«Նա մեր տառապանքներով լի պատմությունը կապեց մյուսների պայքարին»։
«Ոսկե նահանգ» անունը կրող Կալիֆոռնիայի 35-րդ նահանգապետ Ճորճ (Գուրգէն) Տէօքմէճեան (Ջորջ Դոքմեջյան) կրտսերը ԱՄՆ-ի առաջին հայ նահանգապետն էր (1983–1991)։ Տէօքմէճեանի անձնական պատմությունը հիմք դարձավ նրա բարոյական արժեքների ձևավորման, ինչպես նաև վարած քաղաքականության համար։ Պաշտոնական դիրքն օգտագործելով՝ նա այնպես արեց, որ ԱՄՆ-ում ապրող հայերի պատմությունը երբեք չմոռացվի, իսկ արդարության իրավունքը երբեք չոտնահարվի։
Իր պաշտոնավարման ընթացքում Տէօքմէճեանը վերականգնեց Կալիֆոռնիայի հարկաբյուջետային (Ֆիսկալ) հավասարակշռությունը, դատական համակարգում նշանակեց նոր սերնդի դատավորների, ինստիտուցիոնալացրեց ցեղասպանության մասին կրթությունը և հայերի ձայնը լսելի դարձրեց ԱՄՆ կառավարությունում:
Այս կերպ Տէօքմէճեանը հաճախ էր ռիսկի դիմում՝ իշխանություններին ընդդիմանալով ու անցանկալի ճշմարտությունը իր գործելաոճին հատուկ պարզ ու շիտակ ձևով հրամցնելով։ «Լոս Անջելես Թայմս»-ը մի անգամ նրա մասին գրել է. «Նա հանգիստ խոսող ու ուժեղ կամքի տեր մարդ էր՝ «Երկաթե դուքս»», - այդպես էին նրան անվանում:
Տէօքմէճեանը ծնվել է 1928 թվականի հունիսի 6-ին Նյու Յորքի Մենանդս քաղաքում՝ Այնթապից և Էրզրումից ներգաղթած հայերի ընտանիքում: Մեծանալով գոյատևման ու տոկունության օրինակներով լի ընտանեկան պատմությունների ուղեկցությամբ՝ նրա մեջ վաղ տարիքից ձևավորվել է արդարության ու քաղաքացիական պարտքի մեծ զգացում:
Տէօքմէճեանը, Սեյնթ Ջոնի համալսարանում իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան ստանալուց և ԱՄՆ բանակի ռազմական դատական համակարգում ծառայելուց հետո՝ 1955 թ.-ին, տեղափոխվում է Կալիֆոռնիա: Նա 1962 թ.-ին ընտրվում է նահանգային ժողովի, 1966 թ.-ին՝ նահանգային սենատի անդամ, ապա 1978 թ.-ին ընտրվում է նահանգի գլխավոր դատախազ, իսկ 1982 թ.-ին՝ նահանգապետ: Այս հաստատուն քայլերի շնորհիվ նա պատմության մեջ հայտնի դարձավ որպես բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած ամենանշանավոր ամերիկահայը։
Տէօքմէճեանը ոչ միայն հաջողության խորհրդանիշ էր, այլև կրթված և որակավորված ամերիկահայ պետական ծառայողների նոր սերնդի առաջնորդ և աջակից։ Այդ սերնդի առաջնորդներից ավելի քան 130-ին նա նշանակեց պետական բարձր պաշտոնների մի շարք ոլորտներում, ներառյալ՝ նախադպրոցական և բարձրագույն կրթության, տրանսպորտի, գյուղատնտեսության ու էներգետիկայի:
2018 թվականին Հայ փաստաբանների ասոցիացիան (ԱՄՆ), սգալով նրա վախճանը, մահազդում նշել էր. «Նա երբեք չմոռացավ իր հայկական արմատները…. Որպես նահանգապետ՝ նա լիազորություններ տվեց բազմաթիվ հայ հանրային ծառայողների՝ նշանակելով նրանց դատական համակարգում, Կալիֆոռնիայի նահանգային հանձնաժողովներում և կառավարական այլ պաշտոններում։ Նախկինում հայերն այդ հնարավորությունը չէին ունեցել և այդ ոլորտներում պատշաճ ներկայացված չէին»:
«Նա լիազորություններ տվեց բազմաթիվ հայ հանրային ծառայողների՝ նշանակելով նրանց
դատական համակարգում, Կալիֆոռնիայի նահանգային հանձնաժողովներում և կառավարական այլ պաշտոններում»:
Տէօքմէճեանը մշտապես օգտագործել է իր դիրքը՝ իրազեկելու հայոց պատմության մասին: Հայ նահատակներին նվիրված միջոցառումների ժամանակ նա բազմիցս ելույթ է ունեցել տարբեր քաղաքներում՝ քննադատելով ԱՄՆ-ի անգործությունն ու կոչ անելով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
1985 թվականին նա ստորագրեց մարդու իրավունքների և ցեղասպանության վերաբերյալ Կալիֆոռնիայի առաջին ուսումնական ծրագրի հայեցակարգը, որն ակնհայտորեն ներառում էր նաև Հայոց ցեղասպանությունը: Իր այս քայլով նա ընդգծեց ատելության և անհանդուրժողականության դեմ պայքարում Ցեղասպանության և Հոլոքոստի մասին ուսանողներին կրթելու կարևորությունը:
Հյուսիսային Ամերիկայի Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը Տէօքմէճեանի մասին նշել է. «Նա, իր անսասան ազնվությամբ և բարձր բարոյական արժեքներով, առաջնահերթությունը միշտ տալիս էր ժողովրդի կարիքներին՝ մարմնավորելով հանրային ծառայության իրական ոգին: Նա պատվեց իր ծագումն ու հավատքը, և նրա ժառանգությունը շարունակում է ոգեշնչել Կալիֆոռնիայի բազմաթիվ սերունդների»:
Տէօքմէճեանի հայկական ինքնությունն ազդեցություն ունեցավ նաև համաշխարհային գործունեության վրա: 1980-ականների կեսերին Կալիֆոռնիան ճնշումների էր ենթարկվում՝ հրաժարվելու Հարավային Աֆրիկայի ապարտեիդի հետ առնչվող ընկերությունների հետ համագործակցությունից: Սկզբում նա դիմադրեց՝ վկայակոչելով հավատարմագրային պարտականությունը՝ կենսաթոշակային եկամուտները մեծացնելու համար: Սակայն, վերհիշելով Հայոց ցեղասպանության ժամանակ ընտանիքի կրած զրկանքները, վերանայեց որոշումը:
«Հայրս կորցրել էր քրոջը։ Հայերի դեմ ցեղասպանություն էր իրականացվել», - նշել էր նա։ Լռության մատնված այդ պատմական իրողությունը նա համեմատել էր սևամորթ հարավաֆրիկացիների կրած տառապանքների հետ։ 1986 թվականին նա կոչ արեց Կալիֆոռնիայի համալսարանի հոգաբարձուների խորհրդին հրաժարվել 3 միլիարդ դոլարից և ստորագրեց մինչև 12 միլիարդ դոլարի պետական նվիրատվություններից հրաժարվելու մասին օրենք, որը երկրում ամենամեծն էր։
Նելսոն Մանդելան հետագայում նշեց, որ Կալիֆոռնիան կարևոր դեր խաղաց փոփոխությունների արագացման գործում։ Բարձրագույն կրթության Արևմտյան միջնահանգային հանձնաժողովի անդամ, պրոֆեսոր Ռիչըրտ Յովհաննիսեանը (Ռիչարդ Հովհաննիսյան) այս առիթով ասել է. «Նա մեր տառապանքներով լի պատմությունը կապեց մյուսների պայքարին։ Այդ բարոյական կամուրջն ուրույն հայկական բնույթ ուներ»։
1990 թ.-ի հունիսին Տէօքմէճեանը Սան Ֆրանցիսկոյում հանդիպեց Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչովին, որի ժամանակ նա ակամայից ներկայացրեց Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերի շահերը։ Հանդիպումը տևեց ընդամենը մի քանի րոպե, բայց Տէօքմէճեանը ճնշումներ գործադրեց, որպեսզի երկրաշարժից տուժած Հայաստանին օգնություն ցուցաբերվի, իսկ քաղաքացիական բնակչությունը պաշտպանության տակ առնվի։
Ապա, Գորբաչովին հանձնելով իր ժողովրդի ողբերգական պատմությունը մանրամասնող նամակը, նա կոչ արեց ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը ինքնորոշման պայքարի ճանապարհին: Տէօքմէճեանի երկարամյա օգնական Կրեկ Գահուաճեանը (Գրեգ Քահվաջյան) հանդիպման մասին ասել է. «Այդ մի քանի րոպեների ընթացքում նահանգապետը հզոր ուղերձ հղեց Կրեմլին՝ ակնարկելով, որ աշխարհը հետևում էր [իրենց գործողություններին]»:
Երբ Տէօքմէճեանը նահանգապետ ըն-տըրվեց, նրա քարոզարշավների ավագ ռազմավար և անցումային կոմիտեի ղեկավար Քէն Խաչիկեանն ասաց. «Ես խորապես համոզված եմ, որ այստեղ՝ տանը, հանցագործության ու անարդարության դեմ պայքարելու Ճորճի վճռական դիրքորոշումը բխում է նրա ազգային ողբերգությունից. ինչպես շատ շատերինս, նրա ընտանիքը նույնպես վռնդվել էր իր հայրենիքից՝ անօրենության, անկարգությունների, հասարակական քաոսի ու ահաբեկչության պայմաններում»:
«Հայկական երազանք»-ի մասին ելույթը1983 թվականին Կալիֆոռնիայի նահանգային Կապիտոլիումի արևմտյան աստիճաններին Ճորճ Տէօքմէճեանն իրականացրեց յուրաքանչյուր հայի երազանքը՝ նախնիների ողբերգական պայքարը բարձրաձայնելով հեղինակավոր հարթակից։ Հատվածը Կալիֆոռնիայի հանրության առջև նահանգապետի երդմնակալության ելույթից է։ «…. Սակայն այս ուղին մեկ այլ ուղու մի փոքր մասն է միայն, որն ինձ համար անձնական մակարդակում մեծ նշանակություն ունի։ Այդ ճանապարհորդությունը սկսվել է 75 տարի առաջ՝ հայրենիքում՝ Հայաստանում։ Չորս անհատ տարբեր ժամանակահատվածներում լքեցին դժվարություններով ու խառնաշփոթով լի երկիրն ու տեղափոխվեցին հազարավոր մղոններ հեռու գտնվող մեկ այլ՝ օտար երկիր։ Մշակույթից անտեղյակ, առանց որևէ միջոցի ու լեզվի իմացության նրանք այստեղ եկան հանուն ավելի թանկ մի բանի` հանուն ազատության։ Ու եկան ոչ թե լավագույն հնարավորությունների հետևից, այլ ընդհակառակը՝ պատրաստ ընդունելու նույնիսկ վատագույնը։ Նրանցից առաջ ու հետո ժամանած միլիոնավոր մարդկանց պես նրանք փնտրում էին հույս ու հնարավորություն։ Դա ավելի լավ ու ավելի ապահով կյանք ունենալու ձգտումն էր։ Այն ամենալավը կարող է նկարագրել միայն հենց իրականացած երազանքը։ Այդ չորս անհատներն իմ ու Կլորիայի (Գլորիա) ծնողներն էին, և այդ նոր երկիրը Ամերիկան էր։ Կարծում եմ պարզ է, թե ինչու է այս օրն այսքան յուրահատուկ ինձ և ընտանիքիս համար։ Բայց դրանից էլ ավելի կարևոր է այն, որ հիմա կարող եք հասկանալ, թե ինչու եմ ապագայի նկատմամբ այդքան մեծ հավատով լցված»։ |