Սիրիայի Հալեպ քաղաքում գործող ՀԲԸՄ «Սարյան» ակադեմիան առանձնահատուկ ու եզակի հաստատություն է: Այն հիմնադրվել է 1955 թ.-ին ՀԲԸՄ Սիրիայի ղեկավար Ռոպեր Ճէպէճեանի (Ռոբերտ Ջեբեջյան) և Ֆրանսիայից Հալեպ տեղափոխված ճարտարապետ Զարեհ Գափլանեանի (Քափլանյան) կողմից և ավելի քան 70 տարի արվեստի ոլորտում բարձրորակ կրթություն է տրամադրել տարբեր տարիքի ուսանողների՝ անկախ նրանց վճարունակությունից:
Ակադեմիան իր տեսակով առաջինն էր տարածաշրջանում և դրա դռները բաց էին թե՛ կայացած և թե՛ սկսնակ արվեստագետների համար։
Հիմնադրման ժամանակ Հալեպի 60,000-անոց հայ համայնքում կային բազմաթիվ ընտանիքներ, որոնք վերապրել էին Հայոց ցեղասպանությունը և դեռևս վերականգնման փուլում էին: Սիրիան նույնպես խառնաշփոթի մեջ էր: Ֆրանսիայից անկախանալու համար երկարատև պայքարից հետո (1923-1946) երկիրը ենթարկվեց մի շարք ռազմական հեղաշրջումների (1946-1970), հետո սկսվեցին Իսրայելի ու Լիբանանի հետ պատերազմները (1970-2011), ու, ի վերջո, տասնամյակ տևած ավերիչ քաղաքացիական պատերազմը, որը տևեց մինչև 2024 թվականը:
Գրեթե անդադար ցնցումների այս ֆոնին ակադեմիայի հիմնադիրները ոչ միայն ձգտում էին ուսանողներին զինել գեղարվեստական առաջնակարգ պատրաստվածությամբ, այլև ընդլայնել նրանց մտահորիզոնը և շրջապատող քաոսի մեջ ստեղծել նորմալ կյանքի զգացում:
ՀԲԸՄ «Սարյան» ակադեմիան հաջողությամբ է իրականացրել իր առաքելությունը։ Խոսուն ապացույցներից են հենց շրջանավարտները, որոնցից շատերը հայտնի արվեստագետներ են։ Օրինակ՝ Վրէժ Քասունին, նախքան Հայաստանում կրթություն ստանալը, սովորել է ակադեմիայում: Նա Մերձավոր Արևելքի առաջատար երգիծանկարիչներից է, որն օգնել է նաև արդիականացնել ակադեմիայի արվեստանոցներն ու դասընթացները:
Հայաստանում Քասունին զարգացրեց անիմացիայի ոլորտը՝ Երևանում հիմնելով հայտնի ReAnimania (այժմ՝ ՌեԱ) միջազգային անիմացիոն ֆիլմերի և կոմիքսների փառատոնը: ReAnimania-ն երիտասարդների նոր սերնդին զինում է անհրաժեշտ հմտություններով՝ այս ոլորտում համաշխարհային հաջողության հասնելու համար:
Տարիների ընթացքում ՀԲԸՄ-ն շարունակաբար նպաստել է ակադեմիայի առաջընթացին։ 1993 թվականին, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Սուրեն Խաչատրյանի երաշխավորմամբ, Հրազդան Թոքմաջյանը նշանակվեց ակադեմիայի տնօրեն: Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի և Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ Թոքմաջյանը գյումրեցի փորձառու ուսուցիչ էր, ով դասավանդել էր Իջևանում, ապա՝ տեղափոխվել Հալեպ: Հաջորդ 23 տարիների ընթացքում նա, որպես սիրված ուսուցիչ, միացավ Մանինա Սիուֆիին, Յակոբ (Հակոբ) Ժամկոչեանին և Վարդգէս Պարսումեանին (Բարսումյան):
Պաշտոնավարման ընթացքում Թոքմաջյանը արդիականացրեց ակադեմիայի ուսումնական ծրագիրը և նորարարություններ ներդրեց, այդ թվում՝ Քեսաբում հիմնելով բացօթյա արվեստանոցներ և սկսելով նոր դասընթացներ: «Մենք ունեինք երկու խումբ՝ մեկը տասներկու տարեկանից փոքր երեխաների, մյուսը՝ մեծահասակների համար՝ առանց տարիքային սահմանափակման: Յուրաքանչյուր ցանկացող կարող էր գալ», - բացատրում է նա: «Ես դասավանդում էի նկարչություն և գծագրություն։ Փորձում էի ապահովել նույն մակարդակը, ինչը հասանելի էր Երևանի Թերլեմեզյանի անվան քոլեջի ուսանողներին. որքանով հնարավոր էր դա անել անվճար հիմունքներով գործող հաստատությունում»։
