Հունվար 19, 2023
A- A+
read

ՀԲԸՄ-ն և Creative Armenia-ն աշխարհին իրազեկում են Արցախում ահագնացող ճգնաժամի մասին

  • Նկար
    Film poster for Invisible Republic
  • Նկար
    Invisible Republic, Still 1
  • Նկար
    Invisible Republic_Still 2
  • Նկար
    Invisible Republic, Still 3
  • Նկար
    Invisible Republic_Still 5
  • Նկար
    Invisible Republic_Still 5
  • Նկար
    Invisible Republic_Still 6

Արցախում ահագնացող մարդասիրական ճգնաժամով պայմանավորված, որը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով հանրապետությունում ապրող 120 000 հայերի կանգնեցրել է սննդի, առողջապահական և մարդասիրական օրեցոր խորացող ճգնաժամի առջև, «Չտեսնված Հանրապետություն» ֆիլմի պրոդյուսերները որոշում են կայացրել ֆիլմը թվային տարբերակով հասանելի դարձնել աշխարհի բոլոր անկյուններում: Ոգեշնչված Լիկա Զաքարյանի պատերազմական ազդեցիկ օրագրից՝ մրցանակի արժանացած վավերագրական ֆիլմն այժմ կարող եք դիտել այստեղ։

Ֆիլմի թողարկմանը զուգահեռ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) և Creative Armenia-ն մեկնարկում են իրազեկման և կրթական քարոզարշավ: Կառավարական հաստատությունների, մարդու իրավունքների պաշտպանության գործում ներգրավված կազմակերպությունների և կրթական հաստատությունների ներկայացուցիչների համար ցուցադրություններ են կազմակերպվում Լոնդոնում, Մադրիդում, Բեռլինում, Ցյուրիխում և այլ քաղաքներում: Ֆիլմի թրեյլերը կարող եք դիտել այստեղ։ 

Թվային դիտողների համար կազմակերպվում են առցանց միջոցառումներ։ Դիտե՛ք ֆիլմը, իսկ այնուհետև միացե՛ք ZOOM-ի ուղիղ եթերում տեղի ունեցող քննարկմանը հունվարի 24-ին, Արցախի ժամանակով 23:00-ին (11:00՝ Լոս Անջելես, 14:00՝ Նյու Յորք, 20:00՝ Փարիզ)՝ հանդիպելու գրող Լիկա Զաքարյանին, ռեժիսոր Կարին Հովհաննիսյանին և պրոդյուսերներ Սերժ Թանկյանին և Ալեք Մուհիբյանին։ Հարցուպատասխանը կլինի անգլերեն լեզվով՝ համաժամանակյա հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն թարգմանությամբ։ Խնդրում ենք գրանցվել այստեղ։ 

«Այս ֆիլմը միայն իմ մասին չէ»,- ասում է Լիկա Զաքարյանը, ով շրջափակման հետևանքով արդեն 38 օր է, ինչ բաժանված է իր ընտանիքից։ «Դա իմ ընտանիքի, իմ ընկերների և իմ ժողովրդի պատմությունն ու ողբերգությունն է։ Եվ ցավոք, այն չի ավարտվել։ Անհամբեր սպասում եմ ֆիլմը ձեզ հետ կիսելուն և ձեզ հետ հանդիպելուն՝ քննարկելու Արցախի պատմությունը. այն, ինչ այժմ կատարվում է այնտեղ, և ինչ կարող ենք անել հայ ժողովրդի դեմ հերթական ցեղասպանությունը կանխելու համար»։

«2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդած իրողությունների մասին ականատեսների իրական պատմությունները չափազանց կարևոր վավերագրեր են: Այսօր Արցախը շրջափակման մեջ է, որը վտանգում է նրա քաղաքացիների կյանքը: Մենք հորդորում ենք բոլոր հայերին տարածել Լիկայի պատմությունը, և այս ազդեցիկ վավերագրության միջոցով բարձրացնել հանրային իրազեկության մակարդակն այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում այսօր: Մենք չենք կարող լինել լուռ դիտորդի դերում, երբ մեր հայրենակիցներն այդքան զգում են մեր ձայնի կարիքը»,- ասաց ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Անի Մանուկյանը:  

ՀԲԸՄ-ն և Creative Armenia-ն դիմում են իրենց համայնքներին հետևյալ խնդրանքով.

