Սեպտեմբեր 09, 2022
A- A+
read

Նորարարության ստուդիաների մեկնարկով ՀԲԸՄ-ն հայկական երանգ է հաղորդում STEAM կրթությանը

  • Նկար
    Young boy smiling at laptop screen with woman.
  • Նկար
    Young girl with black hair working on computer.
  • Նկար
    Woman with brown hair helping young girl with computer.
  • Նկար
    Young boy with brown hair typing on computer.
  • Նկար
    Young boy with brown shirt in classroom.
  • Նկար
    Young boy with black hoodie looking over paper with another man.
  • Նկար
    Young boy with short hair giving presentation.
  • Նկար
    Young boy in orange shirt holding up a camera to a project.
  • Նկար
    Two young boys in blue shirts showing project to young woman and man.
  • Նկար
    Man with beard and blue shirt helping boy with cardboard box.

STEAM կրթությունն ուղղորդում է ուսանողների ճանաչողական, երկխոսության և քննադատական մտածողության հմտություննրը՝ Գիտության, Տեխնոլոգիայի, Ճարտարապետության, Արվեստների ու Մաթեմատիկայի կիրառմամբ՝ այսպիսով փոխելով ուսումնառության ողջ համայնապատկերը: ՀԲԸՄ-ն նույնպես միանում է այս շարժմանը իր «Նորարարության ստուդիաներ» (Innovation Studios) նախաձեռնությամբ, որի նպատակն է կոտրել կարծրատիպերը, և միջին և ավագ դպրոցներում սովորող հայ երիտասարդներին հնարավորություն ընձեռել, վաղվա կարիերայի համար անհրաժեշտ «կոշտ և փափուկ հմտություններ» ձեռք բերելուն զուգահեռ, առերեսվելու և կապվելու իրենց հայկական ինքնությանը՝ այն դարձնելով կրթական գործընթացի անբաժանելի մաս:   

Մեկնարկային ձմեռ-գարուն փուլը կսկսվի փետրվարի 26-ին և կտևի 10 շաբաթ: Աշխատարանները կկազմակերպվեն յուրաքանչյուր շաբաթ օր Կալիֆորնիայի Փասադենա քաղաքի ՀԲԸՄ «Վաչե և Թամար Մանուկյան» կենտրոնում: Հանդիպումները կլինեն ինչպես առավոտյան, այնպես էլ ցերեկային ժամերին, ինչը թույլ կտա ներգրավել հնարավորինս մեծ թվով երիտասարդների՝ ուսումնասիրելու ամենատարբեր թեմաներ:

ՀԲԸՄ Արևմտյան տարածաշրջանի կրթական ծրագրերի ղեկավար Նարե Ավագյանը Նորարարության ստուդիաների տեսլականը բնութագրեց որպես յուրօրինակ մշակութային փորձառություն քաջալերելու և հայ հասարակության հետ նորարար եղանակներով շփվելու միջոց:  «Մեր նպատակն է ապահովել ստեղծարար միջավայր, որտեղ կարելի կլինի ազատորեն ուսումնասիրել իրական աշխարհին բնորոշ թեմաներ, և հաղթահարել բարդ մարտահրավերներ՝ ստեղծարար մտքի ու քննադատական մտածողության շնորհիվ: Մենք հուսով ենք, որ կկարողանանք նրանց տրամադրել անհրաշեշտ գործիքներ և ստեղծագործական հմտություններ հաղթահարելու բոլոր մարտահրավերներն իրենց կրթական կամ աշխատանքային գործունեության ճանապարհին՝ միաժամանակ հարստացնելով նրանց հայկական ինքնությունը»:

ՀԲԸՄ Նորարարության ստուդիան ապահովում է բաց գործնական աշխատանքային միջավայր, որը տարբերվում է ավանդական դասարաններին բնորոշ, հստակ կառուցվածք ունեցող ուսումնական ծրագրից, և բաղկացած է փոքր խմբերից, որոնցում յուրաքանչյուր երիտասարդ կարող է փայլատակել ինքնադրսևորման իր ճանապարհին: 3D տպիչների ու լազերային կտրիչների, գրաֆիկայի, արվեստի, երաժշտության, լուսանկարչության, տեսանկարահանման, անիմացիայի, ռոբոտաշինության և խաղերի ստեղծման տարբեր ծրագրերի հասանելիությունը, ինչպես նաև ավանդական արվեստների ու արհեստների համար անհրաժեշտ ամենատարբեր նյութերի առկայությունը, մեր միտքն ու երևակայությունը դարձնում են ավելի հնարամիտ ու յուրօրինակ:

Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում գործող NuVu նորարարության դպրոցի ստեղծարար կրթության մասնագետների հետ խորհրդակցության շնորհիվ, Նորարարության ստուդիան զարգացնում է նաև գործակցությունը, քննադատական մտածողությունը և կապերը ամենատարբեր նախասիրություններ ունեցող հասակակիցների միջև: Յուրաքանչյուր աշխատարան վարում է STEAM-ի տվյալ ոլորտի մասնագետը, որն անցել է հատուկ վերապատրաստում՝ փորձարարական ուսուցման դասընթացը վարելու վերաբերյալ: STEAM-ի ոլորտներից յուրաքանչյուրին բնորոշ են որոշակի հմտություններ: Օրինակ՝ առաջիկա ձմեռային փուլում առաջարկվում է երկու աշխատարան. կենդանի ճարտարապետություն և ինքնադրսևորում (self-illumination): Առաջինի ժամանակ մասնակիցները կբացահայտեն կոնցեպտուալ դիզայնի, կայուն համակարգերի, էսքիզավորման, ճարտարապետական դիզայնի, պարզ մեխանիզմների և մասշտաբային մոդելների կառուցման հմտություններ: Երկրորդն անդրադարձ կկատարի արտադրանքի մշակմանը, մտքերի գրավոր շարադրմանը, էսքիզավորմանը, լազերային կտրիչով աշխատանքին, 3D տպագրությանը, կոդավորմանը և էլեկտրոնային սարքերին, որոնք անհրաժեշտ գործիքակազմ են լուսավոր միջավայրում ինքնարտահայտման համար:

Ինչպես նշում է ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ և Միության կրթական ծրագրերի ղեկավար Լենա Սարգսյանը, ՀԲԸՄ Արևմտյան տարածաշրջանի համայնքային հանդիպումների ժամանակ ծնողներն ու դեռահասները մեծ հետաքրքվածություն ու խանդավառություն են ցուցաբերել այս առիթով: 

«Որպես ծնող, մեր օրերում անդադար լսում ենք ստեղծարարություն, քննադատական մտածողություն, գործակցություն բառերը: Բացի այդ, արտադպրոցական կրթական շուկան ողողված է այնպիսի հասկացություններով, ինչպիսիք են՝ համակարգչային դասընթացները, ռոբոտաշինությունը, STEM-ը և այլն: ՀԲԸՄ Նորարարության ստուդիաները համատեղում են այդ ամենը՝ ոչ միայն պարզապես հմտությունները զարգացնելու, այլև նոր մտածելակերպ ձևավորելու նպատակով: Ստուդիան մեր երիտասարդությանն օժտում է ցանկացած մարտահրավեր ընդունելու վճռականության զգացումով: ՀԲԸՄ Նորարարության ստուդիանները համադրել են տեխնոլոգիական հմտությունները զարգացնելու անհրաժեշտությունը շահառուների ստեղծարարության և ձեռներեցության հմտությունների հետ՝ այդ ամենը համեմելով հայկական բովանդակությամբ»:

Ավագյանն ընդհանուր գծերով ներկայացրեց նորարարության տիպային աշխատարանների գործունեության ներկա միտումները: Նախ, Ստուդիայի հրահանգչի ղեկավարությամբ աշխատարաններից յուրաքանչյուրի մասնակիցները ծանոթանում են իրենց տրամադրության տակ եղած թվային ծրագրերին և նյութերին: Դրանց գործունությանն ու կիրառման ձևերին ծանոթանալուց հետո յուրաքանչյուր խումբ որոշում է, թե հայկական ինչ ծրագիր կամ արտադրանք է մշակելու: Թեմաները կարող են ընդգրկել ամենատարբեր ոլորտներ. հայ ճարտարապետությունից ու բանասիրությունից մինչև հին արվեստներ, պատմական դեմքեր կամ իրադարձություններ: Կարող է ընտրվել նաև որևէ ուղերձ կամ բովանդակություն, որի մասին խումբը ցանկանում է պատմել աշխարհին ամենատարբեր եղանակներով՝ պար, արվեստ, կինո կամ գրավոր խոսք: Վերջնական արդյունքը ներկայացվում է հանրային հարթակներում, որից հետո մասնակիցները կարող են գրանցվել արդեն հաջորդ փուլին: Ամառային շրջանում Նորարարության ստուդիան կգործի երկուշաբթիից ուրբաթ՝ օրական 6 ժամ՝ մեկնարկելով նոր աշխատարան յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ: 

Ինչպես նշեց Նարե Ավագյանը, մասնակիցների խառը կազմն արտացոլելու է Մեծ Լոս Անջելեսի հայ համայնքի ժողովրդագրության բազմազանությունը: Նրանց թվում կլինեն թե Հայաստանից և Մերձավոր Արևելքից նոր ժամանած ներգաղթյալներ, թե արդեն իսկ հինգերորդ սերնդի ամերիկահայեր, որոնք բոլորը կաշխատեն միասին: Նորարարության ստուդիայի մոդելը կարող է կրկնօրինակվել ցանկացած հայ համայնքում:

«Երկարաժամկետ հեռանկարում նախատեսում ենք, որ մեր մասնակիցները կապ կհաստատեն Հայաստանում և աշխարհի այլ վայրերում ապրող իրենց հասակակիցների հետ և կներգրավվեն ստեղծարար, համագործակցային աշխատանքի մեջ: Մենք ուզում ենք, որ նրանք հավակնոտ մտածողություն ունենան: Մենք ուզում ենք, որ նրանք լինեն հայ երիտասարդ նորարարների, ստեղծարարների հաջորդ սերունդը, ընդ որում, ոչ միայն հանուն մեր համայնքի, այլ հանուն ողջ աշխարհի»: