Թվային վճարումների համաշխարհային առաջատար Visa-ն հայտարարում է She's Next, Empowered by Visa երրորդ ալիքի՝ կին ձեռներեցների համար նախատեսված բիզնես նախագծերի մրցույթի մեկնարկի մասին, որն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցությամբ եւ Հայաստանում նախաձեռնության գործառնական գործընկեր Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ:
She's Next, Empowered by Visa-ն համաշխարհային նախաձեռնություն է, որի նպատակն է աջակցել, ոգեշնչել և օգնել կին ձեռներեցներին իրենց բիզնեսները զարգացնելու եւ երկարաժամկետ հաջողության հասնելու համար։
Դրամաշնորհային մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը բաց կլինի 2026թ. հունվարի 12-ից մինչև հունվարի 30-ը։ Հրավիրում ենք Հայաստանի բոլոր մարզերի կին ձեռներեցներին՝ մասնակցելու ծրագրին և պայքարելու դրամաշնորհներ ստանալու հնարավորության համար՝ իրենց բիզնեսների հետագա զարգացման նպատակով։
«Հպարտ ենք She's Next-ի երրորդ ալիքը բերել Հայաստան՝ շարունակելով մեր առաքելությունը՝ աջակցել և փառաբանել կին ձեռներեցներին։ Visa-ում մենք համոզված ենք, որ կանանց հզորացումը բիզնեսում կարեւորագույն նշանակություն ունի տարածաշրջանում նորարարությունն ու տնտեսական աճը խթանելու համար։
«Այս նախաձեռնության միջոցով մենք ձգտում ենք տրամադրել կանանց գործնական բիզնես գիտելիքներ, նպաստել արժեքավոր կապերի ձեւավորմանը և ստեղծել հնարավորություններ՝ իրենց ձեռնարկությունները նոր մակարդակի հասցնելու համար։ Համագործակցելով մեր գործընկերների եւ ձեռներեցական համայնքի հետ մենք նպատակ ունենք ստեղծելու ավելի ներառական եւ կայուն բիզնես միջավայր, որում կանայք կարող են զարգանալ, առաջնորդել եւ կերտել լուսավոր ապագա», - ասել է Կովկասի և Մոլդովայի Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն։
Այս տարի, առաջին անգամ Հայաստանում, ծրագիրը կանցկացվի դինամիկ մրցույթի՝ Elevator Pitch-ի ձևաչափով, որն օգնում է ձեռնարկատերերին հակիրճ ներկայացնել իրենց բիզնեսը կամ գաղափարները։ Այս ձևաչափը նախագծված է օգնելու մասնակիցներին տիրապետել արդյունավետ և վստահ փիչինգի հմտությանը, որը կօգնի նրանց խթանել գաղափարները և ներգրավել գործընկերներ և ներդրումներ։
Մրցույթի յուրաքանչյուր փուլը կարգավորվում է նախապես սահմանված կանոններով, որոնք հաշվի են առնում տեղեկատվություն ընտրության չափանիշները, վերջնաժամկետներն ու բիզնես նախագծերի մրցույթին վերաբերող ընթացակարգերը։
2024թ-ին Հայաստանում մեկնարկած She's Next նախաձեռնության գլխավոր գործընկերը ՎԶԵԲ-ն է։ Նախագծի երրորդ ալիքի շրջանակներում ՎԶԵԲ-ն կանցկացնի համապարփակ ուսուցման ծրագիր ընտրված 10 լավագույն մասնակիցների համար՝ օժտելով նրանց փիչինգի, մարքեթինգի և ֆինանսների ոլորտներում կարևոր բիզնես հմտություններով։
«Ուրախ ենք շարունակել մեր համագործակցությունը Visa-ի հետ եւ աջակցել Հայաստանի կին ձեռներեցների աշխույժ համայնքին։ Օգնելով եզրափակիչի մասնակիցներին ուժեղացնել իրենց փիչինգի, մարքեթինգի և ֆինանսական պլանավորման հմտությունները՝ ՎԶԵԲ-ն նպատակ ունի «զինել» նրանց այն կարողություններով, որոնք անհրաժեշտ են բիզնեսը կայուն կերպով զարգացնելու և զարգացող շուկայում մրցունակ մնալու համար։ She's Next-ի պես նախաձեռնությունները վճռորոշ դեր են խաղում կանանց տնտեսական մասնակցությունը առաջ մղելու և երկրում կայուն, բարձր արդյունավետ բիզնեսներ զարգացնելու գործում», - ասել է ՎԶԵԲ-ի ծրագրի ղեկավար Զառա Օհանյանը։
Մրցույթի փուլեր.
• Առցանց դիմումի ներկայացում և ընտրության գործընթաց՝ անկախ ժյուրին կգնահատի ներկայացված դիմումները՝ պաշտոնական կանոններում նշված ընտրության չափանիշների համաձայն, կանցկացնի անհատական հարցազրույցներ առցանց ձևաչափով և կընտրի լավագույն 10 կին ձեռներեցներին:
• Ուսուցողական դասընթացներ՝ ընտրված մասնակիցները կմասնակցեն օֆլայն ուսուցողական դասընթացներին, որոնք կենտրոնանալու են բրենդի մարքեթինգի, ֆինանսների և փիթչինգի տեխնիկայի վրա։
• Բիզնես նախագծերի ներկայացման օր և մրցանակների հանձնման արարողություն՝ ուսուցման ծրագիրն ավարտելուց հետո եզրափակիչի մասնակիցները կներկայացնեն իրենց բիզնես գաղափարները ժյուրիին օֆլայն ձևաչափով։ Ներկայացումից հետո կընտրվեն երեք հաղթողներ, որոնք կստանան դրամաշնորհներ իրենց բիզնեսները զարգացնելու համար։ Առաջին տեղ զբաղեցնողը կստանա 2 մլն դրամ, երկրորդը՝ 1.8 մլն դրամ, երրորդը՝ 1.6 մլն դրամ։
2026 թվականին ՀԲԸՄ-ն միացավ She’s Next նախաձեռնությանը որպես գործառնական գործընկեր՝ աջակցելով ընտրության գործընթացին եւ ծրագրի հիմնական կազմակերպչական աշխատանքներին։
«Լինելով կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների նվիրված և երկարամյա աջակիցը Հայաստանում` ՀԲԸՄ-ն ուրախ է միանալ այս կարևոր նախաձեռնությանը։ Այս մրցույթը նախագծված է կին ձեռներեցներին իրական հնարավորություններ ստեղծելու համար՝ թույլ տալով նրանց կատարելագործել իրենց հմտությունները և հասանելիություն ունենալ այն ռեսուրսներին, որոնք կարող են խթանել աճը։ Ուրախ ենք, որ ականատես ենք լինելու այն հավակնոտ քայլերին, որոնք կիրականացվեն կին ձեռներեցների կողմից՝ այս նախաձեռնության միջոցով իրենց ձեռնարկություններն ընդլայնելու համար», - ասել է ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի ղեկավար Տաթեւիկ Մանուկյանը։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում գործող բիզնեսի առնվազն 51%-ին տիրապետող և մեկ տարուց ավելի բիզնես վարող կին ձեռներեցները։ Դիմորդն անձամբ պետք է մասնակցի ծրագրի բոլոր փուլերին՝ ներառյալ ուսուցումը և նախագծերի ներկայացման մրցույթը։
Հետաքրքրված թեկնածուները կարող են ծանոթանալ մրցույթի կանոններին և ընտրության չափանիշներին, լրացնել առցանց դիմումի ձևը և ներկայացնել այն մինչև 2026 թվականի հունվարի 31-ն այստեղ: