թուրքական ազգայնականության ենթադրյալ թշնամիների դեմ իրականացված քաղաքական բռնությունների համար:
Այսօր «Գորշ գայլեր»-ը շարունակում է վտանգ ներկայացնել հայերի համար, մասնավորապես՝ բռնի հռետորաբանության, հայկական համայնքների վրա հարձակումների և Արցախյան 44-օրյա պատերազմում և այլ հակամարտություններում ներգրավվելու և Ադրբեջանին սատարելու միջոցով։ Նույն թվականին Լիոնում նրանք եղծեցին Հայոց ցեղասպանության հուշարձանը՝ վրան թողնելով «Գորշ գայլ» անունը, մի շարք կարգախոսներ և Էրդողանի անվան ու ազգանվան սկզբնատառերը։ Արդյունքում, Ֆրանսիան արգելեց խմբավորման գործունեությունը՝ որակելով այն ծայրահեղական։ Ավստրիան և Գերմանիան նույնպես քայլեր ձեռնարկեցին՝ սահմանափակելու դրա գործունեությունը։
Այնուամենայնիվ, թեև թուրքական կառավարությունը հերքում է, որ խմբի հետ որևէ առնչություն ունի, վերջինս շարունակում է ազդեցիկ դեր խաղալ ազգայնական քաղաքականության մեջ և գործել հարաբերական անպատժելիությամբ:
Թուրքական ու հայկական պետությունների կողմից պատմության խնդրին տրվելիք լուծումը չի կարող նշանակել, որ լուծման են հասել թուրքերն ու հայերը
Սոցիալական առումով Թուրքիայի հայերը շարունակում են գոյատևել նախապաշարմունքով և խտրականությամբ լի միջավայրում։ Հայերի դեմ ատելության խոսքը ինչպես քաղաքական դիսկուրսի, այնպես էլ լրատվամիջոցների անբաժան մասն է: Հայերին դեռ բնութագրում են «գյավուր» (անհավատ) և այլ նվաստացուցիչ բառերով՝ շարունակելով խորացնել կարծրատիպերն ու օտարացումը:
Տնտեսական առումով հայկական համայնքը բազմաշերտ է. որոշ անդամներ հաջողություններ են գրանցում բիզնեսում և արվեստում, մինչդեռ մի մասը շարունակում է առաջ գնալու պայքար մղել սահմանափակ հնարավորությունների պատճառով։ Սակայն նույնիսկ բարեկեցիկ կյանքով ապրող հայերը հաճախ բախվում են թաքնված խտրականության։ Օրինակ՝ էթնիկ ծագման պատճառով որոշ պաշտոնների դիմելիս անտեսվում են։
Չնայած մարտահրավերներին՝ մշակութային իրադարձությունները, ինչպիսիք են՝ հայկական ֆիլմերի փառատոններն ու ցուցահանդեսները, հնարավորություն են ստեղծում կամրջելու այս անջրպետը և ցուցադրելու Թուրքիայի հայերի հարուստ ժառանգությունը: Ի լրումն, այս ուրույն համայնքի երիտասարդ սերունդն ավելի ու ավելի է բարձրաձայնում իր ինքնության և իրավունքների մասին: Ակտիվիստները միջազգային հարթակների միջոցով բարձրացնում են իրենց պայքարի վերաբերյալ իրազեկվածությունը, որպեսզի հասնեն ավելի լայն շրջանակների և վերահաստատեն հավասարություն:
Սակայն փաստ է, որ Թուրքիայում հայ փոքրամասնության ապագան անորոշ է: Մինչ համայնքի մի մասը համակեցությունն ու միասին առաջ գնալը հնարավոր է համարում, մյուս մասը բռնում է արտագաղթի ուղին, որպեսզի գտնի ավելի անվտանգ միջավայր ու հավասարության մթնոլորտ։ Մեծ ներուժով անհատների արտագաղթը Թուրքիայում հայկական մշակույթի և հաստատությունների պահպանման համար լուրջ վտանգ է:
Այնտեղ հայ համայնքի համար խնդրի էությունը պարզ է. ինչպես պահպանել իրենց ինքնությունը և պաշտպանել իրավունքները մի հասարակությունում, որտեղ իրենց անցյալը մերժված է, իսկ ներկան մազե կամրջի վրայով քայլքի է նման։ Թերևս խնդիրը կլուծվի միայն Թուրքիայի հայերի տոկունության և թուրք հասարակության և պետության պատրաստակամության դեպքում՝ առերեսվելու պատմությանը, ընդունելու բազմազանությունը և խթանելու իրական հավասարության և ինտեգրման միջավայրը:
Լուսահոգի Հրանտ Դինքի՝ 2005 թվականի խոսքերով՝ «Պատմության շուրջ բանավեճը հայ-թուրքական հարաբերություններում համարվում է ամենամեծ խոչընդոտն ու, կարծես, այս պահի դրությամբ, անհավանական է, որ մոտ ապագայում երկու երկրներն այս խնդրի շուրջ կհասնեն փոխզիջման… Ուստի, թուրքական ու հայկական պետությունների կողմից պատմության խնդրին տրվելիք լուծումը չի կարող նշանակել, որ լուծման են հասել թուրքերն ու հայերը: Վերջին հաշվով, նույնիսկ եթե պետություններին հաջողվի պատմության շուրջ քաղաքական փոխզիջման հասնել, երկու ժողովուրդների միջև փոխզիջման հնարավոր չէ հասնել զուտ քաղաքական որոշումներով. անհրաժեշտ են բարոյական ու էթիկական հարաբերություններ, որոնք հնարավոր կլինի զարգացնել միայն ժամանակի ընթացքում»:
