Արբիտրաժային գործ

Վեճերի այլընտրանքային լուծման վստահելի հարթակ Հայաստանում


Գործարարության ոլորտում համաշխարհային մակարդակով ներդրումներ կատարելիս հաշվի են առնվում ոչ միայն երկրի քաղաքական կայունությունը, հարկային քաղաքականությունը, աշխատուժն ու ենթակառուցվածքները, այլ նաև առևտրային վեճերն արդար ու արդյունավետ լուծելու կարողությունը։ Այս իսկ պատճառով ամբողջ աշխարհում բիզնես վեճերն ավանդական և ժամանակատար դատական համակարգում լուծելուց ավելի նախընտրելի տարբերակ է դարձել արբիտրաժային դատարանն ու միջնորդությունը։ Հայաստանում համաշխարհային մակարդակի արբիտրաժային և հաշտարարության կենտրոնի ստեղծումը շրջադարձային է ոչ միայն երկրի տնտեսության, այլ նաև աշխարհում զբաղեցրած դիրքի տեսանկյունից։

2019 թվականին Հայաստանում վեճերի այլընտրանքային լուծման (ՎԱԼ) հայեցակարգը ՀԲԸՄ-ի կողմից ներկայացվեց կառավարությանը՝ որպես հայրենիքում սոցիալ-տնտեսական զարգացումը խթանելուն ուղղված պետականաշինության ջանքերի մի մաս: Նախաձեռնությունը գլխավորում էր ՀԲԸՄ այն ժամանակվա նախագահ Պերճ Սեդրակեանը՝ միջազգային կորպորատիվ փաստաբան, ով մեծ փորձ ունի միջազգային դատական գործերի, արբիտրաժի և կորպորատիվ ոլորտներում:

Որպես աշխարհի լավագույն իրավաբանական ընկերություններից մեկի՝ DLA Piper-ի ավագ գործընկեր՝ Սեդրակեանը վստահ էր, որ Հայաստանում ՎԱԼ կենտրոնի առկայությունը մեծ ներուժ կունենար՝ ընդլայնելու երկրի հեղինակությունը՝ որպես բարենպաստ ուղղություն՝ գործարարություն անելու և վեճերը կարգավորելու համար։

«Այս պահին Հայաստանի օրենքները դեռ շարունակում են պարզունակ լինել, քանի որ դրանք խորհրդային ժամանակների մնացորդներն են։ Մարդկանց մեծամասնությունը չի վստահում այս օրենքներին, իսկ դրանց ամբողջական փոփոխությունը ժամանակատար է։ Սակայն, եթե բիզնեսը կարողանա օգտվել ՎԱԼ-ի նման արագ ու չեզոք հարթակից, այն կարող է շրջանցել դատարանները, ձգձգումներն ու այս ամենի հետ կապված ծախսերը»,- ասում է Սեդրակեանը։

Նա բացատրում է, որ Հայաստանում միջազգայնորեն ընդունելի կանոններով և չափանիշներով գործող վստահելի արբիտրաժային և հաշտարարության հաստատությունը կերաշխավորի օտարերկրյա ներդրողներին, որ ցանկացած դատական վեճ կարող է լուծվել մասնագիտորեն և անաչառ կերպով։ «Մյուս դրական կողմն այն է, որ քո գործով կարող ես կիրառել ՀՀ կամ ցանկացած այլ երկրի իրավունք։ Իսկ դատական գործընթացը կարելի է իրականացնել ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Անգամ դատական կարքով չլուծվող գործի վարումը կարելի է իրականացնել հայերեն, անգլերեն, ֆրանսերեն՝ գործնականում քո իսկ ընտրած ցանկացած լեզվով։ Իսկ ամենալավն այն է, որ կարող ենք համագործակցել լավագույն մասնագետների ու փորձագետների հետ ինչպես սփյուռքից, այնպես էլ դրանից դուրս՝ միջազգային կապերի շնորհիվ։ Նրանք պատրաստ ու պատրաստակամ են հանդես գալու որպես արբիտրներ կամ օրինական ներկայացուցիչներ, ինչը կարևոր է վստահության աճի տեսանկյունից»,- նշում է նա։

«Հայաստանում համաշխարհային մակարդակի արբիտրաժային և հաշտարարության կենտրոնի ստեղծումը շրջադարձային է ոչ միայն երկրի տնտեսության, այլ նաև աշխարհում զբաղեցրած դիրքի տեսանկյունից»։

