Փրկեա՛ զմեզ ի չարէ

Հայկական հմայիլների բովանդակությունն ու ժողովրդական հավատալիքները


Հայկական ժապավենաձև հմայիլները եզակի աղբյուր են հայ միջնադարյան ժողովրդական քրիստոնեությունն ուսումնասիրելու համար։ Դրանք նախաքրիստոնեական թալիսմանների պես չարից պաշտպանելու, բուժելու և հաջողությունը կրողի կողմը գրավելու նպատակ են ունեցել և հիմնականում պատրաստվել են ճանապարհորդների, առևտրականների, հղի կանանց և պաշտպանության կարիք ունեցող այլ անձանց համար։

Մեզ հասած հմայիլները 15-19-րդ դարի են։ Մասնավորապես ժապավենաձև հմայիլները պատրաստվում էին մի քանի սմ լայնության թղթերն իրար սոսնձելով, որի արդյունքում դրանց երկարությունը հասնում էր միջինում 6-7 մետրի։ Հայկական ամենաերկար հմայիլը 28 մետր է և պահվում է Ֆրանսիայի ազգային գրադարանում։

Ձևն ինքնին կապ ուներ հնագույն հավատալիքի հետ, թե իբր փաթաթված վիճակում աղոթքը կամ անեծքն ավելի լավ էին ներազդում։ Այս առումով, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության դպրեվանքի տեսուչ Հոգեշնորհ Տ. Պարոյր վրդ. Շէրնէզեանը (Պարույր վրդ. Շերնեզյան) հավելում է, որ հմայիլները գրում էին լռության մեջ՝ առանց խոսելու, որպեսզի բառերն իրենց ուժը չկորցնեին։

Նկար
Deliver Us from Evil

Deliver Us from Evil
Caption
Five hmayils in the possession of the Zohrab Information Center, two of which are shown with their cloth cases.

Հմայիլներն անվանական էին և, բացի աղոթքներից և ընդունված այլ տեքստերից, ներառում էին նաև կրողի անունը։ Դրանք երբեմն պատրաստվում էին հատուկ պատվերով, երբեմն էլ՝ վաճառքի նպատակներով։ Սա կարելի է հասկանալ օգտագործված թանաքից, որը հատուկ պատվերի դեպքում նույնն էր լինում թե՛ անվան, թե՛ տեքստի համար, իսկ վաճառքի օրինակներում անվան թանաքը տարբերվում էր տեքստի թանաքից։

Կան հմայիլներ, որոնց վրա ջնջված ու ավելացված տասնյակ անուններ կան։  Դրանք հիմնականում փոխանցվել են սերնդեսերունդ և հաջորդ սեփականատերը ջնջել ու իր անունն է ավելացրել։ Հազվադեպ դեպքերում դրանք ձեռք են բերվել գողության ճանապարհով։ Սակայն դրա հավանականությունը քիչ է, քանի որ, ըստ հավատալիքի, գողացված հմայիլը կորցնում էր իր ուժը։

Հմայիլները պահվել են փայտից, մետաղից կամ այլ նյութերից պատրաստված հատուկ պատյաններում՝ կշտապանակներում, որոնք հասցեատերերը հատկապես ճանապարհորդելիս կրել են հագուստի վրա։ Դրանք երբեմն նաև կարվել են հագուստին՝ բուժական նպատակներով։

Նկար
Deliver Us from Evil

Deliver Us from Evil

17-րդ դարի երկրորդ կեսին, երբ հայկական տպագրատներն սկսեցին վերելք ապրել, ի հայտ եկան նաև տպագիր հմայիլներ։ Մատենադարանի ձեռագրատան վարիչ արվ.գ.թ. Դավիթ Ղազարյանը նշում է, որ մինչ օրս պահպանվել են մոտ 20 տպագիր հմայիլներ, որոնք թողարկվել են 1659-1731 թթ.-ին չորս հայկական տպարանների կողմից: Դրանցից երեքը գտնվել են Կոստանդնուպոլսում և պատկանել են Գրիգոր Մարզվանեցուն, Աստվածատուր Կոստանդնուպոլսեցուն և Էդգար Գնդեվանեցուն: Չորրորդը հայտնի է որպես «Գուլբասարի տպարան», որից միակ պահպանված տպագիր նյութը մասնավոր հավաքածուում գտնվող մեկ հմայլիլն է։ Այս տպարանի մասին այլ տեղեկություններ չկան։