Ճնշման ռազմավարություն
Ցեղասպանությունից հետո Թուրքիայում մնացած հայերն ահռելի ճնշումների են ենթարկվել։ 1923 թվականին ստեղծված թուրքական նոր հանրապետությունը շարունակեց թրքացման քաղաքականությունը՝ թիրախավորելով էթնիկ փոքրամասնություններին և նրանց դրդելով ձուլման կամ մեկուսացման: Լքյալ գույքի բռնագրավումը խրախուսող և նմանօրինակ օրենքները հայերին զրկեցին տներից, եկեղեցիներից և բիզնեսից, իսկ 1934 թվականին ընդունված Ազգանվան մասին օրենքն արգելեց օգտագործել հայկական իան, եան, յան վերջավորությունները և պարտադրեց ընդունել թուրքերեն հնչող ազգանուններ (օրինակ՝ օղլու արմատով, որը նշանակում է որդի)՝ ջնջելով հայկական ինքնության տեսանելի նշանները:
Գոյատևելու մարտավարություն
Խոհեմությունն է այն կարևոր հատկանիշը, որն օգնում է նուրբ հավասարակշռություն պահել թուրքական քաղաքացիության և հայկական ինքնության միջև: Բազմաթիվ հայեր խուսափում են բարձրաձայնել իրենց հայկական արմատների մասին հատկապես՝ գյուղական համայնքներում, որտեղ նախապաշարմունքի ու կարծրատիպերի առկայությունն ավելի ընդգծված է։ Երեխաներին թուրքական կամ մուսուլմանական հնչողությամբ անուններով կնքելը սովորական բնույթ է կրում, քանի որ այդպես խուսափում են անցանկալի ուշադրությունից։
Տնտեսության մեջ Թուրքիայի հայերը հաճախ զբաղվում են բիզնեսով, արվեստով կամ ընտրում այնպիսի մասնագիտություններ, որոնց համար էթնիկ ծագումն այնքան էլ էական չէ։ Այս ոլորտներում հաջողություն գրանցելով՝ նրանք օգուտ են տալիս հասարակությանը՝ միաժամանակ խուսափելով համակարգային խտրականության ենթարկվելու անմիջական առճակատումից:
Ոմանց համար էլ գոյատևման մարտավարության ձև է դարձել շահերի պաշտպանությունը, օրինակ՝ փոքրամասնությունների իրավունքների և Ցեղասպանության ճանաչման համար պայքարելը: Այդուհանդերձ, այս ջատագովները գիտակցում են, որ դրանց բարձրաձայնումը զգալի ռիսկեր է ենթադրում, այդ թվում՝ իրավական խնդիրներ, ֆիզիկական սպառնալիքներ և հանրային հետապնդում:
Ի հեճուկս վերոնշյալի՝ համայնքապատկան հաստատություններն ու համայնքի ներկայացուցիչներն անխոնջ աշխատում են իրենց մշակույթը պահպանելու, երիտասարդ սերնդին կրթելու և թուրք հասարակության հետ երկխոսությունը խթանելու ուղղությամբ: Նրանց տոկունությունն է, որ մոռացության չի մատնում մի ժողովրդի հարատև ոգին, որն անսասան է մնացել իր նախնիների երկրում:
|
Ինքնության զսպաշապիկ |
|---|
| Ցեղասպանությունից ի վեր Թուրքիան պարտադրել է մի շարք օրենքներ և քաղաքականություններ, որոնք հանգեցրել են երկրում հայկական մշակութային, լեզվական և պատմական ինքնության քայքայման: Թեև այս օրենքներից մի քանիսը փոփոխվել են վերջին տարիներին, դրանք ընդհանուր առմամբ իրենց հետքը թողել են որոշ սերունդների վրա՝ ընդհատելով հայկական ինքնության ձևավորման լիակատար շղթան: |
|
Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդված
|
|
Փոքրամասնությունների գույքի բռնագրավում
|
|
Կրոնի պարտադիր դասեր հանրակրթական դպրոցներում
|
|
Հայկական ազգանունների արգելք (1934 թ. Ազգանվան մասին օրենք)
|
|
Ոչ մուսուլման փոքրամասնությունների իրավունքներն՝ ըստ Լոզանի պայմանագրի (1923 թ.)
|
|
Հայոց ցեղասպանության ժխտում
|
|
Սահմանափակումներ հայկական մամուլի համար
|
|
Լիակատար կրոնական ազատության բացակայություն
|
|
Լեզվական սահմանափակումները դպրոցներում
|
|
Պատմության դասավանդման պետական մենաշնորհ
|