Սեդրակեանի կարծիքով, եթե Հայաստանն ունենա արբիտրաժի և հաշտարարության ճանաչված կենտրոն՝ ստեղծված Նյու Յորքի, Լոնդոնի, Ցյուրիխի, Վաշինգտոնի և այլ առաջադեմ քաղաքների կենտրոնների օրինակով, այն կարող է գրավել ոչ միայն տեղական գործարարներին, այլ նաև տարածաշրջանում գործունեություն ծավալող օտարերկրյա ընկերություններին: Այս համատեքստում նա հիշատակում է Սինգապուրի և Շվեյցարիայի օրինակները, որոնք վերածվել են համաշխարհային արբիտրաժային կենտրոնների՝ գեներացնելով զգալի եկամուտներ իրավաբանական, ֆինանսական և հյուրընկալության ոլորտներում:

Ժամանակի ընթացքում սա կարող է զարգացնել իրավաբանական զբոսա-շրջությունը նույն ոգով, ինչ Վիեննայում և Դուբայում, որոնք տնտեսական օգուտներ են ունենում արբիտրաժային կենտրոններ այցելող արտասահմանցի մասնագետների՝ հյուրանոցային ամրագրումների, ռեստորաններ և խանութներ այցելությունների շնորհիվ։

Նա նաև նշում է, որ Հայաստանում ՎԱԼ կենտրոնը կբարձրացնի բարձր որակավորում ունեցող փաստաբանների, միջնորդների և իրավագետների պահանջարկը, կխթանի ժամանակակից առև-տրային օրենքի զարգացումն ու կխրախուսի բանակցային և վեճերի կառավարման մասնագիտական կրթությունը։

2023 թ.-ին Հայաստանի կառավարությունը վեճերի այլընտրանքային լուծումը հռչակեց որպես բարեփոխումների ծրագրում առաջնահերթություն՝ ճանապարհ հարթելով Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (ԱՀՀԿ) ստեղծման համար՝ որպես անկախ, ոչ առևտրային հիմնադրամ: ԱՀՀԿ-ն հիմնադրվել է ՀԲԸՄ-ի, Հայ իրավաբանական միության (ԱՄՆ) և Հայաստանի արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման կենտրոնի կողմից:

Նկար
A Case for Arbitration

A Case for Arbitration
Caption
AMCA team at the Third Annual Armenian International Arbitration Week 2025.

ԱՀՀԿ տնօրեն Լիլիթ Պետրոսյանը նշում է, որ, հաշվի առնելով Հայաստանի իրավական համակարգի նկատմամբ հանրային անվստահությունը, Հայաստանը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի՝ ձեռք բերելու անաչառ և որակյալ ՎԱԼ կենտրոն լինելու հեղինակություն։ Այդուհանդերձ, նա լավատեսորեն է տրամադրված և լիահույս է, որ  նման կենտրոնի առկայությունը արդեն իսկ կբարձրացնի տնտեսության նկատմամբ վստահությունը:

Պետրոսյանը նաև հավատում է, որ ՎԱԼ-ն իդեալական լուծում է Հայաստանում ծաղկում ապրող տեխնոլոգիական ոլորտի համար։ «Արբիտրաժում կա ճկունություն։ Կարող ես ընտրել կիրառելի իրավունքը, լեզուն, քո արբիտրին, որը մասնագիտացած է քո վեճի ոլորտում, օրինակ՝ տիրապետում է տեխնոլոգիական իրավունքին։ Դատավորներից չի կարելի ակնկալել, որ նրանք կհասկանան ծրագրային ապահովման կամ տեխնոլոգիաների լիցենզավորման նրբությունները, իսկ օտարերկրյա ընկերություններին անհրաժեշտ կլինեն թարգմանիչներ հայկական դատարաններում գործերի քննության ժամանակ: Դատավորի փոխարեն կողմերը կարող են փոխադարձ համաձայնությամբ նշանակել համապատասխան ոլորտի և նախընտրելի լեզվին տիրապետող փորձագետի՝ բանակցությունները վերահսկելու և վեճը լուծելու համար», - բացատրում է նա:

Թեպետ ԱՀՀԿ-ն դեռ մշակման փուլում է, սակայն այն արդեն արբիտրաժային գործեր է քննել անգլերենով ու ռուսերենով։ Արբիտրաժային որոշումները նաև միջազգային կշիռ ունեն, քանի որ ՄԱԿ-ի Նյու Յորքի կոնվենցիան, որը 172 այլ պետությունների հետ ստորագրել է նաև Հայաստանը, պահանջում է անդամ երկրներից ճանաչել և կիրառել այլ անդամ երկրների կողմից կայացված որոշումները:

«ԱՀՀԿ-ի հեռանկարային առաքելությունը կյանքի կոչելու լավագույն միջոցն ազնիվ ու բարեխիղճ կազմակերպության անբասիր հեղինակություն ձևավորելն է և թույլ տալը, որ աշխատանքի 
մակարդակը, արբիտրների պրոֆեսիոնալիզմը և գործընթացի արդյունավետությունը խոսեն 
բառերի փոխարեն»։

ՀԲԸՄ Հայաստանի իրավախորհրդատու Քրիստինե Մարտիրոսյանը նշում է. «ԱՀՀԿ-ն գլոբալ նախաձեռնություն է, որում իրենց փորձագիտական ներգրավվածությունն ունեն նաև ԱՄՆ-ում գործող Հայ իրավաբանական միությունն ու սփյուռքի մի շարք իրավաբաններ։ Ավելին, կենտրոնի արբիտրների ցանկը հրապարակային է, ուստի յուրաքանչյուրը կարող է տեսնել, թե ինչ որակավորում նրանք ունեն։ Մինչ օրս կայացված 180 արբիտրաժային որոշումներից ոչ մեկը դատարանների կողմից չի չեղարկվել։ Կարճաժամկետ հեռանկարում այն ձգտում է ընդլայնել և ամրապնդել արբիտրաժի պրակտիկան և հաշտարարությունն ամբողջ Հայաստանում՝ այս գործընթացները դարձնելով վստահելի, հասանելի և արդյունավետ»։

Այս իրավական այլընտրանքները նաև ավելի ու ավելի տարածված են դառնում ընտանեկան վեճերի լուծման հարցում. ընտանեկան որոշ վեճերով դատարան դիմելուց առաջ հաշտարարին դիմելը 2025 թվականից Հայաստանում դարձավ պարտադիր պահանջ: Որոշ քաղաքացիական հայցեր այժմ ընդհանրապես չեն քննվում դատարանում, փոխարենը լուծվում են արբիտրաժի կամ նոտարական վարույթի միջոցով:

«Մեծագույն մարտահրավերն իրազեկվածությունն է։ Մարդիկ դեռևս լիովին չեն հասկանում, թե ինչ են արբիտրաժը և հաշտարարությունը: Այս բարեփոխումներն օգնում են մարդկանց տեսնել, թե ինչ են դրանք գործնականում, և երբ նրանք դա հասկանան, կնախընտրեն այդ տարբերակը։ Հաշտարարին դիմելու դեպքում մարդիկ կհասկանան, որ հաշտարարությունը կողմերից մեկի համար հաղթանակ ապահովելը չէ, այլ այնպիսի լուծման հանգելը, որը փոխշահավետ կլինի երկու կողմերի համար», - ասում է Պետրոսյանը:

2025 թ.-ի սեպտեմբերին ԱՀՀԿ-ն կազմակերպեց երրորդ ամենամյա «Հայկական միջազգային արբիտրաժային շաբաթ»-ը, որին ներկա էին 500-ից ավելի մասնակից ավելի քան 35 երկրից: ԱՀՀԿ-ի հեղինակությունը միջազգային մասնագետների շրջանում բարձրացնելով՝ կազմակերպությունը նպատակ ունի օտարերկրացիների համար դառնալու թիվ մեկ ընտրությունը։

Սեդրակեանն ամփոփում է. «ԱՀՀԿ-ի հեռանկարային առաքելությունը կյանքի կոչելու լավագույն միջոցն ազնիվ ու բարեխիղճ կազմակերպության անբասիր հեղինակություն ձևավորելն է և թույլ տալը, որ աշխատանքի մակարդակը, արբիտրների պրոֆեսիոնալիզմը և գործընթացի արդյունավետությունը խոսեն բառերի փոխարեն»։

Հոդվածն ի սկզբանե հրատարակվել է AGBU Magazine-ի 2025 թ.-ի դեկտեմբերյան համարում։ end character

AGBU Magazine-ի մասին

AGBU Magazine-ը ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրներից է, որտեղ ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ AGBU Magazine-ի անգլիալեզու տարբերակը 70,000 օրինակով հրատարակվում է Նյու Յորքում և տարածվում 28 երկրում։ Ամսագրի հայերեն տարբերակը թարգմանվում և տպագրվում է Հայաստանում՝ 10,000 օրինակով։