Այսօր մեզ հասած հմայիլների մեծ մասը՝ շուրջ 570 միավոր, պահվում է Մատենադարանում։ Ամենահինը գրվել է 1428 թ.-ին Մուֆարղինում (Տիգրանակերտ, Մեծ Հայքի Աղձնիք աշխարհ) Սիմեոն դպիրի կողմից։ Այլ հավաքածուներ պահվում են Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանություններում, ինչպես նաև Հայաստանի և աշխարհի գրադարաններում ու թանգարաններում։

Ծագում և կիրառություն

Հմայիլների հիմքում ընկած է նախաքրիստոնեական, հեթանոսական ժամանակների թալիսմանների գործառույթը։ Այդ իսկ պատճառով սահմանափակ թվով հմայիլներ երբեմն նկարագրում են հաջողություն և պաշտպանություն բերելու ոչ քրիստոնեական ծեսեր։

Սակայն դր. Ղազարյանը նշում է, որ մեզ հասած հմայիլների ճնշող մեծամասնության բովանդակությունը քրիստոնեական է և գրված է հենց հոգևորականների կողմից, ինչը վկայում է, որ մինչև 15-րդ դարը հմայիլների պատրաստման եղանակը, այսպես ասած, քրիստոնեականացվել է։ Մատենադարանի հավաքածուում նույնիսկ մեկ հմայիլ կա, որը գրվել է եպիսկոպոսի կողմից։

Դր. Ղազարյանը նաև նշում է, որ հմայիլների մի զգալի մաս սկսվում է Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ»-ով և պարունակում է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» 12-րդ և 41-րդ գլուխները, ինչպես նաև քաղվածքներ Ավետարաններից։ Մեկ հմայիլը կարող է պարունակել մինչև 73 քաղվածք:

Հմայիլների բովանդակությունը պայմանավորվում էր նաև այն հանգամանքով, թե ում համար էր պատրաստված։ Հմայիլներում հանդիպող ամենատարածված պատումը Կիպրիանոսի դարձի մասին է, դրա համար էլ շատ հաճախ հմայիլները կոչվում են «կիպրիանոսներ»։

Ըստ ավանդության՝ Կիպրիանոսը կախարդ էր, իսկ Հուստիանեն՝ քրիստոնյա կույս։ Երբ ոչ քրիստոնյա մի տղամարդ սիրահարվում է Հուստիանեին ու մերժում է ստանում նրանից, խնդրում է Կիպրիանոսին, որ կախարդի Հուստիանեին ու վերջինս սիրահարվի իրեն։ Կիպրիանոսը համաձայնվում է, սակայն, ի վերջո, ինքն է սիրահարվում Հուստիանեին, ընդունում է քրիստոնեություն ու հոգևորական դառնում։

Մեկ այլ պատմություն Ալ (Հալ) դևի մասին է, որը հայկական և տարածաշրջանի այլ ազգերի բանահյուսություններում հղի կանանց դեմ էր գործում պատճառ հանդիսանալով դժվար ծննդաբերությունների կամ վիժումների: Ինչպես նշում է Հարվարդի պրոֆեսոր Ջեյմս Ռ. Ռասսելը, միջնադարում կնոջ հիմնական դերը ամուսնանալն ու երեխաներ ունենալն էր ու, երբ դա չէր հաջողվում, մեծ դժբախտություն էր օրիորդների համար։ Եվ, քանի որ թերի բժշկության պատճառով միջնադարում նորածինների մահացության թիվը բարձր էր, դիմում էին հմայիլների ուժին։ Հղի կանանց էին տալիս Ալի մասին պատմող հմայիլներ, որտեղ դևին հաղթում էին սրբերն ու հրեշտակները և երդում կորզում նրանից, որ քառասուն տուն հեռու կմնա հասցեատիրոջից։

Տղամարդկանց համար հմայիլներ պատրաստում էին հիմնականում բարգավաճ առևտուր, անվտանգ ճանապարհորդություն երաշխավորելու համար, կամ բարյացակամ վերաբերմունք խնդրելու իշխանավորներից ու դատավորներից։

Մեծ տարածում են ունեցել նաև բուժիչ հմայիլները, որոնց մասին վկայում են գլխացավի, սրտխառնոցի, աչքի ցավի և այլ ախտանիշների դեմ գրված նմուշները։ Այս հմայիլները հաճախ պահվում էին մարմնի ցավող հատվածում՝ ակնկալելով շուտափույթ ապաքինում։ Դր. Ղազարյանը նշում է, որ, Հայաստանի պատմության թանգարանում պահվող գլխանոցի մեջ հայտնաբերել է գլխացավը բուժելու համար գրված հմայիլ՝ Նարեկացու տողերով։

Ժողովրդական ընկալումներ

Ըստ վրդ. Շէրնէզեանի՝ հմայիլներն առանձնանում են ժողովրդական պարզության ու միամտության դրսևորումներով, որոնք գրեթե չեն հանդիպում հայկական այլ նկարազարդ ձեռագրերում։

Օրինակ՝ Կիլիկիայի թանգարանում պահվող հմայիլներից մեկում ընտանի կենդանիների աճի ու բարգավաճման համար հատուկ աղոթք է գրված, որը ուղեկցվում է մի պատմությամբ, թե ինչպես է Հիսուսը կենդանիներին բուժում։ Այս պատմությունն աստվածաշնչյան չէ, այլ հյուսված է հասարակ ժողովրդի կողմից։ Քանի որ գյուղացիների համար ընտանի կենդանիները կենսական նշանակություն ունեին և ապահովում էին ընտանիքի ապրուստը, դրանց մասին հոգ էին տանում ընտանիքի անդամների պես։ Այդ նույն ձեռագրի վրա նկարազարդված է կով հիշեցնող մի կենդանի, որն այլ ձեռագրերում գրեթե չի հանդիպում։

Նույն կերպ, երբեմն հանդիպում են սրբերի անուններ, որոնք քրիստոնեական այլ աղբյուրներում չեն հիշատակվում և կրկին արտացոլում են ժողովրդական հավատը։ Վրդ. Շէրնէզեանն ասում է, որ վերոնշյալ հմայիլում նշվում է Կապիտոս անունով մի սուրբ, որը, ըստ իր իմացության, այլ տեղ չի հիշատակվում։ «Անոնց տակ գրուած գիրին համաձայն, անուններն են՝ Սուրբ Կապոս եւ Սուրբ Կապիտոս։ Իրապէս կա՞ն նման սուրբերու անուններ, անձնապէս չեմ գտած, յատկապէս հայկական սուրբերու աշխարհին մէջ։ Սակայն, կ՚ենթադրեմ, որ կապել բայով հնարուած անուններ են՝ կապելու աստուածային իշխանութեան «մարմնաւորումը»», - եզրափակում է նա։

Դր. Ղազարյանը նշում է, որ Հայաստանի պատմության թանգարանում պահվող գլխանոցի մեջ հայտնաբերել է գլխացավը բուժելու համար գրված հմայիլ՝ Նարեկացու տողերով։

Պատկերագրություն և նկարազարդումներ

Նկարազարդումները նույնպես արտացոլում են բանահյուսության ուրույն շերտ՝ մեծ արժեք հաղորդելով այս ժառանգությանը: Հմայիլներում հիմնականում պատկերված են՝ Հայր Աստված, Հիսուս Քրիստոսը, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, առաքյալներն ու այլք։ Մեծաթիվ պատկերազարդումներ նվիրված են ձի հեծած սրբերին՝ Սուրբ Սարգիս, Սուրբ Գևորգ և Սուրբ Թեոդորոս, ինչպես նաև չար ոգիներին բուժելու, ճնշելու կամ զսպելու տեսարաններին:

Հմայիլները հիմնականում նկարազարդված են պարզ, հասարակ ոճով, որը երբեմն հակասում է եկեղեցական մանրանկարչության խիստ կանոններին։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ գրիչները եղել են սկսնակ նկարազարդողներ կամ նոր ձեռնադրված հոգևորականներ։

Դր. Ղազարյանը հիշատակում է պատմաբան դր. Լևոն Մինասյանի այն տողերը, որ շատ հմայիլներ գրվել են քառասունքի մեջ գտնվող նոր օծված քահանաների կողմից։ «Նման ազատությունը երբեմն հանգեցրել է ժամանակակից կուբիզմին նմանվող պատկերների, օրինակ՝ Քրիստոսը՝ պատկերված եռանկյունաձև մարմնով կամ սրբեր՝ առանց վերջույթների, ինչը ավանդական մանրանկարչությունը երբեք չէր հանդուրժի», - նշում է դր. Ղազարյանը: Սա ընդգծում է գրիչների սկսնակ լինելու հանգամանքը, բայց նաև վերահաստատում է այն փաստը, որ հմայիլները մեծ մասամբ գրվել են հենց հոգևորականության կողմից։

Հոդվածն ի սկզբանե հրատարակվել է AGBU Magazine-ի 2025 թ.-ի դեկտեմբերյան համարում։ end character

AGBU Magazine-ի մասին

AGBU Magazine-ը ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրներից է, որտեղ ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ AGBU Magazine-ի անգլիալեզու տարբերակը 70,000 օրինակով հրատարակվում է Նյու Յորքում և տարածվում 28 երկրում։ Ամսագրի հայերեն տարբերակը թարգմանվում և տպագրվում է Հայաստանում՝ 10,000 օրինակով։