Տարիների ընթացքում ակադեմիան ծաղկում ապրեց, որի աճող կարիքները բավարարելու համար «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ»-ի աջակցությամբ կառուցվեց նոր մասնաշենք: Երևանի ուսումնական հաստատությունների հետ իրականացվեցին ուսանողական փոխանակման ծրագրեր, իսկ ակադեմիան սկսեց մասնակցել արվեստի խոշոր միջոցառումների:
Թոքմաջյանը հիշում է. «Մենք նշեցինք ակադեմիայի 50-ամյակը ցուցահանդեսով, որտեղ ներկայացված էին տարբեր տարիների շրջանավարտների աշխատանքները: Հետո կազմակերպեցինք հայ և արաբ նկարիչների համատեղ ցուցահանդես, որին մասնակցեցին Հալեպի գրեթե բոլոր առաջատար նկարիչները»: 2015 թվականի փետրվարին՝ ակադեմիայի հիմնադրման 60-ամյակի առթիվ, Երե-վանի Գեղագիտության ազգային կենտրոնում անցկացվեց «Հալեպ. անհանգիստ օրեր» խորագրով եռօրյա ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր ՀԲԸՄ-ի, ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ի կողմից: Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեցին ակադեմիայի ուսանողների աշխատանքները, և այն արժանացավ լրատվամիջոցների ուշադրությանը:
Գրեթե անդադար ցնցումների այս ֆոնին ակադեմիայի հիմնադիրները ձգտում էին ոչ միայն ուսանողներին զինել առաջնակարգ գեղարվեստական պատրաստվածությամբ, այլև
ընդլայնել նրանց մտահորիզոնը և շրջապատող քաոսի մեջ ստեղծել նորմալ կյանքի զգացում:
Հաջորդող տասնամյակում, սակայն, ակադեմիան աննախադեպ մարտահրավերների առջև կանգնեց։ Սիրիայի քաղաքացիական պատերազմից ստացած տրավմաները հաղթահարելու համար ակադեմիան դիմեց արտ-թերապևտի օգնությանը, որը պիտի օգներ ուսանողներին հաղթահարել ապրումները։
Ակադեմիան դիպլոմներ չի տրամադրում, փոխարենը ուսանողներին տալիս է ավարտական վկայական: Մի քանի անգամ ակադեմիայի երաշխավորագրերը օգնել են շրջանավարտներին ընդունվել Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի արվեստի հեղինակավոր հաստատություններ։ Այժմ թոշակի անցած Թոքմաջյանը հպարտությամբ է հիշում այս նվաճումները։
Այսօր ակադեմիան շարունակում է գործել ՀԲԸՄ Հալեպի խորհրդի լիակատար աջակցությամբ, իսկ ՀԲԸՄ-ն շարունակում է ֆինանսավորել հաստատությունը՝ այսօրվա ուսանողների մեջ արվեստի նկատմամբ մեծ կիրք ու հետաքրքրություն սերմանելու վճռականությամբ։ Առաջիկա տարիներին, անշուշտ, ակադեմիան իր դռները կբացի թվով ավելի շատ ուսանողների առջև, որոնց համար, ինչպես շատերի, հաստատությունը կդառնա հաջողության ճանապարհի սկիզբը:
Դիտե՛ք Մարտիրոս Սարյանի մասին AGBU WebTalks-ի տեսանյութը։
Հաջողության սանդղակ
«Սարյան» ակադեմիայի հեղինակավոր շրջանավարտները
Գէորգ Մուրատ (Գևորգ Մուրադ)
Սիրիայի Քամիշլի քաղաքում ծնված Գէորգ Մուրատը, նախքան Երևանի գեղարվեստի ակադեմիայից գեղարվեստի մագիստրոսի աստիճան ստանալը, հաճախել է Հալեպի ՀԲԸՄ «Սարյան» ակադեմիա։ Այժմ ապրում է Նյու Յորքում և միջազգային ճանաչում ունեցող նկարիչ է։
Միայն 2025 թ.-ին նա միաժամանակ երկու միջազգային անհատական ցուցահանդես ունեցավ. «Երբ ժամանակը գետի էր նման» (When Time Was Like a River)՝ Շանհայի Perrotin Gallery ցուցասրահում, և «Երևակայական հայրենիք» (Imaginary Homeland)՝ Լիբանանի Մար Միքայել թաղամասում գտնվող Galerie Tanit պատկերասրահում։
Իր յուրօրինակ գրաֆիկական ոճով Մուրատը հաճախ լայնամասշտաբ գործունեություն է ծավալում և կենդանի նկարչություն ու անիմացիա է տրամադրում այնպիսի երաժիշտների համերգների ժամանակ, ինչպիսիք են՝ Յո-Յո Ման, Գիմ Գաշգաշեանը (Քիմ Քաշքաշյան) և Քինան Ազմեն։ Ազմեի հետ համագործակցությամբ ստեղծված նրա «Տուն ներսում» (Home Within) աշխատանքը շրջագայել է ողջ աշխարհով։
Լինելով բեղուն արվեստագետ՝ միայն 2023 թ.-ին Kronos կվարտետի և Սան Ֆրանցիսկոյի Ժամանակակից արվեստի թանգարանի հետ համատեղ Մուրատը ստեղծել է «Եռանկարը» (Triptych), Ragamala Dance ընկերության հետ՝ «Անտեսանելի քաղաքները», (Invisible Cities) ինչպես նաև «Թղթե դաշնամուրները» (Paper Pianos)՝ Alarm Will Sound համույթի հետ՝ Նյու Յորքի Փորձարարական մեդիայի և կատարողական արվեստների կենտրոնում (EMPAC):
Նրա գործերը համաշխարհային մշտական հավաքածուների մաս են կազմում, ներառյալ՝ Արաբական աշխարհի ինստիտուտում (Փարիզ), Spurlock (Իլինոյս), Aga Khan (Տորոնտո) և Պերգամոն (Բեռլին) թանգարաններում։
Վրէժ Քասունի
1971 թ.-ին Հալեպում ծնված Քասունին, նախքան Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջն ավարտելը, 1992-1996 թթ.-ին ուսանել է ակադեմիայում։
Լինելով շնորհալի նկարիչ՝ մուլտֆիլմերի և անիմացիայի նախասիրությամբ` նա կարճ ժամանակ անց դարձել է Քուվեյթի «Կարծիք» (Opinion) թերթի գլխավոր քաղաքական երգիծանկարիչ և աշխատել է Լիբանանի բրիտանական One, Two, Three հրատարակչատան հետ՝ նախքան ֆիլմերի բնագավառում կարիերա սկսելը։
Առավել տպավորիչ է, որ Քասունիի անվան հետ են կապում արդի անիմացիայի բնագավառում Հայաստանի հաջողությունները։ 2008 թ.-ին նա հիմնում է ReAnimania փառատոնը, որի ժամանակ ցուցադրվում են համաշխարհային գործեր, կազմակերպվում աշխատարաններ ու դասընթացներ հայ երիտասարդ ռեժիսորների համար։ Քասունին և ReAnimania-ն օգնել են, որ Հայաստանն ամուր դիրք զբաղեցնի համաշխարհային արվեստի ոլորտում։
Մհեր Տարագճեան (Դարաքջյան)
1990-ականներին Հալեպում մեծացած Տարագճեանը ՀԲԸՄ «Լազար Նաջարյան-Գալուստ Գյուլբենկյան» վարժարանի և «Սարյան» ակադեմիայի սան է։ 2011 թ.-ին նա ավարտում է ճարտարապետության ֆակուլտետն ու աշխատում հեղինակավոր Bjarke Ingels Group ընկերության հետ՝ ներդրում ունենալով որոշ խոշոր ծրագրերի մեջ։
2018 թվականի մարտին նա համահիմնադրում է Armenian Creatives նախաձեռնությունը, որը նորարարական լեզվաբանության և արվեստի երկլեզու հարթակ է և կարևորագույն նախաձեռնություն հայկական սփյուռքում արևմտահայերենը պահպանելու համար։
Տարագճեանը համարում է, որ ուսման հանդեպ իր ցկյանս սիրո համար երախտապարտ է ակադեմիային, որից ստացել է իր ոգեշնչումն ու 2023 թ.-ին ավարտել Հարվարդի համալսարանի Դիզայնի ֆակուլտետի (Harvard GSD) մագիստրոսական դասընթացը՝ ուշադրությունը սևեռելով էկո-ճարտարապետությանը։ Նույն տարում, իր ինքնատիպ մտածողության համար, նա արժանացել է «Հույսի կրթաթոշակ»-ի։
Վազգէն Գալայճեան (Քալայջյան)
1956 թ.-ին Հալեպում ծնված Գալայճեանը սիրով է հիշում 8-14 տարեկանում «Սարյան» ակադեմիայում ուսանելու տարիները։ Նա համարում է, որ ակադեմիային է պարտական իր ինքնության ձևավորման, աշխարհի վրա բովանդակալից ազդեցություն գործելու հարցում ինքնավստահության համար. «Ակադեմիան ինձ սովորեցրել է պատկերացնել ապագան, ինչպես նաև հավատալ, որ ես կարող եմ հղկել այն»։
Դեռահաս տարիքում գաղթելով ԱՄՆ՝ նա սովորել է Pratt ինստիտուտում՝ Բրյուս Քոլվինի և Ռուդոլֆ Բարանիկի մոտ։ Նկարչի կարիերային զուգահեռ, Գալայճեանը հաջողել է նաև որպես ձեռներեց՝ հիմնելով մի շարք ընկերություններ, ինչպիսիք են՝ միջազգային բրենդինգային խորհրդատվական GK Brand ընկերությունը, Tribe Global Network և Learning Architects ընկերությունները։ Նյու Յորքում հաջող գործունեությունից հետո այսօր նա իր տիկնոջ՝ Ժակլինի հետ ապրում է Հայաստանում, որտեղ նա նվիրվել է նկարչությանը, ինչպես նաև Զեն բուդդիզմն ու փիլիսոփա Գ. Ի. Գյուրջիևի ուսմունքը ուսումնասիրելուն։