Սեպտեմբեր 14, 2022
A- A+
read

Արցախի կամերային նվագախումբը պատերազմից և համավարակից հետո կրկին հյուրախաղերով հանդես եկավ Եվրոպայում

  • Նկար
    Artsakh Chamber Orchestra performing at Studio 1 Flagey in Brussels .
    Արցախի կամերային նվագախումբը ելույթ է ունենում Բրյուսելում՝ Studio 1 Flagey համերգասրահում
  • Նկար
    Solo cellist Sevak Avanesyan performing with ACO.
    Մենակատար Սևակ Ավանեսյանը ելույթ է ունենում ԱԿՆ-ի հետ միասին
  • Նկար
    The standing ovation at the end of the performance.
    Համերգի ավարտին հանդիսատեսի հոտնկայս ծափողջույնները

Սեպտեմբերի սկզբին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ հիմնադրված և հովանավորվող Արցախի կամերային նվագախմբի 22 երաժիշտ, մաեստրո Գևորգ Մուրադյանի գլխավորությամբ, հյուրախաղերով մեկնեցին Եվրոպա։ Հանդես գալով Լիոնում, Մարսելում և Բրյուսելում՝ նվագախումբը կատարեց հայ դասական և ժամանակակից կոպոզիտորների՝ Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի և այլոց գործերը՝ արժանանալով հանդիսատեսի բուռն և հոտնկայս ծափողջույններին։

Նվագախմբի շրջագայությունը առիթ էր ցույց տալու միջազգային հանրությանը, որ 2020 թ.-ի Արցախյան պատերազմից հետո արցախահայությունը ոտքի է կանգնել և պատրաստ է շարունակել պայքարել իր գոյության և իրավունքների համար։ Սակայն, շրջագայությունից ընդամենը մեկ շաբաթ անց Ադրբեջանի զինված ուժերը ռազմական ինտենսիվ գործողություններ սկսեցին այս անգամ Հայաստանի սուվերեն և միջազգայնորեն ճանաչված տարածքում՝ հրետակոծելով հայկական սահմանամերձ գյուղերն ու քաղաքները։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 13-ից ի վեր հայկական զինված ուժերն ունեն 200-ից ավել զոհ։ Մինչ օրս սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ։ 

Այս ցավալի իրողության համատեքստում Արցախի կամերային նվագախմբի ելույթն ավելի խորհրդանշական դարձավ՝ աշխարհին հիշեցնելու, որ հայի ոգին անկոտրում է։ «Պատերազմից հետո քաղաքական այս բարդ իրավիճակում մեր նպատակն է աշխարհին ապացուցել, որ արցախահայությունը տոկուն է, քաջ և մոխրից վերածնվելու ամուր կամք ունի», նշում է նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր պրն Մուրադյանը։ 

Բելգիայից թավջութակահար Սևակ Ավանեսյանը, ով նվագախմբի հետ հանդես էր գալիս Եվրոպայում որպես մենակատար, խոսեց այն մասին, թե նմանատիպ ելույթները որքան ոգեշնչող են երաժիշտների համար։ «Այն, որ երաժիշտները ցույց են տալիս իրենց տաղանդն արտասահմանում ավելի կարևոր է, քան դուք կարծում եք։ Իրենց ահռելի ներուժով նրանք երկրի սահմաններից դուրս ստանձնում են դեսպանների առաքելությունը և հանդիսատեսին փոխանցում են հայկական՝ հազարամյակների պատմություն ունեցող մշակույթը։ Ավելին, այդպես նրանք հիշեցնում են, որ այն ապրելու է՝ չնայած հետպատերազմյան սպառնալիքներին և մարտահրավերներին»։ Պրն Ավանեսյանը 2020  թ.-ի 44-օրյա պատերազմի թեժ օրերին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծումից ժամեր անց նվագեց կիսաքանդ եկեղեցու ներսում՝ սգալու տեղի ունեցող ոճրագործությունները։