  • ԴԻՏԵ՛Լ

Դիտել «Չտեսնված Հանրապետություն»-ը վիրտուալ կինոթատրոնում՝ այցելելով  այստեղ։ Անգլերեն, հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով հասանելի այս ֆիլմը ոչ միայն 2020 թվականի 44-օրյա պատերազմի դրամատիկ վավերագրություն է հենց դեպքերի կիզակետից, այլ նաև համապարփակ ու կարևոր անդրադարձ ժամանակակից պատմությանն ու ներկայիս ճգնաժամին: Վիրտուալ տոմսերի արժեքը 10 դոլար է և ողջ հասույթը կնվիրաբերվի Արցախի օգնության ֆոնդերին։ 

  • ԻՄԱՆԱ՛Լ

Արցախի մասին ավելին իմանալու համար միացե՛ք մեր օնլայն միջոցառումներին՝ լսելու Լիկայի պատմությունը և ծանոթանալու ֆիլմի հեղինակների հետ: Դրանցից առաջինը ZOOM հարթակում հարցուպատասխանն է առաջիկա երեքշաբթի օրը՝ հունվարի 24-ին (մասնակցության համար գրանցվե՛ք այստեղ): Արցախի պատմության մասին ավելի մանրամասն տեղեկությունների և օգտակար ռեսուրսների, ինչպես նաև ՀԲԸՄ Արցախի աջակցության հիմնադրամին նվիրատվություն կատարելու համար այցելե՛ք www.agbu.org/artsakh։ Հետևե՛ք «Չտեսնված Հանրապետություն» ֆիլմի (Facebook, Instagram, Twitter), ՀԲԸՄ-ի (Facebook, Instagram, Twitter) և Creative Armenia-ի (Facebook, Instagram, Twitter) սոցիալական հարթակներին։ 

  • ՏԱՐԱԾԵ՛Լ

Ուղարկե՛ք ֆիլմը նրանց, ովքեր անտեղյակ են խնդրից կամ կարող են օգտակար լինել ու բարձրաձայնել Արցախի հարցը։ Տարածե՛ք Լիկայի պատմությունը՝ սեղմելով “give as a gift”-ին այստեղ: Եթե կարծում եք, որ ֆիլմի կենդանի ցուցադրությունն ավելի օգտակար կլինի, այս հարցում դիմե՛ք մեզ՝  invisiblerepublicfilm.com կայքի միջոցով:

«Ի սկզբանե մենք այս ֆիլմը նկարել էինք աշխարհի ոչ հայ հանրությանն Արցախի և 44-օրյա պատերազմի մասին իրազեկելու նպատակով», - ասաց ֆիլմի պրոդյուսեր Դր. Էրիկ Իսրայելյանը, որը նաև ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է և Creative Armenia-ի հիմնադիր անդամ: «Բայց պատերազմի ամենամութ էջերը դեռ կարող են առջևում լինել: Մենք որոշեցինք ժամանակից շուտ ողջ աշխարհի հետ կիսել Լիկայի պատմությունը՝ հուսալով, որ այն կհասնի մարդկանց սրտերին ու կոգեշնչի այս ճգնաժամային իրավիճակում կանգնել Արցախի կողքին»:  

Ֆիլմի թողարկումից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Արցախի մարդասիրական օգնության տարբեր նախաձեռնություններին, ներառյալ՝ ՀԲԸՄ Գլոբալ աջակցության հիմնադրամին:

«Չտեսնված Հանրապետություն» ֆիլմի և Creative Armenia-ի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք էլ. նամակ գրել anush@creativearmenia.org հասցեին։

ՀԲԸՄ-ին ուղղված հարցերը կարող եք գրել info@agbu.org էլ. հասցեին։