Ֆրանսիայի շրջագայություն 

Բացման համերգը կայացավ Լիոնում սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը։ Համերգը հովանավորվում էր Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր նահանգի կողմից, որի ավարտից հետո նահանգի նախագահ և լիբերալ-պահպանողական կուսակցության անդամ Լորան Վոկիեսն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Խորհրդանշական ու հուսադրող է այն հանգամանքը, որ այսօր՝ Արցախի անկախության հռչակման օրը, այստեղ հյուրընկալում ենք Արցախի ազգային նվագախմբին… Այն որ Արցախի ազգային նվագախումբն այսօր երեկոյան ելույթ ունեցավ այստեղ խոսում է նրա մասին, որ Հայաստանի ձայնը և դարերի պատմություն ունեցող քաղաքակրթությունը երբեք չեն խամրի»։ 

 

ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանն իր երախտիքի խոսքը հայտնեց պրն Վոկիեսին՝ հավելելով. «Արցախի հպարտ ու տոկուն ժողովուրդը ոչ միայն ապրում է իր նախնիների հողերում, այլ նաև շարունակում է պայքարել մեր ինքնությունը, ավանդույթները, հավատն ու մշակույթը պահպանելու համար։ ՀԲԸՄ-ն հպարտ է, որ շուրջ երկու տասնամյակ կայուն աջակցություն է ցուցաբերում Արցախի կամերային նվագախմբին՝ նպատակ ունենալով խթանելու Արցախի մշակութային կյանքը»։ 

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը նույնպես ներկա էր համերգին և իր ֆրանսերեն ելույթի ժամանակ ևս մեկ անգամ բարձրաձայնեց Արցախի ժողովրդի կամքն ու սեփական հողում ապրելու ու գոյատևելու իրավունքը։

Մարսելի Սեն Վիկտորի աբբայությունում տեղի ունեցած համերգը նույնպես արժանացավ հանդիսատեսի բուռն արձագանքին ու հավանությանը։ Այն ամբողջությամբ հովանավորվել և համակարգվել էր ՀԲԸՄ Ֆրանսիայի կողմից։

Բելգիայի շրջագայություն 

Սեպտեմբերի 6-ին նվագախումբը Բրյուսելում հանդես եկավ նույն համերգացանկով ինչ Ֆրանսիայում։ Այն կազմակերպվել էր ՀԲԸՄ Ֆրանսիայի կողմից՝ Hye Doun Center-ի հետ համագործակցությամբ, և տեղի ունեցավ հայտնի Studio 1 Flagey համերգասրահում: Հանդիսատեսի արձագանքը փաստեց, որ Արցախի կամերային նվագախումբը շարունակում է մեծ համբավ վայելել միջազգային երաժշտասերների շրջանակում՝ չնայած երկու տարվա համերգային դադարին։ Համերգի ավարտին խոսքով ելույթ ունեցան ՀԲԸՄ Եվրոպայից Սելին Գուլեկջյանը և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Աննա Աղաջանյանը։ Պատվավոր հյուրերի շարքում էր ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը։ 

Նվագախմբի մասին 

Արցախի կամերային նվագախումբը ստեղծվել է 2004 թ.-ին՝ Արցախյան առաջին պատերազմից հետո՝ Արցախում վերակենդանացնելու և ապրեցնելու դասական երաժշտությունն ու ապահովելու մշակութային ժառանգության պահպանումը։ Այդ նպատակով, ՀԲԸՄ-ի նախաձեռնությամբ Գևորգ Մուրադյանը 12 երաժիշտների հետ միասին Հայաստանից տեղափոխվեց Արցախ և ստեղծեց առաջին և մինչ օրս միակ դասական ուղղվածությամբ նվագախումբը։ Իր գործունեության 18 տարիների ընթացքում նվագախումբը մեծ համբավ է վաստակել տարածաշրջանում և ողջ աշխարհում՝ համերգային շրջագայություններ կատարելով Նորվեգիայում (2012), Ռուսաստանում (2013) և Միացյալ նահանգներում (2015)։ Երաժիշտները դասավանդում են նաև նվագախմբին կից գործող երաժշտական դպրոցում, որպեսզի կրթեն նոր սերունդներ և ապահովեն նվագախմբի շարունակականությունը։ 

Արցախի կամերային նվագախմբի մասին ավելին իմանալու համար դիտե՛ք։